Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄՈԹ Է, ՈՐ ՕՐԱԿԱՆ ԳՈՆԵ ՄԵԿ ԱՅՑԵԼՈՒ ՉՈՒՆԵՆԱՆՔ»



Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների այցելությունները Եռաբլուր պանթեոն արդեն ավանդական բնույթ են կրում: Ամեն տարի ֆակուլտետի առաջին կուրսի կուրսանտները սպայական և դասախոսական կազմի ուղեկցությամբ այցելում են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Բացառություն չէր նաև այս տարին. համալսարանում անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 26-ին ապագա ռազմական բժիշկները կրկին Եռաբլուրում էին, նրանց էին միացել նաև ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներ:

Այցը կարևոր էր հատկապես նրանով, որ երիտասարդների գերակշռող մասն առաջին անգամ էր այցելում Եռաբլուր: Պանթեոնի պետի տեղակալ կապիտան Ալբերտ Առաքելյանը նրանց հակիրճ ներկայացրեց զինվորական գերեզմանատան ստեղծման պատմությունը, տարածքի հետ կապված մի քանի հիշարժան դրվագներ: Մասնավորապես, երիտասարդ այցելուները իմացան, որ դեռ խորհրդային իշխանության օրոք տարածքը ծառայել է որպես անկախության համար պայքարող տղաների հավաքատեղի, մեկնողների հետ թեկուզև փոքրաթիվ զենք-զինամթերք Արցախ տեղափոխելու կենտրոն: Իսկ տարիներ անց Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով թռչելիս բարձրից նայել ու որոշել է պանթեոնի այժմյան տեսքն ու կառուցվածքը: Պառկած խաչը, 21 հղկված տապանաքարերը, որ կարծես բերդպար են բռնել, Վազգենի մտահղացումն են: Դրանց կողքով անցնելիս ակամայից հիշում ես նրա խոսքերը` 21-րդ դարը մերն է լինելու:

Կապիտան Առաքելյանի բոցաշունչ պատմությունների ներքո ուսանողները անցնում են շարքից շարք, կարդում զոհված հրամանատարների, զինվորների անունները, ամեն մեկի մասին մի հետաքրքիր պատմություն լսում: Գրեթե բոլոր շիրիմների մոտ կապիտան Առաքելյանը կանգնում է, ներկայացնում` մեր հրամանատարներից է… քիչ այն կողմ` սփյուռքից ժամանած և հայրենի հողում հանգչող մեր ընկերները, այստեղ էլ ժամկետային զինվորներն են: Հատկապես հուզիչ էր նրա խոսքը այն պահին, երբ հասավ զինադադարի տարիներին զոհված զինվորների շիրիմներին: Դիմելով բոլոր ներկաներին` կապիտանն ասաց.

-Դեռ խաղաղությունից շատ հեռու ենք, այսօր էլ թեև զինադադար է, բայց հակառակորդը պարբերաբար խախտում է այն, ուրեմն` բոլորս պետք է պատրաստ լինենք դեպքերի ցանկացած զարգացման: Արժանի եղեք ընկածների հիշատակին, հիշեք նրանց և նրանց պես անվախ ու հայրենասեր եղեք: Միշտ հիշեք` չի կարելի թույլ տալ, որ Եռաբլուրը մի պահ անգամ մոռացվի, ամոթ է մեր ազգի համար, ամոթ է, որ գոնե օրական մեկ այցելու չունենանք: Յուրաքանչյուր այցելու իր հոգու խորքում լցվում է վրեժով` ենթագիտակցորեն իրեն պատրաստ զգալով հայրենիքի համար մարտնչելու: Համոզված եմ, դուք էլ որոշ ժամանակ անց նույնը կզգաք:

Կապիտանի խոսքը երիտասարդների համար առավել քան համոզիչ էր նաև այն պատճառով, որ ինքն էլ հենց մարտական գործողությունների մասնակից է, այստեղ է թաղված նաև նրա հայրը` հանրահայտ Հոպարը:

Կուրսանտներն ու ուսանողները տարբեր անուններ լսեցին, անուններ, որոնք անմահացել են, շուրթից շուրթ են փոխանցվել միայն ու միայն մի բանի համար. նրանք կռվել ու զոհվել են իրենց երազած հայրենիքի, իրենց ընկերոջ ու հարազատի, հազարավոր անծանոթ հայ մարդկանց վաղվա օրվա համար: Նրանց շարքերում են եղել նաև ռազմական բժիշկներ, որոնք վիրավորներին բժշկելու հետ մեկտեղ զենք են վերցրել և կռվել ազատամարտիկների կողքին: Նրանց հուրհրացող աչքերը վկայում էին, որ հենց այստեղ, այս պահին ընկածներին փոխարինող արժանի հերթափոխ է հասունանում:

Վերջում կուրսանտներն ու ուսանողները մոմեր վառեցին Եռաբլուր մատուռում, որը չկրակված փամփուշտի տեսք ունի, և ամեն մեկը մտովի այդ չկրակված փամփուշտի գաղափարին լուռ միախառնեց իր կորցրած հարազատի, վաղվա խաղաղ կյանքի համար իր աղոթքն առ Աստված: Եռաբլուրից նրանք հեռացան հաստատ վերափոխված ու նաև մի հաստատ համոզմունքով. հերոսներին պետք է փնտրել նաև իրենց շրջապատում, ողջերի մեջ, որպեսզի կարողանան կենդանության օրոք արժանին մատուցել և ընդօրինակել նրանց սխրանքները:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Բանակ և հասարակություն


09/11/2011