ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՕՐԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐԵՏ ԱՐՇՈ ՇԱՀԽԱԹՈՒՆՈՒ ՀՈՒՇԵՐԻՑ
… 1918թ. մայիսի 21-ին Արամ Մանուկյանը և Երևանի պարետ Արշո Շահխաթունին այցելում են Գևորգ Ե կաթողիկոսին` Մայր Աթոռը թողնելու և առավել անմատչելի վայր հեռանալու հորդորով։ Կաթողիկոսի ապահովության մասին հոգ տանել նրանց խնդրել էր գեներալ Մովսես Սիլիկյանը` հերոսամարտի գլխավոր հրամանատարը, որի շտաբը Մայիսյան ճակատամարտերի ժամանակ նույնպես Էջմիածնում էր։ Չբացառելով թուրքական վտանգը հինավուրց Վաղարշապատի ուղղությամբ՝ առաքինի գեներալն առաջին հերթին մտահոգված էր Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությամբ։ Հայոց Վեհափառի կտրուկ մերժումը հայտնի է գրեթե բառացի. «Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա»,- հայտարարել էր Վեհափառը:
Երևանի պարետ Շահխաթունին այդ օրվա մասին նաև պատմում է, որ երբ Երևանից մեքենայով ուղևորվում էին Էջմիածին, Արամը ցույց է տալիս երեք բլուրներ ու ասում. «Սրանք մեր վերջին ամրոցներն են։ Քաջահույս եմ, որ մինչև այստեղ թշնամին չպիտի հասնի։ Սակայն, անհրաժեշտ եմ համարում, որ դու դրանք պետք եղած կերպով ամրացնես»։ Շահխաթունին պատասխանում է, որ 1500 քաղաքացիներ, տղամարդ ու կին, փորում են խրամատներ։
Եթե Սարդարապատի ճակատամարտում պարտվեինք, ապա վերջին օրհասական կռիվն այդ բարձունքների վրա էր սպասվում` Երևանի մատույցներում։ Այդ երեք բլուրները մեր պատմության նորագույն հատվածում սրբավայր դարձած Եռաբլուրն է։
Արշո Շահխաթունու հուշագրությունում նաև այլ մանրամասներ կան այն մասին, թե ինչ էր կատարվում թիկունքում, մինչ Սարդարապատում բախտորոշ կռիվներ էին գնում։ Պարետը Երևանում հայտարարել էր պարետային ժամ, և երեկոյան 9-ից հետո, բժիշկներից ու հատուկ անցագիր ունեցող այլ մասնագետներից բացի, քաղաքում շրջելն արգելվում էր։ Դրա պատճառն այն էր, որ շրջանի մահմեդականներն ուշ ժամերին ավազակային հարձակումների ու սաբոտաժի էին դիմում, կամ փորձում էին անցնել օսմանցիների կողմը։
Մի անգամ թուրքերի կողմը շարժվող մի խումբ ձիավոր մահմեդականների բռնեցին Թոխմախի լճի մոտակայքում։ Նրանց բերեցին Շահխաթունու մոտ։
-Այժմ էլ որոշել եք օգնել տաճիկների՞ն։ Ի՞նչ անել ձեզ հետ։ Գնդակահարե՞լ անմիջապես, թե՞ ուղարկել բանտ։ Գնդակահարել չեմ կարող, իմ համոզմունքներին դեմ է,- ասում է Արշո Շահխաթունին։
Ուշագրավ է, որ նույնիսկ երբ թշնամին դարպասների մոտ էր, ամբողջ երկիրը պատերազմի բոցերի մեջ էր, Հայաստանում դավադրություն նյութող զինված մահմեդականներին չէին գնդակահարում, այլ բանտարկում էին պարետատանը։
Այդ ճակատագրական օրերին Երևանի մահմեդականները շարքից հանել էին քաղաքի ջրատարը։ Մինչև նորոգման ավարտը քաղաքի կարիքների համար մոտակա աղբյուրներից տիկերով ջուր էին բերում Երևան։ Տիկերը բարձում էին ավանակների վրա։ Երբ այս մասին որոշում ընդունվեց, հարց ծառացավ՝ թե որտեղից կարելի է շտապ ու մեծ թվով ավանակներ հայթայթել… Արշո Շահխաթունին մտաբերում է Ենգիբարյան ազգանունով երևանցի մի իրավաբանի, որը հաճախ գալիս էր պարետատուն` առաջարկելով իր ծառայությունները։ Ենգիբարյանին շտապ իր մոտ հրավիրելով` Շահխաթունին խնդրում է անհապաղ 200 ավանակի ճար տեսնել ու սկսել ջուր կրելու գործը։
Այս պատմության հետ կապված մի զավեշտալի դրվագ կա. Ենգիբարյանը խնդրում է իրեն մի պաշտոնական գրություն տալ, որի հիման վրա կարող էր մարդկանցից ավանակներ հավաքել։ Հումորի զգացումով օժտված Շահխաթունին ստորագրում է մի վկայական, որի վրա գրված էր` «Պարոն Ենգիբարյանը նշանակվում է էշերի գծով կոմիսար»։
«Մի քիչ անհարմար է այսպիսի գրությունը, բայց ոչինչ, Հայրենիքի համար թող լինեմ նաև էշերի գծով կոմիսար»,- պատասխանում է Ենգիբարյանը ու կարճ ժամանակ անց 600 ավանակներով սկսում ջուր հասցնել Երևան։
Արշո Շահխաթունու մասին խոսուն է հետևյալ փաստը. ուշ գիշերով պարետատուն է գալիս մայրը` անհանգստանալով որդու երկարատև բացակայությունից։ Պարետը զինվորների ներկայությամբ հայտարարում է, որ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ հարազատ մայրը իրավունք չունի ժամը 9-ից հետո տնից դուրս գալ, ու կարգը խախտած մյուս օրինազանցների հետ մինչև առավոտ մորը պահում է պարետատանը։
ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Վաշինգտոնից հատուկ «Հայ զինվորի» համար
Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից