Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՎՐՈՍԻ ԱՐԾՎԱԲՈՒՅՆԸ



ՏԱՎՐՈՍԻ ԱՐԾՎԱԲՈՒՅՆԸ…1919 թվականին հազարավոր կիլիկիահայերի հետ միասին Հաճընի հայերն էլ էին վերադարձել իրենց հարազատ օջախները եւ լծվել գրեթե հիմնիվեր ավերված քաղաքի վերաշինությանը։ «Խաղաղության» այդ շրջանը, սակայն, երկար չի տեւում։ Արդեն օգոստոսի սկզբներին սկսում են լուրեր տարածվել շրջակա թուրքական գյուղերում քեմալական առաջին հրոսակախմբերի երեւալու մասին։ Այնուամենայնիվ, հաճընցիները դեռ ինչ-որ հույսեր էին տածում անգլիական, ապա նրան փոխարինելու եկած ֆրանսիական զինվորական իշխանությունների հանդեպ։

Այդ հույսերը, սակայն, ի դերեւ են ելնում այն բանից հետո, երբ ֆրանսիացիները մերժում են զորքեր ուղարկել։ Հայերը խնդրում են նրանց Հաճըն փոխադրել գոնե հայկական լեգեոնի մի ջոկատ, իսկ մինչ այդ որոշում են ապավինել սեփական ուժերին: Քաղաքի անվանի հայերից ընտրվում է, այսպես կոչված, «Ինքնապաշտպանության բարձրագույն ժողովը», որն ընդհանուր հրամանատար է կարգում Անդրանիկի զինակիցներից մեկին՝ Սարգիս  Ճեպճեպյանին, նրան օգնական՝ Արամ Կայծակին։ Զենքի տակ են կանչվում 15-50 տարեկան 600 տղամարդիկ, որոնք բաժանվում են չորս վաշտերի, ինչպես նաեւ հեծյալ եւ պահեստային խմբերի։ Հավանական հարձակումների ուղղություններով Հաճընը գոտեւորվում է պաշտպանական չորս շրջաններով։

Հաճընի վրա թուրքական զորքերի առաջին կանոնավոր հարձակումը կատարվում է 1920թ.  մարտի 28-ին։ Ու թեեւ հաջողվում է կասեցնել թշնամու գրոհները եւ ետ շպրտել նրան, բայց հաշվի առնելով հայկական դիրքերի հեռավորությունն ու ցրվածությունը, նպատակահարմար է դիտվում լքել հեռավոր ամրությունները եւ ամրանալ քաղաքի անմիջական մատույցներում։ «Քաղաքի չորսբոլորը ամրացված էր։ Այս ամրություններում դրված ավազե  պարկերի արանքներում պատրաստված հրակնատներից բոլոր ուղղություններով կարողանում էին կրակ բացել։ Ձորից ջուր վերցնելու նպատակով կառուցվել էին ծածկված ճամփաներ։ Այնպես որ՝ թշնամին (իմա՝ հաճընցիները – Ա. Դ.) բոլորովին աննկատ կարող էր իր ուժերը մի դիրքից մյուսը նետել։ Բացի այդ, քաղաքում գտնվող եւ իշխող դիրք ունեցող տները ամրացվել ու բերդերի էին վերածվել»,- թուրք հեղինակ Դալքըր Ռեջեպի աշխատության էջերից այսպես է մեր առջեւ հառնում այն հերոսական օրերի հայոց միջնաբերդը։

Օրավուր բարդացող իրավիճակը (թուրքերը քաղաքը փաստորեն վերցրել էին պաշարման օղակի մեջ՝ մարտի 12-ին գրավելով Հաճընը Սիսի հետ կապող ու կարեւոր ռազմական նշանակություն ունեցող Վահկան եւ կտրելով հեռախոսալարերը), հաճընցիների առջեւ նորանոր խնդիրներ էր դնում։ Անհրաժեշտ եղավ շտապ կերպով ստեղծել 30 մահճակալանոց հիվանդանոց եւ զինարան-արհեստանոց, ուր օրական լցնում էին 500-600 փամփուշտ, տասնյակ նռնակներ, հրացաններ նորոգում։ Ասենք, որ մինչ այդ պաշարվածները որոշ քանակությամբ զենք ու ռազմամթերք էին ստացել. Հաճընի նոր գավառապետ նշանակված հայ փաստաբան Չալյանը քաղաք ժամանելիս իր հետ 300 հրացան եւ 50.000 փամփուշտ էր բերել, իսկ մարտի 16-ին եւ 28-ին ֆրանսիական մի օդանավ, քաղաքի վրա պտույտներ գործելով, Սուրբ Սարգիս լեռան վրա էր նետել մի արկղ փամփուշտ եւ նամակներ ու կոչեր, որոնցում արդեն քանիերորդ անգամ Հաճընին օգնության հասնելու խոստումներ էին տրվում։ Շեշտենք, սակայն, որ Ադանայի Հայ Ազգային եւ Հաճընի հայրենակցական միությունները Միհրան Տամատյանի գլխավորությամբ, իրոք, փորձել էին Սիսի վրայով Ադանայից հայ կամավորական ջոկատներ ուղարկել Հաճըն, բայց այս ձեռնարկումը ձախողվել էր ֆրանսիական հրամանատարության խարդավանքների պատճառով։ Չորս կամավորական խմբերից լոկ երկուսին էր հաջողվել մեծ դժվարությունների գնով հասնել Սիս, ուր եւ, տխրահռչակ կապիտան Թայարդայի հրամանով, զինաթափվել ու խիստ հսկողության տակ էր վերցվել։ Այս երկու կամավորական խմբերի մարտիկները հետագայում իրենց գործուն մասնակցությունը բերեցին Սիսի ինքնապաշտպանակսւն մարտերին։

…Հաճընի վրա առաջին անհաջող հարձակումից հետո թուրքերը առժամանակ դադարեցնում են իրենց գրոհները՝ նոր, ավելի կազմակերպված մի հզոր հարված հասցնելու նպատակով։ Ապրիլի 5-ից վերսկսված գրոհը տեւում է ամբողջ տասը օր, բայց այս երկրորդ փորձն էլ հաջողություն չի բերում թուրքերին։

Թշնամին պարտություն է կրում եւ իր նախասիրած «դիվանագիտական» ճակատում քեմալական զորքի հրամանատար Կոզան օղլու Դողան բեյի եւ հաճընցիների միջեւ ապրիլի 17-ին սկսված հաշտություն կնքելու բանակցությունները անարդյունք են վերջանում, քանզի թուրքերը իբրեւ նախապայման պահանջում էին իրենց հանձնել պաշարվածների ամբողջ զենքն ու ռազմամթերքը։ Հաճընցիները եւ ոչ մի երաշխիք չունեին, որ հանձնվելու դեպքում սրի չէին քաշվելու, ուստիեւ շարունակեցին իրենց հերոսական դիմադրությունը, մի դիմադրություն, որը փաստորեն ընկճել էր քեմալականներին՝ փշրելով քաղաքը զենքով վերցնելու նրանց հույսերը։ Խոսուն է, այս առումով, ապրիլի 30-ի հերթական անհաջող հարձակումից հետո գնդապետ Մաստաֆա Քեմալին հղված Դողան բեյի հեռագիրը. «Մեր գրոհներն ապարդյուն անցան։ Հաճընը զենքով գրավել անկարելի է։ Պիտի սպասեմ, որ անոթութենեն ուժասպառ անձնատուր ըլլան։ Արդեն քանի մը ամսվա բավելիք ուտելիք ունին»։

Իրենց անձուկ լեռներում կղզիացած եւ թշնամու բազմապատիկ ուժերին դիմակայող ինքնապաշտպանների միակ հույսը դրսի օգնությունն էր։ Հաճընցիների հայացքն անընդհատ հառված էր Սիսից եկող ճանապարհին, որով կիլիկիահայությունը քանիցս փորձել էր օգնության հասնել վերջին ուժերով պաշտպանվող քաղաքին։ Բայց կատարվում է անհավատալին. 1920թ.  մայիսի վերջերին ստորագրվում է ֆրանս-քեմալական զինադադարը, որի կետերից մեկով ֆրանսիացիները Կիլիկիայի հայկական թագավորության երբեմնի մայրաքաղաքը՝ Սիսը, հանձնում են թուրքերին։ Մինչ այդ շուրջ երկու ամիս հաջողությամբ պաշտպանվող քաղաքից նահանջող ֆրանսիական զորքերի եւ բազմահազար հայերի մեջ էին եւ Հաճընին օգնության շտապող մեզ արդեն ծանոթ հայկական երկու կամավորական խմբերի 400 մարտիկները։

Հաճընի պաշտպանական ամրություններում շատ կարեւոր դիրք էր գրավում քաղաքից ոչ հեռու ընկած Շար հայաբնակ գյուղը, որն ըստ էության Հաճընի հյուսիսային դարպասն էր։ Չորս ամիս շարունակ այստեղ կատաղի մարտեր էին մղվում, եւ ամեն անգամ հայերի շեշտակի կրակով թուրքերը ետ էին շպրտվում։ Բայց ուժերը խիստ անհավասար էին եւ, բացի այդ, իրեն արդեն զգացնել էր տալիս պարենի եւ զինամթերքի սուր պակասը։ 1920թ.  հուլիսի սկզբներին, հուժկու հրետակոծությամբ գյուղը հողին հավասարեցնելով, թուրքերն, ի վերջո, կոտրում են ընդամենը մի քանի տասնյակ հայ մարտիկների դիմադրությունը եւ տիրանում Հաճընի «բանալուն»։

Ի լրումն այս խոշոր ռազմական անհաջողության, արդեն իսկ քաղաքի ներսում հաճընցիների առջեւ նոր, ոչ պակաս ահեղ մի թշնամի է հայտնվում՝ սովը: Ութ հազար հաճընցիներին սովամահությունից փրկելու համար ինքնապաշտպանության կոմիտեն մի չափազանց հանդուգն գործողություն է ծրագրում, որի հաջող ելքի դեպքում մեծապես թեթեւանալու էր պաշարվածների պարենավորման խնդիրը։ Օգոստոսի 5-ին, նախօրոք ընտրված երեք մարտական խմբեր, իջնելով ձոր, գաղտնի անցնում են քեմալականների թիկունքը եւ թաքնվում անտառում։ Հաջորդ գիշեր Հաճընի գրեթե ամբողջ բնակչությունը անաղմուկ մոտենում է թուրքական դիրքերին, եւ տրված ազդանշանով թշնամու վրա գրոհի նետվում։ Կարծելով, որ հայերը հաստատ ուզում են ճեղքել պաշարման օղակն ու դուրս պրծնել քաղաքից, թուրքերն իրենց բոլոր ուժերն առաջ են քաշում եւ ուժգին կրակ բացում։ Ու հենց այդ պահին, քեմալականների համար բոլորովին անսպասելի, թիկունքից նրանց վրա են հարձակվում անտառում թաքնված հայկական ջոկատները։ «Կաթսայի» մեջ հայտնված թուրքական բազմահազարանոց զորքը թողնում է իր դիրքերը եւ խուճապահար փախուստի դիմում։ Թշնամու վրաններում հաճընցիները ոչ միայն պարենի պաշարներ, այլեւ զգալի քանակությամբ զենք ու զինամթերք են գտնում՝ մի թնդանոթ, երկու գնդացիր, հարյուր հրացան, 25 արկղ փամփուշտ, 5 արկղ նռնակ։ Ռազմական արվեստի բոլոր կանոններով իրականացված այդ փայլուն գործողությունը, ցավոք, բեկում չի մտցնում պաշարվածների կյանքում. ուժերը չցրելու նպատակով որոշվում է գրավված դիրքերը վերադարձնել թշնամուն, իսկ խլված պարենն ընդամենը մի քանի օրով է հետաձգում վերահաս սովը։ Եվ ահա այդ օրերին, ճեղքելով պաշարման օղակը, քաղաք են մտնում երեք հայ ավետաբերներ՝ իրենց հետ բերելով Հաճընի հայրենակցական միության եւ Միհրան Տամատյանի ստորագրությամբ նամակը, որում Կիլիկիայի լիազոր-ներկայացուցիչը հայտնում էր, որ ամենաուշն ութ օրից Ադանայից օժանդակ ուժեր են հասնելու Հաճըն։ Պարզվում է, որ անսալով Ազգային միության եւ մյուս հայկական կազմակերպությունների կոչերին՝ Ադանայի 100 հազարանոց հայության ելույթների ու բողոքի հզոր ցույցերի ճնշման տակ ֆրանսիական իշխանությունները ձեռնամուխ էին եղել Հաճընին օգնության հասնելու արդեն երկրորդ փորձի կազմակերպմանը։ Հիմնականում հայ քաղաքական կուսակցությունների ջանքերով վերստին կամավորական խմբեր էին կազմվել, զենք ու ռազմամթերք հայթայթվել, նյութական միջոցներ ժողովվել։

Բայց նորից հայերին դառն հիասթափություն էր սպասում. 1920թ. սեպտեմբերի 22-ին, ճիշտ եւ ճիշտ այն պահին, երբ հարյուրավոր հայ կամավորներ կազմ ու պատրաստ սպասում էին Հաճըն շարժվելու հրամանին, կամավորական ջոկատները հանկարծ շրջապատվում են ֆրանսիական զորքերով։ Զինաթափ արված հայ մարտիկները նախ տարվում են նավահանգիստ, ապա այնտեղից ուղարկվում Աֆրիկա։

Ինչպես վերն ասվեց, Հաճընի վրա նորից էր թեւածում սովի սպառնալիքը։ Այս էլ որերորդ անգամ դրսի օգնությունից հուսախաբված, պաշարվածներին այլ ելք չէր մնում, քան մի նոր համարձակ գործողության դիմել։ Ինքնապաշտպանության հրամանատարությունը մշակում է մոտակա Ռումլու եւ Կյուզելլիմ գյուղերի վրա հարձակվելու մի ծրագիր, այդ երկու թուրքական գյուղերում, ըստ հետախուզության տվյալների, պարենի մեծ պաշարներ կային:

Եվ ահա սեպտեմբերի 22-ի երեկոյան մի քանի խմբերի բաժանված 300 հաճընցի մարտիկներ անաղմուկ մոտենում են Ռումլուին։

Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը հարյուր հոգուց բաղկացած հարվածային ջոկատը՝ Արամ Կայծակի հրամանատարությամբ, անակնկալ գրոհում է գյուղի վրա, իսկ մյուս խմբերն այդ ընթացքում փակում են Ռումլուից դեպի Հաճըն տանող ճանապարհը։

Մի քանի ժամ տեւած մարտից հետո քեմալականները գլխակորույս փախչում են՝ լքելով նույնիսկ իրենց հրամանատարին։ Հաճընցիների մի խումբ նետվում է այն տան վրա, ուր, ըստ նախորդ օրը գերված ասկյարների հաղորդած տեղեկությունների, ապրում էր Դողան բեյը։ Հայերը մի քանի նռնակ են նետում տան վրա, բայց թուրք զորահրամանատարին, այնուամենայնիվ, հաջողվում է շապկանց դուրս պրծնել փլվող գերանների եւ բոցերի մեջից եւ անհետանալ փրկարար խավարում։ Այս գիշերային հարձակման ժամանակ ծանր վիրավորված Դողան բեյին, Ադանայի ճակատի քեմալական զորքերի ընդհանուր հրամանատարի հրամանով, փոխարինում է մի այլ թուրք բարձրաստիճան զինվորական։

Թեեւ հաճընցիներին հաջողվել էր Ռումլուի հետ միաժամանակ նաեւ հարեւան Կյուզելլիմ գյուղն էլ գրավել ու այդ երկու թուրքական գյուղերում պարենի բավական մեծ պաշարներ գտնել, բայցեւայնպես, Հաճընի դրությունը գնալով օրհասական էր դառնում։ Այլեւս լցվել էր Քեմալի «համբերության բաժակը», որի ռազմաքաղաքական ծրագրերը լրջորեն խախտվել էին անառիկ քաղաքի անվերջանալի թվացող դիմադրության պատճառով։ Վճռական գրոհի նախօրեին Հաճընի շրջանում գործող քեմալական ուժերը նոր՝ խոշոր համալրումներ են ստանում, ինչպես նաեւ՝ թնդանոթներ Կեսարիայից։

Հաճընցիները տեսնում են այդ բոլորը եւ պատրաստվում դարավոր թշնամու հետ իրենց վերջին մարտին… 1920թ.  հոկտեմբերի 15-ին, դեռ լույսը չբացված, թուրքերը հարձակման են անցնում։ Մինչեւ ուշ գիշեր թուրքական հրանոթները քարուքանդ են անում հայկական դիրքերը, իսկ վայրենի մոլուցքով առաջ նետվող ասկյարները՝ ավելի ու ավելի սեղմում պաշարման օղակը։ Վերջին փամփուշտներն արձակելով, հաճընցիները փոքրիկ խմբերով ու հաճախ միայնակ փորձում են ճեղքել թուրքական շրջապատման շղթան եւ հեռանալ լեռները, բայց ամենուր հանդիպում են թշնամու մեծաթիվ ուժերին։ Չեն փրկվում եւ այն բազմահազար հայերը, որոնք շարժվում են դեպի Ադանա տանող կամուրջը. այն արդեն գրավել էին թուրքերը…

…Յոթամսյա հերոսական դիմադրությունից հետո ընկնում է հայոց արեւմտյան միջնաբերդը՝ արյունոտ, բայցեւ փառապանծ մի գլուխ գրելով Հայոց աշխարհի հերոսամարտերի գրքում։ Ութ հազար հաճընցիներից փրկվում են միայն 400-ը, որոնք Արամ Կայծակի գլխավորությամբ ճեղքելով պաշարման օղակը, թուրքերի կողմից անընդհատ հարձակումների ենթարկվելով ճանապարհին, հոկտեմբերի 28-ին, ի վերջո, հասնում են Ջիհան, որտեղից էլ ուղղվում դեպի Ադանա…

 

Պատրաստեց ԱՍԱՏՈՒՐ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (1347) 8.07.2020 - 14.07.2020, Պատմության էջերից


09/07/2020