Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑՎԵՑ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ



Հոկտեմբերի 30-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի բակում ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղադրվեց հայ ժողովրդի մեծ զավակ, Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին։

Դպրոցի բակում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու տեղադրման մտահղացումը ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչ Միհրանյանինն է, որն իրականություն դարձավ տարածքի երկրապահների եւ գործարարների աջակցությամբ։

Կիսանդրու բացման արարողության հանդիսավոր պահը վստահված էր ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին եւ Սպարապետի մորը՝ Գրետա մայրիկին։

Այսուհետ այս դպրոց մտնող յուրաքանչյուր երեխայի առաջինը կդիմավորի Սպարապետը, իսկ կիսանդրու պատվանդանին փորագրված «Ամեն երեխա պիտի իմանա ինքը ո՞վ է, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ պատմություն ունի եւ ո՞ւր է գնալու», Սպարապետի միտքը միշտ ուղեկցելու է դպրոցականներին՝ նրանց համար դառնալով կյանք մտնելու կարգախոս ու խորհուրդ։

Արարողության մասնակիցներին ողջունեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, իր խոսքի մեջ շեշտելով. «Ես այստեղ տեսնում եմ դպրոցականներին, պատանի երկրապահներին, երիտասարդ երկրապահներին, որոնց ամեն օր դիմավորելու է Սպարապետը եւ վստահություն է ներշնչելու երկրի հանդեպ, հայրենիքի հանդեպ, պետության հանդեպ։ Այդ վստահությամբ դուք գալիս եք փոխարինելու ձեր պապերին, հայրերին։ Գալիս եք շարունակելու նրանց գործը։ Մենք վստահում եւ հավատում ենք ձեզ»։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ողջունելով երկրապահներին, այս հրաշալի մտահղացման համար, իր խոսքի մեջ շեշտեց. «Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու տեղադրումը դպրոցի բակում ուղենիշ է լինելու ռազմահայրենասիրական դաստիարակության համար։ Ուղենիշ՝ հատկապես երեւանցիների համար, ովքեր Արցախին սպառնացող վտանգի պահին Երեւանից հասան Արցախ եւ պաշտպանեցին Արցախի ժողովրդին։ Մեր բանակի, մեր ժողովրդի ձեռքբերումների մեջ անգնահատելի է կամավորականների, երկրապահների դերը, ովքեր դաստիարակություն էին ստացել դպրոցներում։ Ես հավատում եմ, որ եթե նորից հարկ լինի, նորից երկրապահները, նոր սերնդի երկրապահները, այս դպրոցում սովորող երկրապահները կկանգնեն հայոց բանակի կողքին ու կպաշտպանեն հայրենիքը»։

Ներկաներին ողջունեցին նաեւ կիսանդրու հեղինակ, ճանաչված քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը եւ Ջրվեժի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանը։

Բացման արարողությունից հետո Երեւան քաղաքի մի շարք երկրապահների հանձնվեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կառավարական, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գերատեսչական եւ երկրապահական պարգեւներ։

Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց միջնակարգ դպրոցի երեխաների եւ ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբի սաների համերգային ծրագրով։

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Բանակ և հասարակություն


09/11/2011