Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸԱյսօրվա Թուրքիայի  նախնական կազմավորման գործում չափազանց կարեւոր դեր է կատարել Մանազկերտի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1071թ. թուրք-սելջկական եւ բյուզանդական զորքերի միջեւ: Պատմությունը բազմաթիվ վավերագրեր է թողել այդ, իսկապես որ, յուրօրինակ գոյամարտի մասին: Գրել են ե՛ւ օտար, ե՛ւ հայ պատմիչները, դեպքերին ականատես տարեգիրները: Մեզ հավաստի տեղեկություններ են թողել հատկապես հայ մատենագիրներ Արիստակես Լաստիվերտցին, Սամվել Անեցին, Ստեփանոս Օրբելյանը, Մատթեոս Ուռհայեցին եւ Կիրակոս Գանձակեցին: Հետաքրքրական է, որ նրանց վկայությունները ոչ թե հակասում են միմյանց, այլ շատ մանրամասներով լրացնում, հարստացնում են մեկը մյուսին, առավել ստույգ դարձնում շարադրանքը:

Հայոց նշանավոր Մանազկերտ քաղաքը, որի պարիսպների  տակ տեղի ունեցավ 1071թ. ճակատամարտը, այդ տարիներին Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Մանազկերտը բազմազգ եւ մարդաշատ Արեւելքի եւ Արեւմուտքի առեւտրական մեծ ճանապարհի վրա ապրում էր ճոխ ու շռայլ կյանքով: Պատահական չէ, որ նա իր վրա էր բեւեռել թուրք-սելջուկ ավարառուների առաջնահերթ ուշադրությունը: Մինչեւ 1071թ. ճակատամարտը թուրք-սելջկական սուլթան Տուղրիլը մեկ անգամ եւս փորձել էր գրավել Մանազկերտը, սակայն անառիկ պարիսպների առկայությունը ու բնակիչների միահամուռ ոգին ի դերեւ էին հանել նրա այդ ծրագիրը, եւ սուլթանը թողնելով անհաջող պաշարումը, պարտված ու ամոթահար հեռացել էր քաղաքից: Հեռացել էր, սակայն չիրականացված ծրագիրը մնացել էր առաջնահերթ, որովհետեւ թուրք-սելջուկ առաջնորդները լավ էին հասկանում Մանազկերտի կարեւորագույն դերը իրենց աշխարհակալ տիրապետության ճանապարհին: Պատմության ու Արսլան սուլթանին: Մեկը մյուսի հետեւից, ընդամենը մի քանի տարում,  գրավելով Անի մայրաքաղաքը եւ Բագրատունյաց Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը, որոնք, պատահում էր, բյուզանդական կառավարիչները հաճախ առանց պատերազմի, ինքնակամ հանձնում էին նրան, Ալփ-Արսլանն իր հրոսակներով շարժվում էր հարավ-արեւմուտք՝ Մանազկերտ տանող ճանապարհով: Այստեղ էլ Բյուզանդական կայսեր աններելիորեն ուշացած որոշումով, սուլթանի հետագա առաջխաղացումը կասեցնելու նպատակով, վճռվում է տալ հիմնական ճակատամարտը, որովհետեւ Մանազկերտը Բյուզանդական կայսրության սիրտը տանող կարեւորագույն բանալին էր:

Ես ուզում եմ ընդգծել «աններելիորեն ուշացած որոշում» արտահայտությունը, որովհետեւ մինչ այդ եղել են պահեր, երբ թուրք-սելջուկների ավերիչ արշավանքները Հայաստանում  ներքին հրճվանքի ալիք են առաջացրել հռոմեական  կայսրերի հոգիներում. ըստ նրանց մտածողության, դրանք պատեհ պահեր էին՝ խաղաղեցնելու ըմբոստ հայերի ազատասիրական ցանկությունները: Բայց հիմա արդեն դանակը ոսկորին էր հասել, եւ Բյուզանդիան, կարծես, նահանջելու տեղ  չուներ այլեւս: Հայ մատենագիրները մանրամասնորեն են նկարագրել ե՛ւ ճակատամարտի վայրը, ե՛ւ թշնամական զորքերի դիրքն ու դրությունը ճակատամարտից առաջ ու հետո:

«Գարնանը սուլթանը լսեց  Տիոյեն (Ռոմանոս IV Դիոգենես) կայսեր  արշավանքի դուրս գալու մասին եւ թողնելով Հալեպը, փութանակի հասավ Ուռհա,- գրում է Մատթեոս Ուռհայեցին,- քաղաքի դուկը նրան ձիեր, ջորիներ եւ պարեն մատակարարեց: Սուլթանը վերցնելով դրանք՝ անվնաս անցավ սահմանը եւ եկավ Արեւելք, Լեսուն կոչվող լեռը: Շտապ գնալու պատճառով անհամար քանակությամբ ձի եւ ուղտ սատկեց. փախստականի արագությամբ էր նա իր զորքերը առաջ տանում: Նա ցանկանում էր Պարսկաստան գնալ, բայց հենց այդ պահին կայսեր ճամբարից սուլթանին բերեցին նենգ հոռոմների նամակը եւ ասացին. «Մի՛ փախիր, զորքի մեծ մասով քեզ հետ ենք»: Սուլթանը, լսելով, կանգ առավ: Նա կայսրին մի նամակ գրեց՝ սիրո, միաբանության, միմյանց նկատմամբ խաղաղ մնալու, առհավետ անիրավություն չգործելու մասին, վստահեցրեց, որ ինքը սիրալիր վերաբերմունք կցուցաբերի քրիստոնյաների նկատմամբ, որ պարսիկների եւ հոռոմների միջեւ առհավետ սեր եւ միաբանություն կտիրի: Բայց Տիոյենն, ամբարտավանացած, ուշադրություն չդարձրեց սուլթանի խոսքերի վրա եւ առավել նախանձախնդրությամբ դիմեց պատերազմի: Չարանենգ մարդիկ, դիմելով Տիոյենին, ասացին. «Ո՜վ կայսր, ոչ ոք ի վիճակի չէ ընդդիմակայել քո մեծաթիվ զորքին: Նրա պարենն արդեն վերջանալու վրա է, դու մաս-մաս արձակիր նրանց, որպեսզի մինչեւ պատերազմի օրը պարենի պակաս չզգանք»: Դրա վրա Տիոյենը Կտրիճ ամիրային Կոստանդնուպոլիս վերադարձրեց, Տարխանիատին երեսուն հազար հոգով Խլաթ ուղարկեց, տասներկու հազար հոգի էլ՝ Աբխազիա: Եվ այսպես, կայսեր ամբողջ զորքը ցիրուցան արեցին: Այս չարանենգության մասին սուլթանին տեղյակ պահեցին: Սուլթանը, տեսնելով, որ Տիոյենը համառում է,  պատերազմի դիմեց հոռոմոց զորքի դեմ:  Տիոյենը հրամայեց հնչեցնել պատերազմական շեփորը եւ հոռոմոց ամբողջ  զորքը գունդ առ գունդ շարքի դիմեց: Նա իր զորքի հրամանատար նշանակեց հայ իշխաններ Խատապին եւ Վասիլակին՝ քաջ եւ պատերազմող մարդկանց: Հաջորդ օրը ճակատամարտ տեղի ունեցավ: Առավոտյան հնչեցրին պատերազմական շեփորը, եւ մունետիկները հրապարակեցին Տիոյեն կայսեր հրամանը. Նա փառք եւ իշխանություն էր խոստանում, քաղաքներ եւ գավառներ, եթե արիաբար մարտնչեն պարսից (թուրք-սելջկական) զորքի դեմ: Սուլթանը հոռոմաց զորքերի դեմ պատերազմի դիմեց մեծ պատրաստությամբ: Տիոյեն կայսրը եկավ-հասավ ճակատամարտի տեղը՝ Մանազկերտի մոտ, Տողոտափ կոչվող վայրը: Նա ուզերին եւ պածինակներին (պեչենեգներ) կանգնեցրեց իր աջ ու ձախ կողմերում, իսկ մնացած զինվորներին՝ առջեւում եւ թիկունքում: Մարտի թեժ պահին ուզերն ու պածինակներն անցան սուլթանի կողմը: Հոռոմաց ողջ զորքը պարտություն կրեց եւ գլխովին դիմեց փախուստի: Տեղի ունեցավ հոռոմաց զինվորների անթիվ-անհամար կոտորած, Տիոյեն կայսեր գերի վերցրին եւ տարան սուլթանին: Սուլթանի մոտ շղթայակապ տարան եւ բազմաթիվ այլ հոռոմ իշխանների, ինչպես եւ անթիվ-անհամար գերիների: Մի քանի օր անց սուլթանը հոռոմաց կայսեր հետ բարեկամություն եւ հաշտություն հաստատեց, արյամբ եղբայրացավ Տիոյենի հետ»:

Ըստ այս տեղեկության, կարելի է մտովի պատկերացնել 1071 թվականի օգոստոսյան այդ օրը, երբ թուրք-սելջուկները ոչ թե իրենց քաջության, ռազմավարական հնարամիտ գործողության շնորհիվ ձեռք բերեցին փառավոր հաղթանակը, այլ այն՝ որպես երկնային պարգեւ, տարօրինակ ձեւով ինքն իրեն մատուցվեց Ալփ-Արսլանին: Ինչպես երեւում է այս ընդարձակ մեջբերումից, բյուզանդական զորքի մարդաշատությունը եւ թշնամուն մի քանի անգամ գերազանցելը սոսկ թվացյալ էին: Հարկ եղած պահին, կայսրը հավատալով իր զորքի հետ եկած բազմաթիվ դավաճանների ու չարանենգ մարդկանց բանսարկություններին, ջլատում է իր ուժերը, առաջին երեւութական հաղթանակից հետո իր զորքի տարբեր մասերը ցրելով անծայրածիր կայսրության զանազան երկրներում: Եվ ապա՝ Բյուզանդիայի երկդիմի եւ նենգ քաղաքականությունը, որով հոգեվարքը երկարաձգելու եւ գոյությունը պահպանելու համար կայսրերը, իրենց հպատակ ժողովուրդների ազատասիրական ընդվզումները ճնշելու նպատակով, մի ազգին մյուսի դեմ էին հանում, այս որոշակի դեպքում քննություն չբռնեց, որովհետեւ թրքալեզու եւ թրքադավան ուզերն ու պեչենեգները ճակատամարտի վճռական պահին դավաճանում են կայսրին եւ միանում իրենց ազգակից թուրք-սելջուկներին եւ հաղթանակը սկուտեղի վրա մատուցում սուլթանին:

Այդ ճակատամարտում գերեվարվում է նաեւ Բյուզանդիայի՝ թշնամական սրի հարվածից վիրավորված կայսրը եւ միայն մեծ զիջումների գնով, Ալփ-Արսլանին տալով Մանազկերտը, Խլաթը, Եդեսիան, Հիերապոլիսը, Անտիոքը եւ պարտավորվելով վճարել տարեկան հարկ՝ փրկվում է գերությունից:

Մանազկերտի ճակատամարտում միայն քաջաբար մարտնչել են բյուզանդական զորքերի կազմում կռվող հայկական զորամասերը: Բայց նրանք էլ, իրենց քաջությամբ ու անձնազոհությամբ, ի վիճակի չէին փոխելու կռվի ելքը:  Փոքրաթիվ էին միմյանց դեմ մարտնչող թշնամական զորքերի այդ օվկիանոսում: Մեջբերենք նաեւ Կիրակոս Գանձակեցու վկայությունն այդ մասին: «Իր թագավորության ութերորդ տարում Դիուժենը (Դիոգենես, նույն ինքը՝ Տիոյենն է) մեծ զորքով գնաց Պարսկաստանի (թուրք-սելջուկների) վրա պատերազմի: Եկավ Մանազկերտ եւ գրավեց այն: Այս լսելով բռնակալ Ալփ-Արսլանը ընդառաջ դուրս եկավ. տեղի ունեցավ զորեղ ճակատամարտ: Դիուժենը պարտվեց եւ նրա կողմից բռնվեց, բայց Ալփ-Արսլանը հարկ դնելով նրա վրա՝ բաց թողեց: Իսկ նրա ազգը (բյուզանդացիները) չհնազանդեց իրեն, այլ թագավորեցրեց Դուկիծի որդի Միխայելին: Միխայելը, կրկին պատերազմելով, ջարդեց Դիուժենին, իսկ զորքը նրան քուրձ հագցնելով՝ բերեց Միխայել թագավորի մոտ: Կայսեր հրամանով ճանապարհին նրա աչքերը փորեցին, եւ կսկծից 521 թվականին (1072) մեռավ»:

Պարտությունը չափազանց ծանր նստեց Բյուզանդիայի վրա, երբեմնի հզոր կայսրության գահավեժ անկման հիմնաքարը դարձավ: Եվ ինչպես մեր մատենագիրներն են միաձայն վկայում՝ թուրք-սելջուկների առջեւ Մանազկերտի հաղթանակից հետո այլեւս բաց էին կայսրության սիրտը տանող ճանապարհները: Փոքրասիական թերակղզու հարցը հենց այստեղ վճռվեց հօգուտ թուրքերի, որոնք այնուհետեւ հեշտությամբ տիրացան ամբողջ  թերակղզուն եւ արդեն նույն դարավերջին դուրս եկան Էգեյան ծով՝ ստեղծելով Ռումի (Իկոնիայի) սուլթանությունը: Ալփ-Արսլանն, իհարկե, չհասցրեց տեսնել բոլոր ծրագրերի իրագործումը: Մանազկերտի հաղթանակից հետո, «նույն տարում,- ինչպես գրում է Կիրակոս Գանձակեցին,- երկայնամիտ եւ արդարադատ Աստված վրեժ առավ գոռոզ ու անվանդակ գազան Ալփ-Արսլանից: Մինչդեռ նա զայրագինորեն մռնչում էր՝ տիրելու ամբողջ աշխարհը եւ բորբոքված սրտի  դառնությունը թափելու նրանց վրա, որոնց ձեռք չէր գցել, անակնկալ մի պահի սրախողխող եղավ. անօրենը վերացավ աշխարհից եւ Աստծո փառքը չտեսավ»: Իսկ այժմ տեսնենք, թե այդ մասին ինչ է գրում Մատթեոս Ուռհայեցին: «Ալփ-Արսլանը հսկայական զորքով մտավ Սամարղանդ երկիրը եւ բանակեց անառիկ ու հռչակավոր Համա բերդի  տակ, որի բերդատերը մի քաջ, գազանաբարո եւ անչափ չարասիրտ մարդ էր: Սուլթանը բազում օրեր կատաղի պատերազմ մղելով, նեղ վիճակի մեջ դրեց բերդը: Նա կոչ արեց բերդատիրոջը, որ հպատակություն հայտնի իրեն եւ շարունակի ընդմիշտ տիրել իր հայրենի տիրույթներին: Բազում նեղություններ կրած բերդատերը որոշեց  գնալ,  երկրպագել սուլթանին, բայց միաժամանակ նա սոսկալի եւ ահավոր բան մտահղացավ: Ամբողջ օրը կեղծ  սեր ու ուրախություն արեց իր կնոջ, որդիների եւ դուստրերի հետ, գուսաններով, թմբուկներով ու երգերով մեծ կերուխում, բայց կեսգիշերին կնոջը եւ երեք որդիներին իր ձեռքով գազանաբար մորթեց, որպեսզի չընկնեն սուլթանի ձեռքը եւ չդառնան նրա ծառաները: Ինքը մյուս օրն իսկ ելավ-գնաց սուլթանի մոտ՝ թաքցրած ունենալով շատ լավ սրած երկու դաշույն, որոնցով նա մորթել էր իր որդիներին: Սուլթանը, տեսնելով նրան, հրամայեց իր առջեւ բերեն: Բերդատերը գնաց, երկրպագեց եւ մոտիկ գալով հանեց կոշիկների մեջ թաքցրած երկու դաշույնները եւ հարձակվեց սուլթանի վրա: Տեսնողները փախուստի դիմեցին: Բերդատերը երկու դաշույնով սկսեց գազանաբար հարվածել սուլթանին: Վերջինիս սպասավորները տեղնուտեղը սպանեցին ահաբեկչին: Սուլթանը երեք տեղից վերք էր ստացել, եւ նրա կյանքը մեծ վտանգի մեջ էր: Հինգ օր անց, երբ ցավերը սաստկացան, սուլթանը հրամայեց կանչել իր մեծամեծ իշխաններին եւ նրանց ներկայացնելով իր մանկահասակ որդուն՝ Մելիք Շահին, ասաց. «Ահա ես այսօր վախճանվում եմ այս վերքից: Թող իմ որդին լինի ձեզ թագավոր, թող նա նստի իմ թագավորական գահին»: Հանձնելով իր թագավորական հանդերձները, հագցրեց իր որդի Մելիք Շահին, խոնարհվեց ու երկրպագեց եւ լալագին նրան վստահեց Աստծուն ու իր բոլոր ամիրաներին: Նույն օրը մեռավ սուլթան Ալփ-Արսլանը»:

Արյունարբու սուլթանը վերացավ աշխարհից, բայց թուրք-սելջուկների ծրագիրը՝ կործանելու Բյուզանդական հսկայածավալ կայսրությունը, մնաց անփոփոխ, մի ծրագիր, որը հետագայում հաջողությամբ իրագործեցին Ալփ-Արսլանի հաջորդները: Իսկ հայոց Մանազկերտ  քաղաքը Բյուզանդիայի այդ խայտառակ պարտությունից եւ թուրք-սելջուկների կողմից գրավվելուց հետո՝ այլեւս նախկին փայլն ու փառքը չունեցավ, հետագայում վերածվեց խղճուկ ու աննշան  գյուղաքաղաքի: Հանրագիտարանային տվյալները հուշում են, որ 1915-ի Մեծ եղեռնի նախօրեին Մանազկերտն ունեցել է ընդամենը 5000 բնակիչ (մեծամասամբ՝ հայեր), ովքեր հիմնականում զբաղվել են  հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առեւտրով ու արհեստագործությամբ: Իսկ սա՝ Հայոց այս քաղաքը, հիմնվել էր դեռեւս անհիշելի ժամանակներից: Ըստ ժողովրդական ավանդության եւ Մովսես Խորենացու վկայության՝ այն Արածանի գետի ձախ ափին հիմնադրել է Հայկ նահապետի Մանավազ որդին եւ կոչել Մանավազկերտ, որը հետո, ժողովրդական ստուգաբանությամբ կրճատվելով, դարձել է Մանազկերտ: Այսօր էլ Թուրքիայի տարածքում եղող այդ անշուք գյուղում դեռեւս մնացել են պատմական մի քանի հուշարձաններ: Կիսականգուն վիճակում մեր օրերն են հասել այդ գյուղի արեւելյան ծայրամասում գտնվող հնագույն միջնաբերդի պարիսպներն ու աշտարակները եւ մի քանի կառույցների ավերակներ, որոնք հայկական այդ օջախի երբեմնի փառքի խոսուն վկաներն են:

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Պատմության էջերից


04/06/2020