Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ



ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻՑԱրխիվային զանազան փաստաթղթերի, լուսանկարների, ականատեսների վկայությունների, մատենագիրների հիշատակությունների, այլեւայլ լրացուցիչ տեղեկությունների հիման վրա հնարավոր է վերակենդանացնել անցյալի այս կամ այն դրվագը։ Այնինչ, իմ կարծիքով, ամենադժվարը, երեւի, այդ անցյալն իր մանրամասներով ներկայի դաշտում տեղավորելն է, որպեսզի ե՛ւ այսօրվա, ե՛ւ գալիք սերունդներն ուսանելի դաս առնեն եւ պատմության նույնանման հոլովույթների մեջ չկրկնեն այն բոլոր սխալները, որ կամա, թե ակամա թույլ են տվել մեր հեռավոր ու մոտիկ նախնիները։ Չկրկնեն անցյալի սխալները…

1915-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը հենց հեռու-հեռավոր միջնադարում գործած սխալների կրկնությունն էր, որ, ի վերջո, վերածվեց ոչ միայն մարդկանց զանգվածային ու գազանաբարո սպանդի, այլեւ մի ամբողջ հայաբնակ երկրի՝ Արեւմտյան Հայաստանի կորստյան։

Գաղթ էր, խուճապահար նահանջ էր, հարազատ երկրում ակամա պանդխտացած մարդկանց օրհասական կորուստ էր։ Այսօր ողբահառաչ ու նվագուն ձայնով կարելի է երկար-բարակ խոսել Մեծ եղեռնի մասին՝ իրավամբ խտացնելով գույները, որովհետեւ այն, ինչ եղել է 1915-1922 թվականներին, վեր էր ամեն մի խտացումից, մարդկային երեւակայությունից դուրս, չլսված-չտեսնված ոճրագործություն։ Բայց երբեւէ ինքներս մեզ հաշիվ տվե՞լ ենք, որ այդ ամենը կարող էր եւ չլինել, համենայնդեպս, նման զանգվածային բնույթ չէր կրի հավանաբար, եթե…

Հայոց այս հավերժական «եթե»-ն դամոկլյան սրի պես կախված է լինելու մեր գլխին, քանի դեռ մենք՝ հայ ժողովրդի նորանոր սերունդներս, չենք սրբագրելու անցյալի սխալները։ Որովհետեւ այդ նահանջը ոչ 1915-ին սկսվեց, ոչ էլ դրանից առաջ՝ Աբդուլ Համիդի օրոք։ Նահանջի հիմքերը դրվեցին դեռեւս 10-11-րդ դարերում, Միջին Ասիայի անապատներից քոչվոր ու վայրենաբարո ցեղերի ներխուժմամբ։ Ձիու վրա եւ վրանի մեջ մեծացած, մշտապես իր խաշները արածացնելու համար արոտավայրից արոտավայր տեղափոխվող թուրք-սելջուկ շեղաչ քոչվորը ոտք դրեց քաղաքակրթության աշխարհը։ Իսկ այդ աշխարհը մշտական գզվռտուքներից ու պատերազմներից հոգնած, ինչ-որ տեղ նաեւ ինքն իրեն սպառած, անբարոյականության ու մեղսագործության անբուժելի ախտով վարակված՝ ի վիճակի չեղավ դիմադրելու երկրներ ու քաղաքակրթություններ ամայացնող հրոսակներին։ Դա սարսափելի ու գահավեժ հետընթաց էր, երբ քաղաքակրթության բարձունքներից ժողովուրդները գլորվում էին դեպի հեռավոր նախնադարը։ Այնինչ, շփվելով այդ քաղաքակրթությանը, արագորեն յուրացնելով գրավված երկրների ժողովուրդների սովորույթները, լեզվական ու մշակութային տարրերը՝ շեղաչ քոչվորը պատմականորեն աստիճանաբար նստակյաց էր դառնալու, տարբեր ժողովուրդների հետ անխտիր խառնակվելով՝ փոխվելու էր էթնիկապես եւ, ի վերջո, 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելով՝ վերջ էր տալու այդ տիեզերածավալ կայսրությանը։

Պատմության քարտեզի վրա ստեղծվելու էր մի նոր երկիր՝ Թուրքիան։ Հանրագիտարանային տվյալները գալիս ասում են, որ Թուրքիան պետություն է արեւմտյան Ասիայում եւ հարավարեւելյան Եվրոպայամ։ Սահմանակից է Հայաստանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին, Սիրիային, Հունաստանին եւ Բուլղարիային։ Տարածությունը 780,6 քառ. կմ է, որից 25 հազ. քառ. կմ-ը՝ Եվրոպայում։

