ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԲԱՆԱԿԻՆ
Զրույց ՀՀ ԶՈւ թիկունքի պետ–վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանի հետ
–Պարոն Մարգարյան, ծնողների համար շատ կարևոր է, թե բանակում իրենց զինվոր որդիները ինչպես են սնվում: Հայրենիքի պաշտպան մեր տղաները սովորաբար չեն բողոքում սննդից, այն համարելով թուլության նշան ու տղամարդուն ոչ վայել, բայց մենք հո գիտենք, որ սննդի մատակարարման նոր ձևը նոր որակ ապահովելու խնդիր ուներ: Այսինքն՝ հինն այլևս չէր բավարարում, թերի էր:
-Օրհասական պահին բանակի համար թիկունք է դառնում ամբողջ ժողովուրդը: Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր շրջափակված երկիրը սովի, ցրտի, կարիքի մեջ էր, երբ երկրաշարժի վերքերը դեռ չէին սպիացել, երբ երկիրը լցված էր երկրաշարժից տուժած անօթևաններով ու Ադրբեջանից մազապուրծ փախած գաղթականներով, երբ տնտեսությունը բառացիորեն փլուզված էր, մեր ժողովուրդը անօրինակ սխրանք ցույց տվեց աշխարհին՝ կռվի թոհուբոհում կանոնավոր բանակ ստեղծելով ու դառնալով այդ բանակի աննկուն թիկունքը: Նա բանակին տվեց լավագույնը, որ ուներ: Եվ այդ պատգամը, այդ ավանդույթը կտակեց բանակի թիկունքային ծառայությանը՝ լավագույնը բանակին:
Դուք առաջակեցինք զրույցն սկսել զինվորների սննդից: Բնական է, որ ծնողները հետաքրքրված են, թե ինչ են ուտում իրենց զավակները բանակում: Իմ երեխաները տանն են, մոր խնամքի տակ, բայց ես ամեն օր հարցնում եմ, թե ինչ են կերել, ինչպիսի տրամադրություն ունեն: Բանակում զինվորների ծնողների փոխարեն այս պարտականությունը մեզ է վերապահված: Ու մենք ջանում ենք, որ բազմազան, որակյալ, առողջարար սնունդ տանք մեր զինվորներին: Մեր զինվորները կերակրվում են հանրային սննդի կետերում առկա որակին և բազմազանությանը չզիջող սննդակարգով:
Մենք նախաձեռնեցինք և զինծառայողների սննդակարգում իրականացրինք մի շարք փոփոխություններ: Դրանք մանրակրկիտ ուսումնասիրությունների ու հարցումների արդյունք էին: Մենք պարզեցինք, թե ինչ են սիրում զինվորները ավելի շատ, և որ ուտելիքները չեն սպառվում զորամասում: Այդ ուսումնասիրությունների արդյունքում՝ սննդակարգից հանվեցին մի շարք կերակրատեսակներ: Օրինակ՝ կաղամբով և բազուկով մսաբանջարեղենային ռագուն…
Սննդակարգում ներառվեց սննդի նոր տեսականի, մասնավորապես՝ լավաշ, վարունգ և լոլիկ (հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը), խնձոր (օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը), թանապուր….
Մարտական հենակետերի համար՝ լավաշ, թանապուր, լեչո, 3 տեսակի բուսական պահածո, քաղցրաբլիթ (պրյանիկ), բնական մեղր, սխտոր, ճարպ (սալ), պահածոյացված կարտոֆիլ և այլն:
–Նոր սննդակարգը հասո՞ւ է բոլոր զինվորներին:
-ՀՀ կառավարությունը որդեգրեց զորքերի պարենավորման նոր քաղաքականություն՝ զորքերի պարենավորումը պատվիրակել քաղաքացիական մասնագիտական կազմակերպություններին: 2019թ. սկսած՝ քաղաքացիական կազմակերպությունները ներգրավվեցին բանակի պարենավորման գործընթացում, և այսօր նրանք կերակրում են զորքերի գրեթե 80 տոկոսին: Մնացածը, ըստ սահմանված ժամանակացույցի, մինչև նոյեմբեր կանցնեն պարենավորման նոր կարգին:
–Արդյոք ժամանակը չէ՞, որ զորամասերի վճարովի թեյարանները անցնեն պատմության գիրկը: Մենք նախկինում էլ ենք խոսել այդ մասին: Իմ կարծիքով՝ սխալ է հարուստ զինվորներին թեյարանում լրացուցիչ սնվելու հնարավորություն տալը: Առհասարակ, զորամասում չպետք է լինի որևէ վճարովի ծառայություն: Բոլոր զինվորները պետք է ապրեն բառացիորեն նույն պայմաններում, ունենան բարեկեցության նույն մակարդակը, քանի որ նրանք նույն գործն են անում ու հավասար են Հայրենիքի առաջ:
-Մենք մի փոքր այլ ճանապարհ ընտրեցինք նույն նպատակի համար: Եթե զորամասերի սնունդը գերազանցի թեյարանների որակին, ոչ մի զինվոր, որքան էլ ունևոր լինի, անտեղի փող չի ծախսի թեյարանում սնվելու համար:
Այսօր զորամասերին հարակից տարածքներում գործող սննդի կետերի առևտուրը կտրուկ նվազել է, իսկ զինառի կրպակները մատնվում են անգործության: Մենք չենք արգելել այդ ծառայությունները, մենք զինվորին տրվող սննդի որակով գերազանցել ենք նրանց ու ստիպել, որ հեռանան:
–Սննդի տեսականու ընդլայնման ու որակի բարձրացման հետ կապված՝ հնարավո՞ր է, որ բանակում վերանա տուլիկ կոչվածը, որը նույնպես սոցիալական անհավասարություն է ներմուծում զինվորների շրջանում: Մեկի ծնողը հնարավորություն ունի ու իր որդուն շաբաթը մեկ խորտիկներ է ուղարկում, մեկ ուրիշը տարին մի անգամ էլ չի կարող: Էլ չեմ խոսում դրսից զորամաս մտած սննդի համաճարակային վտանգավորության մասին:
-Այսօր արդեն ծնողները հազվադեպ են ճամպրուկ ուղարկում բանակ: Մենք չենք արգելել, ուղղակի դրա անհրաժեշտությունն ենք վերացրել: Երբ համավարակի հետ կապված սահմանափակումները հանվեն, և վերականգնվեն ծնողների այցելությունները զորամասեր, նրանք սեփական աչքերով կտեսնեն, թե ինչ բազմազան ու համեղ սնունդ է տրվում իրենց զավակներին, ու երբեք ուտելիքով լի ճամպրուկ չեն ուղարկի զորամաս:
–Պարոն գնդապետ, զորամասի որակյալ սնունդը մի ուրիշ մտավախություն է առաջացնում. կարո՞ղ է զինվորը ուտել այնքան, որքան ուզում է այդ խորտիկներից, թե չափաբաժինները հսկողության տակ են: Կուզենայի նաև իմանալ՝ փոխվե՞լ է զինվորին տրվող կալորիաների քանակը վերջին շրջանում:
-Զինծառայողները կերակրվում են այնպես, որ ծախսած և ստացած էներգիան լինի համարժեք: Մարտական հերթապահություն ժամանակ զինծառայողների շարժը, ակտիվությունը փոքր-ինչ սահմանափակ է, և ստացած կալորիաները գերազանցում են ծախսված էներգիային: Այսօր Դուք բանակում վտիտ զինվոր չեք տեսնի: Ինչ վերաբերում է սիրտն ուզածի չափ ուտելուն, եթե դա պաթոլոգիկ դեպք չէ, ապա զինվորները իրենց տրված ամբողջ սնունդը սպառելու դեպքում ուղղակի ավելի ուտելու հնարավորություն չեն ունենա:
–Կհամաձայնեք՝ մենք միշտ զինվորի սնունդը պաշտպանելու կարիք ենք ունեցել: «Վաճառքի ենթակա չէ»՝ վերտառությամբ բանակային սնունդ է հայտնվել շուկաներում, մարդկանց տներում…նույնիսկ թիկունքի աշխատողների մոտ ու այլ տեղերում անակնկալ ստուգումների ժամանակ սնունդ են հայտնաբերել: Սննդի մնացորդները (և ոչ միայն) հայտնվել են որոշ զինվորականների ֆերմաներում: Խնդիրը հետաքրքրում է և՛ նյութական, և՛ ավելի շատ՝ բարոյական տեսանկյունից….Փակվե՞լ է այս ճանապարհը: Եթե՝ այո, ինչպե՞ս:
-Պլանային և անակնկալ ստուգումները կատարվում են ճաշարաններում և դրանց հարակից պահեստարաններում: Թերություններ լինում են ոչ շատ էական, դրանք տեղում շտկվում են:
Պարենային ապահովման պատասխանատու զինվորականները ոչ մի նյութական պատասխանատվություն չունեն և զբաղվում են միայն վերահսկողությամբ:
Իսկ եթե որևէ մեկը գողանում է, ապա գողանում է ոչ թե զինվորից, այլ քաղաքացիական կազմակերպությունից: Ինչն անհնար է: Այսինքն՝ սննդի նոր տիպի մատակարարումը վերացրել է զինվորի բաժինը գողանալու հնարավորությունը:
–Ինչպիսի՞ սնունդ է տրվում դիրքերում: Արդյոք դիրքապահները հնարավորություն ունե՞ն միշտ տաք ճաշ ուտելու և պահպանելու սնունդը փչանալուց:
-Առաջնագծի հենակետերի գրեթե 70 %-ն ապահովված է մշտական հոսող ջրով և կենցաղային էլեկտրականությամբ, տեղադրված են սառնարաններ և սառցարաններ: Մնացած հենակետերում, որտեղ հնարավոր է ջուր և հոսանք ապահովել, աշխատանքները շարունակվում են:
Հացը և շուտ փչացող սննդամթերքը մարտական հենակետեր առաքվում են՝ ըստ սահմանված կարգի: Առաջնագծում սննդամթերքի փչանալու դեպքեր չեն գրանցվել: Պարենային գործընթացների կատարելագործման, սննդի որակը և բազմազանությունն ապահովելու համար 2019թ. սկսած՝ թիկունքի վարչության պարենային ծառայության բյուջեն եռապատկվել է: Սա խոսուն փաստ է, և ուզում եմ, որ զինվորների ծնողներն իմանան այդ մասին:
–Վերջին տարիներին անընդհատ լսում ենք, որ բարելավումներ են արվում, և զինվորի հագուստը դարձել է առավել հարմարավետ: Ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք: Խնդրում եմ՝ պատմեք վերջին նորամուծություններից ու ձեռքբերումներից:
-2018թ. երկրորդ կիսամյակից սկսած՝ մեծ աշխատանք է կատարվել նաև զինվորական համազգեստի և իրային այլ միջոցների որակի բարձրացման ուղղությամբ: Հարմարավետ համազգեստն ու հանդերձանքը զինվորի կենսունակությունն ու շարժողունակությունն ապահովող կարևորագույն պայմաններն են: Մշտապես մարտական հերթապահություն կատարող զորքերի բազմակողմանի ապահովման գործը մեծ ջանքեր և հետևողական աշխատանք է պահանջում: Այդուամենայնիվ, իրային ապահովումը մեր բանակում հասցվել է հարյուրամյա բանակներ և պահանջվող միջոցների 100 տոկոսանոց արտադրություն ունեցող պետություններում առկա մակարդակին:
–Համավարակի պայմաններում խնդիրը ո՞նց ենք լուծելու, չէ՞ որ ունենք նաև բազմաթիվ ներկրվող ապրանքներ:
-Մեծ պահանջարկ ունեցող միջոցների արտադրությունը իրականացվում է Հայաստանում, սակայն արտադրության համար օգտագործվող միջոցները, այո, ներկրվում են արտերկրից, ինչն էլ առաջացնում է դժվարություններ, որոնց հաղթահարման համար մեծ ջանքեր են պահանջվում: Երկարաժամկետ պլանավորման արդյունքում, հաշվի առնելով նաև շրջափակման, համաճարակի պատճառով առաջացած այլ արտակարգ իրավիճակներ, բանակը ապահովել է իր պահանջարկը անհրաժեշտ ժամանակի համար:
Շարունակելով պատասխանել նախորդ հարցին, ուզում եմ թվարկել մի քանի փոփոխություններ, որ կատարվել են հանդերձանքի և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:
2019-2020թթ. էապես բարելավվել է համազգեստի տեսականին ու որակը: Դաշտային համազգեստի 35% բամբակ և 65% պոլիէսթեր բաղադրությամբ գործվածքի փոխարեն ձեռք է բերվել 50% բամբակ և 50% նեյլոն բաղադրությամբ գործվածք, որն ավելի դիմացկուն է ցուրտ և արևային եղանակների ժամանակ: Ուշ է գունաթափվում, ուշ է մաշվում: Ներդրվել է զինվորական ճտքավոր կոշիկների նոր տեսականի` բարձր ճնշմամբ ձուլման ու սոսնձմամբ ամրացման եղանակով, որն էական առավելություն ունի նախկինում ձեռք բերվող՝ մեխով ամրացված կոշիկների նկատմամբ:
Զինված ուժերի կարիքների համար 2019թ. սկսած՝ ձեռք է բերվում նոր բարձր որակի ձեռքի օճառ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև կոշիկի քսուքի որակին, ինչն ավելի երկարակյաց է դարձնում ճտքավոր կոշիկների օգտագործումը:
Կտրուկ փոխվել են ձմեռային ներքնաշորի և գուլպաների որակն ու տեսականին: Հրաժարվել ենք մեկանգամյա օգտագործման կիսավարտիքներից, և հատկացվում են առավել հարմարավետ և բարձր որակի բամբակյա շապիկներ ու կիսավարտիքներ:
2019թ. սկսած՝ զորքերն ապահովվում են նոր` սեզոնային անթև բաճկոններով, որը միջանկյալ լուծում է ոչ շատ ցուրտ և ոչ շատ տաք եղանակային պայմաններում: Ժամկետային զինծառայողների մարմնահագի սպիտակեղենը անհատական լվանալու համար բոլոր զորամասերի մշտական տեղակայման վայրերում տեղադրվել են կենցաղային լվացքի մեքենաներ: Մարտական հերթապահության ընթացքում անձնակազմի լողանալու համար զորամասերին հատկացվել են արդիականացված դաշտային շարժական բաղնիքներ:
2020թ. նախատեսվում է զորային փորձարկման նպատակով ձեռք բերել`
-ներդրվող բաճկոնով ձմեռային դաշտային կոստյում և կանգունակ օձիքով ձմեռային դաշտային կոստյում, որոնք ավելի լավ են պաշտպանում ցրտից,
-տրիկոտաժից դաշտային ձմեռային գլխարկ-դիմակ, որն ավելի տաք է պահում, միաժամանակ ծառայում է որպես շարֆ և հարմար է սաղավարտի կրման ժամանակ:
-շտաբային կոստյում, որը ներկայումս օգտագործվող ամենօրյա բաճկոնի և տաբատի համեմատ ավելի հարմարավետ է:
Զորային փորձարկումից հետո, արդյունավետ լինելու դեպքում, նշված իրային միջոցներով կապահովվի ամբողջ բանակը:
Այն ապրանքատեսակները, որոնց արտադրությունը արդեն իսկ իրականացնում են ՀՀ-ում գործող կազմակերպությունները (կարի ծառայություն, դաշտային շարժական բաղնիքների վերակահավորում, կոշիկի քսուքի, ձեռքի օճառի, ճաշամանների, ջրամանների և վրանների արտադրություն), արտերկրից ներմուծվում են նվազագույն չափով:
Վերանայվել են զինծառայողների իրային ունեցվածքով ապահովման չափաքանակներն ու կրման ժամկետները, որ կներկայացվեն ՀՀ կառավարություն` հաստատման:
–Տեսեք, միշտ եղել է խոսակցություն (նաև քրեական գործեր են հարուցվել), որ երբեմն որոշ զորամասերում բենզինը անհետանում է: Թեման անմիջականորեն առնչվում է թիկունքի ծառայությանը:
-Զինված ուժերի վառելիքաքսուքային նյութերը առկա են ըստ քանակի և որակի և ծախսվում են բացառապես իրենց նպատակային նշանակությամբ:
Հանցանքը` դիտավորություն լինի, թե անփութություն, ենթակա է կարգապահական և քրեական պատասխանատվության:
–Հին, բարոյապես մաշված մեքենաները ավելի շատ բենզին են վառում, քան գրված է նրանց տեխանձնագրում: Այս հարցը հնարավոր չէ՞ կարգավորել: Լավ, եթե մեքենան շատ է բենզին վառում, ո՞վ է տալու տեխանձնագրում գրվածի և իրական ծախսի տարբերությունը:
-Մեքենաների ծախսի վերաբերյալ Ձեր տեղեկությունները արդեն հին են: Այսօր մեքենայի ծախսը հաշվարկվում է ոչ թե տեխանձնագրով, այլ փաստացի ծախսով, և սահմանված են չափորոշիչներ, որոնց գրագետ կիրառման դեպքում շահագործողը երբեք չկանխատեսված ծախս չի ունենալու:
Բանակի տրանսպորտային պարկը թարմացվել է և շարունակում է թարմացվել: 2020թ. մենք ձեռք բերեցինք այնպիսի մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ, որ համալրվեց մեր պարկը ոչ միայն խաղաղ, այլև պատերազմական ժամանակի հաստիքներով:
Պետք է ասեմ, որ նոր ձեռք բերված մեքենաները շահագործվում են վառելանյութի բավարարման ոչ թե գործարանի սահմանած չափաքանակով, այլ փաստացի ծախսով՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի բարձրլեռնային, բարդ ռելիեֆի և տարբեր կլիմայական գոտիների առանձնահատկությունները:
Զինված ուժերի թիկունքային ապահովման պատկերը արտացոլվում է առաջնագծում. այնտեղ են ձևավորվում թիկունքային կառույցների անելիքները` ոչ թե աշխատասենյակներում, որպեսզի լինեն առավել առարկայական, շահավետ ու նպատակային:
Զորքերի մարտունակությունը պայմանավորված է թիկունքային ապահովվածությամբ, և դա մենք խորապես գիտակցում ենք:
– Պարոն գնդապետ, մեր բանակի թիկունքի ծառայությունը ունեցել է և ունի բազում նվիրյալներ՝ սկսած Արցախյան պատերազմից, երբ կրակի տակ, կյանքը վտանգելով, սնունդ էին հասցնում մարտիկներին: Թիկունքը իր առաքելությունը կատարել է նաև խաղաղ բանակաշինության տարիներին՝ սկսած զինվորի համար մայրաբար ճաշ եփող խոհարարից, մինչև զինվորի համար սնունդն ու հագուստը ապահովող բարձրաստիճան զինվորականները: Շնորհավորում եմ նրանց մասնագիտական տոնը, մաղթում եմ ձեռքբերումներով լի ծառայություն՝ հանուն զինվորի բարեկեցության, հանուն ապահովված բանակի:
-Ես նույնպես ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին թիկունքի օրվա կապակցությամբ (սա նաև ժողովրդի տոնն է), մաղթել հզոր բանակ, ամուր թիկունք, ասել է թե՝ անպարտ հայրենիք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում