ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԻՈՆՈՍՅԱՆ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1905թ. ապրիլի 17-ին Բաքվում:
Վլադիմիր Աբրահամի Իոնոսյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, գվարդիայի լեյտենանտ:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Ապշերոնի նավթահանքերում, այնուհետեւ ապրել է Մոսկվայի մարզի Դմիտրով բնակավայրում եւ աշխատել առեւտրի ոլորտում:
1941թ. օգոստոսից եղել է Կարմիր բանակի շարքերում:
Մարտական մկրտությունն ստացել է 1941թ. սեպտեմբերին Ելնյա քաղաքի մոտ, ուր ձեռքից վիրավորվելով՝ կռվից դուրս չի եկել: Այնուհետեւ Արեւմտյան ռազմաճակատի 16-րդ բանակի կազմում Վ.Ա.Իոնոսյանը մասնակցել է Կալուգայի մարզի Սուխինիչի քաղաքի համար մղված մարտերին, ուր կրկին վիրավորվել է:
1942թ. ավարտելով կրտսեր լեյտենանտների ռազմաճակատային դասընթացները՝ դարձել է սպա:
1943թ. հուլիսի 12-ին 27-րդ հրաձգային գնդի (11-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա, 11-րդ գվարդիական բանակ, Արեւմտյան ռազմաճակատ) հրաձգային դասակի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Վլադիմիր Իոնոսյանը Կալուգայի մարզի Ուլյանովսկի շրջանի Տրոստյանկա գյուղի մոտ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելիս իրեն վստահված մարտիկների խմբով ներխուժել է թշնամու խրամատ, ոչնչացրել դասակի թվակազմից ավելի հիտլերականների՝ ապահովելով յուրային վաշտի առաջխաղացումը: Կալուգայի մարզի Ուլյանովսկի շրջանի Բելի Վերխ գյուղում հիտլերական 2 վաշտ 1943թ. հուլիսի 13-ին գնդացրային ու ավտոմատային կրակով կասեցրել են խորհրդային հետեւակի հարձակումը: Գվարդիայի լեյտենանտ Իոնոսյանը մտահղացել է թշնամուն հարվածել թիկունքից: 7 խիզախի գլուխ անցած թշնամու փոթորկալից կրակի տակ նա թափանցել է հակառակորդի թիկունք: Մարտն ավելի է թեժացել: Հնարամիտ հայորդին խմբին հրամայել է միաժամանակյա ավտոմատային հոծ կրակ բացել թշնամու վրա: Հիտլերականները խուճապի են մատնվել: Բարդ, բայց կարճատեւ կռվում նրանք կորցրել են 70 զինվոր ու սպա: Իսկ Ստարիցա գյուղի մոտ ընթացած մարտերում Իոնոսյանի դասակը ոչնչացրել է թշնամական 2 գնդացիր, ապա առաջ շարժվելով՝ քաջարի մարտիկների ութնյակը նռնակներով պայթեցրել է երկու ավտոմեքենա՝ զինամթերքով հանդերձ:
Ուլյանովո շրջկենտրոնի համար մղված մարտերում Վլադիմիր Իոնոսյանի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 եւ գերեվարել ֆաշիստական 70 զինվորի ու սպայի: Իսկ Վ.Ա.Իոնոսյանն անձամբ ճնշել է հակառակորդի 2 կրակակետ:
Գվարդիայի լեյտենանտ Վլադիմիր Իոնոսյանը քաջաբար զոհվել է 1943թ. օգոստոսի 3-ին՝ Բրյանսկի ռազմաճակատի Օրյոլյան հարձակողական գործողության ընթացքում Կարաչեւ քաղաքի (ազատագրվել է 1943թ. օգոստոսի 15-ին) համար մղված կռիվներում մարտական առաջադրանքը կատարելիս: Այնտեղ էլ՝ Բրյանսկի մարզի Կարաչեւ քաղաքում մարտական ընկերները զինվորական պատիվներով իր իսկ պաշտպանած հողին են հանձնել նրա մարմինը եւ երդվել վրեժխնդիր լինել սիրված ընկերոջ ու հրամանատարի համար:
1943թ. օգոստոսի 27-ին գվարդիայի լեյտենանտ Վլադիմիր Աբրահամի Իոնոսյանին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (Լենինի շքանշան եւ «Ոսկե աստղ» մեդալ):
Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Պատմության էջերից