Սա այսօրվա Թուրքիան է՝ իր տարածքային չափ ու կշռույթով։ Սակայն պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, երբ Եվրոպայում եւ Ասիայում ստեղծվեց թուրքահպատակ երկրների մի վիթխարի կայսրություն, որի հետ ստիպված հաշվի էին նստում արեւմտյան Եվրոպայի հզորագույն երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Թուրքական կայսրությունը՝ համաշխարհային քաղաքակրթությանը ոչինչ չտված եւ եղած-չեղածն էլ՝ ասպատակած-ավերակած։ Ես հենց այս իմաստով եմ կրկնում, որ 1915-ի ցեղասպանությունը հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական նահանջի շարունակությունն էր, նահանջ, որ տեւեց ավելի քան ինը հարյուրամյակ, եւ որից դժբախտաբար ուսանելի դասեր չառան հետագա սերունդները։ Բայց կարելի էր եւ հարկավոր էր թուրք-սելջուկների հարձակման արշալույսին միասնական ուժ ու զորությամբ կտրել նրանց առաջխաղացման ճանապարհը, մորեխը, ինչպես ասում են, արմատախիլ անել ծագման պահին։ Կարելի էր եւ պարտադիր էր. եթե Բյուզանդական կայսրությունը հեռատես քաղաքականություն վարեր, եթե իր խարխուլ գոյությունը երկարաձգելու համար չթուլացներ արեւելյան սահմանները, մասնավորապես հայերին չզրկեր կենտրոնաձիգ թագավորությունից, հայոց նախարարական տոհմերը չքշեր լայնածավալ կայսրության տարբեր անկյունները, ամբողջովին զբաղված չլիներ կայսրության՝ անկախության ձգտող այս կամ այն ժողովրդին մեկ այլ ժողովրդի զորք ու զորավարով խաղաղեցնելու գործով։ Ես երկար, շատ երկար եմ մտածել ե՛ւ քոչվոր ցեղերի նստակյաց դառնալու, ե՛ւ էթնիկապես փոխվելու բարդ ճանապարհի, ե՛ւ բյուզանդական կայսրերի, որոնցից շատերը ծագումով հայեր էին եւ դժբախտաբար՝ մեծ մասամբ հայատյաց, քաղաքական վարքագծի, ե՛ւ թուրք-սելջկական քաղցկեղի ծավալման՝ հետագայում արդեն անբուժելի դարձած ընթացքի մասին, մի ծավալում, որին կուլ գնաց պատմական Հայաստանի մի վիթխարի տարածք, եւ, ի վերջո, նաեւ՝ Բյուզանդիան։

Եղածը եղած է, անցածը՝ անցած, բայց պատմության մեջ ոչինչ չկա հավերժական։ Ես այստեղ ուզում եմ իբրեւ ուսանելի դաս մեջբերել Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրությունից» մի հատված, որը, իմ կարծիքով, ճշմարտացիորեն բնորոշում է 11-րդ դարում, Բագրատունյաց թագավորության վերացումից հետո, թուրք-սելջուկների հարձակման նախօրեին՝ Հայաստանի քաղաքական կացությունը. «Ո՞վ է ի վիճակի մեկ առ մեկ պատմելու Հայոց երկրի ավերածության ու զղջման լացի մասին, երկիր, որ անտիրության պատճառով, կարծեցյալ պահապանների՝ հունաց (Բյուզանդիայի) թուլամորթ ու վատաբարո ազգի մեղքով տառապեց անհավատ եւ արյունարբու թուրքերի գազանաբարո զորքերից. հույները աստիճանաբար հայոց երկրից հեռացրին քաջ զինվորականներին, նրանց կտրեցին իրենց տնից ու գավառից եւ կործանեցին Հայոց թագավորությունը. նրանք քանդեցին երկրի պարիսպը, որ զինվորներն ու զորավարներն էին կազմում։ Անվերադարձ փախուստը դարձավ հոռոմների քաջության ու պարծենալու արտահայտությունը։ Նրանք նմանվեցին այն վատ հովիվներին, ովքեր գայլ տեսնելիս փախչում էին։ Հոռոմներին մի բան հաջողվեց՝ այն, որ նրանք հայոց երկրի ամուր պարիսպը քանդելով՝ կործանեցին ու թուրքերին զենքով երկրի վրա բաց թողեցին, եւ դա իրենց համար հաղթանակ համարեցին՝ իրենք էլ անամոթաբար ճգնում էին ձվատ զորավարներով եւ ներքինի զինվորներով Հայաստանը պահել, մինչեւ որ թուրքերն ամբողջ երկիրը անտերունչ գտան։ Այն ժամանակ այլազգիները սաստիկ հզորացան եւ մեկ տարվա ընթացքում գրավեցին հոռոմացոց ամբողջ երկիրը, ծովեզրյա քաղաքները, նրանց կղզիները եւ հասան մինչեւ Կոստանդնուպոլսի դարպասները՝ հույն ժողովրդին Կոստանդնուպոլսում արգելափակելով»։

Այս վկայությունը թանկ է նաեւ նրանով, որ ոչ միայն արտացոլում է Բյուզանդիայի անհեռատես քաղաքականությունը, այլեւ յուրօրինակ պատգամ է՝ ուղղված ներկայիս Ռուսաստանին եւ աշխարհի այլ հզոր երկրներին։ Նրանք այսօր էլ եթե ազատ թողեցին թուրքի ձեռքերը, եթե, իբրեւ ամուր պատվար, չամրացրին իրենց՝ Թուրքիային սահմանակից դարպասները, քաղցկեղը տարածվելու է նաեւ իրենց վրա, ինչպես դա արդեն մեկ անգամ կատարվել է Բյուզանդական կայսրության հանդեպ։ Այս վկայության մեջ ընդգծելի է մի մանրուք եւս. պատահել է՝ անհնազանդ հայ նախարարներին խաղաղեցնելու համար քրիստոնյա Բյուզանդիան օգնության է կանչել… թուրք-սելջուկ հրոսակներին։ Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու՝ աշխարհակալ պետության սովորական քաղաքականություն էր սա, որն այլ դեպքերում գուցեեւ հաջողություն էր բերել Բյուզանդիային, բայց, թուրք-սելջուկ քոչվորի պարագայում կործանարար եղավ նրա համար։ Բյուզանդական կայսրերը թուրք-սելջուկների մասին, ամենայն հավանականությամբ, մտածում էին, թե անապատից եկած խորշակ է՝ կգա, կայրի ու կանհետանա պատմության թատերաբեմից։ Բայց նրանք մոռացել էին, ցավալիորեն մոռացել էին քոչվորի՝ նստակյաց դառնալու պատմական օրինաչափությունը, մանավանդ, երբ տեղից տեղ չվելու հարկը բոլորովին էլ չկար գրավված արգավանդ ու խաշների համար կեր ու բուսականությամբ հարուստ երկրներում։

Քոչվորի նստակյաց դառնալու պատմական օրինաչափությունը… Չգիտեմ ինչու, ինձ միշտ թվացել է, թե այսօրվա Թուրքիայի սկզբնավորման կարեւոր նախապայմանը հենց այդ էր, որ կար։ Ըստ 11-րդ դարի մատենագիր Արիստակես Լաստիվերցու «Հայոց պատմության» եւ Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության»՝ հնարավոր է ուրվագծել թուրք-սելջուկների հայաստանյան առաջին արշավանքի ուղղությունը։ 1054 թվականին թշնամական այդ ցեղերի հրոսակները Տուղրիլ սուլթանի առաջնորդությամբ դուրս գալով Պարսկաստանից, ուր արդեն հիմնվել էին, հարավային Հայաստանի տարածքով առաջանում են դեպի Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող ծովափնյա վայրերը։ Իսկ այնտեղ Վասպուրական ու Տարոն աշխարհներն էին՝ իրենց բազում ու բազմաթիվ գավառներով, գյուղերով ու քաղաքներով, որոնք, սակայն, զրկվել էին իրենց աչքի ընկնող հայ իշխաններից ու զորավարներից։ Նրանց փոխարեն կառավարում էին հոռոմների «անարի» կայմակամներն ու հարկահանները։ Այս վերջիններս, թշնամու հենց առաջին իսկ հարձակման ժամանակ, թողնում էին իրենց կառավարած շրջաններն ու քաղաքները եւ, առանց որեւէ դիմադրության, փախչում խուճապահար։ Կամ էլ լավագույն դեպքում բացում էին անառիկ քաղաքների պարիսպների ու բերդերի դարպասները եւ աղ ու հացով դիմավորում թշնամուն՝ խնդրելով, որ ներող լինի ու գթասիրտ։ Իսկ թուրք-սելջուկը դաժան էր եւ արյունռուշտ։ Անզեն եւ անօգնական բնակչությանը կոտորելուց, ունեցվածքը թալանելուց, կանանց, երեխաներին ու արհեստավորներին գերեվարելուց չէր հանգստանում։ Գայլերի ոհմակ էր, եւ խստագույնս գործում էր ոհմակի օրենքը, այն պահին, երբ զգում էր, որ ինքն է ռազմադաշտի, նվաճված երկրի միանձնյա տնօրենը, աներեւակայելիորեն դաժան էր, աննկարագրելիորեն բարբարոս։ Եվ ակամա մտածում ես՝ գրեթե մի ամբողջ հազարամյակ է անցել պատմական այդ օրերից, բայց ինչքան էլ էթնիկապես փոխված լինի եւ նստակեցության վարժված, այնուամենայնիվ, որքան նման է այսօրվա թուրք՝ բարբարոս ու գայլերի ոհմակի օրենքով գործող ամբոխը իր քոչվոր նախահայրերին։ Նույն արյան տեսակն է, արյան նույն շրջանառությունը, քաղաքակրթությունն ընդամենը բարալիկ ու շուտ պատռվող թաղանթ է՝ քոչվորի վայրենաբարո էությունը քողարկող։

Տուղրիլ սուլթանն, իսկապես որ, հայոց Բերկրի եւ Արճեշ քաղաքները գրավելիս լուրջ դիմադրության չհանդիպեց, բայց այն վայրերում, ուր այդ դիմադրությունը, այսպես թե այնպես, կայացավ, եւ հայերը խուճապահար թիկունք չդարձրին անգութ թշնամուն, սուլթանը չարաչար պարտվեց։ Նրա բոլոր ծրագրերն ու ռազմական խորամանկությունները ի դերեւ ելան, եւ ինքն արդեն խուճապահար փախավ, դարձյալ գայլերի ոհմակի օրենքի համաձայն, ըստ որի՝ այդ ոհմակն անզոր է իր առջեւ թիկունք չդարձնողի առաջ։

Մի գեղեցիկ նովել է Տուղրիլի՝ Մանազկերտ քաղաքը պաշարելու պատմությունը, որը հատվածաբար մեջբերում ենք Ուռհայեցու «Ժամանակագրությունից». «Նա (Տուղրիլը) մարդ ուղարկեց Բաղեշ եւ բերել տվեց ահավոր ու զարմանալի բաբանը, որը Վասիլ կայսրն էր սարքել տվել Հեր քաղաքի համար։ Երբ այդ վիթխարի բաբանը կանգնեցրին, ողջ քաղաքը սոսկաց։ Առաջին հարվածով կայազորի երեք մարտիկներ եւ կրծապահը գետին տապալվեցին։ Այդ ժամանակ քաղաքում հայտնվեց մի երեց եւ փութանակի բաբանի դեմ կանգնեցրեց մի մեքենա, որը քարի առաջին իսկ հարվածով ջարդեց բաբանի կողը։ Քաղաքացիները սրտապնդվեցին, որովհետեւ թշնամին սարսափեց։ Մի քանի օր անց այլազգիները նորոգեցին բաբանը եւ սկսեցին հսկայական քարերով հարվածել քաղաքի պարիսպը։ Այդ պահին դուրս եկավ մի ֆրանկ եւ ասաց. «Ես կգնամ եւ կհրդեհեմ այդ բաբանը։ Թող հեղվի իմ արյունն այսօր բոլոր քրիստոնյաների փրկության համար, քանզի միմիայն ես եմ, որ չունեմ ոչ կին, ոչ երեխաներ, որ ինձ վրա լաց լինեն»։ Նա մի ուժեղ եւ անվախ ձի խնդրեց, հագավ զրահը, գլխին դրեց սաղավարտը, ապա մի թուղթ առնելով՝ այն կապեց նիզակի ծայրին, գրպանը դրեց երեք շիշ նավթ եւ որպես սուրհանդակ գնաց առաջ։ Անհավատների զինվորները թուղթը տեսնելով, նրան սուրհանդակ համարեցին եւ բան չասացին։ Արծվի պես պտտվելով բաբանի շուրջը՝ նա ջարդեց շշերը, եւ բաբանը սարսափելի բռնկվեց, իսկ ֆրանկն էլ դիմեց փախուստի։ Բաբանը հիմնովին հրո ճարակ դարձավ։ Սուլթանը, լսելով դա, գազազեց, գլխատեց իրեն Մանազկերտ բերողին, իսկ ինքը մեծ ամոթով գնաց պարսից երկիրը»։

