ՄԻ՛ ԱՐԺԵԶՐԿԵՔ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օրեր առաջ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի անոնսները սկսվում էին հույժ հրատապ տեղեկատվությամբ՝ Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում արտառոց դեպք է կատարվել։ Անկեղծ ասած` առաջին միտքը, որ ծագեց գլխումս, սպանությունն էր, ինքնասպանությունը կամ նմանատիպ բռնության մեկ այլ դրսեւորում։ Թեթեւացած շունչ քաշեցի, երբ պարզվեց, որ «արտառոցը» ուսուցիչներից մեկի արարքն էր. դասղեկը իր չորրորդ դասարանի երկարամազ տղաներին ու նրանց ծնողներին քանիցս զգուշացնելուց հետո, փոքրիկ մազափունջ էր կտրել՝ խաթարելով մի քանի երեխաների փարթամ սանրվածքը։
Իրական «արտառոցը» սկսվեց հետո, երբ պարբերականներն ու համացանցը ողողվեցին դեպքի մանրամասներով ու տեսանյութերով, թեժ քննարկումներով ու դատափետումներով։ Հաջորդ օրը պարզվեց, որ ուսուցչին հեռացրել են դպրոցից։ Այս լուրը լսելով` մտածեցի, որ ուշադիր չեմ ընթերցել նյութերը, ու, հավանաբար, ուսուցչուհին տղաների խոպոպները կարճացնելուն զուգընթաց նվաստացրել ու ծեծել է նրանց։ Ու խոսքը եղել է ոչ թե մեկ ապտակի, այլ ծեծի մասին։ Անկեղծ ասած` մոռացա դեպքն էլ, ուսուցչուհուն էլ։ Բայց մի քանի օր առաջ բոլորովին պատահաբար ծանոթացա Դանիել Վարուժանի անվան դպրոցից հեռացված ուսուցչուհու՝ Գայանե Թանգյանի հետ։
Պարզվեց, որ ուսուցչուհուն չեն հեռացրել, ինչպես նշում են թերթերն ու լրատվական հեռուստածրագրերը, այլ բարձրացված աղմուկից, հակազդեցությունից, քննադատությունից ու զրպարտանքներից վիրավորված՝ ուսուցչուհին ինքն է դիմում գրել եւ հեռացել դպրոցից։
«Ես տասնհինգ տարվա մանկավարժական ստաժ ունեմ, բոլորը գիտեն, թե որքան սկզբունքային եւ գործիս նվիրված մանկավարժ եմ, ինչպես եմ լեզու գտնում աշակերտներիս հետ, հարգվում ու սիրվում նրանց կողմից, ինչպիսի հաջողությունների եմ հասնում։ Ես չեմ մտնում դասարան ժամանակ մեռցնելու եւ աշխատավարձ ստանալու համար։ Առարկայական գիտելիքներ տալուց առաջ կարեւորում եմ մանկավարժի-դաստիարակչի իմ պարտավորությունը։ Իմ աշակերտները միշտ պատշաճ են հագնված ու հարդարված։ Չորրորդ դասարանում դասավանդում էի 20 օր։ 20 օր շարունակ ծնողներին ու տղաներին հորդորել եմ կարճացնել աչքերի վրա թափված խոպոպները։ Արդյունքի չհասնելով՝ սպառնացել եմ, որ ինքս կկտրեմ նրանց մազերը։ Կտրել եմ փոքրիկ խոպոպ՝ առանց բռնության, առանց վիրավորանքների»։
Ես կրկին ընթերցեցի դեպքի առիթով տպագրված հոդվածներն ու նայեցի հեռուստահաղորդումները։ «Կտրված մազափնջով» երեխաներից մի քանիսի ծնողները հանդես էին եկել ի պաշտպանություն ուսուցչուհու։ Սակայն ճնշումն ու հասարակական հակազդեցությունը այնքան մեծ էին եղել, որ ուսուցչուհին հարկադրված հրապարակավ (հեռուստատեսությամբ) ներողություն էր խնդրել։ Բայց…
