Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ



ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴՃանապարհը, որ տանում է առանձնատուն, օղակված է փթթած, գույնզգույն վարդենիներով: Շուրջբոլորը ծաղիկներ են ու պտղած ծառեր՝ փարթամ ու կոկիկ:

-Բա այգեպանն ո՞ւր է,- հարցնում եմ տանտիրոջը՝ Հենրիկ Ավդալյանին:

-Ես եմ,- ասում է ու փոխանակ ձեռքը կրծքին դնի, մոտեցնում է ճակատին՝ զինվորական պատիվ տալու պես:

-50 տարվա զինվորական ծառայությունից հետո 2006-ին զորացրվել եմ ու այս այգին եմ արարել:

Ես ականջներիս չեմ հավատում.

-50 տարի՞…

-Ավելի քան կես դար համազգեստ եմ կրել:

-Դուք քանի՞ տարեկան եք,- հարցնում եմ ու նույն պահին հասկանում, որ առնվազն աննրբանկատություն էր արածս:

-Պարզապես, շատ երիտասարդ եք երևում,- արդարանում եմ:

-Իմ տարիներն իմ հպարտությունն են,- բանաձևում է 50 տարվա զինվորականը,- որովհետև իմ ապրած ժամանակը լի է գործերով, տքնանքով, ջանասիրությամբ: Դատարկ տեղ չեք գտնի իմ 83 տարիների մեջ:

Մեկ է, ես շփոթված եմ և ուզում եմ ինչ-որ լավ բան ասել իր կյանքի 83 տարիներից 50-ը զինծառայությանը նվիրած ու այս դրախտային այգին արարած մարդուն:

-Պատկերացնում եմ՝ ժամանակին որքան գեղեցիկ եք եղել, որ այս տարիքում այդքան համակրելի եք՝ ձիգ, բարձրահասակ, բարետես…

Տղամարդը ժպտում է: Գոհունակությունը թափվում է դեմքից:

-Որ ջահել ժամանակ ինձ տեսնեիր, կսիրահարվեիր:

Մենք արդեն մտել ենք ներս: Սեղանին ալբոմներ են, իրար վրա կիտված նկարներ:

-Ահավասիկ,- ալբոմից մի լուսանկար է հանում ու տալիս ինձ: Ինքն է ՝ զինվորական համազգեստով: Հազիվ 25 տարեկան լինի: Կանգնած է հասակով մեկ: Դիմագծերը նուրբ են, բայց տղամարդկային պինդ շեշտերով, հայացքում ՝ ինքնահարգանք ու հպարտություն:

-Իրոք որ շա՜տ գեղեցիկ եք,- ասում եմ, ու հանկարծ ուղեղիս մեջ միտք է ծագում,- եկեք՝ ես ընտրեմ լուսանկարները, Դուք պատմեք: Մի փոքրիկ ալբոմ կհավաքենք՝ Ձեր կյանքի պատմությունը:

-Լա՛վ,- համաձայնում է Հենրիկ Ավդալյանը, ու ես վերցնում եմ առաջին լուսանկարը:

 

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ-Այս փոքրիկը Դուք եք, ճանաչեցի, իսկ ովքե՞ր են այս երեք գեղեցկուհիները, որոնք գրկել ենք Ձեզ:

-Պապերս Մարալիկից են, բայց մենք Գյումրիում ենք ապրել, հորաքրոջս տանը: Նա դուրգար Եգանյան Լևոնի կինն էր: Իմ մանկության տարիներին լավ արհեստավորը պատվարժան մարդ էր, նրանք կիրթ էին, խելացի, առաքինի: Դուրգար Լևոնը նրանցից մեկն էր, լավ վաստակում էր, մեծ առանձնատուն ուներ ու բարի անուն: Հորաքույրս մեզ մի փոքրիկ կացարան հատկացրեց, որ վարսավիր հայրս հնարավորություն ունենա Գյումրիում աշխատելու և հոգալու իր վեց հոգանոց ընտանիքի կարիքները: Այդ երեք աղջիկները, որոնց հետ նկարվել եմ, հորաքրոջս աղջիկներն են՝ Ցողիկը, Էմման ու Սեդան: Նկարը շատ խորհրդանշական է, որովհետև ես իսկապես նրանց գրկում եմ մեծացել: Ուսյալ, պարկեշտ աղջիկներ էին, ու մեծ բարեբախտություն է, որ հենց նրանք են զբաղվել իմ դաստիարակությամբ ու կրթությամբ: Նախքան դպրոց գնալս ես կարդում էի, մաթեմատիկական հաշվարկներ էի անում: Դպրոցում հորս առաջարկեցին ինձ առաջին դասարանից տանել երրորդ դասարան, բայց հայրս չհամաձայնեց:

-Ովքե՞ր են այս լուսանկարի զինվորական տղամարդիկ, շատ հին լուսանկար է:

-Այսօրվա պես հիշում եմ. հայրս սեղանի մոտ նստած հաց էր ուտում, մեկ էլ ռադիոն ասաց՝ Ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվել է Սովետական Միության վրա…Հայրս գդալը դրեց ճաշի մեջ ու ասաց՝ գնում եմ զինկոմիսարիատ: Սոված ես, ճաշդ կեր, նոր գնա՝ խնդրեց մայրս: Հայրս թափահարեց գլուխն ու դուրս եկավ տնից: …Մեր ընտանիքից երեք հոգի մեկնեցին ռազմաճակատ՝ հայրս, մեծ եղբայրս՝ Ալյոշան, ու հորաքրոջս տղան՝ Արամը: Դաժան տարիներ էին: Մայրս առավոտից իրիկուն աշխատում էր կարի ֆաբրիկայում՝ ռազմաճակատի համար հագուստ էր կարում, ավագ եղբայրս ընտանիքին օգնում էր՝ ինչով կարող էր:

-Այս լուսանկարում բոլորովին էլ տխուր չեք, թեև վրան գրված է 1942 թվական:

-Մանկությունը զարմանալի ունակություն ունի՝ ամենաթանձր խավարի մեջ էլ կարող է լույս գտնել: Նոր տարին ամենաիսկական երջանկություն էր ինձ համար. հորաքույրս տոնածառ էր դնում՝ փայլուն, լուսավոր, մայրս գաթա էր թխում՝ տաք, խրթխրթան… Պատերազմի տարիների հաջորդ քաղցր հուշը կապված է հորս հետ: Նա ընդհատակյա գործունեությամբ էր զբաղվում, հատուկ հանձնարարություններ էր կատարում…Դրանցից մեկի ժամանակ էլ վիրավորվել էր ու արձակուրդ ստացել, որ մի քիչ կազդուրվի ճակատ վերադառնալուց առաջ:

…Հայրս անսպասելի ներս մտավ: Երբեք չեմ մոռանում նրա ամուր ու տաքուկ գիրկը: Հայրս ու ավագ եղբայրս՝ Ալյոշան, միասին գնացին ճակատ. երբ հորս արձակուրդը վերջացավ, Ալյոշային զորակոչեցին: Երկաթուղային կայարանում գնացք նստելուց առաջ հայրս եղբորս ասաց՝ քեզ կհամբուրեմ, երբ պատերազմից վերադառնաս հաղթանակած ու փառքով: Այդ խոսքերը ես մի անգամ էլ լսեցի, երբ գնում էի սովորելու Պոլտավայի զենիթահրթիռային ռազմական ուսումնարանում: Քեզ կհամբուրեմ, երբ վերադառնաս դիպլոմը ձեռքիդ ու պատվով՝ ասաց հայրս: Մենք՝ երեք եղբայրներով, երբեք հայրական համբույրը անհատույց չենք ստացել, մենք այն վաստակել ենք՝ իբրև պատիվ:

-Ձեր եղբայրը նույնպե՞ս վերադարձավ ճակատից:

-Այո՛, հայրս ու եղբայրս ողջ մնացին պատերազմում: Հայրս շարունակեց իր վարսավիրությունը: Նա ճանաչված վարպետ էր Գյումրիում՝ վարպետ Արտեմը, որը հարդարում էր Գյումրվա մեծանուն մարդկանց մազերը: Գյումրիում լավ արհեստավորն իր քաղաքի իշխանն էր: Ես հպարտանում էի իմ հորով, հայրս իմ հերոսն էր:

-Սրանք արդեն դպրոցական լուսանկարներ են: Դուք ակնհայտորեն ակտիվիստ եք՝ դեմքի համապատասխան արտահատությամբ, աչալուրջ ու ժիր: Այդ տարիների՞ն ծնվեց զինվորական դառնալու որոշումը:

-Մեր քաղաքում զորամաս կար: Հասակակից տղաներով մեծ հետաքրքրությամբ էինք հետևում զինվորների ծառայությանը, վարժանքներին: Հատկապես, երբ կրակում էին հրաձգարանում: Զինղեկ Լևոն Միրզոյանը իր գործի նվիրյալն էր ու ավելի բորոբոքեց իմ սերը զինվորական գործի հանդեպ: Ես ընդունվեցի Պոլտավայի զենիթահրթիռային ուսումնարան: Ուսումնառության տարիները, թերևս, ամենակարևորն էին իմ կյանքում: Ռազմական կրթօջախում բառացիորեն կերտեցին ինձ, ինչպես ձև ես տալիս դոնդողանման նյութին: Ձևավորեցին մտածելակերպս, աշխարհընկալումս, բարոյական նկարագիրս: Ես դարձա սկզբունքային անհատ, լցվեցի առաքինություններով, գաղափարներով, նպատակներով, որոնցից ամենագլխավորը անմնացորդ նվիրումն էր զինվորական մասնագիտությանն ու վարքականոնին: Ես գնացի զորքեր լեյտենանտի ուսադիրներով՝ որպես զենիթային մարտկոցի հրաձգային դասակի հրամանատար:

-Այս լուսանկարում արդեն կապիտանի ուսադիրներով եք, ու Ձեր կրծքին, եթե չեմ սխալվում, «Կարմիր աստղ» շքանշան է: Խորհրդային Միությունում այս շքանշանը տալիս էին մեծ վաստակի, եթե չասեմ՝ սխրանքի համար:

-Ես այդ ժամանակ մարտկոցի հրամանատար էի, ու իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց արդյունքներ ուներ և՛ մարտական, և՛ բարոյահոգեբանական պատրաստությունից:

-Ընդամե՞նը…

-Ում համար՝ ընդամենը, ում համար՝ տարիների լարված, ջանադիր ծառայության արդյունքում: Ամեն դեպքում, իմ զինվորական ղեկավարները տքնանքս գնահատեցին «Կարմիր աստղ» շքանշանով. նրանք գիտեին, թե ինչ տիտանական աշխատանք, ինչ ջանքեր են պետք, որ քո 90 զինվորները գերազանց արդյունք ցույց տան անակնկալ ստուգումների ժամանակ: Նման ձեռքբերումների համար միայն վարժանքներն ու զինվորական մասնագիտությունը յուրացնելը քիչ է, անհրաժեշտ են համապատասխան միջանձնային հարաբերություններ, բարոյահոգեբանական մթնոլորտ, անհատական աշխատանք յուրաքանչյուր զինվորի հետ, անհատներին կոլեկտիվ դարձնող միջավայր, բարոյախոսություն ու գաղափարներ….Ես այդ ամենին հասել եմ՝ ծառայությանը բառացիորեն անմնացորդ, ինքնամոռաց նվիրվելով:

-Այս նկարում Դուք գնդապետի ուսադիրներով եք ու խորհրդային բանակի զինվորական համազգեստով; Փաստորեն, խորհրդային բանակում հասել եք գնդապետի կոչման:

-Երբ գլխավոր տեսչության անակնկալ ստուգումների արդյունքում՝ մարտական կրակով զորավարժության ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը գերազանց ստացավ, ինձ՝ որպես առաջխաղացում, նշանակեցին դիվիզիայի հակաօդային պաշտպանության պետ: Ես այդ ժամանակ մայոր էի ու նշանակվեցի գնդապետի պաշտոնի: Դա եղել է իմ ամենաբարձր պաշտոնը խորհրդային բանակում:

-Իսկ ի՞նչ կոչում ունեիք, երբ ամուսնացաք: Ենթադրում եմ՝ նկարի այս գեղեցիկ կինը՝ երկու փոքրիկ տղաների հետ, Ձեր կինն է…

-Այո՛, իմ կինն է՝ Գոհար Ֆրանգուլյանը: Նա որդիներիս՝ Գևորգի ու Արտյոմի հետ է: Ես Գոհարին հանդիպեցի Գյումրիում, հերթական արձակուրդի ժամանակ: Նա անմիջապես ինձ դուր եկավ. գեղեցիկ էր, կիրթ, խելացի, բարեսիրտ… Մենք ներդաշնակ ընտանիք կազմեցինք:

-Ահա, այս ալբոմի վերջում արդեն հայկական բանակի համազգեստով եք…

-Վազգեն Սարգսյանը Շահումյանի անվան պալատ հրավիրեց խորհրդային բանակի սպաներին և հայրենիք վերադառնալու, հայկական բանակում ծառայելու կոչ արեց: Ես անմիջապես համաձայնեցի ու նշանակվեցի ԶՈՒ հակաօդային պաշտպանության վարչության պետի տեղակալ: Տարածաշրջանը հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար կարճ ժամանակ անց, Նորատ Տեր-Գրիգորյանցի նախաձեռնությամբ, հիմնադրեցինք Զենիթահրթիռային գունդը: Ես նշանակվեցի այդ գնդի հրամանատար:

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ-Տեսեք, այս լուսանկարում Ձեր շուրջը ինչ ազգի զինվոր ասես չկա՝ էլ շեկ, էլ սև, էլ շեղ աչքերով, իսկ այստեղ բոլորը ակնհայտորեն հայեր են: Փաստորեն, Ձեր հրամանատարությամբ ծառայել են տարբեր ազգերի զինվորներ, Դուք ճանաչել եք նրանց ազգային  հոգեկերտվածքը, դրական ու բացասական կողմերը…Ճի՞շտ է, որ մեր զինվորը շահեկանորեն տարբերվում է բոլորից, թե դա միֆ է, որ հայերն են հորինել…

-Այո, ճիշտ է: Նա պարզապես այլընտրանք չունի: Հայ զինվորը այլևս չի կարող հայրենիք կորցնել: Դրա համար էլ նա առյուծի պես պաշտպանում է իր կենսատարածքը: Դրա համար էլ նա ինքնազոհ է, ուժեղ, խիզախ…Ասածիս վառ ապացույցն է ապրիլյան պատերազմը: Մեր 18-20 տարեկան զինվորները կռվում էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների, Թուրքիայում և այլ երկրներում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինների դեմ: Ու հաղթում էին: Երբ հողդ կյանքիցդ թանկ է դառնում, բոլոր օրինաչափությունները վերանում են, ու սկսվում են Ձեր ասած միֆերը, որոնք իրականություն են դառնում: Այդպես էր նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Միֆ չէ՞ր, ի՞նչ էր հապա, երբ երկրաշարժից ավերված երկրում, ցրտի, կարիքի, սովի, տնտեսական ճգնաժամի, շրջափակման մեջ հայտնված ժողովուրդը իրեն պարտադրված պատերազմում հաղթում է մարդկային ռեսուրսով, նյութական հարստությամբ, սպառազինությամբ իրեն բազմապատիկ գերազանցող հակառակորդին ու ազատագրում իր հողերը:

ԵՐԲ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԱՇԿԴ-Ովքե՞ր են այս լուսանկարի երկու երիտասարդ սպաները:

-Իմ երկու որդիներն են՝ Գևորգը և Արտյոմը: Երկուսն էլ զինվորական կրթություն ստացան: Գևորգը ավարտեց իմ ռազմական կրթօջախը՝ Պոլտավայի զենիթահրթիռային բարձրագույն ուսումնարանը, Արտյոմը՝ Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիան: Նրանց ընտրությունը ինձ չզարմացրեց, որովհետև երկուսն էլ բառացիորեն զորամասում են մեծացել, զինվորների միջավայրում, զենքի ու զինտեխնիկայի կողքին:…Երբ գնացի Պոլտավա՝ որդուս տեսության, հանդիպեցի նաև իմ դասախոսներին, որոնք արդեն որդուս էին դասավանդում՝ Բելլերը, Եգորովը…Զրուցեցինք, հիշեցինք, կարոտեցինք, հպարտացանք:

-Այս դեմքը որքան խոսուն է: Ինչպիսի՜ հպարտություն ու փայլող աչքեր: Ձեր ուսադիրներին երեք աստղ է, իսկ զինվորական համազգեստի կրծքին ազատ տեղ չկա՝ մեդալներ ու շքանշաններ են: Պարոն գնդապետ, ո՞րն է զինվորականի երջանկության բանաձևը: Մի զինվորականի, որը համազգեստ է կրել 50 տարի:

-50 տարի համազգեստ կրելուց հետո համազգեստը դառնում է մաշկդ: Այն այլևս հանել հնարավոր չէ: Մեդալներն ու շքանշանները ապրածիդ գնահատականն են, երջանկությունն այլ է: 80-ի սահմանը հատելուց հետո ավելի հաճախ ես հետ նայում և ուզում ես զգալ կշիռդ: Երջանկությունն այն է, երբ դատարկ տարածքներ չես գտնում քո ճանապարհի հանգրվաններում:

-Պարոն գնդապետ, Ձեզ երկարակեցություն եմ մաղթում: Վայելեք վաստակած երջանկության բոլոր թրթիռները:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (1345) 24.06.2020 - 30.06.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


25/06/2020