Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԷՐՎԱՆԴ (ԵՐՎԱՆԴ) ԳԵՈՐԳԻԻ ԳԱՐԱՆՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1903թ. դեկտեմբերի 20-ին Բագնար գյուղում (Գագրայի շրջան, Աբխազիա), գյուղացու ընտանիքում:

Էրվանդ Գեորգիի Գարանյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի ավագ:

Ավարտել է կոլտնտեսային ղեկավար կադրերի դասընթացները: Գագրայի շրջանի Խրիստոֆորովո գյուղի 1930թ. կոլտնտեսության կազմակերպիչներից է: Աշխատել է որպես բրիգադիր, ֆերմայի վարիչ, իսկ 1937թ. ղեկավարել է կոլտնտեսությունը:

1941թ. զորակոչվել է: 1943թ. մարտից եղել է գործող բանակում, 77-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի կազմում մարտնչել է Բրյանսկի, Կենտրոնական, Բելոռուսական ռազմաճակատներում, 61-րդ բանակի կազմում մասնակցել Օրյոլի ռազմավարական գործողությանը, դրա ընթացքում՝ Մոզիրի ուղղության հարձակմանը:

1943թ. սեպտեմբերին Չեռնիգով քաղաքի համար մղված մարտերում թշնամու հակահարձակումը հետ մղելիս նա դիպուկ նշանառությամբ ոչնչացրել է 3 կրակակետ: 1943թ. սեպտեմբերի 28-ին, արհամարհելով ոսոխի կրակը, առձեռն միջոցներով Գալկա գյուղի մոտ (Բրագինի շրջան, Գոմելի մարզ) առաջինների հետ գետանցել է Դնեպրը եւ ամրանալով թշնամուց խլված պլացդարմում՝ նպաստել է գնդի ստորաբաժանումների գետանցմանն ու պլացդարմի ընդարձակմանը:

1944թ. հունվարի 15-ին գվարդիայի ավագ Էրվանդ Գեորգիի Գարանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ:

Պարգեւատրվել է նաեւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով:

Բելոռուսական 1-ին ռազմաճակատում 69-րդ բանակի կազմում մասնակցել է Լյուբլին-Բրեստյան հարձակողական  գործողությանը, որի արդյունքում զորքերը հասել են Վիսլա գետին եւ գրավել Պուլավյան պլացդարմը:

Նույն ռազմաճակատում, նույն ենթակայությամբ մասնակցել է նաեւ Վարշավա-Պոզնանյան հարձակողական գործողությանը, երբ ֆրանկֆուրտյան ուղղությամբ ընթացող 77-րդ գվարդիական հրաձգային դիվիզիան փետրվարին հասել է Օդրին:

1945թ. ապրիլի 5-ին դիվիզիան ստացել է Բրանդենբուրգյան պատվանունը՝ Գերմանիայի նույնանուն երկրամաս մտնելիս եւ Բեռլինի վրա հարձակվելիս թշնամու խմբավորման ոչնչացմանը:

1945թ. մայիսի 7-ին դիվիզիայի զորամասերն ու ստորաբաժանումները Մագդեբուրգ քաղաքի շրջանում հասել են Էլբա գետին, ուր եւ դիմավորել են հաղթանակը:

Հայրենական մեծ պատերազմից հետո Է.Գ.Գարանյանը զորացրվել եւ վերադարձել է հայրենի գյուղ: 1945-1948թթ. եղել է Խրիստոֆորովոյի գյուղխորհրդի, 1948-1951թթ.՝ Նակադուլ գյուղի կոլտնտեսության նախագահը, ապա մինչեւ 1966թ.՝ Ադլերի շրջանի Վեսյոլոե գյուղի կոլտնտեսության շինարարների բրիգադիր:

Մահացել է 1995թ. նոյեմբերի 24-ին: Հանգչում է Չերեշնյա գյուղում (Ադլերի շրջան, Սոչի):

Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Պատմության էջերից


04/06/2020