Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՈՒ ՈՒՐԻՇ ԵՍ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր…



ԴՈՒ ՈՒՐԻՇ ԵՍ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր...Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում 2014թ. օգոստոսի 28-ին ականի պայթյունից վիրավորվեցին չորս հայ զինծառայողներ: Պաշտպանության նախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց, մանրամասն ուսումնասիրվեցին դեպքի հանգամանքները, հետևություններ արվեցին հետագայում նման ցավալի կորուստները բացառելու նպատակով: Ծանր վիրավորված երեք սպա ու մեկ պայմանագրային զինծառայող միանգամից հայտնվեցին բոլորի ուշադրության կենտրոնում, զգացին ամբողջ հայ ժողովրդի աջակցությունը: Ու նրանք հաղթեցին կյանքի ու առողջության համար անսովոր այդ ճակատամարտում:

Վիրավորներից մեկը պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանն էր՝ հրաշալի զինվորական, նվիրյալ հայ: Դժվար թե բանակում լինի մեկը, որ չճանաչի հրամանատարին, լսած չլինի նրա ղեկավարությամբ անցկացված գործողությունների մասին: Հարյուրավոր երիտասարդ սպաներ, պայմանագրայիններ են ոգեշնչվել նրա օրինակով, ստացել մասնագիտական, նաև ոչ մի կանոնագրքում չգրված արժեքավոր խորհուրդներ հետախուզության, մարտական հերթապահության մասին: Նրա ամբողջ կյանքը հաղթանակների, երբեմն նաև պարտությունների, բայց հետո անպայման ինքնակազմակերպվելու, սխալները շտկելու ու հայրենիքին նոր շնչով ու թափով ծառայելու անհավանական մի պատմություն է:

…Ծանր վիրավորումից հետո փոխգնդապետը շարունակեց ծառայությունը նույն եռանդով և արդյունավետությամբ: Արդեն մի քանի ամիս է՝ Բերդի զինկոմն է: Տավուշի մարզում մինչ այդ էլ զինվորական ծառայությունը չափազանց պատվաբեր էր: Սակայն այժմ զորակոչիկների հարազատները բազմապատկված հավատով պատմում են նրանց զինկոմի անցած ուղու մասին, ավելի ոգևորում հայրենիքի ապագա պաշտպաններին:

-1991թվականն էր: Ադրբեջանցիները խորհրդային զորքերի հետ համատեղ էին գործում մեր դեմ: Ինքնապաշտպանական ջոկատներ էինք կազմավորել: Մեր գյուղի մոտ ուղեկալ էինք ստեղծել: Երեք հոգով էինք հերթապահում, բայց երկու ավտոմատ ունեինք, մեկը իմն էր, մյուսը՝ ով շուտ արթնանար: Տղաներից Արտակն եկավ, ասաց՝ Լեռնի՛կ, թուրքերը Թովուզ կայարանի կողքը պուշկա-մուշկա են դրել, երևի ուզում են խփել: Հեռադիտակով նայեցի, իրոք, հեռվում երկու կառույց էր երևում: Էն ժամանակ էլ էդքան տեխնիկա չկար, հիմնականում «ալազանով» էին խփում, մտածեցի՝ եթե իրոք հրթիռային կայանք տեղադրեն, խփելու են, մեր գյուղերը վարի տան: Որոշեցինք գիշերը ոչնչացնել այդ կրակակետերը: Բավականաչափ պայթուցիկ վերցրինք, երկար պատրույգ, որ վառելուց հետո կարողանանք հեռու փախչել, ու մեզ չհասցնեն նկատել: Մոտ 5կմ խորացանք թշնամու տարածքում: Տեղ հասանք ու ի՞նչ տեսնենք. այն, ինչ մի քանի կիլոմետրից հրթիռ ու թնդանոթ էր թվում, իրականում խոտի մեծ կույտեր էին, դրանց վրա էլ կտրած ծառեր էին լցրել, որ կարողանան ամրացնել ու քաշելով տանել: Պարզ էր՝ ոչնչացնելու տեխնիկա չկար, բայց, դե, եկել հասել էինք, մի բան պիտի անեինք թշնամու աչքը վախեցնելու համար: Հայկական ծխախոտի մի տուփ դրեցի պարանների ամրացման տեղում, անհնար էր չնկատել, ու հետ դարձանք: Դա հաղորդագրության պես մի բան էր. եթե պետք լինի, կգանք- կհասնենք ձեր թիկունք ու ինչ ուզենք կանենք:

