Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀՐԻ ՄԱՏՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԸ



Իրանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իսրայելին կհարվածեն ոչ միայն իրենք, այլև անմիջականորեն սահմանակից Լիբանանում, Սիրիայում ու Գազայի հատվածում գտնվող «Հըզբոլլահ» խմբավորման գրոհայինները, և Իսրայելը կոչնչանա ցասման հրից:

Այսպիսով, Թեհրանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելի հետ պատերազմի դեպքում անվերապահորեն կունենա նաև իր կողմից ֆինանսավորվող բոլոր զինված կազմակերպությունների աջակցությունը:

Իսկ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ, դիմելով խնդրի լուծման ուժային ճանապարհին, Իսրայելը համարժեք պատասխան կստանա. «Մենք լրիվ պատրաստ ենք վճռականորեն պատասխանելու մեր թշնամիների այդօրինակ հիմար քայլերին»:

Իսկ պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՌԴ նախագահ Դմիդրի Մեդվեդևը Իսրայելին ու Արևմուտքին կոչ է արել զերծ մնալ պատերազմական հռետորաբանությունից, քանի որ կրքերի հետագա շիկացումը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել ամենաիսկական աղետի:

Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարությունն իր մտահոգությունն ու տարակոսանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ սպասվելիք զեկույցի մանրամասների վերաբերյալ արտահոսքի միջոցով ՄԱԳԱՏԵ-ն վերածվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածությունն առավել շիկացնող գործիքի, և ընդ որում՝ այն պահին, երբ ի հայտ են եկել միջնորդ «վեցյակի» և Թեհրանի միջև երկխոսության վերսկսման հնարավորություններ:

Տեղեկացնելով, որ Մոսկվան դեռ չի ստացել ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի տեքստը, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է հանգիստ իրավիճակ՝ մանրամասն ուսումնասիրելու զեկույցն ու հասկանալու համար` արդյո՞ք ի հայտ են եկել Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումն ապացուցող փաստեր, թե՞ այս ամենն իրականում նպատակ ունի քաղաքական դրդապատճառներով էլ ավելի շիկացնել իրավիճակը:

Միաժամանակ, ըստ «Jerusalem Post»-ի տեղեկությունների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցի կազզման գործում ՄԱԳԱՏԵ-ին գործուն աջակցություն են ցուցաբերել ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


10/11/2011