ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Զրույց ՀՀ զինվորական դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ
-Պարո՛ն դատախազ, երբ Դուք նոր էիք նշանակվել զինվորական դատախազ, մարդիկ Ձեզ հետ մեծ հույսեր էին կապում։ Դուք մինչ այդ դասավանդել էիք բուհական համակարգում եւ ուսանողության շրջանում հայտնի եք Ձեր սկզբունքայնությամբ ու անաչառությամբ։ Հիմա Ձեր հասցեին հնչում են մեղադրանքներ, Դուք դարձել եք քննադատության թիրախ։
-Այն քրեական գործերը, որոնց քննության վերաբերյալ անվստահություն կա, հարուցվել են նախքան իմ պաշտոնավարումը (Տիգրան Օհանջանյանի, Արտակ Նազարյանի, Վալերի Մուրադյանի եւ էլի մի քանիսի)։ Օրինակ՝ Վալերի Մուրադյանի ինքնասպանության վերաբերյալ գործը կասեցված էր մինչեւ իմ զինդատախազ նշանակվելը. իմ նախաձեռնությամբ գործի քննությունը վերսկսվեց, քննության ընթացքում բացահայտեցինք եւ որպես մեղադրյալ կալանավորեցինք մեկ զինծառայողի։ Վերջինս ազատ արձակվեց համաներման ակտով։ Գործի քննությունը այժմ շարունակվում է։ Արտակ Նազարյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։ Այս գործով ի հայտ է եկել եւս մեկ մեղադրյալ՝ սպա, եւ ներգրավվել է գործում։ Իսկ Տիգրան Օհանջանյանի գործով մինչեւ իմ դատախազ նշանակվելը կար դատարանի արդարացման դատավճիռ։
-Տիգրան Օհանջանյանի ծնողները պնդում են, որ քննչական փորձարարության արձանագրությունը կեղծված է։
-Փորձարարության արձանագրությունը չի կարող կեղծվել այն պարզ պատճառով, որ փորձարարությունը տեսաձայնագրվում եւ լուսանկարահանվում է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է որեւէ բան կեղծել։ Խնդիրն այն է, որ փորձարարությունը ու գործի քննությունը չեն հիմնավորել տուժողի իրավահաջորդների վարկածը, ինչը հանգեցրել է մտացածին, սուտ մեղադրանքների։ Անկեղծ ասած, նմանատիպ մեղադրանքները ինձ չեն անհանգստացնում։
-Ինչո՞վ են պայմանավորված Աղասի Աբրահամյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննության հետ կապված դժգոհությունները։
-Չգիտեմ, իսկապես չգիտեմ, որովհետեւ այդ գործով մենք ունենք կալանավորված 4 անձ (երեքը՝ սպա, մեկը՝ շարքային)։ Գործի քննությունը շարունակվում է։ Դեպքի հաջորդ օրը ես եւ ՊՆ քննչական ծառայության պետը մեկնեցինք Ղարաբաղ ու մնացինք այնտեղ մինչեւ հանցագործության բացահայտումը։ Մենք հրավիրեցինք նաեւ Աղասի Աբրահամյանի ծնողներին (հայրն ու հորեղբայրն էին եկել), նրանց ծանոթացրինք բոլոր նյութերին ու տեսագրություններին։ Եվ ծնողները մինչ օրս որեւէ առարկություն չեն ներկայացրել։ Քննությունը շարունակվում է, ամեն պահ կարող են ի հայտ գալ նոր հանգամանքներ։
-Պարո՛ն դատախազ, Ձեր` պաշտոնավարելուց առաջ հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությանը չե՞ն խանգարում նախկինում կատարված քննչական գործողությունների թերությունները։ Չկա՞ն այլեւս անվերականգնելի բացթողումներ։