Այսպես սկսվեց այժմ արդեն փոխգնդապետ Բաբայանի հարուստ զինվորական կենսագրությունը: Հետագայում եղան բազմաթիվ այլ գործողություններ թշնամու համար շատ ցավոտ հետևանքներով: Ամեն անգամ հակառակորդի թիկունք անցնելիս մանրամասն մշակում էր գործողությունը, քննարկում ընկերների հետ՝ գործողությունն առավել արդյունավետ և առանց կորուստների իրականացնելու համար: Հակառակորդի տարածք մտնող հիմնական խմբում չորս ընկեր էին, չորսն էլ՝ Բաբայան: Ինչեր ասես, որ չեն արել միասին… Ամեն դեպքում, առաջնահերթը հրամանատարի համար յուրաքանչյուր զինծառայողի անվնաս վերադարձն է եղել թշնամու տարածքից:

-Հերթական գործողությունն էր: Արդեն թշնամու տարածքում էինք ու մի հնարքի դիմեցինք. իրենց գյուղի կողմից առաջացանք: Թիկունքի ուղղությամբ նրանց դիտարկումը ավելի թույլ էր. նույնիսկ մի տեղ դիրքապահը նկատեց, բայց չկասկածեց, յուրայինների տեղ դրեց: Մթնշաղ էր, հասանք նշված հենակետ: Շուրջ տասը մետր հեռու էինք թիրախից, թվում էր, ուր որ է, խնդիրը կկատարենք, բայց հենց շարժվում էինք, շները հաչում էին: Ադրբեջանցի զինվորը գալիս նայում էր դեպի մեր կողմը, ոչինչ չէր տեսնում, ապա քացով խփում էր շանը, մի երկու թունդ հայհոյանք տալիս ու հետ գնում: Իրենց գյուղի կողմից էինք եկել, դրա համար էլ չէր կասկածում, եթե մեր կողմից մոտեցած լինեինք, կկրակեր անպայման: Բայց լավ զինվոր էր, մի վայրկյան իսկ սաղավարտը չհանեց, զգոնությունը չթուլացրեց ու մեզ գործելու հնարավորություն չտվեց: Ծածուկ գործել չէինք կարող, բացահայտ գործելով էլ կհայտնաբերեինք մեր տեղը՝ վտանգելով յուրաքանչյուրիս կյանքը: Արդեն լուսանում էր: Ընկերներիս ասացի՝ եթե խնդիրը կատարենք, ու մեզանից մեկը խփվի, դա ձախողում կլինի: Որոշեցինք հետ քաշվել, առավել ապահով տեղից կապվեցինք հրամանատարի՝ այն ժամանակ գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, զեկուցեցինք իրավիճակը: Նա կարգադրեց անմիջապես դուրս գալ հակառակորդի տարածքից:

Բաբայանների խմբի անցկացրած ոչ մի պատժիչ գործողություն ինքնանպատակ չի եղել: Միշտ փորձել են կանխել հակառակորդի ակտիվացումը սահմանագծի որոշակի տեղամասերում, հասկացրել են, որ մեր զինվորի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն էլ անպատիժ չի կարող մնալ:

-Զորավարժություններից մեկի ժամանակ զինվորիս խփեցին, պատժիչ գործողությունն անխուսափելի էր: Մի քանի խումբ տեղակայեցինք տարբեր ուղղություններով, սկսեցինք հարմար թիրախներ փնտրել, բայց ոչինչ չէր ստացվում: Երևի գիտեին, որ ձգտելու ենք վրեժ լուծել, և ուժեղացրել էին հսկողությունը: Ու նորից հնարամտությունը հաղթեց: Մի ամբողջ օր դիտարկելուց հետո հակառակորդի դիրքերից մեկի մոտ համեմատաբար թույլ պաշտպանված մի հատված գտանք: Շատ մոտենալ չէր ստացվի, բայց փորձել կարելի էր: Տղաներից երկուսը հակառակորդի համար անսպասելի կողմից մոտեցան հենակետին: Տվյալ դիրք մենք մի անգամ արդեն «այցելել» էինք: Ճիշտ է, դրանից հետո ինժեներական կահավորման լայնածավալ աշխատանքներ էին կատարում, սակայն ընդհանուր տեղանքը, դիրքի դասավորվածությունը մեզ լավ ծանոթ էր: Սպիտակ համազգեստով մի զինվորական կար այնտեղ, իրենից գոհ այս ու այն կողմ էր քայլում, կասկածում եմ, որ այլ երկրի բանակի հրահանգիչ կարող էր լինել: Անհամբեր սպասում էի: Նախանշված ժամին կրակոցի ձայնը լսվեց, ու հեռադիտակով տեսա, թե ինչպես է սպիտակ համազգեստը ամբողջովին կարմիրով ներկվում: Երեք կրակոց հնչեց, ու երեք թիրախ գետնին  տապալվեց: Աջակցող խումբն սկսեց կրակել տվյալ ուղղությամբ, ուշադրություն շեղել, իսկ առաջադրանքի հիմնական կատարողները միանգամից շարժվեցին դեպի մոտակա ձորակը: Նրանք պետք է ձորակով, գետի հունով հետ գային նախանշված վայր: Սպասման դաժան րոպեներ էին, անընդհատ փորձում էի կապ հաստատել տղաների հետ: Մոտ կես ժամ հետո վերջապես զեկուցեցին՝ առաջադրանքը կատարված է:

Թշնամին միշտ փորձել է կանխել մեր զինծառայողների գործողությունները, դարանակալել է, ծուղակներ լարել: Փոխգնդապետ Բաբայանին միշտ օգնել է փորձը, գիտելիքը, պատրաստվածության բարձր մակարդակը, ինչու չէ, նաև ժողովրդական լեզվով ասած՝ «քթածակը»: Եղել է այնպես, որ շրջանցել են հակառակորդի լարած թակարդը և մտել հենց հակառակորդի գյուղ, անհրաժեշտ տեղեկություններ հավաքել:

-Մի անգամ մոլորված ադրբեջանցի զինվոր է հայտնվում մեր դիրքերի արանքում: Տվյալ տեղանքում մոլորվելը անտեղյակ մարդու համար շատ հեշտ է: Իրենց կողմից իջնում ես ձոր, բարձրանում, մտնում անտառ, ապա դուրս գալիս ուղիղ մեր դիրքերի ուղղությամբ: Բախտը բերում է, անցնում է նաև ականապատ դաշտը: Մեր դիրքերից մեկի ավագն է զուգարանի ճանապարհին տեսնում մոտեցող զինվորին, ձայն է տալիս երկու անգամ: Ադրբեջանցին հասկանում է, որ հայկական տարածքում է, արագ հանում է զենքը, անկանոն կրակում ու իրեն ձորով գցում անտառ: Դիրքի ավագը արագ հետ է վազում, վերցնում զենքն ու կրակում անտառի ուղղությամբ, հավանաբար վիրավորում է մոլորված զինվորին… Գիշեր էր, երբ տեղ հասանք, բնականաբար, անտառ չմտանք. տեսանելիություն չկար: Արդեն լուսաբացին արնաշաղախ հետքը գտանք: Անտառի մեջ շատ խորանալը վտանգավոր էր, ետ դարձանք: Մյուս առավոտյան արդեն ռադիոհետախուզության նոր տվյալներ ստացանք. մեր ու հակառակորդի միջև եղած տարածքում էր վիրավոր ադրբեջանցին: Զանգել էր մորը, հայտնել պատահածի մասին ու օգնություն խնդրել: Վերսկսեցինք որոնողական աշխատանքները: Բավական հեռացել էինք մեր դիրքերից, երբ նոր տվյալներ մերոնք ստացան. վիրավոր զինվորին արդեն գտել, տարհանել են ու մեզ համար էլ թակարդ են պատրաստել: Գիտեին մեր ձեռագիրը, որ անպայման փորձելու ենք գտնել ու բռնել իրենց զինվորին: Այդ տվյալները մերոնք փոխանցել չէին կարող. անվտանգության նկատառումներով անջատել էինք կապի միջոցները: Բանից անտեղյակ շարժվում էինք առաջ, ու, կարծես, ներքին ձայնս հուշում էր, որ պետք է շեղվել հիմնական հարմար ճանապարհից, գործել ոչ ստանդարտ եղանակով: Մեծ պտույտ արեցինք՝ զուգահեռ դիտարկելով շրջակայքը: Հասանք գրեթե հակառակորդի գյուղի առաջին տներին: Մոտ երկու հարյուր  մետրի վրա տեսանք երկու հրամանատարական, մեկ շտապ օգնության մեքենա, գյուղի ժողովուրդն էլ իրար գլխի հավաքված ինչ-որ բան էր քննարկում: Պարզ էր, որ արդեն գտել են իրենց զինվորին: Մի պահ մտածեցինք պարզապես հիշեցնել մեր մասին, սակայն վերլուծելով իրավիճակը՝ հրաժարվեցինք այդ մտքից: Իրենց տարածքում էինք, այլ գործողություն կատարելու դեպքում միանգամից կհայտնաբերվեինք ու որոշեցինք հետ դառնալ: Հիմա էլ այլ կողմով շրջանցեցինք նրանց դարանակալ խումբը՝ կրկին առանց իմանալու, զուտ ներքին զգացողությամբ, իրենց գետնատնակից քիչ ներքև անցանք ու կածաններից մեկով վերադարձանք:

 

♦♦♦

Փոխգնդապետի տանն ենք: Հայտնի խոսք է՝ զինվորականը առավել վստահ է լինում իր դիրքում, երբ ամուր է թիկունքը՝ իր ընտանիքը: Տարիներ շարունակ Լեռնիկ Բաբայանը ավելի շատ ժամանակ է անցկացրել զորամասում, իր զինվորների հետ: Բայց նրա թիկունքը միշտ ամուր է եղել, ընտանիքը միշտ համբերատար աջակցել է նրան: Կինը՝ տիկին Գայանեն էլ է զինվորական. զորամասի ճաշարանի պետ է եղել, հաճույքով ճաշ պատրաստել ամուսնու և նրա մարտական ընկերների համար: Հիմա էլ կապավոր է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Այնպես որ, լավ գիտի զինվորական ծառայության բոլոր դժվարությունները: Երբ երկուսն էլ զորամասում են լինում, երեխաների խնամքով զբաղվում է տատիկը՝ Գրետա մայրիկը: Շատ դժվար է եղել 2014թ. հայտնի դեպքի ժամանակ, բայց հուսահատություն, ընկճվածություն ոչ մեկի մոտ չի եղել, հատկապես, եթե հաշվի առնենք հարազատների, ծանոթ-անծանոթների ուշադրությունն ու աջակցությունը: Գայանեն խոստովանում է՝ չէին հասցնում հեռախոսազանգերին պատասխանել, անընդհատ տեսակցողներ էին գալիս: Անչափ կարևոր էր պաշտպանության նախարարության ղեկավարության ամենօրյա ուշադրությունը: Այդ համընդհանուր աջակցության շնորհիվ նաև Լեռնիկ Բաբայանը կարողացավ արագ ոտքի կանգնել, շարունակել ծառայությունը:

Զրուցում ենք, իսկ այդ ընթացքում աղջիկները իրենց տարիքին ոչ բնորոշ վարպետությամբ սեղան են գցում, սուրճ են պատրաստում: Քիչ անց սկսում են երգել, պարել: Երեխաներն այս ընտանիքի հարստությունն են, ոգեշնչման ու նաև հպարտության աղբյուրը: Շատ են, բոլորի հետ մեծահասակները նույն ջերմությամբ են խոսում, ու պատահաբար ենք իմանում, որ ոչ բոլորն են իրենց երեխաները: Գայանեի քույրը նույնպես զինվորական է, և հերթապահության օրերին երեխաները պարտադիր Գայանեի մոտ են մնում: «Էլի մերն են»,- ասում են ամուսինները ու ջերմությամբ գրկում բոլոր երեխաներին:

Բաբայան ամուսինները պատմում են անցած-գնացած օրերի, իրադարձությունների, իրենց ապրումների մասին: Ամեն խոսքի, ամեն պատմության խորքում հայրենասիրության, հայ տեսակի իրենց ճշմարիտ ընկալումն է, պետության անվտանգության երաշխավորի՝ բանակի հանդեպ վստահության և հարգանքի յուրատեսակ ձևակերպումը. մեզանից յուրաքանչյուրը մարտական դիրքում է, ու այն անառիկ ամրոց պետք է լինի:

Փոխգնդապետ Բաբայանը անցյալի մի դրվագ է հիշում.

-Պաշտպանության նախարարը տարիներ առաջ այցելեց մեր զորամաս, վերցրեց քարտեզը, մատնանշեց հեռավոր մի դիրք, ուր շատ դժվար էր բարձրանալ և ասաց՝ գնում ենք այստեղ: Առջևից իմ՝ արդեն կիսամաշ անիվներով «Վիլիսն» էր բարձրանում: Ճանապարհն, իրոք, շատ վատն էր, և մի քանի տեղ մյուս մեքենաները թաղվեցին ցեխի մեջ, կանգ էին առնում և արագություն հավաքելով միայն կարողանում դժվարությամբ առաջ շարժվել: Այդ հատվածներում մենք մեր «Վիլիսով» սպասում էինք, որ մյուսները գան հասնեն մեզ, ու հանգիստ շարունակում էինք ճանապարհը:  Ամեն մետրը ծանոթ էր մեզ: Ոմանք կատակում էին՝ կարծես խաղ անեք մյուս մեքենաների հետ: Նախարարն էլ հետագայում ինչքան տեսնում էր ինձ, ասում էր. «Դու ուրիշ ես, հրամանատար»:

… Մեր հանդիպման սկզբում աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, բայց հարցազրույցի համար փոխգնդապետին շատ երկար համոզեցի. ամեն կերպ փորձում էր խուսափել: «Ախր, ես ի՞նչ… Եկեք իմ ենթակաների մասին գրեք, ես առանց նրանց ոչինչ չեմ կարող անել»,-ասաց նա:

Իրոք, դու ուրիշ ես, հրամանատա՛ր:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/07/2020