«ՉԼԻՆՈՂ ԲԱՆ ՉԿԱ, ՄՏՔԻԴ ՏԵՂ ԼԻՆԻ»
Էրիկ Եգանյանը ծառայում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում, պայմանագրային զինծառայող է: Օրերս Էրիկ Եգանյանի սահմանած ռեկորդը գրանցվեց ՀՀ «Դյուցազնագրքում»՝ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակում: «Դյուցազնագրքում» ընդգրկվում են մտավոր եւ ֆիզիկական բացառիկ ունակություններով օժտված, ինքնատիպ ռեկորդներ սահմանած հայորդիները:
Զինծառայողը 20 րոպե 45 վայրկյանում 15 սմ երկարության 559 մեխերը չորս մետր հեռավորությունից նետել է նշանաթիրախին:
-Հայոց բանակը դյուցազունների պակաս չունի,- շեշտում է «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի ՀԿ նախագահ, «Դյուցազնագրքի» հեղինակ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը:- Միշտ էլ առանձնակի հպարտությամբ նշել եմ՝ ազգային բանակը մեր երկրի թիվ առաջին դյուցազունն է, բանակն ամենապատվավոր տեղն ունի հայկական ռեկորդների գրքում: «Դյուցազնագրքում» 30-ից ավելի զինվոր եւ սպա է գրանցված, նրանց մեջ նաև Գինեսի ռեկորդակիրներ կան:
Խաղաղապահ բրիգադից էլի տղաներ կան «Դյուցազնագրքում»` Գոռ Դավթյան, Գրիգոր Թադեւոսյան, վերջինս իր սահմանած ռեկորդներով նույնիսկ երկու անգամ է գրանցվել:
Էրիկ Եգանյանն իր հաղթանակը նվիրել է մայիսյան Եռատոնին, կատակով «խմբագրում» է՝ իր համար այսուհետ արդեն քառատոն է:
Նպատակասլաց երիտասարդը պատրաստվում է գերազանցել սեփական ռեկորդը՝ բարդացնելով վարժությունը՝ եռապատկելով մեխերի թիվը եւ միաժամանակ երկու թիրախ խոցելով: Նույն վարժությունը նախատեսել է կատարել նաեւ դանակներով եւ կացիններով:
-Այս տարի որոշել եմ եւս երեք ռեկորդ սահմանել: Առաջիկա հաղթանակս, Աստծո հաջողությամբ, նվիրելու եմ հայրենիքին կյանքը նվիրաբերած մեր հերոս քաջորդիների հիշատակին:
Էրիկ Եգանյանն ինքն էլ Ապրիլյան պատերազմի մասնակից է, կռվել է ամենաթեժ, ամենաբարդ կետերից մեկում՝ Թալիշում:
Զինընկերները պատմում են Էրիկի ցուցաբերած անսահման խիզախության մասին, բայց ինքն իր արածների մասին չի սիրում բարձրաձայնել, փոխարենը՝ անհուն ջերմությամբ, առանձնակի ակնածանքով է խոսում ժամկետայինների քաջության, նրանց ոգեղենության մասին.
-Ամեն մեկը մի հերոս էր, առյուծ…
♦♦♦
Խաղաղապահ առաքելությամբ Էրիկ Եգանյանը տարբեր երկրներում է եղել՝ Կոսովո, Աֆղանստան: Օտար հողում եւս ազատ ժամերին երբեք չի դադարեցրել մարզումները:
Ասում են՝ խաղաղապահներից ամեն մեկը իր երկրի դեսպանն է, իր երկիրն է ներկայացնում։
Այլազգի խաղաղապահները հետաքրքրությամբ էին հետեւում հայ խաղաղապահի մեխով եւ դանակով դիպուկ, անվրեպ նետումներին, փորձում իրենք էլ կրկնել… Նրանք անթաքույց հիանում էին հայ զինվորի վարպետությամբ և բազկի զորությամբ։
-Յուրաքանչյուր հաջողության հետեւում համառ ու նպատակային աշխատանք է, ոչինչ հենց այնպես չի տրվում,- խոստովանում է Էրիկը:- Տարիներ առաջ հրամանատարներիցս մեկը մի հանձնարարություն էր առաջադրել՝ զենքի վարժություն էր, երեք-չորս ժամում պետք է հասցնեի պարապել եւ կատարելապես տիրապետել: Սահմանված սեղմ ժամկետում անհնար էր թվում առաջադրանքը լիարժեքորեն կատարելը: Խնդրեցի ժամկետը երկարացնել, բայց հրամանատարս առարկություն չընդունող տոնով մերժեց՝ չլինող բան չկա, մտքիդ տեղ լինի:
Այդ խոսքերը, հրամանատարի վստահությունը հոգեբանական մեծ ներգործություն ունեցան երբեք չհանձնվելու եւ չերկնչելու։ Առաջադրանքը գերազանց կատարեց:
-Հաջողության առաջին գրավականը սեփական ուժերին հավատալն է,- բանաձեւում է Էրիկը։
Էրիկ Եգանյանը որոշել է մեխերի այդ վարժությունով հայտ ներկայացնել Գինեսի ռեկորդների հանձնախմբին:
-Աշխարհի մասշտաբով եմ ուսումնասիրել, նախադեպը դեռեւս չկա: Երբ մի գեղեցիկ օր ռեկորդս գրանցվի Գինեսի գրքում, հաղթանակս միանշանակ կնվիրեմ Հայոց բանակին, բանակի նվիրյալ բոլոր զինվորականներին։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #22 (1342) 3.06.2020 - 9.06.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում