Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

‹‹ԱՐԴ, ԻՆՉ ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՑՐԵՑ, ՄԱՐԴԸ ԹՈՂ ՉԲԱԺԱՆԻ››



‹‹ԱՐԴ, ԻՆՉ ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՑՐԵՑ, ՄԱՐԴԸ ԹՈՂ ՉԲԱԺԱՆԻ››«Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»

Մարկոս 10.9

 

Համավարակի հետևանքով առաջ եկած սոցիալական և կենսական այլ դժվարությունները մեծապես ազդում են մարդու հոգեկան ներաշխարհի վրա, առաջացնում տագնապային և սթրեսային տարբեր դրսևորումներ:

Ներկա ժամանականերում, և հատկապես այս վերջին ամիսների հատվածում ընտանեկան խնդիրներով եկեղեցի և տարբեր թեմական սոցկենտրոններ են դիմում շատ հավատացյալներ: Անշուտ բոլոր ընտանիքներում ծագում են տարաբնույթ խնդիրներ, և չկա մի ընտանիք, որ դժվարությունների չհանդիպի: Սակայն միայն նվիրական սիրո և միասնական համերաշխ ոգին կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն՝ հանապազ զարդարվելով աղոթքով և Տիրոջ ապավինությամբ:

Աշխարհում այս համավարակի օրերին գրանցված ամուսնալուծության վիճակագրական տվյալները իրական ողբերգություն են. աշխարհի չար ուժերի խնդիրն այն է, որ ընտանիքը քայքայեն, քանդեն ընտանիքի հիմքերը, չէ՞ որ այն ‹‹փոքր եկեղեցի է››:

Ընտանիքում տեղի չի ունենում պարզապես սովորական սնուցում, այլ  մշակութային ավանդությունների, հավատի փոխանցում, գոյանում են նվիրական կապեր, փոխանցվում է սիրո և միմյանց նկատմամբ հոգատարության լավագույն օրինակը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ամուսնության խորհուրդը, ամուսնությունը, այսինքն՝ ընտանիքը, իրապես Աստծո պարգև է, զույգերն ամուսնանալով, ստանում են եկեղեցում Աստծո օրհնությունը և, իհարկե, Եկեղեցին չի կարող տալ  որևէ տեսակ օրհնություն ամուսնալուծության համար, այն դեպքում, երբ ընտանիքն արդեն քայքայվել է (ինչպես օրինակ անհավատարմության պարագաներում):

Նախևառաջ պարգև ստանալով, անհրաժեշտ է այն պահպանել և զարգացնել ամբողջ կյանքի ընթացքում՝ ձգտելով համապատասխանության, որպեսզի աստվածային տան մեջ ցոլարձակի սիրո կրակը: Իհարկե, այդ պարգևը լավագույնս պահպանվում է փոխադարձ հավատարմությամբ և աստվածային պատգամների հետևողությամբ, ինքնակատարելագործմամբ, երեխաների դաստիարակմամբ, քրիստոնեական ոգով, ձգտումով լինել  լավագույնը, դառնալ  իրական ընտանիքի օրինակ: Ցավոք, ընտանիքի իրական արժեքը կարող է նսեմացվել մարդու սրտում տարբեր հանգամանքների պատճառով: Ինչպես ասվում է Մատթեոսի ավետարանում. ‹‹ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն իսկ շնացավ նրա հետ իր սրտում›› Մատթ. 5.28: Սրտում շնացավ թե ֆիզիկապես, միևնույն է, դա տանում է շնորհի կորստյան, որն, ի դեպ, մեկ անգամ է տրվում կյանքում: Ինչ-որ մեկն այսօր համակարգիչը կամ հեռախոսն ավելի է սիրում, քան իր ընտանիքը, կողակցին և երեխաներին: Վերջին ժամանակներում ի հայտ է եկել սիրո նոր տեսակ՝ վիրտուալ, անշոշափելի կամ վերացական: Մարդ շատ բան է կորցնում, երբ չի հետևում իր ընտանիքին, այլ իրենից ներկայացնում է սոսկ նստակեցության և համակարգչամոլության օրինակ:

‹‹ԱՐԴ, ԻՆՉ ՈՐ ԱՍՏՎԱԾ ՄԻԱՑՐԵՑ, ՄԱՐԴԸ ԹՈՂ ՉԲԱԺԱՆԻ››Ընդհանրապես, ամուսնության և ընտանիքի հարցերին չի կարելի մոտենալ կաղապարված կերպով: Մենք հաճախ սահմանափակ կերպով ենք քննարկում բոլոր պարգևները, այդ թվում նաև ամուսնության պարգևը և դրանից առաջ չենք գնում: Աստվածային պատգամների իրագործում. ահա թե ինչն է կարևորը, որն էլ իր հերթին պահպանում է ընտանիքը: Այո′, ընտանիքը ֆիզիկապես կարող է պահպանվել, մարդիկ կարող են առաջվա նման ապրել ընտանեկան մեկ հարկի տակ, բայց ընտանիքն այն է, երբ պահպանվում են մարդկանց փոխադարձ բարեխիղճ հարաբերությունները: Եվ դա այն դեպքում, երբ ամուսինները միահոգի են և միաշունչ, երբ նրանց կամքը մեկ է և մեկ ընտանիք են: Իսկ եթե նրանք համատեղ են ապրում, բայց սրտում հաճախ ստում են իրար, այդ դեպքում արդեն իսկ ընտանիք գոյություն չունի և ամուսնալուծության որթը տաքուկ տեղավորվել է նրանց մեղսալից հոգում: Եվ իրապես, ո՞րն է ճիշտը նման իրավիճակում: Միգուցե նրանք ավելի լավ է բաժանվեն, մի՞թե լավ է, երբ երեխաները տեսնում են ծնողների փոխադարձ լուռ ատելության օրինակը: Փոխարենն անհրաժեշտ է այդ ընտանիքին փրկելու համար ամուսիններից մեկը սիրո առաջին օրինակը լինի, թող մյուսը կռվի, ստի և վիճի, իսկ կողակիցը փոխարենն ասի ‹‹ահա, դու հիմա կռվում ես, բայց ես ամեն դեպքում քեզ սիրում եմ››: Կամ էլ ասի ‹‹դե լավ կներես, ես հիմա ամեն ինչ կանեմ, ինչպես որ հարկն է››: Թող գոնե նրանցից մեկը սիրո օրինակ տա, իսկ այդ դեպքում վստահաբար ամեն ինչ կսկսի փոխվել: Նմանատիպ ջանքերը հիմնականում ապարդյուն չեն անցնում:

Մեր ավագ սերունդներն ունեցել են ավելի դժվարին, անպատմելի ծանր կյանքի օրինակ, շատ հաճախ ողբերգական…  Սակայն ինչպե՞ս են պահպանել Հայոց Սուրբ ընտանիքի կերպարը և ապա փոխանցել մեզ: Քանի որ ունեցել են անսակարկ սեր և ամուր հավատ առ Բարձրյալն Աստված, անգամ ամենադժվարին պահերին աղոթել և ապավինել են Աստծո ողորմությանը, միմյանց ներել, ավելիով պատվել են իրենց սիրելի ծնողներին ու զավակների ձեռքերը բռնած առաջնորդել եկեղեցի:

Սիմեոն քահանա Մովսեսյան

ՀՀ ՊՆ ՄԱՐՇԱԼ Ա. ԽԱՆՓԵՐՅԱՆՑՆԻ ԱՆՎԱՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՆԴԵՐԵՑ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


12/06/2020