-Հարցը շատ հետաքրքիր է եւ տեղին։ Անդրադառնամ Օհանջանյանի գործին, որը ինձ ամենից շատ է մտահոգում ոչ արդյունավետ քննության պատճառով։ Երբ անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել դեպքի վայրի պահպանության եւ այնտեղ առկա իրերի անձեռնմխելիության համար, քննիչը որեւէ միջոց չի ձեռնարկել դեպքի վայրի պահպանության ուղղությամբ։ Ավելին՝ էլեկտրահարման փաստի առկայությամբ՝ լարի վրայից չի վերցրել քսուք եւ չի նշանակել փորձաքննություն, ինչը մեզ համար լուրջ խնդիրներ ստեղծեց, իսկ տուժողի իրավահաջորդների մոտ առաջացրեց բազմաթիվ անպատասխան հարցեր։ Քննիչը ազատված է աշխատանքից։
-Օհանջանյանի հարազատները պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել քննիչին։
-Ես առաջարկել եմ տուժողի իրավահաջորդներին եւ իրավաբանին բերել հիմնավոր փաստարկներ՝ քրեական գործ հարուցելու համար։ Անկասկած, եղել են թերություններ, անդառնալի թերություններ (հետագայում անհնար էր համահունչ վերարտադրություն ապահովել)։ Անկեղծորեն ասեմ, քննիչին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չեմ տեսնում։ Եթե որեւէ մեկը կներկայացնի այդ հիմքերը, ինքս պատրաստ եմ քրեական գործ հարուցելու։
-Պարոն դատախազ, կա մտավախություն, որ ինչ-ինչ հանգամանքներ՝ ճնշում, հովանավորչություն, կարող են անդրադառնալ մահվան ելքով դեպքերի (սպանություն, ինքնասպանության հասցնել) քրեական գործերի քննության անաչառության վրա։
-Չկա այնպիսի քրեական գործ, այնպիսի անձ, որը ինչ-որ չափով կաշկանդի ինձ։ Սա՝ միանշանակ։
-Իսկ կոծկո՞ւմ՝ բանակի կամ ինչ-որ մեկի վարկանիշը «փրկելու» համար։
-Կոծկումը բացառվում է։ Հնարավոր է՝ որոշ տեղեկություններ չհրապարակենք՝ ելնելով քննության շահերից։ Իսկ քրեական պատասխանատվության ենթակա ոչ մի անձ չի կարող խուսափել պատժից։ Չկա այնպիսի անձ, որի վարկանիշը (կամ բանակի վարկանիշը) քրեական հանցագործությունը կոծկելու պատճառ դառնա։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ես նման բան չեմ անի, այլ այն՝ որ դա անհնար է։
-Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք. «Ծնողին դժվար է համոզել, որ իր որդին ինքնասպան է եղել»։ Եթե ունեք հիմնավոր փաստեր…
-Բերեմ Արտակ Նազարյանի ինքնասպանության օրինակը։ Ես հրավիրեցի լրագրողներին, փաստաբաններին, տուժողի իրավահաջորդներին, քննիչին եւ դատախազին։ Մենք ոչ միայն հիմնավորեցինք ինքնասպանության վարկածը, այլ լիովին հերքեցինք սպանության վարկածը։
-Բայց չհամոզեցիք ծնողներին։
-Ես բարոյական առումով հազիվ թե համոզեմ ծնողին, որ իր որդին ինքնասպան է եղել, բայց քանիցս կրկնել եմ՝ ավարտին հասցված յուրաքանչյուր գործով պատրաստ եմ ցանկացած իրավաբանի հետ, ցանկացած ձեւաչափով քննարկել խնդիրը, պատրաստ եմ ոչ միայն հիմնավորել հանցանքը, այլեւ հերքել մյուս բոլոր վարկածները, որովհետեւ նախաքննությունը չի տարվում մի ուղղությամբ, եւ մի վարկածը հիմնավորելով՝ բացառում ենք մյուս բոլոր վարկածները։
Եղել է դեպք, երբ զինվորը ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ իր ինքնասպանության համար մեղադրելով ծնողներին։ Բայց ծնողները այսքան ցցուն փաստից հետո անգամ չեն համակերպվել իրականության հետ եւ առաջ են քաշել սպանության՝ ոչնչով չհիմնավորված վարկածը։
