Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ



ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸՊատերազմն իր համակ բովանդակությամբ դաջվել մնացել է, կյանքի ու մահվան կռիվը տեսած աչքերում, ջահել դեմքի վրա ակոսներ բացել, դարձել կնճիռ, դարձել հավերժ ուղեկցող թախիծ, երբեմն նույնիսկ ժպտացող թախիծ: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի ֆոտոարխիվն ենք թերթում, զարմանալի թվա գուցե, բայց ամենացավոտ ու ամենադառը դրվագներն անգամ ժպիտ են գծում լուսանկարչի դեմքին: Որքան էլ դառն էր, բայց կյանք էր, ինչպես որ էր,  ապրել էր պետք, ու այդ դժվարին օրերի ապրածն այնքան քաղցր է հիմա, այնքան լիքն ու բուռն են հույզերը, որ բառերով հնարավոր չէ նկարագրել, ասում է՝ լուսանկարներն ամեն ինչ պատմում են, երբեմն նույնիսկ ավելին, քան պետք է:

-Մարդու դեմքը նկարելը շատ դժվար բան է թե՛ լուսանկարիչների, թե՛ գեղանկարիչների համար, որովհետև դիմանկարը արտահայտում է մարդու տվյալ պահի վիճակը, տրամադրությունը՝ ուրախ կամ տխուր… Եթե կարողանում ես այդ ակնթարթը որսալ, ուրեմն հաջողել ես,- ասում է Հակոբ Պողոսյանը:

Էդիլու, Հադրութ, Մարտունի, Եղնիկներ, Խոջալու… Լուսանկարիչ, հեռուստաօպերատոր Հակոբ Պողոսյանը վավերագրել է Արցախյան պատերազմի ամբողջ ճանապարհը, երկու անգամ վիրավորվել մարտի դաշտում:

-Առաջին անգամ վիրավորվեցի 1993թ. ապրիլի 27-ին, իսկ երկրորդ անգամ սեպտեմբերի 2-ին՝ Կուբաթլիի ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ երկրորդ անգամ կոնտուզիա ստացա,- հիշում է ազատամարտիկ լուսանկարիչը:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸԻր հարուստ պատերազմական ֆոտոարխիվից դժվարանում է լուսանկարներ առանձնացնել: Ասում է՝ իր համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր կադրը, որովհետև լուսանկարելու պահն էր թանկ. ֆոտոխցիկի կոճակը սեղմելուց հետո, հաջորդ պահին գուցե այլևս չապրեր:

-Ինձ համար շատ դժվար է որևէ լուսանկար առանձնացնելը, որովհետև ես ապրել եմ այդ տղաների հետ:

Առաջին զոհերը երբ ես տեսա՝ մայիսի 27-ին, Էրեբունիում, նրանց մեջ էր նաև «Տիգրան Մեծի» փոքր Ջոնը, որ հեռուստատեսությունում վարորդ էր աշխատում: Հաջորդ օրը, երբ իմացա, որ Ջոնը մահացել է, գնացի երրորդ մասիվ, մասնակցեցի հուղարկավորությանը, որը նկարում էր օպերատոր Վանիկ Ավագյանը: Այդ  օրվանից որոշեցի կռվող տղաների դիմանկարներ անել:

Ասում է՝ գիտե՞ք՝ որքան կարևոր է ազատամարտիկի համար մի լավ դիմանկար ունենալն ու…միտքն ընդհատվում է, հույզերը տեղի են տալիս: Մի դիպվածի բերումով որոշեց՝ տղաների դիմանկարների շարք է պատրաստելու, ու այդպես մեկ առ մեկ տեսաժապավենի վրա հավաքեց պատերազմի դեմքը…

Մոտ 15-20 տեսասկավառակ՝ 50-60 ժամ տեւողությամբ, եւ մոտ 10 տեսասկավառակ էլ, որ դուրս է տարվել: Բավականին արխիվ կա նաեւ Սփյուռքում, որը պետք է հավաքագրել: Լուսանկարիչն անկեղծանում է. դա վաղուց իր  անձնական արխիվը չէ, այլ ժողովրդինը:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸԱյնքան պատկերավոր ու թարմ են լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի պատերազմական տարիների հուշերը, որ ակամա մտովի ինքդ էլ նրա կռվի մի մասնիկն ես դառնում: Ասում է՝ իր կռիվն ուրիշ էր: Ինքը պատերազմն օբյեկտիվի միջով է տեսել: Ֆոտոխցիկը մի հատկություն ունի. այն օգնում է իրականության միջով մեկ այլ իրականություն տեսնել, հաճախ տեսնել ավելին, քան կարող են տեսնել ամենաիրական մարդիկ: Ամբողջ պատերազմի ընթացքում ամենատպավորիչը Շուշիի ազատագրումն էր, ու այդ օրերի լուսանկարներն էլ առավել տպավորիչ են, դրվագներն առավել հիշարժան:

Հակոբ Պողոսյանի լուսանկարներում սովորական մարդիկ են իրենց ոչ այնքան սովորական ճակատագրերով, և պատերազմն է՝ ոչ այնքան սովորական սցենարով: Ըստ լուսանկարիչ-օպերատորի՝ պատերազմական լուսանկարները նաև նրա համար են, որ հաճախ նայենք դրանցում հավերժացած կռվող տղաների աչքերին, նայենք ու երբեք չմոռանանք ամենակարևորի մասին…

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #24 (1344) 17.06.2020 - 23.06.2020, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/06/2020