Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԹԱԴԵՎՈՍ ԱՐՇԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1905թ. մայիսի 1-ին Բոլանուխ գյուղում (Կարսի մարզ, Արեւելյան Հայաստան, այժմ՝ Թուրքիա):

Թադեւոս Արշակի Եղիազարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի փոխգնդապետ:

1918թ. նրա ծնողները լքել են թուրքերի ավերած գյուղը, եւ Թադեւոսը հայտնվել է Ալեքսանդրապոլի (Լենինական, Գյումրի) մանկատանը, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:

1924թ. նոյեմբերին հաշվառվել է Կարմիր բանակի շարքերում:

1927-1931թթ. ուսումնառել է Թբիլիսիի ռազմական դպրոցում:

Ավարտելով Անդրկովկասյան հետեւակային դպրոցը՝ ծառայությունը շարունակել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում՝ որպես վաշտի հրամանատար:

Թադեւոս Եղիազարյանը գործուն մասնակցություն է ունեցել Խարկովի ու Բելգորոդի համար մղված դաժան մարտերում: Բելգորոդում ծանր վիրավորվել է:

…1942թ. ամռանը 76-րդ հայկական հրաձգային դիվիզիան ֆաշիստական զորքերի դեմ ծանր մարտեր էր մղում Հարավային ռազմաճակատում: Օգտագործելով իրենց ժամանակավոր ուժային առավելությունը՝ հիտլերականները շարժվում էին դեպի Ստալինգրադ եւ Կովկաս: Նաեւ այդտեղի մարտերի գործուն մասնակից է եղել գնդի հրամանատար Թադեւոս Եղիազարյանը:

1943թ. ավարտել է Մ.Վ.Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան եւ որպես հրամանատար մեկնել է ռազմաճակատ:

1943թ. երկրորդ կեսին Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի կազմում գունդը նրա գլխավորությամբ մասնակցել է Դոնբասի եւ Ձախափնյա Ուկրաինայի հարավային շրջանների ազատագրմանը:

Եղիազարյանի հմուտ հրամանատարությամբ գործող գունդը առաջիններից էր, որ ֆաշիստներին վտարելով՝ անցել է Խորհրդային Միության սահմանից անդին: Ուկրաինական 2-րդ ռազմաճակատի զորքերը դաժան կռիվներով մոտեցել են Տիսա գետին  եւ ապա հաղթահարել ջրախոչընդոտը: Գետափնյա մարտում խփվել են թշնամու 2 տանկ, սպանվել 40 հիտլերականներ:

1944թ. հոկտեմբերի 26-ին փոխգնդապետ Թադեւոս Արշակի Եղիազարյանը հերոսաբար զոհվել է իր մարտական դիրքում՝ Հունգարիայի ազատագրման մարտերից մեկում:

1945թ. մարտի 24-ին գվարդիայի փոխգնդապետ Թադեւոս Արշակի Եղիազարյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):

Պարգեւատրվել է նաեւ Կարմիր աստղի, Կարմիր դրոշի (1944թ.) եւ Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:

 

Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Պատմության էջերից


25/06/2020