-Պարո՛ն դատախազ, Դուք միանշանակ տիրապետո՞ւմ եք իրավիճակին, վստա՞հ եք, որ զինվորական դատախազության բոլոր օղակներում պահպանվում է անաչառության սկզբունքը։ Դուք գո՞հ եք Ձեր ղեկավարած համակարգի, անձնակազմի արհեստավարժությունից եւ, այսպես ասած, անկաշառությունից։
-Նախ՝ բոլոր քրեական գործերը քննարկվում են ինձ հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ վերացրել եմ դատախազի որոշումը, համապատասխան ցուցումներ եմ տվել։ Օրեր առաջ տեղեկացրինք, որ քրեական գործեր են հարուցվել զինվորական դատախազության մի քանի դատախազի նկատմամբ, համապատասխան նյութերը անձամբ ես եմ ուղարկել հատուկ քննչական ծառայություն։ Երբ օբյեկտիվության խախտում նկատեցի, անմիջապես միջոցներ ձեռնարկեցի զինդատախազներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Նույնը պատրաստ եմ անել յուրաքանչյուր դատախազի, քննիչի, ոստիկանի նկատմամբ, որոնք անօրինականություն կկատարեն։
-Ես վերջին տարիներին հարցազրույցների ժամանակ խուսափում եմ իրավապահներին հարց տալ կաշառակերության հոդվածով հարուցվող քրեական գործերի մասին, որովհետեւ անգիր գիտեմ, թե նրանք ինչ են պատասխանելու՝ կաշառակերությունը լատենտ հանցագործություն է, չկա տուժող, չկա բողոքող, դժվար է հիմնավորել եւ այլն։ Օրերս կաշառակերության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց եւ ձերբակալվեց Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետը։
-Կաշառակերության եւ պաշտոնական դիրքը չարաշահելու միջեւ որոշակի տարբերություն կա։ Թիվ 375 հոդվածը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որը դրսեւորվել է իշխանազանցությամբ, անգործությամբ կամ լիազորությունների սահմանները անցնելով՝ շահադիտական կամ այլ նպատակով։ Այսինքն՝ կա կաշառակերություն հասարակական ընկալման տեսանկյունից, պաշտոնական դիրքի չարաշահում՝ իրավական տեսանկյունից։ Մենք ունենք 375 հոդվածով հարուցված տասնյակ գործեր։
-Կաշառակերության հոդվա՞ծն է ավելի ծանր, թե՞ պաշտոնական դիրքի չարաշահումը։
-Ինքներդ դատեք, թիվ 311 հոդվածի (կաշառք տալ) I մասը անգամ տուգանք պատժատեսակ ունի եւ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, իսկ 375 հոդվածի I մասով նախատեսվում է ազատազրկում 2-5 տարի ժամկետով։ Ակնհայտ է, որ երկրորդն ավելի խիստ հոդված է։ Իմ պաշտոնավարման ընթացքում 375 հոդվածով քրեական գործ ենք հարուցել բարձրաստիճան զինվորականի նկատմամբ։ Որպես պատերազմի մասնակից՝ նշյալ անձը համաներման ակտով ազատվեց քրեական պատասխանատվությունից։ Իհարկե, նա զորացրվեց բանակից։
-Որո՞նք են կաշառակերութան դեմ պայքարի հիմնական միջոցները։
-Երկուսն են՝ սոցիալական բարելավում, պատժիչ քաղաքականություն։ Կարեւոր է նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, այսինքն՝ այնպիսի պայմանների ստեղծումը, որը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը։ Հավելեմ, ովքեր կմտադրվեն կաշառք վերցնել, պիտի հիշեն, որ իրենց դուռը մի օր անպայման թակելու ենք։
-Դուք ունե՞ք համապատասխան անձնակազմ՝ մասնագիտական եւ բարոյական որակներով օժտված, ովքեր կարող են իրականացնել Ձեր սկզբունքներն ու ծրագրերը։ Ի դեպ, կադրային փոփոխություններ արե՞լ եք կառույցի ղեկավարումը ստանձնելուց հետո։
-Կադրային փոփոխություններ չեմ արել։ Ես կոչված եմ վերացնելու իմ ղեկավարած անձնակազմի թերությունները եւ վրիպումները, ինչը փորձել եմ անել այս ընթացքում։ Ես վստահում եմ անձնակազմին եւ միաժամանակ հսկում եմ։ Հանցավոր վարքագիծ նկատելու դեպքում անմիջապես արձագանքում եմ։ Ես դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հեռացնելու լիազորություն չունեմ, ուստի միջնորդել եմ ՀՀ գլխավոր դատախազին մի շարք զինդատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ընդ որում՝ համակարգից հեռացնելու համար, մի քանիսի վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդումներ եմ ուղարկել։ Պետք է աշխատել ազնիվ, արհեստավարժ եւ օրինական։ Այս կանոնից շեղումն արժանանալու է համապատասխան պատժի ու պատասխանատվության։ Ասածս վերաբերում է ինչպես դատախազներին, այնպես էլ քննիչներին ու ոստիկաններին։
-Ձեր կարծիքով, կա՞ն մահվան ելքով դեպքեր, որոնք կարելի էր կանխել, եթե իրավասու համապատասխան անձինք իրենց տեղում լինեին եւ իրենց պարտականությունները կատարեին բարեխղճորեն։
-Բոլոր այն հանցագործությունները, որոնց հիմքում եղել է կանոնադրային հարաբերությունների տեւական խախտում, կարելի էր կանխել։
-Այսինքն՝ քրեաիրավական գնահատականի արժանի գործողություններից բացի, կատարված հանցագործություններին նպաստում են կամ հանցագործության պատճառ են դառնում նաեւ հանցակազմ չպարունակող գործողությունները։
-Դրանք կարգապահական բնույթի օրինախախտումներ են եւ նույնպես պատժվում են։ Օրինակ՝ ավտովթարի հայտնի դեպքով պաշտոնից ազատվեց զորամասի հրամանատարը, խիստ նկատողություն ստացան մի շարք գեներալներ։
-Զարմանալի է, որ ավտովթարի կապակցությամբ զորամասի հրամանատարն ազատվում է պաշտոնից, իսկ սպանության՝ ոչ։
-Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության առանց համապատասխան հիմքերի։ Ե՛վ քրեական, ե՛ւ կարգապահական պատասխանատվության ժամանակ մեղքը պետք է հիմնավորել։
-Ես կարծում եմ՝ եթե զորամասում զինվոր է սպանվել, հրամանատարն արդեն մեղավոր է։
-Չէ, Դուք ծայրահեղ բան եք ասում։ Բանակը ստորադասվածության վրա հիմնված համակարգ է, յուրաքանչյուրն ունի լիազորությունների եւ պատասխանատվության իր շրջանակը։ Ասենք՝ եթե մարտական հենակետում երկու զինվորի միջեւ բռնկված վեճը րոպեների ընթացքում ավարտվել է ողբերգությամբ, ի՞նչ անենք՝ դատե՞նք գնդի հրամանատարին, ազատե՞նք պաշտոնից։ Ո՞ր հանցանքի կամ զանցանքի համար։
-Պարոն դատախազ, հանցագործներին շտապ գտնելու եւ պատժելու հասարակական պահանջը եւ ճնշումը կարո՞ղ են բացասաբար ազդել քրեական գործերի քննության վրա, առաջացնել շտապողականություն, դառնալ թերի քննության կամ քրեական գործում ավելի շատ անձանց ներգրավելու պատճառ։ Մեղադրյալների ծնողները երբեմն նման կարծիք են հնչեցնում։ Անմեղին պատժելը, թերեւս, ավելի ծանր հանցանք է, քան մեղավորին չպատժելը։
-Միանշանակ կարող եմ ասել՝ ծնողների եւ տուժողների իրավահաջորդների անհիմն մեղադրանքները, բարոյական ճնշումը չեն կարող ազդել եւ չեն ազդում քրեական գործերի քննության օբյեկտիվության վրա։ Դրանք ընդամենը ստեղծում են ավելորդ լարվածություն։ Որքան էլ շատ մարդկանց ձերբակալելու կամ խիստ պատժելու հասարակական պահանջ հասունանա, այն չի կարող ազդել մեզ վրա, քանի որ մեր խնդիրը ոչ միայն բոլոր մեղավորներին պատժելն է, այլեւ որեւէ անմեղի չպատժելը։ Անկախ հրապարակային աղմուկի աստիճանից, քննությունը շարունակվում է իր հունով եւ առանց խուճապի։
