Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐԱՆ ՊՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ



ԳՐԱՆ ՊՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԶրույց  քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ

 

Սիրելի Մարիաննա, շնորհավորում եմ «World Folk Vision 2020» հեղինակավոր միջազգային մրցույթում հայկական քանոնը պատվով հնչեցնելու և Գրան պրիին արժանանալու համար: Ու նախքան մրցույթին անդրադառնալը, ուզում եմ՝ խոսենք Ձեր վերջին տարիների գործունեության մասին: Ձեր կենսագրության  մեջ  նշված է, որ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան և ասպիրանտուրան ավարտել եք Կարմիր դիպլոմով ու արդեն 8 տարի աշխատում եք «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում՝ որպես մենակատար: Ի՞նչ հիշատակելի համերգներ եք ունեցել այդ ընթացքում:

-Ունեցել եմ բազմաթիվ մենահամերգներ հանրապետության մարզերում ու Երևանում: Քանոնի հնչողությունը շատ ներդաշանակ է հայի հոգուն, և հանդիսատեսը միշտ էլ ջերմորեն է ընդունում իմ կատարումները: Մանավանդ՝ անհնար է պատկերացել քանոնի մենահամերգ՝ առանց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ու ժողովրդական երաժշտության: Կոմիտաս, Սայաթ- Նովա, Խաչատուր Ավետիսյան…Նրանց ստեղծագործությունները թույլ են տալիս քանոնը ներկայացնել ամենաբարձրաճաշակ ունկնդրին՝ անկախ ազգությունից ու բնակության վայրից: Ի պատասխան ձեր հարցին՝ ուզում եմ մի քանի հիշարժան համերգներ նշել, որոնք շատ կարևոր էին ու սրտառուչ: 161 մանկապարտեզի տնօրեն Նունե Մելիքջանյանի հրավերով հյուրընկալվել էի ամենափոքրիկ հանդիսատեսներին: Ի դեպ, ես շատ եմ կարևորում մատաղ սերնդի գեղագիտական, ազգային դաստիարակությունը: Գեղարվեստը ձևավորում է ճաշակ, գեղեցկության, մեղմության, բարության պահանջ բոլոր հարաբերություններում: Իսկ ազգային երաժշտությունը, հոգևոր արժեքների հետ շփումը մարդուն կապում է իր արմատներին, արթնացնում ազգային հպարտություն…Ես առաջին անգամ էի նվագում փոքրիկների համար ու շատ զարմացա՝ տեսնելով, թե նրանք ինչպես են զգում Կոմիտասի, Սայաթ-Նովայի երաժշտությունն ու մեր ժողովրդական, աշուղական մեղեդիները:

Շատ հուզառատ համերգ ունեցա նաև դատապարտյալների համար: Ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ կարիք ունեն արվեստի, գեղեցիկի, բարձրացնող, ազնվացնող, վեհացնող, մաքրող հույզերի: Հիվանդ մարմինը բուժում են դեղերով, տկար հոգին՝ արվեստով, գթասրտությամբ, սիրով…

Շատ եմ ոգևորվում ՝ հիշելով Արցախյան մենահամերգս: Հերոսական հողի վրա, որտեղ ամենուր ասքեր ու դյուզազնապատումներ են, իմ հաղթական հայրենքում հերոսական ժողովրդի համար նվագելը մեծ պատիվ ու երջանկություն էր ինձ համար: Արցախցիները ինձ գրկաբաց ընդունեցին:

Ինչո՞վ էիք զբաղված համաճարակի օրերին, մինչև «World Folk Vision 2020» միջազագային մրցույթին մասնակցելը:

– Համաճարակի օրերին փորձում եմ ակտիվ ստեղծագործական կյանքով ապրելու ուղիներ գտնել: Ապրիլի 24-ին օնլայն համերգ հանդես եկա՝ երաժշտացանկում ընդգրկելով Կոմիտասի, Եկմալյանի, Նարեկացու, Երկանյանի, Ձորափորեցու գործերը: Այնուհետև միասին օնլայն նվագելու առաջակ ստացա մի արտասահմանցի երաժշտից, հետո ինձ հետ նվագելու ցանկություն հայտնեցին բազմաթիվ այլազգի երաժիշտներ:

Ես համացանցում դիտել եմ այդ կատարումները: Շատ հետաքրքիր էր տեսնել քանոնի ու տարբեր երաժշտական գործիքների համատեղ հնչողությունը: Գործիքների մեծ մասն ինձ անծանոթ էին, բայց դրանք այնքան գեղեցիկ էին հնչում հայերեն:

– Մենք իրականացրինք 30 նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրների լավագույն երաժիշտների հետ: Հնդիկ Ամիդ Միշրան հայկական երաժշտություն նվագեց տաբլայով, իտալացի կոմպոզիտոր Ֆաբիո Տուրչետին՝ հարմոնով և կիթառով, իրանցի Մեյսամ Շոքրիի գործիքը դափն էր, Չիլիից Նիկո Տրոմպեն բերանի քնար էր նվագում, բելգիացի Հեյ-Հեյ խմբի հետ շատ արդյունավետ համագործակցեցինք, սենեգալցի Լամինե Ցիսոկխոյը կորան հնչեցրեց հայերեն, Չեխիայից Զդենեկ Խլադիկը քանոնի հետ սիթառ և կիթառ նվագեց, չինացի Յիքինգ Լիուն՝ պիպա, Ֆրանսիայից Գուո Գանը՝ էրխու… Իմ քանոնը հնչում էր բուզուկիի, ռիքի, տոկայի, ուդի, տոմբակի և այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ: Պետք է նշեմ, որ համագործակցության առաջին պայմանն այն էր, որ մենք պետք է նվագեինք հայկական երաժշություն:

ԳՐԱՆ ՊՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՕտարազգի երաժիշտները դժվարությա՞մբ էին նվագում հայկական մեղեդիներ:

-Այո, կային երաժիշտներ, որոնց հետ երկար ժամանակ՝ շաբաթներով պարապում էի՝ մինչև միասին նվագելը: Հայկական մեղեդիները հնչելու էին ամբողջ աշխարհում, և ես պարտավորված էի ունկնդրին մատուցել մեր երաժշտական արվեստին արժանի որակ: Որպեսզի երկու գործիքները հնչեն ներդաշնակ, զգան ու հասկանան միմյանց, պետք է ներքին երկխոսություն ու փոխըմբռնում լինի նաև երաժիշտների միջև, այլապես անհնար է անսամբլ ձևավորել, ուստի՝ մենք զրուցում էին երկար, միմյանց պատմում մեր ժողովուրդների անցած ճանապարհի, ստեղծած մշակույթի, յուրահատկությունների մասին: Ես հպարտությամբ ներկայացնում էի հայերի արարած արժեքները Հայաստանում ու ամբողջ աշխարհում՝ երաժշտություն, ճարտարապետություն, գրականություն, կինոարվեստ, նկարչություն…

Մեր կատարումները բազմահազար դիտումների արժանացան օնլայն հարթակում, հայկական մեղեդին մեր ազգային նվագարանի՝ քանոնի կատարմամբ հնչեց աշխարհով մեկ…

Համաճարակի օրերին ես մասնակցեցի տաբլայի վարպետ Սթալվարդ Փանդիտ Չատուրի 95-ամյակին նվիրված փառատոնին՝ նրա ընտանիքի հրավերով: Ի դեպ, այս փառատոնը Հնդկաստանի հեռուստաընկերությամբ հեռարձակվեց ուղիղ եթերով: Նվագել եմ 30 րոպե՝ ներկայացնելով հայ մշակույթի գոհարները: Սա երաժշտական փառատոն էր՝ 12 ժամ տևողությամբ, որին մասնակցում էին 35 երաժիշտներ  աշխարհի տարբեր անկյուններից:

Այնուհետև օնլայն մենհամերգ ունեցա հնդկակական մեկ այլ փառատոնում` կազմակերպիչ Ջայվանդ Նաիդուի հրավերով: Այս անգամ նվագել եմ 1 ժամ:

Չեմ մերժել նաև Ֆրանսիական «World music » փառատոնի կազմակերպիչ Գուո Գանի հրավերը: Ի դեպ, Գուո Գանի հետ օնլայն նվագել ենք Սայաթ-Նովա, ինչը ունկնդիրը շատ ջերմ ընդունեց ու բազմաթիվ դրական արձագանքների արժանացրեց: Գուո Գանը աշխարհի միակ էրխու նվագող երաժիշտն է, որը Ֆրանսիայում արժանացել է Ասպետական շքանշանի:

Նվագել եմ ևս մեկ փառատոնի ժամանակ, որին մասնակցում էին 60 արտիստ 15 երկրից, հայաստանյան միակ ներկայացուցիչն էլ ես էի: Վերջին հրավերը Բրյուսելից էր:

Փաստորեն, համաճարակը նպաստել է, որ եռանդուն քարոզեք հայկական երաժշտությունը աշխարհում:

Իսկ հիմա պատմեք, խնդրեմ, «World Folk Vision 2020» մրցույթի մասին:

– «World Folk Vision 2020»-ը ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոն է, իսկ «World Folk Vision» համաշխարհային մշակութային նախաձեռնության միջազգային կազմակերպչական կոմիտեն գործում է 2017թ-ից: 2019թ. Հայաստանը ներկայացրել են «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Տերյան մշակութային կենտրոնը» և «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, որոնք արժանացել են «Էթնո տուն» գլխավոր մրցանակի:

Համաճարակի պատճառով այս տարի մրցույթ-փառատոնը տեղի ունեցավ առցանց: Մասնակցության առաջարկը ստացել եմ անձամբ մրցույթի կազմակերպիչ  Լեյլա Սիմփսոնից: Մրցույթին մասնակցում էր 3950 երաժիշտ՝ 115 երկրից: Բոլորն էլ շատ բարձրորակ երաժիշտներ էին, վաստակավոր արտիստներ, զանազան հեղինակավոր մրցույթներում հաղթած արվեստագետներ: Բացի այդ, նրանք մրցույթին ներկայացել էին պետական աջակցությամբ, իսկ ես՝ ոչ: Ու պիտի նվագեի Հայկական դրոշի ներքո, ներկայացնեի մեր դարավոր հարուստ մշակույթը: Պատասխանատվությունը շատ մեծ էր, ու ես էլ աննկարագրելի լարված էի: Ես ուզում էի արժանապատիվ ներկայացնել մեր երկիրը:

Ի՞նչ եք նվագել:

-Սայաթ-Նովայի «Էշխեմեդը»: Կատարումները գնահատվում էին արհեստավարժ ժյուրիի տված միավորներով և ունկնդրի առցանց քվեարկությունով: Կիսաեզրափակիչ փուլ անցան 60 երկրի 180 մասնակից, իսկ եզրափակիչ փուլում հայտնվեցին 100-ը: Քվեարկությանը մասնակցել է 26.450.000 մարդ ամբողջ աշխարհից: Մեր օգտին քվեարկել են աշխարհի բոլոր անկյուններից՝ հայ և օտար մշակութասեր հանրությունը:

Մեր հարևան երկրներից կայի՞ն մասնակիցներ:

-Այո, մեր բոլոր հարևան երկրներից մասնակիցներ կային: Ես հաղթանակի շունչը զգացի այն պահին, երբ քառօրյայի հերոսները կանգնեցին կողքիս: Նրանք իմ կատարումները տարածում էին համացանցով, ինձ քաջալերանքի խոսքեր էին հղում: Ես շատ էի ուզում հաղթել՝ հանուն նրանց, հանուն Հայաստանի…Ես հավաքել էին ամբողջ ուժերս: Երբ լեգենդար հետախույզ Սարգիս Ստեփանյանը զանգեց ու անձամբ շնորհավորեց ինձ, արցունքներս զսպել չկարողացա:

Մենք արժանացանք Գրան պրիի:

Մենք՝ ո՞վՀայաստանից ուրիշ մասնակի՞ց էլ կար:

-Ոչ, ես միակ մասնակիցն էի Հայաստանի դրոշի ներքո: Մենք ասելով՝ նկատի ունեմ մեր մշակույթը, Հայաստանը: Շնորհակալական ու շնորհավորական նամակներ եկան «World Folk Vision» -ի խորհրդի նախագահ Վլադիմիր Պիսկուրևից ու գլխավոր կազմակերպիչ Լեյլա Սիմփսոնից:

Ես ուզում եմ մեջբերել Լեյլա Սիմփսոնի գնահատականը. «Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը վառ տաղանդով օժտված արտիստ է, որն իրեն նվիրել է արվեստին, բացառիկ վարպետությամբ և արտիստականությամբ գերել է աշխարհի ամենամեծ մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման գործում»:

-Առաջին գլխավոր մրցանակը՝ Գրան պրին Հայաստանինն էր՝ «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում, երկրորդը Մակեդոնիայի ներկայացուցիչ Վասիլ Գարվանլիևը ստացավ` «Աշխարհի ժողովուրդների երգ» անվանակարգում, երրորդը տրվեց Չեչնիայի «Նոխչո» երգի- պարի ազգայինի խմբին՝ « Աշխարհի ժողովուրդների պար» անվանակարգում:

Այսինքն՝ գործիքային երաժշտության միակ մրցանակակիրը Դուք էիք՝ մեր քանոնով, մեր ազգային երաժշտությամբ:

-Այո: Ես երջանիկ եմ, որ Հայաստանի անունը, հայկական քանոնը ու Սայաթ-Նովայի չքնաղ «Էշխեմեդը» հնչեց  բազմամիլիոն ունկնդրի համար, նվաճեց նրանց սրտերը, սիրվեց ու գնահատվեց ըստ արժանվույն:

Եվ ես իմ այս հաղթանակը ի խորոց սրտի նվիրում եմ ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Հոգևոր-մշակութային


16/07/2020