Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՌՈՒՑԵՑԻՐ ՔՈ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌԸ…



ԿԱՌՈՒՑԵՑԻՐ ՔՈ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌԸ...«Ես կուզեի, որ զենքը ոչ թե փամփուշտ, այլ փայլ կրակեր»:

 Հայկ Խաչատրյան

 

ՀԱՅԿ ԳԱԳԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ծնվել է 1998թ. դեկտեմբերի 15-ին Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանա գյուղում: Զորամասի առանձին ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտը առաջադրանքի կատարման և դիվերսիա կանխելու համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով …

 

 

– Բարև Հայկ: Քո ծննդավայրում եմ, քո հայրական օջախում, որն, ասես, սրբավայր լինի: Ամեն տեղ դու ես՝ քո ոգեղեն ճառագումով: Ով բացում է ձեր տան դուռը, նախապես քեզ է ողջունում….

Դասարանում, դպրոցում, գյուղում բոլորի սիրելին էիր: Ուրիշների մեղքը քեզ վրա վերցնելու սովորություն ունեիր: Զիջող էիր զայրացնելու աստիճան: Անսահման էր սերդ ծնողներիդ հանդեպ: Միշտ կրկնում էիր հանրահայտ տողերը.

Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,

Կուզեի ծնվել նույն հոր ու մորից:

Փոքր հասակում փայտից հրացան, նետ ու աղեղ էիր պատրաստում: Մի օր Մարիամ տատդ իր աշխատանքի դիմաց ստացած դրամով խաղալիք-զենք էր գնել քեզ համար: Ուրախացար, անվերջ խաղացիր-խաղացիր ու հետո մեղավոր հայացքով դիմեցիր տատիդ. «Ափսոս չէր, էդքան գումարով գոնե լույսի վարձը կմուծեիր»:

Քո եղբայր Ղուկասը խաղընկերդ էր:

-Հայկիս կեսը մնացել է Ղուկասի մեջ,- ասում է մայրդ:

Հիմա, երբ Ղուկասը տեղեկացնում է իր ստացած պարգևների, մեդալների մասին, մայրդ տագնապում է.

-Ինձ քո մեդալները պետք չեն, ես քո տուն վերադառնալն եմ ուզում:

Իսկ եղբայրդ պատասխանում է.

-Մամ ջան, ես գիտեմ, որ ինձ շատ ես սիրում: Ղուկասը՝ Հայկի եղբայրը, իրավունք չունի վախկոտ լինել:

… Զինվորական բժիշկ էիր ուզում դառնալ: Բայց մինչ այդ հայրենիքին ծառայել էր պետք, հայրենիքը պաշտպանել էր պետք: Քաջ գիտակցում էիր խաղաղության գինը:

Դպրոցում բոլոր միջոցառումները կազմակերպվում էին քո անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ: Հերոսների դիմանկարներն էիր պատկերում: Աստվածապաշտ հոգիդ քեզ տանում էր եկեղեցիներ, սրբավայրեր: Քո ձեռքերով Սարափեշի հին մատուռի կողքին նորը կառուցեցիր:

ԿԱՌՈՒՑԵՑԻՐ ՔՈ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌԸ...Մայրիկդ ինձ մեկ առ մեկ ցույց է տալիս քո լուսանկարները, իրերը, հագուստները, քո նկարչական աշխատանքները, այն ամենը, ինչ կապված է քեզ հետ: Գծանկարում քո դիմապատկերն է, որից, ասես, կենդանի, ոգեղեն լույս է ճառագում: Ներքևում քո մակագրությունն է. «Կգա մի օր, երբ կմնա մեկ օր»: Սենյակիդ ամեն անկյունից ինձ ես նայում, որովհետև դու ամենուր ես: Պատվոգրերի, շնորհակալագրերի կողքին նկատում եմ քեզ ճանաչող, քեզ իրենցը համարող Հերոսամայրերի ձեռքով պատրաստված հուշանվերները: Զինվորական գլխարկներից՝ վարդ…Գոռ Խուդինյանի հերոսամայր Անահիտից… Կարինեի տետրում քեզ նվիրված բանաստեղծություններ են, նաև՝ քո համադասարանցիների հեղինակած: Վրձնեցիր գյուղի ամենաբարձրադիր վայրում բազմած Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանը: Երևի, գիտեիր, որ հենց այստեղ նաև քո հուշարձանն է տեղադրվելու…

Զինվորական համազգեստ կրելը պատիվ էր քեզ համար: 2017թ. հունվարին զորակոչվեցիր բանակ: Վեցամսյա ուսումնական փուլն անցկացնելուց հետո տեղափոխվեցիր առաջնագիծ: Քեզ բնութագրելիս հրամանատարն ասաց. «Գյումրեցի մի շատ լավ զինվոր ունեինք. զորացրվեց: Մի ոսկուն ճանապարհեցինք, մյուսին ընդունեցինք: Կարճ ժամանակում աչքի ընկար քո պարտաճանաչությամբ, քաջությամբ: Ճշգրտորեն էիր կատարում մարտական առաջադրանքներն ու արժանանում էիր խրախուսանքների: 2017թ. սեպտեմբերի 1-ը ճակատագրական եղավ: Մարտական առաջադրանքը կատարված էր, դիվերսիան՝ կանխված: Փորձեցիր ետ դառնալ, սակայն դարանակալ ականը պայթեց… Դաժան բոթն հասավ Գուսանա: Արդյոք նախախնամության մատը խառն է ամենուր: Մեկ շաբաթ առաջ էր ընդամենը: Գիշերվա կեսին հայրդ և մայրդ անսովոր ցնցումից արթնացան միաժամանակ: Երկուսին էլ թվաց, թե իրենց մի անսովոր ուժ բարձրացրեց վեր ու ներքև շպրտեց…

Եվ այժմ, Հայկ, ամենքիս հոգում քեզ ճանաչելու, քեզ ունենալու ասված և չասված խոսքեր են, հեռացումդ ժխտող, քեզ մեր մեջ կրելու, մեր կողքին զգալու խոսքեր… Դու ծանոթ ու անծանոթ մարդկանց սրտում ես, որովհետև քո տեսակն Աստվածատուր է: Քո տեսակը ճախրում է վեր  ու… վերադառնում է անտես՝ ապրելու ծանոթ ու անծանոթ մարդկանց հոգիներում և հավերժանալու, հավերժանալու…

 

 ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ք.ԳՅՈՒՄՐԻ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Ճակատագրեր


16/07/2020