Վստահ եմ, որ «տուժած» փոքրիկներից մեկը «տիրավոր» հայր կամ մայր է ունեցել, հզոր կապերով, ցանկացած մեկին ոչնչացնելու հնարավորությամբ։ Իսկ եթե հնարավորությունը կա, ինչո՞ւ չօգտվել դրանից, ինչո՞ւ թույլ տալ, որ իրենց երեխայի կողքով ինչ-որ մեկը համարձակվի անցնել, ինչո՞ւ մեկ անգամ եւս ցույց չտալ, որ մենք ամենակարող ենք… Սա՝ հպանցիկ։
Ամենավտանգավորը, ամենամտահոգիչը հասարակության արձագանքն էր, հասարակ մարդկանց՝ մեր հայրենակիցների բարձրացրած աղմուկը։ Ինչ-որ մեկին դատափետելու, հարվածելու, վնասելու մոլուցքը։ Խնդրում եմ՝ չասեք, թե երեխաներին էին պաշտպանում։ Երեխաներին ո՛չ ծեծել էին, ո՛չ խոշտանգել, ո՛չ նվաստացրել։ Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ այս միահամուռ հարձակումը հանուն էր, ոչ թե ընդդեմ։ Ի՞նչ ակունք ունի այս ինքնանպատակ ու չարդարացված անհանդուրժողականությունը, չարությունը։ Անտարբերությունը մարդու ճակատագրի հանդեպ։
Ես դեմ չեմ կտրուկ արձագանքներին, եթե նպատակը արդարացված է։ Եվ ո՞րն էր նպատակը… հայ հասարակությունն այն աստիճանի «եվրոպականացնել», որ ուսուցիչը իրավունք չունենա՞ նկատողություն անելու իր աշակերտին, որ զավակը ոստիկա՞ն կանչի իրեն ապտակած ծնողին պատժելու համար… որ վերջնականապես խա՞չ քաշենք մեր ազգային-մարդկային նկարագրի, մեր բարքերի ու բարոյական չափանիշների վրա։ Եվ ի՞նչն է ավելի անբարո ու հանցավոր` երկարամազ աշակերտի մազերից մեկ խոպոպ կտրե՞լը, թե՞ այդ ամենը թաքուն նկարելն ու տարածելը, ինչն այսօր դարձել է շատերի ամենասիրելի զբաղմունքը։
Որեւէ մեկի իրավունքների մասին խոսելիս, պետք է հիշել նաեւ նրա պարտականությունները։ Որեւէ մեկի իրավունքները սահմանելիս (սահմանափակելիս), պետք է հիշել նաեւ այն լծակների մասին, որոնք հնարավորություն կտան իրականացնելու օրենքով նախատեսված գործառույթներն ու պարտականությունները։
Եթե աշակերտը չի կատարում ուսուցչի պահանջը, չի հարգում նրան, եթե արդյունք չեն տալիս նաեւ ծնողի աջակցությանը դիմելու ջանքերը, ինչպե՞ս վարվել։ Մանավանդ՝ եթե աշակերտը տիրավոր է, վերեւներում հայր, քեռի կամ հորեղբայր ունի։ Ո՞վ կհամարձակվի դպրոցից հեռացնել նման աշակերտին։ Խեղճ ուսուցիչ։
Ամեն ազգ իր հոգեկերտվածքն ունի, իրեն բնորոշ բարոյական ըմբռնումները, արժեքներն ու մեծությունները։ Մենք մեծերի ու հեղինակությունների պաշտամունք ունեցող ազգ ենք (էինք), (մեր ավագ սերնդի ո՞ր ներկայացուցիչը կհամարձակվեր չկատարել ուսուցչի պահանջը, ո՞վ կհամարձակվեր ոչ թե 20, այլ` երկրորդ անգամ անտեսել նրա խոսքը), մենք գիտեինք՝ ում օրինակով դաստիարակել բարձրացող սերնդին, ում հավատալ անվերապահորեն եւ մեր ազգային հպարտությունը ինչ ակունքից սնել։ Սեփական բարոյալքումը «չտեսնելու» ամենալավ միջոցը չափանիշները ջնջելն է, հասարակության բարոյական հետընթացը խթանելու ամենալավ միջոցը հեղինակություններին տապալելն է։ Մենք կարողացանք նսեմացնել ամենաբարձր արժեքները, զրկել նրանց կշիռ ունենալու, գործոն լինելու պատեհությունից։ Մենք կարողացանք ստեղծել հասարակություն՝ առանց հեղինակություններ կամ (ինչը սպասելի էր) կեղծ ու անարժեք հեղինակություններով։
