ՀՕՊ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ
Հոկտեմբերի 18-21-ը ՀՀ զինված ուժերում անցկացվեց ՀՕՊ միջոցների «Լավագույն դիվիզիոն, մարտկոց, հաշվարկ, հետախույզ» մրցումների եզրափակիչ` երրորդ փուլը: Դրանց կատարման ընթացքը, արդյունքները մեզ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ գնդապետ Ա. Պողոսյանը:
-ՀՕՊ միջոցները կոլեկտիվ օգտագործման զենք են, և թիրախի խոցման վերջնական արդյունքը կախված է հաշվարկի յուրաքանչյուր անդամի փոխհամաձայնեցված և ճշգրիտ գործողություններից: Զորատեսակի սպառազինությունն ու մարտական տեխնիկան կիրառելիս հաշվարկների միջեւ գործակցության ներդաշնակությունն ու պատրաստվածության մակարդակը ավելի բարձրացնելու նպատակով անցկացվում են ինչպես զորավարժություններ, գործնական եւ ցուցադրական պարապմունքներ, ճամբարային հավաքներ և դաշտային ելքեր, այնպես էլ մրցումներ:
Գնդապետը նշեց, որ ռադիոտեղորոշման կայանների և զենիթահրթիռային համալիրների ստորաբաժանումների պայքարին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 150 սպա, ենթասպա, զինվոր: Ստուգողական վարժություններն ընտրվել են ՀՕՊ զորքերի վարչության մասնագետների կազմած մեթոդիկայի համաձայն, ինչի առավելություններից մեկն էլ այն է, որ մրցումների արդյունքում սովորաբար մարտավարական շատ նորմացույցներ վերանայվում են, կատարվում է ժամանակի կրճատում: Օրինակ` Ս-125 զենիթահրթիռային համալիրը մարտականից երթայինի բերելու և հակառակը կատարելու նորմացույցների համար դեռ խորհրդային ժամանակների մասնագիտական գրականության պահանջներով ավելի շատ ժամանակ է նախատեսված, քան մեր հաշվարկները կատարում են: Արդյունքում նորմացույցների կատարման ժամանակը զգալի կրճատվել է:
Մրցումների արդյունքների հիման վրա կկատարվի մանրակրկիտ վերլուծություն, որից հետո զորքերը ցուցումներ կստանան, թե հաջորդ ուսումնական տարում մարտական պատրաստության գործընթացի կազմակերպման ընթացքում հատկապես ինչի վրա ուշադրություն սևեռեն: Բացի այդ, կլրամշակվեն հրամանատարական պատրաստության ծրագրերը: Փաստորեն, հաշվարկների միջեւ մրցումներում նշվում են այն չափորոշիչները, որոնց պետք է ձգտեն տվյալ կայանքի հաշվարկները` եղած մարտական ներուժի կիրառման առավելագույն աստիճանի հասնելու համար: Նման դրական փորձ մեր զինված ուժերն արդեն ունեն. Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդը քանակապես գերազանցում էր մեզ, սակայն արդյունքը բոլորին է հայտնի` Արցախում հայկական ՀՕՊ ուժերը խփել են 3 տասնյակից ավելի օդային հարձակողական միջոցներ, ինչը կազմում է Ադրբեջանի այն ժամանակվա ռազմաօդային ուժերի ավելի քան 20 տոկոսը:
-Մարտական պատրաստության դասընթացներում հիմնական շեշտադրումը կատարում ենք հաշվարկ-մարտկոց օղակում անձնակազմի` սպառազինությունը և տեխնիկան լավագույնս շահագործելու, արդյունավետ կիրառելու վարպետությունը զարգացնելու վրա: Արցախյան պատերազմից հետո մեր զորատեսակում կարծես ավանդույթ է դարձել, որ ՀՕՊ հաշվարկները պետք է լինեն լավ մարզված, ունենան փոխգործակցության ամենաբարձր մակարդակը: Ապացույցը` տարբեր ռազմական միջոցառումների, հատկապես ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մասնակցությամբ ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում անցկացվող «Մարտական համագործակցություն» մարտական կրակով զորավարժության ժամանակ ցուցաբերած արդյունքները: 1999թ. սկսած` մեր ստորաբաժանումները պարբերաբար մասնակցել են այդ զորավարժությանը և միշտ գերազանց են հանդես եկել` հիացնելով միջազգային բազմաթիվ դիտորդների,-նշեց գնդապետը:
♦♦♦
Մրցույթների արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձան ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների լավագույն անձնակազմերը, որոնց էլ ներկայացնում ենք ըստ կիրառվող զինատեսակի: «Կռուգ» զենիթահրթիռային համալիրի լավագույն մարտկոց` հրամանատար ավագ լեյտենանտ Է. Բաբայան, «Օսա-ԱԿ» մարտական մեքենայի հաշվարկ` հաշվարկի պետ ավագ Դ. Բայրամյան, Ս-125 զենիթահրթիռային համալիրների դիվիզիոն` հրամանատար փոխգնդապետ Մ. Ավետիսյան, Պ-18 ռադիոտեղորոշման կայան` կայանի պետ լեյտենանտ Մ. Գևորգյան, «Իգլա» հաշվարկ` փոխգնդապետ Յու. Ավշարյան, ԶԻԿ 23-4 կայանքի հաշվարկ` զորամասի ՀՕՊ-ի պետ մայոր Դ. Գյուրջինյան, զենիթային հրետանու կայանքի պետ փոխգնդապետ Գ. Օսիպյան: Բոլոր հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր նվերներով ու պատվոգրերով:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում