Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏՎՈ՞ՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ



Հարց. Բժիշկները որդուս ախտորոշել են «Փսորիազ» հիվանդությունը: Նման հիվանդություն ունեցող երիտասարդներն ազատվու՞մ են ծառայությունից:
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ք.Արտաշատ

Պատասխան. Հարգելի տիկին Առաքելյան, Ձեր որդու զորակոչման վերաբերյալ հարցը ենթակա է քննության ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից, որի եզրակացության հիման վրա կպարզվի նրա զինվորական ծառայության պիտանելիության կարգավիճակը:

Ձեզ հետաքրքրող հարցը կարգավորվում է «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 26.02.2010թ. N175 հրամանով:

Նշված հրամանի 89-րդ հոդվածի բ կետի համաձայն` «Փսորիազի սահմանափակ, բայց հաճախակի կրկնվող (սրացող) ձեւեր» ախտորոշման պարագայում Ձեր որդին կճանաչվի ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նրան կտրվի տարկետում մեկ անգամ 3 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո բժշկական քննության արդյունքներով Ձեր որդին կա՛մ կճանաչվի պիտանի զինվորական ծառայության համար եւ կզորակոչվի, կա՛մ կճանաչվի խաղաղ պայմաններում ոչ պիտանի եւ կհաշվառվի պահեստազորում, կա՛մ կճանաչվի զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ կհանվի զինվորական հաշվառումից:

Իսկ եթե Ձեր որդու մեջ առկա է «Փսորիազ` մաշկի բաց տեղամասերում կամ սահմանափակ` անկախ տեղակայումից» ախտորոշում, ապա նույն հոդվածի գ կետի համաձայն` Ձեր որդուն կտրվի տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ` մինչեւ 1 տարի ժամկետով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար եւ զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում ոչ պիտանի եւ հաշվառվում է պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հանվում է զինվորական հաշվառումից:

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Սոցիալ-իրավական


09/11/2011