Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԾԻՎՆԵՐԸ



Մեր սահմաններն անառիկ են՝ ամեն քայլափոխի Դավթի, Նարեկի եւ Արարատի նման սահմանապահ զինվորներ են կանգնած։
-Այս բարձունքներից ողջունում ենք մեր հայրենակիցներին, վստահ եղե՛ք, մենք ի զորու ենք պաշտպանելու ձեզ։
Գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամաս հասանք, երբ օրը դեռ չէր կիսվել։
Գնդապետ Հ. Զաքարյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի Մռավի ամենաբարձր գագաթը, որտեղ կանգնած են հայ զինվորները։ Ժամանակին ահեղ մարտեր են եղել այս լեռնագագաթին։ Ճամփեզրի խաչքար-հուշարձանները վկայում են հայ ազատամարտիկների սխրանքները։ Ազատամարտիկներից շատերը այսօր էլ շարունակում են իրենց ծառայությունը։
Նրանցից է գնդապետ Հ. Զաքարյանը։ Մասնակցել է Հադրութի, Կապանի, Շահումյանի, Լաչինի, 1994-ին՝ Քարվաճառի ազատագրական մարտերին։ Անցել է ծառայական բոլոր օղակներով: Սովորել է ՌԴ համազորային ակադեմիայում։ 2009-ից զորամասի հրամանատարի տեղակալն է։ Պարգեւատրվել է «Արիության» մեդալով։ Ունի 3 երեխա։
Հերթական ոլորանն անցնելիս, հեռվում, բարձրում երեւում են արդեն ձյունած լեռան գագաթները։ Գնդապետը ձեռքը մեկնում է այդ ուղղությամբ.
-Տեսնո՞ւմ եք ժայռերին թառած արծիվներին։ Իմ զինվորներն են։
Մինչ հենակետ հասնելը ճանապարհին հանդիպեցինք շարքայիններ Տարոն Գրիգորյանին, Նարեկ Մկրտչյանին, Սարգիս Ավետիսյանին եւ Էդգար Աբրահամյանին։ Նրանք ժայռերից պոկված քարերն էին հեռացնում ճանապարհից։
-Եղանակային անբարենպաստ պայմանները ավելորդ շատ խնդիրներ են ստեղծում մեզ համար,- ասաց հրամանատարը եւ, ողջունելով զինվորներին, զրույցի բռնվեց նրանց հետ։ Տղաները զեկուցեցին իրենց կատարած աշխատանքի մասին, ապա հավելեցին.
-Քիչ մնաց, կավարտենք աշխատանքը եւ հենակետում կհանդիպենք։
Մինչ մարտական հենակետ հասնելը տարվա չորս եղանակներն էլ ասես հաջորդեցին միմյանց։ Եթե Թարթառի հովտում կանաչել էր խոտը, ապա Գյամիշ լեռնագագաթին ձյան շերտ կար։ Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Ազատ Նազարեթյանը զեկուցում է գնդապետ Հ. Զաքարյանին. «Արտակարգ ոչինչ չի եղել։ Պահպանում ենք պետական սահմանը»։
Գնդապետը ներկայացնում է տղաներին. «Կարգապահ են, մարտունակ։ Ամեն հերթափոխից հետո ամփոփում ենք արդյունքները, եւ լավագույնները միշտ խրախուսվում են։ Իսկ լավագույնները շատ են՝ բոլորն էլ արծիվ տղաներ են»։
Զինվորները կանգնած են ձիգ ու հպարտ։ Ոգեւորվել են, ցանկանում են լուսանկարվել։
Հենակետի պատասխանատու, գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Դ. Թովմասյանը մեզ ուղեկցում է կացարան, ցույց տալիս կենցաղային պայմանները՝ հարմարավետ ննջարան, ճաշարան, զինանոց, հանգստի սենյակ։
Հենակետում են շարքայիններ Արարատ Ավետիսյանը (ավագի օգնական, գնդացրորդ), Ազատ Մխիթարյանը (նռնակաձիգ), Մարտին Սաղաթելյանը (դիպուկահար), Արմեն Գալստյանը (հրաձիգ), Մայիս Վարդանյանը (գնդացրորդ), Վանիկ Վարդանյանը (գնդացրորդ), Դավիթ Սարգսյանը (հրաձիգ), Նարեկ Համբարձումյանը (գնդացրորդ)։
Դավիթ Սարգսյանը Մասիսից է, քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն։ Խնդրում է թերթի միջոցով շնորհավորել իր ընկեր Գեւորգ Վարդանյանին, որը նույնպես ծառայում է սահմանային մեկ այլ զորամասում։ «Գեւորգ ջան, շատ ու շատ կարոտել եմ քեզ։ Ծնունդդ, չնայած փոքր-ինչ ուշացումով, սրտանց շնորհավորում եմ։ Անփորձանք ծառայություն, Գեւորգ ջան։ Կհանդիպենք զորացրվելուց հետո»։
-Ինչպե՞ս է անցնում ծառայությունը,- հարցնում եմ Արմեն Գալստյանին։
-Ասես այստեղ ծնված լինենք,- ժպտալով պատասխանում է Արմենը։
«Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգեւատրված Մարտին Սաղաթելյանին հարցնում եմ, թե ինչով է աչքի ընկել, պատասխանում է.
-Բարեխիղճ, կարգապահ ծառայությամբ, ինչպես բոլորը։ Մեզ մոտ բոլորն էլ «Քաջարի մարտիկներ» են։
Գարնանը կավարտեմ ծառայությունը եւ տուն կգնամ։ Անչափ շատ են բանակային կյանքիս հուշերը, սակայն ամենատպավորիչը մեր կորցրած հայրենիքի մի մասն է, որ երեւում է այստեղից՝ մեր Շահումյանը։ Զարմանալի է, կարոտի զգացում ունեմ այդ տարածքի հանդեպ։
-Մեր հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պահպանությունը պատվաբեր եւ պատասխանատու գործ է, սակայն այս բարձունքներին կանգնելը, այստեղ ծառայելը, այնուամենայնիվ, ինձ թվում է ավելի պատվաբեր է եւ պատասխանատու,- ասում է Մայիս Վարդանյանը։
Կացարանը տաք է։ Վերջերս է վերանորոգվել։ Զինվորներն ապահովված են վառելափայտով, խմելու ջրով, կալորիական սննդով։
Անցնում ենք մարտական դիրքերով։ Գնդապետ Հ. Զաքարյանը ծանոթացնում է կատարված աշխատանքին. ամրապնդվել են մարտական հենակետերը, ստեղծվել են ապահով դիտակետեր, կառուցվել են անվտանգ խրամուղիներ։
Պատկերացնելու համար կատարված աշխատանքի ծավալը՝ հարկ է նշել, որ այստեղ ամենուր ժայռեր են, կայծակից թրծված սալաքարեր, որոնք, սակայն, տեղի են տվել հայ զինվորի բազկի ուժին։
Դիտակետում մեզ դիմավորեց դիտորդ շարքային Արտակ Աստվածատրյանը։
-Կատարվում է մարտական հերթապահություն, որեւէ միջադեպ տեղի չի ունեցել։ Իրավիճակը կայուն է,- զեկուցեց դիտորդը։
Հետո նա ցույց տվեց թշնամու դիրքերը, ասաց, թե ինչ հեռավորության վրա են եւ այլ մանրամասներ։
-Ինչպե՞ս է տրամադրությունդ, արծի՛վ,- հարցնում է հրամանատարը։
-Հիանալի, պարոն հրամանատար,- ժպտալով պատասխանում է դիտորդը։
-Ես տեսել եմ մեր բանակի առաջին զինվորներին, պատերազմում նրանք ազատամարտիկներին ոչնչով չէին զիջում,- ասում է գնդապետը։ -Այդ հաղթական ոգին այսօր էլ հատուկ է մեր զինվորներին։
Դիտորդ Վահան Արսենյանը գարնանը կզորացրվի։ Նրա հետ արդեն 6 ամիս է՝ ծառայում է եղբայրը՝ Սուրենը։
-Եղբորս հետ զրուցելուց հետո իմ մեջ ցանկություն առաջացավ ծառայելու այս զորամասում,- ասում է Սուրենը,- երբ եղբայրս զորացրվի, ինձ կմնա մեկ տարի։ Դժվարություններն անցել են։ Արդեն գիտակցել ենք, որ խաղաղությունը պահպանելու համար մեզնից պահանջվում է կարգապահ եւ բարեխիղճ ծառայություն։
Մարտական հենակետում հանդիպեցինք նաեւ ավագ լեյտենանտ Դ. Վարդանյանին եւ հրետանու հետախույզ-հեռաչափող շարքային Մհեր Նիկոլաեւին։ Մհերը ծառայության է եկել Ռոստովից։ Նրա եղբայրը՝ Սասունը, նույնպես ծառայում է հայոց բանակում։
Տղաներին բարի ծառայություն մաղթելով՝ շարժվեցինք դեպի հաջորդ մարտական հենակետ։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #49 (864) 15.12.2010 – 22.12.2010, Ազգային բանակ


17/12/2010