ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ԵՌԱԲԼՈՒՐ»
Նոյեմբերի 9-ին ԵՊՀ «Երիտասարդ Համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ էր կազմակերպել դեպի «Եռաբլուր» պանթեոն: «Բանակը մենք ենք» խորագրով երիտասարդական երթի նպատակն է աջակցել աշնանային զորակոչի կազմակերպմանը և երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին:
Երթի մասնակից համալսարանականները հարգանքի տուրք մատուցեցին «Եռաբլուրում» հանգչող հերոսների հիշատակին, ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար միայն խոսքերը քիչ են, անհրաժեշտ է նրանց հաղորդակից դարձնել մեր նորագույն պատմության կերտման հրամայականներին և հնարավորինս մերձեցնել նրանց բանակին: «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նպատակն է նաեւ սոցիալական և բարեգործական ծրագրերի, դաստիարակության նոր չափանիշների միջոցով երիտասարդների մեջ ուշադրություն ու կարեկցանք սերմանել շրջապատի նկատմամբ:
Շ.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