ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԱՆԴԱՌՆԱԼԻ» ՊԱՏԵՐԱԶՄԻ
Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ առաջիկայում Իսրայելը պատերազմ կսկսի արաբական մեկ կամ մի քանի պետությունների դեմ, և հնարավոր է, որ ստիպված լինի բոլոր ճակատներում կռվելու համար մոբիլիզացնել բոլոր ուժերը: Նման հեռանկարը նա բացատրել է տարածաշրջանային անկայունությամբ, արաբական հեղափոխություններով և իրանական սպառնալիքով:
Միաժամանակ, արևմտյան լրատվամիջոցները, հիմնվելով Ֆրանսիայի հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունների վրա, պնդում են, որ վերջին օրերին ԱՄՆ-ը Իսրայելին է փոխանցել յուրաքանչյուրը մոտ մեկ տոննա կշռող 55 ռումբ, որոնք նախատեսված են մեծ խորության ստորգետնյա բունկերների ոչնչացման համար: Ենթադրվում է, որ դրանք կօգտագործվեն Իրանին հարված հասցնելու ընթացքում:
Իր հերթին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանի առաջին թիրախներից մեկը Իսրայելի Դիմոնի շրջանում գտնվող միջուկային ռեակտորը կլինի:
Իրանա-իսրայելական հարաբերությունների սրման, ինչպես նաև Լիբիայից, Եմենից ու Սիրիայից նավթի մատակարարումների կրճատման հետևանքով համաշխարհային շուկայում «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինն արդեն հասել է 115 ԱՄՆ դոլարի: Պատերազմի դեպքում Թեհրանը կարող է փակել իր վերահսկողության գոտում գտնվող Օրմուզի նեղուցը, որով օրական տեղափոխվում է 15,5 միլիոն բարել նավթ, իսկ նավթային շուկայի փոձագետներն արդեն հաշվել են, որ մեկ բարել նավթի գինը կհասնի 200 ԱՄՆ դոլարի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան