Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ



ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ1991թ. ամռանն Արցախում իրավիճակը չափազանց բարդ էր: Ադրբեջանական ՕՄՕՆ-ը, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի (ՆԶ) զորամասերի հետ միասին, շարունակում էին Արցախի բոլոր շրջաններում իրականացնել «Կոլցո» գործողությունը, որն ուղեկցվում էր հայկական գյուղերի բնակչության տեղահանությամբ, ձերբակալություններով եւ սպանություններով: 1991թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Գերագույն խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը, հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, ինձ հանձնարարեց մեկնել Արցախ: Արցախում ես պետք է ենթարկվեի Պաշտպանության կոմիտեին: Իմ առջեւ երկու հիմնական խնդիր էր դրված.

F ստանձնել Արցախի բոլոր կամավորական ջոկատների հրամանատարությունը, որոնց աջակցում էին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը եւ Արցախի Պաշտպանության կոմիտեն:

F փորձել մեկ միասնական հրամանատարության ներքո միավորել Արցախում գործող բոլոր ինքնապաշտպանական ջոկատները, որոնք ստեղծվել էին տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների կողմից եւ համակարգել ինքնապաշտպանության ջոկատների ռազմական գործողությունները:

Հուլիսի 20-ին ես ուղղաթիռով ժամանեցի Արցախի Մարտակերտի շրջան: 1991թ. ամռանն Արցախում դեռեւս չկար պաշտպանության ամբողջական համակարգ: Քաղաքական ուժերի կողմից վերահսկվող ջոկատները Հայաստանից զենք եւ զինամթերք էին ստանում տարբեր աղբյուրներից, եւ երբեմն չէին համակարգում իրենց ռազմական գործողությունները:

Ռազմական գործողությունների բնույթը ճիշտ հասկանալու համար հարկավոր է հստակ իմանալ, թե ինչ էին իրենցից ներկայացնում Արցախում գործող կամավորական ջոկատները:

Ինքնապաշտպանության տեղական ջոկատները բաղկացած էին տեղացի աշխարհազորայիններից եւ կազմավորվել էին` ի պատասխան Ադրբեջանի եւ ԽՍՀՄ ղեկավարության կողմից գործադրվող զինված բռնության եւ մի շարք գյուղերից ու ավաններից հայկական բնակչության բռնի տեղահանման: Այս ջոկատների ռազմիկներն աչքի էին ընկնում իրենց բարձր մարտական ոգով: Սակայն, նրանք չափից ավելի քաղաքականացված էին եւ խիստ կապված իրենց շրջանին: Ռազմական գործողություններում նրանք ավելի զգուշավոր եւ պակաս ակտիվ էին դառնում, երբ նրանց ուղարկում էին Արցախի այլ շրջաններ` այնտեղ գործող ուժերին օգնության: Տեղական ջոկատներն Արցախում գործող բոլոր ջոկատների գրեթե 80%-ն էին կազմում:

Հայաստանից Արցախ ժամանող ջոկատների շատ մարտիկներ, լինելով հայ ժողովրդի արժանավոր ներկայացուցիչները, կամովին, սրտի կանչով ոտքի ելան ի պաշտպանություն Հայրենյաց:

ՀՀ ջոկատները կազմում էին Արցախի ինքնապաշտպանության ուժերի 20%-ը:

 

Ռազմական գործի արագացված ուսուցումը

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ինքնապաշտպանության ջոկատների հետ առաջին իսկ ծանոթությունն ակներեւ դարձրեց մարտիկներին ռազմական գործողությունների ինչ-ինչ հմտություններ, իսկ ջոկատների հրամանատարներին` ռազմական գործի այբուբենն ուսուցանելու անհրաժեշտությունը: Արցախում այն ժամանակ չկար միասնական ռազմական ուսումնական կենտրոն, ուստի ուսումնական գործընթաց կազմակերպվեց հենց տեղերում` ջոկատներում: Դասընթացները հիմնականում անցկացնում էին փոքրաթիվ կադրային սպաները, որոնք ընդգրկված էին ինքնապաշտպանության ջոկատներում: Հատկապես արժեքավոր էր Աֆղանական պատերազմն անցած սպաների փորձը: Պարապմունքներն անցկացվում էին ոչ պարբերաբար, միայն ազատ ժամանակ ունենալու դեպքում:

Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Երեւանից հատուկ ռազմական գրականություն բերվեց` զինվորական կանոնագրքեր, տարբեր զորատեսակների սպաների եւ սերժանտների պատրաստման ուսումնական ձեռնարկներ, ռազմական տեղագրության վերաբերյալ գրքեր: Մարտիկները շատ լուրջ էին վերաբերվում պարապմունքներին, քանի որ տառացիորեն մի քանի օր անց ստիպված էին լինում ստացած գիտելիքները կիրառել անմիջականորեն կռվի դաշտում: Նրանք եռանդուն կերպով յուրացնում էին զենքի տարբեր տեսակների կիրառման հմտությունները, մշակում էին ջոկատի գործողությունները հարձակման եւ պաշտպանության դեպքերում, տեղանքում դիրքավորվելը եւ այլն: Գործնական պարապմունքների ժամանակ հատուկ ուշադրություն էր դարձվում ռազմական գործողությունների անցկացմանը լեռնանտառային տեղանքում:

 

Ռազմական հետախուզությունը

 

Հայկական ջոկատների հրամանատարությունն իր աշխատանքի ամենասկզբից սկսեց մեծ ուշադրություն հատկացնել ռազմական հետախույզների պատրաստմանը: Հատուկ ռազմական գրականությանը ծանոթանալուց հետո ապագա հետախույզները պետք է ստուգարքներ հանձնեին տեղանքում կողմնորոշվելու, ռեյդեր իրականացնելու, հետախուզական ճշգրիտ զեկույցներ կազմելու եւ այլ հարցերի շրջանակներում: Օգոստոսին արդեն հետախույզների ուսուցման գործընթացն սկսեց ղեկավարել մայոր Աշոտ Խաչատրյանը, եւ դա անմիջապես արտահայտվեց նրանց ուսուցման որակում:

Ավելի ուշ` 1992 թ. հունվարին, Ստեփանակերտում ստեղծվեց երեք մասնագիտացված ջոկատ.

Հատուկ հետախուզական ջոկատ – զբաղվում էր ռադիոորսով:

Առանձին հետախուզական ջոկատ – իրականացնում էր արտագրոհներ հակառակորդի դիրքերում` կարեւոր օբյեկտները բացահայտելու նպատակով:

Դիվերսիոն-հետախուզական ջոկատ – իրականացնում էր դիվերսիաներ եւ ականներ էր տեղադրում թշնամու թիկունքում:

Ռազմական հետախուզությունը, ընդհանուր առմամբ, հաջողությամբ էր կատարում իր պարտականությունները եւ պարբերաբար հրամանատարությանը ստույգ տեղեկություններ էր հաղորդում ադրբեջանական եւ խորհրդային զորքերի տեղակայման, նրանց ուժերի եւ միջոցների թվաքանակի վերաբերյալ: Այդ ժամանակաշրջանում գործողությունների հաջող ելքը, նվազագույն կորուստները մեծ մասամբ նաեւ ռազմական հետախուզության հմուտ աշխատանքի արդյունքն էին:

Ցավոք, լինում էին նաեւ ձախողումներ: Օրինակ՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ժամանակին հետախուզական տվյալներ չէր ստացել հակառակորդի լայնածավալ հարձակման նախապատրաստության վերաբերյալ, որը նախատեսված էր 1992թ. հունիսի կեսին, եւ որում ընդգրկված էր Ադրբեջանի տարածքում տեղակայվող նախկին խորհրդային 4-րդ բանակը:

 

Քարոզչական աշխատանքը

ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական կամավորական ջոկատների մի զգալի մասը տարբեր քաղաքական ուժերի վերահսկողության ներքո էր, առաջին հերթին` Դաշնակցության եւ ՀՀՇ-ի: Սակայն, այս կամ այն ջոկատ մտնելիս մարտիկը հաճախ առաջնորդվում էր ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ զենք ստանալու հնարավորությամբ, ինչը սաստիկ չէր հերիքում: Այնուհանդերձ, երկու քաղաքական ուժերի հակամարտությունը լուրջ տարաձայնություններ էր հրահրում ջոկատների միջեւ եւ նույնիսկ դրսեւորվում էր մարտիկների անձնական փոխհարաբերություններում: Հրամանատարությունը գիտակցում էր, որ խիստ անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել` հակասությունները հարթելու եւ ամբողջ հայության միասնական խնդրի` Արցախի փրկության շուրջ ջոկատները միավորելու համար:

 

Զորքերի մատակարարումը

 

