Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ



ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸՆոբելյան մրցանակը ամենամյա միջազգային մրցանակ է, որ շնորհվում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի և Շվեդական ակադեմիայի կողմից մշակութային, գիտական և ակադեմիական ձեռքբերումների համար: Մրցանակները սահմանվել են 1859 թվականին՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, և շնորհվում են հետևյալ բնագավառներում՝ գրականության, քիմիայի, ֆիզիկայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, տնտեսագիտության:

Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշում է Նոբելյան հիմնադրամը: 2017թ. հանձնվող գումարի չափը կազմել է 9 000 000 շվեդական կրոն,  կամ ամերիկյան  1 110 000 դոլար:

Առաջին հայ գիտնականը, որ ինն անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները: Չամիչյանն առաջարկել է արհեստական լուսաքիմիական ռեակցիաներով նոր վառելանյութի (օրինակ՝ երկհիդրոֆոսֆատների) արտադրության եղանակ, որը միանգամից կարող է լուծել երկու խոշոր խնդիր՝ էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության: Լուիջի Ջակոմո Չամիչյանը նշանավոր պատմաբան Միքայել Չամիչյանի զարմիկն է, զտարյուն հայորդի, որ ծնվել է Իտալիայի Տրիեստ քաղաքում 1857թ. և փառք ու պատիվ բերել իտալական քիմիական գիտությանը:

Չամիչյանը 1887թ. շահել է Լինչեի թագավորական ակադեմիայի (աշխարհի հնագույն գիտական ընկերություններից է, գործում է 1603թ-ից) մրցանակը: Հետագայում նա դարձել է այդ ակադեմիայի անդամ, Ֆրանսիայի, Պրուսիայի, Բավարիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի և այլ հեղինակավոր ակադեմիաների պատվավոր անդամ: Ընտրվել է Իտալիայի Կիրառական և ընդհանուր քիմիայի ընկերության նախագահ, 1910թ. նաև Սենատի անդամ և մեծ նպաստ բերել Իտալիայում գիտության զարգացմանը: Չամիչյանը կարծում էր, որ եթե ոչ հեռավոր ապագայում ածխի պաշարները սպառվեն, քաղաքակրթությունը չպետք է տարակուսի. կյանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Արեգակը լուսավորում է: Չամիչյանն առաջարկել է մոլորակի առատ բուսականությամբ վայրերում լուսասինթեզը թողնել բույսերին, իսկ անապատներում, որտեղ ավելի շոգ է, և արևն ավելի սաստիկ ու տևական է, կազմակերպել ավելի մեծ ներքին էներգիայով միացություններ սինթեզող բույսերի արհեստական արտադրություն:

Չամիչյանը համոզված էր, որ քանի դեռ Արեգակը Երկիր է ճառագայթում հսկայական քանակով էներգիա, այստեղ էներգետիկ ճգնաժամ լինել չի կարող: Այս ամենը, ինչպես տեսնում ենք, ներկայիս գլոբալ տաքացման և հանածո վառելիքի պաշարների կտրուկ նվազման սպառնալիքի պայմաններում ոչ միայն հույժ արդիական է, այլև այլընտրանքային էներգիայի ստացման իրական հնարավորություն, ուստի այսօր նույնպես ուշադրության կենտրոնում է: Այսինքն՝ Չամիչյանը դեռևս հարյուր տարի առաջ դրել է նաև կենսատեխնոլոգիայի հիմքերը:

Օրգանական լուսաքիմիայի ոլորտում Չամիչյանը հետազոտել է բույսերում լույսի ազդեցությամբ տեղի ունեցող բազմաթիվ ռեակցիաներ: Նրա ուսումնասիրությունները բացել են քիմիայի նոր ոլորտներ, դարձել լուսաքիմիայի՝ որպես նոր գիտության հիմքը:

Ջակոմո (Հակոբ) Չամիչյանին դասել են համաշխարհային հռչակ ունեցող գիտնականների շարքը, սակայն այդպես էլ նա չարժանացավ Նոբելյան մրցանակի:

 

Շարունակելի

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Հոգևոր-մշակութային


16/07/2020