-Ինչպիսի՞ իրավախախտումներ են հայտնաբերվել բանակում դատախազական ստուգումներով։
-Այդ առումով մենք ունենք երկու գործառույթ. պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու եւ հետաքննության ու նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու։ Այս շրջանակում դատախազությունը հսկողություն է իրականացնում զորամասերի հրամանատարների կողմից դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու եւ հետաքննություն իրականացնելու լիազորության կատարման վրա։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ դատախազական հսկողության արդյունքում պատասխանատվության ենք ենթարկել զորամասի հրամանատարների՝ նշված գործառույթները ոչ պատշաճ կատարելու համար։ Պետական շահերի պաշտպանության մասով՝ ստուգող եւ վերստուգող մարմիններից համապատասխան նյութեր ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում հանձնարարել ենք կրկնակի ստուգում։ Հայտնաբերված չարաշահումները, բնականաբար, արժանացել են համապատասխան իրավական գնահատականի։
-Որքա՞ն գումար է վերադարձվել պետական բյուջե։
-Գումարի չափը կհայտարարենք տարեվերջյան ամփոփումների ժամանակ, կասենք նաեւ, թե որ բարձրաստիճան պաշտոնյաներն են ներգավվել չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերում։
-Պարոն դատախազ, երբեւէ կարո՞ղ է զինդատախազության գործունեությունը դառնալ այնքան անխոցելի, որ ոչ մի շինծու աղմուկ կամ նպատակադրված վարկաբեկում չկարողանան փոխել հասարակության վերաբերմունքը զինվորական իրավապահների նկատմամբ։
-Իրավապահ համակարգի գործունեության արդյունավետությունը առաջին հերթին պայմանավորված է ոչ միայն հանցագործությունների քանակի նվազմամբ, այլեւ այդ նույն մարմինների՝ հանցագործությունները բացահայտելու եւ պատժելու ունակությամբ։ Մենք ունենք որոշակի արդյունք. 2011-ին բանակում հանցագործությունները նվազել են, չբացահայտված հանցագործություններ չկան։ Իրավապահ համակարգի աշխատանքը պետք է գնահատել նշյալ չափորոշիչներով, ոչ թե տուժողների իրավահաջորդների կարծիքով կամ գնահատականով։ Իմ խորին համոզմամբ, զինվորական իրավապահ մարմիններին չի վստահում մարդկանց փոքր խումբ, ոչ թե հասարակությունը առհասարակ։ Վերջում ուզում ենք ավելացնել, որ բանակի ու զինվորի համար մենք անհանգստանում ենք ոչ պակաս, քան Հայաստանի ցանկացած քաղաքացի։ Իսկ առողջ, կառուցողական քննադատությունը դրական գործոն է եւ անհրաժեշտ, այն էապես տարբերվում է մերկապարանոց զրպարտանքներից ու ինքնանպատակ քննադատությունից։
-Շնորհակալություն, պարո՛ն դատախազ, հուսանք, որ մեր հաջորդ զրույցն ավելի կարճ ու «թեթեւ» կլինի, որովհետեւ հասարակությունը, բանակը, զինվորական եւ իրավապահ մարմինները համատեղ ջանքերով կկարողանան հաղթահարել առկա խնդիրների զգալի մասը։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր