Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է



ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԺողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր ԷԴՎԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

 

Կոմիտասի անվան լարային քառյակը, հիրավի, ազգային արժեք է հայ ժողովրդի համար։ Արամ Խաչատրյանի բնութագրմամբ՝ այն մեր երաժշտարվեստի այցեքարտն է։ Պարոն Թադեւոսյան, քառյակի գործունեությանը եւ հաջողություններին կանդրադառնանք ավելի ուշ։ Ես գիտեմ, որ Դուք արմատներով էրզրումցի եք եւ ուզում եմ՝ պատմեք էրգիրը տեսած Ձեր նախնիների մասին, հիշեք նրանց զրույցները, էրզրումցու ընտանիքի գույներն ու կոլորիտը:

-Հայրս՝ Զոհրաբ Թադեւոսյանը, ծնվել էր Էրզրումում, սակայն շատ վաղ էր հեռացել իր ընտանիքից ու գրեթե ոչինչ չէր հիշում։ Փոխարենը՝ Վարդուհի տատս ապրում էր էրգրի կարոտով, էրգրի սիրով, էրգրի մորմոքով։ Ապշելու կին էր։ Վեց երեխա էր կորցրել գաղթի ճամփաներին, բայց պահպանել էր հոգու լույսը, հավատը, ջերմությունը։ Վիշտը չէր կարծրացրել հոգին։ Ամեն օր աղոթարանը ձեռքին՝ փառք էր տալիս Աստծուն՝ խնդրելով «Սկզբից ուրիշներին օգնիր, հետո՝ մեզ»։ Էրգրի անունը տալիս հառաչում էր. «Թալեաթ, թեւերդ թափա»։ Հաճախ էր հիշում կոտորածը։ Մի պատկեր մեխվել¬մնացել է հիշողությանս մեջ. «Թուրքերը անակնկալ լցվեցին տուն ու սկսեցին որոնել պապիդ, որ սպանեն։ Նոր էինք հաց թխել, թոնիրը տաք¬տաք էր։ Թուրքերը տակնուվրա արին տունը, բայց պապիդ չգտան։ Երբ հեռացան, կափարիչը բարձրացավ, ու պապդ դուրս եկավ թոնրից… Շորերը, սապոգները հանելիս՝ մաշկը հետը դուրս էր գալիս»։ Ես շրջել եմ աշխարհով մեկ, տեսել եմ հազարավոր հայերի, նայել եմ նրանց աչքերին ու հասկացել եմ, որ յուրաքանչյուր հայի արյան ու գենի հիշողության մեջ արթուն է եղեռնի ցավը, սարսափը, վրեժը։ …Մանկություն ասելիս՝ առաջին հերթին հիշում եմ հորս։ Հայրս շատ շուտ մահացավ՝ իմ հիշողության մեջ թողնելով անսահման բարության, մարդկային արժանապատվության ու առաքինության իր օրինակը, որը հետագայում դարձավ յուրատեսակ հավատաքննիչ, խղճի ձայն… Հիշում եմ մեր մեկսենյականոց բնակարանը, ուր ապրում էինք յոթ հոգով։ Հորս մահից հետո մայրս մեծ դժվարությամբ մեծացրեց չորս երեխաներին, սակայն սովն ու կարիքը չխանգարեցին, որ բոլորս էլ կյանքում գտնենք մեր տեղը։

…Ես երաժշտական դպրոցի լավագույն աշակերտներից էի, սակայն, ի տարբերություն շատերի, նվագելը սեւեռուն գաղափար չէի դարձրել։ Ես ֆուտբոլ էի խաղում, գնում էի կինո, մասնակցում էի բակի ծեծկռտուքներին։ Չի կարելի աղավաղել երեխայի մանկությունը։ Որքան էլ երեխան արտասովոր, տաղանդավոր լինի, պետք է բնականոն մեծանա, զարգանա, համակողմանի ճանաչի աշխարհը, շրջապատը, մարդկային փոխհարաբերությունները, պետք է շփվի, հաղորդակցվի, այլապես ներքին աշխարհում ինչ¬որ բան կխաթարվի, կխախտվի հավասարակշռությունը։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԻմ առաջին ուսուցիչը՝ Տատյանա Հայրապետյանը, շատ լավ մանկավարժ էր եւ կարողացավ պահպանել իմ սերը ջութակի հանդեպ, ինչը երբեմն կորչում է երեխայի ծանրաբեռնվածության ու զանազան անհեթեթ սահմանափակումների պատճառով։ 1965թ. Թբիլիսիում կայացած երիտասարդ կատարողների Անդրկովկասյան մրցույթում ես արժանացա դափնեկրի կոչման, որից հետո ուսուցչուհուս նախաձեռնությամբ մեկնեցի Մոսկվա եւ առաջին անգամ ներկայացա բոլոր ժամանակների լավագույն ջութակահար Լեոնիդ Կոգանին։ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում սովորեցի Կոգանի դասարանում։ Մոսկովյան տարիները բացառիկ նշանակություն ունեցան իմ գեղարվեստական ճաշակի, ընկալումների, մտահորիզոնի ու աշխարհընկալման ձեւավորման վրա։ Ես ապրում էի մի մթնոլորտում, որը ներծծված էր հանճարների շնչով՝ Օյստրախ, Ռոստրոպովիչ, Կոգան… Շոստակովիչ, Խաչատրյան… Որտեղ իր հաղթարշավն էին սկսել երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչները՝ Սպիվակով, Կորսակով, Գուտման։ Բնական է, որ չափանիշները շատ բարձր էին, եւ այդ տարիներին Մոսկվան, իրոք, մշակույթի մայրաքաղաք էր։

16 տարեկան էի, երբ Արամ Խաչատրյանն առաջին անգամ լսեց ինձ։ Տոնում էին նրա 60-ամյակը, եւ մի հայտնի հրեա ջութակահար հրավիրվել էր Հայաստան՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու «Ջութակի կոնցերտը»։ Ես մի հատված նվագեցի «Ջութակի կոնցերտից», լսելուց հետո Խաչատրյանն ասաց. «Իմ հոբելյանական համերգի կոնցերտը Էդիկն է կատարելու»։ Ինձ համար մեծ պատիվ էր ու պատասխանատվություն ֆիլհարմոնիկի հետ նվագել Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» 16 տարեկանում, այն էլ աշխարհահռչակ կոմպոզիտորի ներկայությամբ։

Դուք ինչպե՞ս հայտնվեցիք Կոմիտասի անվան քառյակում։

-1969թ. Մոսկվայում տոնում էին Կոմիտասի ծննդյան 100-ամյակը։ Համերգի առանցքում Կոմիտասի անվան քառյակն էր։ Ես մասնակցում էի որպես մենակատար։ Համերգից հետո քառյակի հիմնադիր եւ առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանն ինձ հրավիրեց խումբ՝ երկրորդ ջութակահարի կարգավիճակով։ Կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող էի եւ սիրով համաձայնեցի։ Մի քանի տարի անց Ավետ Գաբրիելյանն ինձ փոխանցեց իր ջութակն ու տեղը քառյակում եւ առաջարկեց նոր կազմ հավաքել։ Ես վերադարձա Հայաստան։ Նորովի համալրեցի խումբը, եւ այդ օրվանից սկսեցինք աշխատել Հայրենիքում…

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՊարոն Թադեւոսյան, գրեթե բոլոր արվեստագետները, ովքեր ստեղծագործել են խորհրդային շրջանում, այսօր մեծագույն սիրով են հիշում այդ տարիների մշակութային մթնոլորտը։ Սակայն երբ թերթում ես պատմության էջերը, տեսնում ես, որ եղել են նաև կամայականություններ, ապազգային հարկադրանք ու անարդարություն։ Հատկապես ի՞նչն էր գովելի այդ տարիներին:

-Անաչառ լինելու համար պիտի ասեմ, որ թեև հարկադրանք կար, բայց արվեստագետի կերպարն ու կեցվածքը, այնուամենայնիվ, վճռորոշ դեր էին խաղում։ Օրինակ, Կոմիտասի անվան լարային քառյակի նվագացանկի 50 տոկոսը կազմված էր հայ կոմպոզիտորների գործերից։ Արտերկրում մենք հաճախում էինք դաշնակցական ակումբներ, դպրոցներ, շփվում էինք մեր «այլախոհ» հայրենակիցների հետ։

Մշակույթը պաշտպանված էր ու վայելում էր պետության բարձր հովանավորությունը։ Գիտակցվում էր մշակույթի դերը, բացառիկ նշանակությունը պետության եւ ժողովրդի կյանքում։ Կար հատուկ մշակութային քաղաքականություն, որը միտված էր բարձր մշակույթի զարգացմանը։ Գաղափարախոսությունը մարմին էր առնում մշակույթի մեջ։

Հայրենապաշտությունը, ազգասիրությունը, ազնվությունը, քաջությունը, բարությունը գաղափարներ են, որոնք կարող են մարմնավորվել, արմատավորվել հասարակության գիտակցության մեջ, հուզաշխարհում արվեստի ու մշակույթի միջոցով։

…Այսօր մարդիկ թողնում են կիսաշեն երկիրն ու հեռանում։ Երբ ինձ ասում են՝ Դուք այն նվիրյալներից եք, որ մնացել եք հայրենիքում, ես սարսռում եմ։ Ուրեմն, այն օրին ենք հասել, որ մեր հողի վրա ապրելը հերոսություն ենք համարում…

Մի զրույցի ժամանակ, երբ նշեցի, որ Դուք 1984թ. ստացել եք ժողովրդական արտիստի կոչում, 85-ին արժանացել եք պետական մրցանակի, իսկ 2010թ. «Սուրբ Մեսրոպ» շքանշանի, ու հարցրի, թե ինչ նշանակություն ունեն պետական պարգևները Ձեզ համար, Դուք իմ հարցը թողեցիք անպատասխան ու դժգոհեցիք, որ Սուրեն Հախնազարյանը տասնյակ տարիներ Կոմիտասի անվան քառյակում է, Ալեքսանդր Կոսեմյանը քառյակին է միացել 1990 թվականից, բայց նրանցից ոչ մեկը ոչ մի պարգեւի չի արժանացել։ Ես շատ ուրախացա, երբ Սուրեն Հախնազարյանին ու Ալեքսանդր Կոսեմյանին վաստակավոր արտիստի կոչում տվեցին, իսկ օրերս Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադրաման 95-ամյակի ու հայ երաժշտարավեստում ներդրած մեծ ավանդի կապակցությամբ Ալեքսանդր Կոսեմյանը արժանացավ նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալիԵս ուզում եմ կրկնել հարցս՝ փոքրինչ վերափոխած. ինչ նշանակություն ունեն երաժշտական խմբի անդամների ստացած պետական պարգևները խմբի գեղարվեստական ղեկավարի համար:

-Ես ուզում եմ, որ իմ արվեստագետ գործընկերները գնահատված լինեն: Նրանք անձվիրաբար են ծառայել մեր մշակույթին և արժանի են մեծ պատվի: Պետական պարգևը արվեստագետի համար նույնանում է Հայրենիքի գնահատանքին: Դու ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրումով ես աշխատում: Ավելի պարտավորված, ավելի խանդավառ:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԿարծում եմ՝ ճիշտ ժամանակն է խոսել Կոմիտասի անվան լարային քառյակի հաջողություններից, հիշել այն գնահատականները, որ հեղինակել են ժամանակի լավագույն երաժշտական քննադատներն ու հեղինակավոր թերթերը։ Դուք եղել եք աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ բացառիկ համերգներ ենք ունեցել: Մեքսիկայի «Ունիվերսալ» թերթը հայտարարեց, որ Կոմիտասի անվան լարային քառյակը լավագույնն է աշխարհում, իսկ ֆրանսիացի քննադատները գրեցին. «Ջութակի չորս հիասքանչ արքայազները բարձրացան մի ոլորտ, որտեղ բանականությունն ու սիրտը ձուլվեցին հավատի եւ արվեստի պաթոսին։ Առաջին ջութակ Էդվարդ Թադեւոսյանը, որը եղել է մեծ Կոգանի աշակերտը եւ նրա ընկերները իսկական վիրտուոզներ են՝ ունակ հաղորդելու դասական երաժշտության ամենանուրբ ելեւէջները»։ Այսօր շրջագայելու ու հայկական երաժշտարվեստը աշխարհին ներկայացնելու հնարավորություն ունե՞ք

-Խորհրդային տարիներին կար «Գոսկենցերտը», որը ստանձնել էր արտիստների ու խմբերի արտահանման, խորհրդային արվեստագետների հաջողությունները աշխարհում ցուցադրելու պարտավորությունը: Եվ ուներ համապատասխան ֆինանսներ: Հիմա վիճակը փոքր-ինչ այլ է, ու համերգներն էլ նախկինի պես պարբերական չեն: Վերջին տարիներին մենք եղել են միայն Ռուսաստանում ու Ֆրանսիայում: Բայց լիահույս ենք, որ արտասահմանյան հեղինակավոր պարբերականներն ու հայտնի երաժշտական քննադատները ասել ու դեռ ասելու են ամենապատվաբեր մեծարանքի խոսքերը Կոմիտասի անվան լարային քառյակի մասին:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԴուք երկար տարիներ զբաղվել եք դասախոսական աշխատանքով, հնարավորություն ունեցե՞լ եք պատշաճ սերնդափոխություն ապահովելու ոչ միայն Կոմիտասի անվան լարային քառյակի, այլեւ, ընդհանրապես՝ կատարողական երաժշտարվեստի համար։

-Մեր ժողովրդի ներուժը զարմանալիորեն մեծ է։ Կա մի ակունք, որ կենսունակ է ու չի սպառվում։ Ուսուցչի համար մեծ ցավ է, երբ իր ուսանողը նախավերջին կուրսում թողնում է բուհն ու գնում ուսումը շարունակելու արտերկրում։ Չգիտես՝ ո՞ւմ ձեռքը կընկնի, ի՞նչ ապագա կունենա, քո ամբողջ ջանքերը կթափվե՞ն ջուրը, թե՞ պտուղ կտան։ Ամեն դեպքում, մեր ժողովուրդը տաղանդավոր է, եւ օժտված ուսանողներ շատ կան։ Նրանք կարող են արժանիորեն փոխարինել ավագներին։ Սակայն նրանք նույնպես հոգածության ու ուշադրության կարիք ունեն։

Ժամանակին միջազգային մրցույթից հետո ԽՍՀՄ մշակույթի նախարարի հրամանով ես ազատվեցի խորհրդային բանակի զինծառայությունից։ Փառք Աստծո, որ մենք ազգային բանակ ունեցանք, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղա պիտի զինվորական համազգեստ կրի ու կարողանա տիրապետել զենքին։ Առավել գովելի է, երբ խելամիտ է օգտագործվում երաժիշտ տղաների հնարավորությունները. նրանք ընդգրկվում են զինվորական նվագախմբում, ինչն օգտակար է ե՛ւ երաժիշտների, ե՛ւ բանակի համար։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՆՔԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԱզգային բանակը բացառիկ կարեւորություն ունի մեր պետության ու ժողովրդի համար ոչ միայն ֆիզիկական պաշտպանվածության, այլ նաեւ բարոյահոգեբանական առումով։ Հայրենասիրության հենքը հպարտությունն է։ Մեր զինվորը պետք է հպարտ լինի, հպարտ՝ իր ծագումով, ժողովրդի պատմությամբ, ազգի ստեղծած արժեքներով։ Զինվորը պիտի հասկանա իր զինվորանալու խորհուրդը, այն մեծ ու սրբազան պարտքը, որ դրված է իր ուսերին։ Զինվորը պիտի հարգված ու գնահատված լինի։ Սպաների պարտքն է՝ հարգել, սիրով ու հոգատարությամբ շրջապատել զինվորին, որովհետև զինվորը պետության ամենակարեւոր արժեքն է:

Պարոն Թադևոսյան, Դուք 50 տարի՝ կես դար, Կոմիտասի անվան լարային քառյակի հետ եք, 45 տարի ղեկավարում եք այն: 2020-ը կրկնակի հոբելյանական է Ձեզ համար, որովհետև լրանում է Կոմիտասի անվան լարային քառյակի հիմադրման 95-ամյակը: Լիուլի վայելեք այն փառքը, որ հիրավի հերոսական աշխատանքով եք վասատկել: Վայելեք մեր ժողովրդի սերն ու երախտագիտությունը: Սա Ձե՛ր կերտած պատիվն ու երջանկությունն է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #27 (1347) 8.07.2020 - 14.07.2020, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


09/07/2020