Ինչպես հայտնի է` մինչեւ Լաչինի միջանցքի բացումը` 1992թ. մայիսի 18-ը, Արցախը կատարյալ շրջափակման մեջ էր, եւ բոլոր անհրաժեշտ բեռները ՀՀ-ից այնտեղ էին հասցվում ուղղաթիռներով: Հայ օդաչուների բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հաճախ` պարզապես հերոսության շնորհիվ էր հաջողվում կանոնավորապես Արցախ հասցնել բոլոր անհրաժեշտ բեռները` զենք, զինամթերք, դեղորայք, սննդամթերք, վառելիք եւ այլն:

 

Զենքի եւ զինամթերքի մատակարարումը

 

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվում էր զենքի եւ զինամթերքի սոսկ մի փոքր մասն այն ամենից, ինչ պահանջում էր Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը: Հաճախ մատակարարումներն ուշանում էին: Քանի որ զենքը չէր հերիքում, կամավորական ջոկատները օգտագործում էին ինքնաշեն նռնականետներ, կարաբիններ, ձեռքի նռնակներ եւ ցածրորակ ականներ, որոնք արտադրվում էին ՀՀ-ում եւ Արցախում: Ինքնապաշտպանության ուժերի համար զենքի եւ զինամթերքի համալրման հիմնական աղբյուրը ռազմավարներն էին: Զենքի եւ զինամթերքի ամենախոշոր խմբաքանակը հաջողվեց ձեռք բերել 1991թ. դեկտեմբերին` ԽՍՀՄ ՆԳՆ ՆԶ գունդը եւ 1992թ. փետրվար-մարտին` Ստեփանակերտում տեղակայված 366 մոտոհրաձգային գունդը զինաթափելիս: Մեծ թվով զենք եւ ռազմական տեխնիկա գրավվեց նաեւ Խոջալուի եւ Շուշիի ազատագրումից հետո:

1991թ. հոկտեմբերի կողմերը Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությանը հաջողվեց համակարգել հայկական անջատ-անջատ ջոկատների գործողությունները եւ հասնել այն բանին, որ Պաշտպանության կոմիտեն կանոնավորապես նրանց ապահովի զենք-զինամթերքով` անկախ քաղաքական կողմնորոշումից:

 

Կապը

 

Մեր կապավորներին հաջողվեց կայուն կապ հաստատել Պաշտպանության կոմիտեի, Ինքնապաշտպանության ուժերի շտաբի, Արցախի շրջանների եւ ՀՀ ՊՆ-ի միջեւ: Առաջին փուլում, երբ հակամարտող երկու կողմերն էլ օգտագործում էին խորհրդային ռազմական ռադիոկայանների միեւնույն տեսակները, կապավորներն ստիպված էին շարունակ փոփոխել մարտի կառավարման ազդանշանները: Նոր, առավել արդյունավետ ռադիոկայանների ձեռքբերումը մեզ հնարավորություն տվեց բարելավելու կապի որակը եւ, համապատասխանաբար, մեծացրեց ռազմական գործողությունների կառավարման արդյունավետությունը:

 

Ինժեներական ապահովումը

 

Ինժեներական ապահովման առանձնահատկություններից հարկ է նշել հակառակորդին մոլորության մեջ գցելու նպատակով կեղծ խրամատների բավական հաճախակի կիրառումը, ինչպես նաեւ` ականապատնեշները, որոնք շոշափելի վնաս էին հասցնում հակառակորդին: Օրինակ՝ պատերազմի առաջին փուլում հակառակորդի կորուստների մեծ մասը զրահատեխնիկայով ականի վրա պայթելու հետեւանք էր: Ցավոք, ականների տեղադրումը ոչ միշտ էր ֆիքսվում ականադաշտերի քարտեզներին, ինչի պատճառով դրանց վրա հաճախ պայթում էին ինչպես մեր զինվորները, այնպես էլ խաղաղ բնակչությունը: Ականապատելիս լայնորեն օգտագործվում էին ուղղորդվող գործողության ինքնաշեն ականներ: Ինժեներական ծառայությունը նաեւ մեծ ուշադրություն էր հատկացնում Ինքնապաշտպանության ուժերի հսկիչ եւ հրամանատարական կետերի քողարկմանը:

 

Սննդամթերքի մատակարարումը

 

Շրջափակման պայմաններում Արցախում չափազանց սուր էր դրված պարենի, հատկապես` հացի ապահովման հարցը, քանի որ Արցախն ի վիճակի չէր իրեն ապահովել ցորենով եւ մյուս սննդամթերքներով: Հայկական ջոկատների մատակարարումն իրականացվում էր ՀՀ-ից օդային ճանապարհով ստացված պարենով: Ջոկատներին արգելված էր մթերքի հարցով դիմել տեղաբնակներին, որոնք իրենք էլ բավական ծանր վիճակում էին: Միայն բացառիկ դեպքերում էր հրամանատարությունը փողով մթերք գնում տեղացիներից: Ջոկատների մեծ մասի կայանատեղերում ստեղծվում էին դաշտային խոհանոցներ, որոնք մարտիկներին ապահովում էին տաք կերակուրով:

 

Բժշկական ապահովումը

 

Գրեթե յուրաքանչյուր կամավորական ջոկատ իր կազմում ուներ բուժքույր կամ բուժակ, որոնք վիրավորներին առաջին բուժօգնություն էին ցուցաբերում: Բժշկի կարիք ունեցող վիրավորներն ուղարկվում էին շրջանային հիվանդանոցներ: Ծանր հիվանդները, որոնք հատուկ օգնության կարիք ունեին, ուղղաթիռներով տեղափոխվում էին Երեւան:

Սկսած Տող գյուղի ազատագրման գործողությունից` Արցախի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր Վալերի Մարությանը ռազմական գործողությունների անցկացման ժամանակ դաշտային հոսպիտալ էր բացում անմիջականորեն դիրքերի հարեւանությամբ: Դա թույլ էր տալիս, որ բժիշկներն արագ բժշկական օգնություն ցուցաբերեն վիրավորներին, այդ թվում` նաեւ վիրահատական, ինչը շատ զինվորների կյանք փրկեց: Բացի այդ, փորձառու բժշկական անձնակազմով հոսպիտալի մոտիկությունը մարտիկներին վստահություն էր ներշնչում, եւ նրանք ավելի համարձակ էին դուրս գալիս մարտադաշտ: Վալերի Մարությանի կազմակերպած փայլուն բժշկական օգնության շնորհիվ վիրավոր զինվորների մեծ մասը, որոնց մարտական փորձն ուղղակի անհրաժեշտություն էր, վերադառնում էր շարք:

 

Գործողությունների նախապատրաստումը

 

Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը մանրակրկիտ նախապատրաստում էր յուրաքանչյուր գործողություն:

Նախապատրաստությունն սկսվում էր հետախուզության կողմից հակառակորդի ուժերի եւ միջոցների, հրամանատարական կետերի եւ հաղորդակցման ուղիների ճշտմամբ: Դրանից հետո ստեղծվում էր տեղանքի մանրակերտը (մակետ), որի վրա, ինչպես նաեւ` քարտեզների, մանրակրկիտ մշակվում էին առաջիկա գործողության մանրամասները: Ջոկատների հրամանատարները բազմիցս տեղանքի հետախուզություն էին անցկացնում ցերեկային եւ գիշերային ժամերին:

Հրամանատարությունը շուտով նկատեց, որ մշտապես տեղի է ունենում տեղեկատվության արտահոսք, եւ հակառակորդն արագ ու ճիշտ ժամանակին տեղեկանում է մեր ծրագրերի մասին: Դա կարող էր միայն մեկ բան նշանակել. հակառակորդը մեր շրջանում գործակալ ունի, որը հավաքագրվել է դեռեւս խորհրդային ժամանակներում եւ աշխատում է ադրբեջանցիների համար: Դրա համար էլ առաջիկա գործողության ամենակարեւոր մանրամասները գիտեին ընդամենը մի քանիսը, մյուսները միայն իրենց զորամասին վերաբերող տեղեկատվությունն էին ստանում:

Մարտական խնդիրներ առաջադրելիս հրամանատարությունը հաշվի էր առնում ջոկատների եւ նրանց հրամանատարների պատրաստվածության տարբեր աստիճանները եւ պատասխանատվության տարբեր մակարդակները, եւ ամենապատասխանատու առաջադրանքները տրվում էին ամենահուսալի եւ փորձառու ջոկատներին:

 

Շարունակելի

 

ԱՐԿԱԴԻ ՏԵՐԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ներկայացվող վերլուծությունը հիմնված է հեղինակի անձնական արխիվի փաստաթղթերի վրա, որոնք ընդգրկում են ռազմական քարտեզներ, զինվորական հրամաններ, զեկույցներ եւ այլն:

Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Ռազմական


02/07/2020