Մենք վերջնականապես հողին հավասարեցրինք «Ուսուցիչ» երեւույթը, հեղինակությունը, պատիվը, որը դարերից էր եկել ու մեր ազգային հարստություններից մեկն էր։ Տիրավորները հաղթեցին, ամբոխը հանգստացավ. ուսուցչուհին պատժվեց, նա ինքնակամ հեռացավ դպրոցից։ Բայց թերեւս քչերը հասկանան, որ կրկին ու կրկին մենք նշան բռնեցինք ինքներս մեզ վրա, որ կրկին ու կրկին մեր իսկ թիրախը դարձանք։ Քչերին մտահոգեց, թե այդ դեպքից հետո ի՞նչ կատարվեց հազարավոր ուսուցիչների հոգում, եւ ինչպե՞ս փոխվեց տասնյակ հազարավոր աշակերտների վերաբերմունքը Ուսուցչի հանդեպ։
Այսքանից հետո արժե՞ խոսել ռազմահայրենասիրական տոգորումների, բարոյական դաստիարակության ու վեհ գաղափարների մասին։ Արժե՞ արտաբերել «ազգային դպրոց» բառակապակցությունը կամ հիշել հայկական հոգեկերտվածքի մասին, երբ դպրոցում ազգային գաղափարների կրող ու սերմանող ուսուցչին հեղինակազրկելու միջոցների մեջ խտրություն չդնելով` պատրաստ ենք ձեռք բարձրացնել ցանկացած արժեքի վրա։
«Ինձ պաշտպանողներ էլ կան, իմ բարձր դասարանի աշակերտները, նախկին աշակերտներս, որոնք հիմա ուսանող են, աշխատանքային ընկերներս, աշակերտներիս ծնողները։ Բայց ես այնքան էի վիրավորված լրագրողների ու ամբոխի վերաբերմունքից, որ չդիմացա ու ազատվելու դիմում գրեցի»։
Փառք Աստծո, որ «պաշտպանողներ» կան։ Ուրեմն` ամեն ինչ կորած չէ։ Ուրեմն` դեռ հնարավորություն ունենք սթափվելու, հասկանալու, որ այս փոքրիկ երկիրը մեր Տունն է, այս փոքրիկ հասարակությունը մեր Ընտանիքն է, որ այն, ինչ մեր Տան մեջ է կատարվում, ուղղակիորեն վերաբերում է մեզ, որ մեր հայրենակցի ցավը մեր ցավն է, որ մեր նետած գնդակը բումերանգի պես մեզ է խփելու։ Ուրեմն՝ դեռ հնարավորություն ունենք միանալու ոչ թե վնասողների, այլ պաշտպանողների բանակին։ Ուրեմն՝ ակունքից բխող երակը, մեզ հայ պահող երակը դեռ չի կտրվել, ու մեր բարոյական հոգեվարքը կարող է ավարտվել վերակենդանությամբ՝ դարձով դեպի ակունք, դեպի ազգայինը՝ դեպի ազնվությունը, գթաստությունը, բարին, վեհը։ Դեպի մեր քրիստոնեական կերպն ու նկարագիրը։
Հ.Գ. -Երբ հոդվածը պատրաստվում էր տպագրության, իմացանք, որ ուսուցչուհի Գայանե Թանգյանը ղեկավարության հորդորով վերադարձել է դպրոց եւ շարունակում է դասավանդել Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցում։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #43 (908) 3.11.2011 – 9.11.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում