ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑԸ
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ մենք նորից հիշում ենք նրանց, ովքեր մարտական փառավոր ուղի անցան եւ հերոսաբար մասնակցեցին պատերազմի բոլոր ճակատներում։ Թվում է, թե ամեն ինչ ասված է, ամեն ինչ հայտնի ու պարզ, սակայն դեռ շատ կան չբացահայտված անուններ, մոռացված դեմքեր, որոնց մասին պետք է գրել ու մեկնաբանել եւ այն հասցնել այսօրվա ապրողներին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմի արհավիրքներից, սակայն հայ ժողովուրդը թե՛ Խորհրդային Միությունում եւ թե՛ Սփյուռքում իր մեծ մասնակցությունը բերեց գերմանական ֆաշիզմի եւ ճապոնական միլիտարիզմի դեմ մղված արդարացի պատերազմին։ Առաջադեմ մարդկության կողքին, հայրենիքին դժվարին պահին օգնելու պատրաստականությամբ, ֆաշիզմի դեմ պայքարեց նաեւ սփյուռքահայությունը, որը միավորվեց Ազգային ճակատներում եւ ստեղծեց իր կազմակերպությունները, որոնցից էին՝ Ամերիկահայ ազգային խորհուրդը, «Հայերի ազգային ճակատը» (Ֆրանսիա), Սիրիայի եւ Լիբանանի հայ ազգային խորհուրդները եւ այլն։ Սակայն մեզ քիչ բան է հայտնի Իսպանիայում ստեղծված հակաֆաշիստական ժողովրդական ճակատի մասին, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան նաեւ հայերը։ Եվ այդ քչին այսօր ավելանում է մեկ անուն եւս, որը ճակատագրի բերումով այդ տարիներին Իսպանիայում էր եւ իր լուման ներդրեց ֆրանկոյական խռովարարների ջախջախման գործին:
Հայկազուն Սարգսի Խաչատուրյանը ծնվել է 1916թ. գաղթի ճանապարհին։ Ծնողներին կորցրել է Մեծ եղեռնի տարիներին։ Զինադադարի ժամանակ մի որբահավաք գտնում է որբին եւ հանձնում Ադանայի որբանոց։ Քեմալական շարժման սաստկացումով բոլոր հայ որբերի հետ Հայկազունին էլ փոխադրում են Լիբանան՝ Քելեկյան որբանոցը (Բեյրութ)։ Այստեղ նրան գտնում է իր մեծ եղբայրը, որից էլ նա տեղեկանում է իր ծնողների ով լինելու մասին։
Դեռ պատանի հասակում նա աշխատում էր զանազան արհեստանոցներում` օրվա հացը վաստակելու համար, սակայն, երբ դա էլ է դառնում անհնար, սկսում է աշխատել տարբեր փոխադրանավերի վրա` իբրեւ հնոցապանի օգնական։ Ինքն իր կյանքի ծանր օրերը այսպես է նկարագրում. «Օրական 18 ժամ հնոցին առջեւ էի եւ բահով ածուխ կը նետեի հնոցին մեջ»։ 1936-39թթ. նավաստի էր հունական առեւտրական նավի վրա՝ Միջերկրական ծովում։ Նրա գլխավոր երթուղիներն էին` Օդեսա, Կոստանցա, Բարսելոն (Իսպանիա)։ Այդ շրջանում իտալա֊գերմանական ինտերվենցիան էր Իսպանիայում։ Իսպանական հանրապետությունը բավականաչափ ուժեր ուներ ֆաշիստական խռովարարներին ջախջախելու համար։ Բայց նրան օգնության հասան Գերմանիան եւ Իտալիան, որոնք սերտ կապեր էին պահպանում Ֆրանկոյի հետ եւ օգնում նրան խռովության կազմակերպման գործում։ Հիտլերը եւ Մուսոլինին մատակարարում էին ոչ միայն զենք, այլեւ զինված ուժեր։ Պիրենեյան թերակղզին Գերմանիան եւ Իտալիան դիտում էին նաեւ որպես շահավետ ռազմաստրատեգիական պատվար, արեւմտյան գժտությունների դեմ պատերազմի համար։ Այդ շրջանում Իսպանիայում ստեղծվեցին միջազգային հակաֆաշիստական ջոկատներ, որին էլ անդամագրվեց Հայկազուն Խաչատուրյանը եւ 1938թ. հուլիսի 10-ին ստացավ Բարսելոնի հանրապետական իշխանության կողմից վկայական` դառնալով հակաֆաշիստական ինտերնացիոնալ համագործակցության անդամ: Այդ շրջանում Խորհրդային Միությունը միակ պետությունն էր, որը հետեւողականորեն պաշտպանում էր հանրապետական Իսպանիայի օրինական իրավունքներն ու շահերը եւ համառորեն պայքարում ռազմական ինտերվենցիայի դադարեցման համար։ Ճիշտ է, Խորհրդային Միությունը միացել էր Իսպանիայի գործերին չմիջամտելու համաձայնագրին, սակայն չմիջամտելու գծով Լոնդոնյան կոմիտեն անընդունակ եղավ հակազդելու համաձայնագրի բազմաթիվ խախտումներին։ Այդ ժամանակվանից ԽՍՀՄ-ն սկսեց հանդես գալ արտասահմանից զենք գնելու հարցում իսպանական օրինական կառավարությանը ազատություն տալու օգտին։ Խորհրդային Միությունը հանրապետական Իսպանիային զենք էր մատակարարում եւ տվեց 85 մլն դոլարի վարկ։ Հայկազուն Խաչատուրյանը կամավոր գնաց աշխատելու Օդեսայից Բարսելոն մեկնող նավի վրա, որով Իսպանիա էին տեղափոխում զենք եւ զինամթերք։ Նա հուզմունքով էր հիշում այդ օրերը։ Աշխատում էին օր ու գիշեր, նավաստիները հանգիստ չունեին, եւ մի վերջին անգամ 1939թ. մարտին, երբ բեռնաթափում էին Բարսելոնի նավահանգստում զինամթերքով բեռնված նավերը, ենթարկվում են օդային ռմբակոծման։ Մի կերպ նրան հաջողվում է կացնի հարվածներով կտրատել նավի պարանները եւ փախչել։ Հայկազունն ապաստան է գտնում Մարսելում, որտեղ նա նախապես անդամագրվել էր նավերի սինդիկատային ընկերությունում եւ ստացել համապատասխան փաստաթուղթ։ Սակայն այստեղ էլ Խաչատուրը հանգիստ չէր կարող աշխատել, քանի որ պատերազմ էր, իսկ նա ուներ վեհ առաքելություն՝ թեկուզ հեռվից օգտակար լինել իր հայրենիքին։ Նա իր նավով հասել է մինչեւ Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, մասնակցել այստեղ ծավալվող մարտերին, կորցրել է իր երկու ոտքերը եւ անդամահատվել։
1946-47թթ. երբ սկսվում է հայրենադարձությունը, Հայկազունը ներկայանում է Լիբանանի ներգաղթի կոմիտե՝ հայրենիք վերադառնալու փափագով։ Սակայն հաշվի առնելով նրա ամուրի լինելը եւ նավաստու փորձառությունը՝ Հայկազունին նշանակում են փոխադրական հանձնախմբի անդամ։ Ներգաղթի ծանր օրերին նա օր ու գիշեր տարված էր հայրենադարձների քարավանների տեղափոխման աշխատանքներով։ Նրա միակ սփոփանքը լինում է վաղ առավոտից Հայաստանի ռադիոկայանի ունկնդրությունը։
Այսօր չգիտենք՝ ողջ է նա, թե ոչ, սակայն մեր պարտքն ենք համարում ի սրտե շնորհավորել նրան եւ այսուհետ Հայկազուն Խաչատուրյանի անունը դնել Իսպանիայի դիմադրության շարժման մասնակիցների շարքում։
ՍԵԴԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Պատմության էջերից