Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԶԱՐԵՐԱՆԳ ՁԱՅՆ ՈՒ ԾՆԾՂԱ…



«Տիգրան Մեծ» ռազմամարզական ուսումնարանում երդման արարողություն է։ Ուսումնարանի պետը գնդապետ Կորյուն Ղումաշյանն է՝ «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը։ Նա հպարտությամբ նշում է, որ այս տարիների ընթացքում 600 շրջանավարտ ու կուրսանտներ շարունակում են իրենց ծառայությունը հայոց բանակում, նրանցից շատերն արդեն բարձրաստիճան սպաներ են։

«Տիգրան Մեծ» ռազմամարզական ուսումնարանի ղեկավարությունը, կուրսանտները կապ են պահում նախկին ազատամարտիկների հետ, որոնք պատերազմական իրենց պատմություններով մշտապես ոգեւորում, հայրենասիրական նոր լիցք են հաղորդում կուրսանտներին։ Այդ հիշարժան օրն էլ նրանք այնտեղ էին՝ Նորայր Սարգսյանը (Մորուք Նորիկ), Արմեն Բաբայանը (Շռամ), Սահակ Մելիք-Բեկյանը, Աբգար Նիկոլաեւիչը եւ էլի ուրիշներ։

Նրանց պատմությունները հերոսական էին, նրանց շրջապատել էին կուրսանտները, հատկապես նոր ընդունվածները։ «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Կարինե (Կարա) Հովսեփյանի մասին այս պատմությունը գրի առա տղաներից։

Կարինեի մասին խոսակցությունը սկսվեց, երբ գնդապետ Կ. Ղումաշյանը հայտնեց, որ շուտով լսարաններից մեկը պետք է անվանակոչվի նրա անունով։ Դա ուրախություն պատճառեց ներկաներին, որոնց թվում էր Կարինեի մայրը։ Հրամանատարը, ընկերները հիշում էին Կարինեի կյանքից հերոսական դրվագներ։

«Երբ տղաներից մեկը վիրավորվում էր, մի կերպ էինք պահում Կարային՝ առանց զենքի, միայն դանակով խոյանում էր դեպի թշնամին։ Իսկ երբ զոհ էինք տալիս, մեր Կարան գլուխն ափերի մեջ առած` ողբում էր, կոծում էր որպես քույր, մայր, մարտական ընկեր։ Քանի՜ անգամ վիրավորվեց Կարինեն. ցնցակաթված տարավ, ու վերքը չապաքինված` նորից մարտադաշտում էր՝ մեր կողքին,- վերհիշում էին տղաները։ -Հրադադարից հետո ապրում էր միայնակ. հին վերքերը նորից գլուխ էին բարձրացրել։

Կարինեի դեմքին ժպիտ էր ծնվում, երբ այցելության էին գալիս մարտական ընկերները։ Ու մի օր էլ նա հեռացավ կյանքից։ Հեռացավ անձայն ու անշշուկ։ Այդպես եկեղեցում վառված մոմն է հասնում իր վերջին։ Եվ Եռաբլուր տանող ճանապարհին ազատամարտիկ ընկերները հիշում էին Կարինեի վերջին խոսքերը. «Պատերազմն ինձ զրկեց մայրանալու, զավակ ծնելու իրավունքից։ Ես իմ մայրությունը տվեցի իմ երկրին, իմ մայր հայրենիքին։ Ես զգացի, որ հայոց բանակի ամեն մի զինվոր իմ որդին է, իմ զավակը»։

Եռաբլուր բարձրացող ճանապարհը ողողվել էր հազարերանգ գույներով, հազարերանգ ծնծղաներով, որոնք լուսե երազով մի հայուհի էին ուղեկցում դեպի անմահություն…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Հոգևոր-մշակութային


09/11/2011