Այսպես, առաջին իսկ դիմադիր քաջագործությունը տեսնելով՝ թշնամին շփոթվում, շվարում էր՝ չիմանալով անելիքը։ Աշխարհակալ Տուղրիլ սուլթանը Հայաստան աշխարհում, որի հարավային տարածքը գրեթե ամբողջությամբ ոտնատակ էր տվել, մեկ անգամ էլ էր շվարելու՝ հանդիպելով հայ ոգու արժանապատիվ անձնազոհությանը։ Այս անգամ մեր պատմությունն անենք՝ ըստ Արիստակես Լաստիվերցու մատենագրության։ Վանանդը հայոց մյուս գավառների նման ինքնակամ չի հանձնվել թշնամուն։ Այնտեղ դեռ պահպանվում էին հայոց գորքի մնացորդներ՝ Կարսի թագավոր Գագիկ Աբասյանի (1029-1065) եւ Թաթուլ սպարապետի գլխավորությամբ։ Թշնամու հարձակման ժամանակ զորքն ու աշխարհազորը միաձայն որոշում են ճակատամարտ տալ՝ ավելի լավ համարելով պատվով մեռնելը ստրկական գերությունից։ Թուրք-սելջկական բազմաքանակ զորքը չի կարողանում կոտրել հայոց մի բուռ քաջերի դիմադրությունը։ Իր սխրագործությամբ առանձնապես աչքի է ընկնում Թաթուլ զորավարը։ Անձը մոռացած՝ նա աջ ու ձախ կոտորում է թշնամուն՝ մտնելով ճակատամարտի ամենից թեժ տեղերը, իր ֆիզիկական եւ ոգեղեն նվիրվածությամբ հայոց զորքին հորդորում մի կերպ թիկունք չդարձնել, չլքել կռվի դաշտը։ Մարտի ժամանակ Թաթուլը խոցում է Տուղրիլ սուլթանի նշանավոր զորապետներից մեկի՝ ամիրա Արսաբանի որդուն:  Վերջում թուրքական զորքի բազմությամբ շրջափակվելով, Թաթուլը գերի է ընկնում: Նրան շղթայակապ բերում-կանգնեցնում են Տուղրիլի առջեւ. ահա սա էր, որ քաջալերում էր հայերին, որ անձամբ կոտորեց շատ-շատերին եւ վիրավորեց Արսաբանի որդուն։

Կարելի է պատկերացնել Թաթուլին՝ շղթայակապ, բայց հզոր ու առնական և սուլթանի աչքերի մեջ համարձակորեն նայող։ Եվ սուլթանը ակամա ընկրկել է Հայոց սպարապետի ջլապինդ բազուկների, հայացքի՝ ամեն պատնեշ ծակող ճառագայթի առաջ։ Սնահավատ Տուղրիլին, հաստատ է, մի պահ թվացել է, թե սովորական մարդ չի, այլ գերբնական ոգի է իր առջեւ կանգնածը: Եվ նա ակամա խոստացել է ազատ արձակել Թաթուլին, եթե զորապետ Արսաբանի որդին ապրի: Այդ պահին նրա ականջին հնչել է արտասովոր ոգու արտասովոր պատասխանը. «Եթե իմ զարկածն է, չի ապրի»։

Թաթուլը չի այդպես պատասխանել, դա հայոց քաջակորով նախնիների ոգին է՝ Թաթուլ զորավարի կերպարանքն առած։ Արսաբանի ծանր խոցված որդին, իհարկե, մահացել է, Թաթուլն, իհարկե, Տուղրիլի ձեռքով մահապատժի է ենթարկվել, Տուղրիլն էլ իր հերթին վաղուց անցել-գնացել է, բայց սեփական ուժի եւ ոգու հանդեպ վստահություն արտահայտող այս թեւավոր խոսքը մնացել է դար ու դարեր, իբրեւ պատգամ նորանոր սերունդներին՝ եթե իմ զարկածն է, չի ապրի…

Եթե այդպիսի մարդիկ շատ լինեին, միասնության դրոշի տակ հավաքվեին, Բյուզանդիան նենգ դիվանագիտությամբ, մանրիկ խարդավանքներով Հայոց իշխաններին մեկը մյուսի դեմ գրգռելով չթուլացներ պետականությունը, Հայաստանը ամուր ընկույզ կդառնար թուրք-սելջուկների, ապա նաեւ թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ, եւ պատմության քարտեզն, ով գիտի, գուցե այնպես չգծագրվեր, ինչպես կա ներկայումս։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Պատմության էջերից


25/06/2020