ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՀԱՅՐԵՐԻ ՓԱՌՔԻՆ
ԼՂՀ Մարտունու տարածքային զինկոմիսարիատում ուր որ է` պիտի սկսվեր զինակոչիկների բուժզննումը։ Զորակոչային բուժհանձնաժողովի նախագահ, զինկոմ մայոր Գառնիկ Պետրոսյանը բժիշկների հետ կարճատեւ խորհրդակցությունից հետո ներս հրավիրեց ընդունարանում սպասող զինակոչիկների ծնողներին։ Նրանք եկել էին շրջանի գյուղերից, այդ թվում՝ սահմանամերձ։ Նրանցից շատերը նախկին ճակատայիններ են, պատերազմի դաժան դպրոցն անցած մարդիկ։ Զինկոմը բոլորին էլ ճանաչում է անձամբ, ճակատագրական այն օրերին կամավորական ջոկատների շարքերում կռվել են միասին, կողք կողքի, միասին անձնուրաց պաշտպանել ծանր շրջափակման մեջ հայտնված շրջանի սահմանամերձ գյուղերն ու շրջկենտրոնը։ Զինկոմը ուշադիր լսում էր նրանց, նշումներ անում իր ծոցատետրում, զորակոչային բաժնի սպաներին կանչում, հանձնարարականներ տալիս։
…1991-ին էր։ Իրադրությունը սրվեց Մարտունիում։ Շրջկենտրոնը հայտնվել էր պաշարման մեջ։ Ադրբեջանաբնակ Ղարադաղլու, Ամիրանլար, Վեսալլու գյուղերից անընդհատ հրետակոծվում ու գնդակոծվում էր Մարտունին։ Հակառակորդի ռմբակոծիչները օր ու գիշեր վայրասլաց թռիչքներ գործելով, ռմբակոծում էին քաղաքը։ Դժվարին պայմաններում էր աշխատում զինկոմիսարիատը։ Զինվորական կադրերի խիստ կարիք էր զգացվում. չէին բավականացնում զենքն ու զինամթերքը, եւ զինկոմիսարիատը ստիպված բնակիչների որսորդական հրացաններն ու դպրոցների ուսումնական ինքնաձիգները հավաքել, դարձրել էր մարտական զենք, զինել ջոկատները, հավաքագրել զինվորական հաշվառման մեջ գտնվող, խորհրդային բանակում ծառայած նախկին հրետանավորներին, տանկիստներին ու սակրավորներին, նախապատրաստել եւ ուղարկել ռազմաճակատ։ Ազատամարտի օրերին զինկոմիսարիատի աշխատողներն են կռվել կամավորական ջոկատների շարքերում։
Զինկոմը հրաշալի գիտի նրանցից յուրաքանչյուրի մարտական ուղին։ Ավագ լեյտենանտ Նորայր Գալստյան, զորակոչային բաժնի պետ, զոհվել է 1992-ի օգոստոսի 15-ին՝ մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ։ Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (հետմահու)։ Ենթասպա Դադա Դադայան, մարտական շքանշանների ասպետ, զոհվել է 1994-ի փետրվարի 4-ին։
Արցախյան պատերազմում Մարտունու տարածքային զինկոմիսարիատի սպաների անձնական արիության մասին շատերը գիտեն։ Զինկոմի տեղակալ կապիտան Արտաշես Պողոսյանը մեկն է նրանցից։ Եղել է դասակի հրամանատար, ապա՝ վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է ռազմական հենակետերի վերածված ադրբեջանաբնակ Ամիրանլար, Կուրապատկինո գյուղերի համար մղվող մարտերին։ 1994-ի ապրիլին վիրավորվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրական մարտերում։ Երեք որդիների հայր է. Գեղամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ է, Գոռը այս տարվա աշնանը կզորակոչվի, իսկ Գառնիկը 7-րդ դասարանում է սովորում։
Արտակ Սաղյան, զորահավաքային բաժնի սպա, Արցախյան պատերազմի վետերան։ Պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Հայրենյաց պաշտպան» մեդալներով։ Նույն բաժնում է ծառայում ավագ լեյտենանտ Ելենա Օսիպովան՝ հայրենի հողի անվեհեր դուստրերից մեկը…
Մոնթեն բարձր է գնահատել շրջանի բնակավայրերի պաշտպանական մարտերում Մարտունու տարածքային զինկոմիսարիատի սպաների խիզախությունը։ Զինկոմը թանկ հուշեր ունի պահած Մոնթեի մասին։ «Կամավորական ջոկատներից ստեղծելով բանակային կուռ ստորաբաժանումներ, զորավարը բեկում մտցրեց ռազմաճակատում։ Նա մեծ անհատ էր, մեծ ստրատեգ, մեր նորագույն ազատագրական պայքարի առաջամարտիկը։ Մոնթեն արեց ամեն ինչ՝ ժողովրդի մեջ ամուր պահելու հայրենի եզերքի անպարտելիության հավատը»։
Այդ հավատն իր հոգում էր կրում նաեւ զինկոմի հայրը` Արցախյան պատերազմի վետերան, պահեստազորի գնդապետ 75-ամյա Ստախոն Պետրոսյանը։ Ազատամարտի տարիներին մարտական փառավոր ուղի անցած կամավորական գումարտակի շտաբի պետն է եղել։ Այդ ժամանակ 55 տարեկան էր։ Զինկոմիսարիատում պատմեցին, թե նա ինչպես է փրկել Մարտունու քաղաքային գրադարանում պահպանվող գրքերը. 1991-ին էր, երբ հակառակորդի արձակած «Գրադի» արկից հրդեհվել էր գրադարանի շենքը։
…Զինակոչիկների բուժզննումը շարունակվում էր, իսկ զինկոմիսարիատի բակում նրանց ծնողներն են, հարազատները, բարեկամներն ու մերձավորները, իրենց որդիներին են սպասում, շատերի կրծքին ամրացված են շքանշաններ։
Զրուցում ենք բուժզննումն անցած եւ զորակոչվելու ծանուցագրեր ստացած զինակոչիկների հետ։
Մերուժան Սուլեյմանյան
-Ես հպարտ եմ, որ շուտով մեկնելու եմ ծառայության, հայրենիքի հանդեպ պարտքս կատարելու, ինչպես իմ հայրն է անձնուրացաբար կատարել։ Նա նախկին ճակատային է, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ։ Ազատամարտի տարիներին մեր զինվորների քաջագործությունների մասին հորս պատմածները ոգեւորում եւ ուժ են տալիս ինձ։ Հոգիս թեւ է առնում այդ պահերին։ Սակայն մի դիպված ուղղակի մեխվել է հիշողությանս մեջ, ինչ էլ լինի, ես դա երբեք չեմ մոռանա։ 1993-ի օգոստոսի 23-ին մարտերում հերոսաբար զոհվեց հորս հավատարիմ ընկերը՝ ջոկատի հրամանատար Մերուժան Մոսիյանը։ Երբ ես ծնվեցի, հայրս ինձ իր մարտական ընկերոջ անունով կոչեց։ Ու հիմա ես իմ սուրբ պարտքն եմ համարում՝ պատվով շարունակելու հորս զոհված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի կիսատ թողած գործը։ Խաղաղությունն, այո՛, թանկ գնով է ձեռք բերվել, մենք այն պետք է պահպանենք աչքի լույսի պես եւ արժանի լինենք մեր հայրերի մարտական փառքին։
Վարդան Ավագյան
-Պաշտպանության բանակի զինվոր դառնալը մեծ պատիվ է ինձ համար։ Արցախյան ազատամարտի պատմությունից ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ իմ տարեկիցներն են ռազմի դաշտում սխրանք գործել, դիմակայել ծանր փորձություններին։ Այսօր մեր չքնաղ հայրենի եզերքի սահմաններն անառիկ պահելու հերթը մերն է։
Անկեղծ ու անմիջական էր մեր զրույցը տղաների հետ։ Ամրակազմ, կորովի 18-ամյա այս պատանիները շուտով կմեկնեն ծառայության, կգնան համալրելու Արցախյան ազատագրական մարտերում իր անունը փառքով պսակած պաշտպանության բանակի շարքերը։
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մարտունի-Երեւան