ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ…
Ամառ է, բայց սարերը ձյունոտ են: Համատարած ամայության մեջ, դիրք տանող կածանի ճերմակության վրա զինվորական կոշիկների հետքեր կան միայն: Բռնցքաչափ կարկուտը կիտվեց, դարձավ ձյուն, ձուլվեց սարերի լանջն ի վար փռված ամպերին:
–Ի՞նչ կա ամպերից վեր,- հարցնում եմ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Հակոբյանին: Շրջվում է, ձեռքը մեկնում դեպի դիրքը գրկած սարերին ու ասում.
–Ազատություն: Ուժ: Հաղթանակ:
Տղերքը բուշլատով են: Բոլորն էլ մի տեսակ խոշոր են ու ժպտուն:
–Իմ զորքն է, – ասում է վաշտի հրամանատարը: Ես ավելի ուշադիր եմ նայում, որ հետո կարողանամ բառերով նկարագրել պահը: Ապերից վեր, կատարյալ ճերմակության ֆոնին՝ համազգեստ հագած շարժվող ժայռաբեկորներ են ու մի զույգ փայլող աչքեր՝ լի հպարտությամբ, սիրով ու վճռականությամբ:
-28 տարի սարերում եմ : Չեմ հոգնել, էլի եմ մնալու: Դեռ կիսատ գործեր ունեմ:
– Ինչպես սկսվեց 28 տարի ձգվող ճանապարհը:
-Ես մտածում եմ, որ այդ ճանապարհը ավելի շուտ էր սկսվել՝ այն ժամանակ, երբ Հադրութի Մուխրենեզ գյուղի մեր պապական տանը առավոտից իրիկուն պարսատիկ էի սարքում, նետ ու աղեղ, փայտից ատրճանակներ: …Ինձ ոչ ոք չի պատմել հայրենիքի մասին, չի ծանոթացրել մեր պատմությանը, չի խոսել Եղեռնից, սիրտս վրեժով չի լցրել: Երբ 3 տարեկան էի, հայրս ընտանիքն առած եկավ Հոկտեմբերյան, որ ինքն ու մայրս աշխատեն տեղի կահույքագործական ձեռնարկությունում: Ինձ մեծ քույրս էր խնամում, մեծ եղբայրս էլ սովորեցնում էր տղայական չգրված օրենքները: Իսկ հենման կետ չկար:
–Ո՞վ է այդ տարիքում հենման կետ ունենում:
-Աղջիկներս՝ Նորան ու Անգելինան: Մեկը 10 տարեկան է, մյուսը ՝ 8, երկուսն էլ գերազանցիկ են, երազանքներ ունեն, ապագայի հետ կապված ծրագրեր:Կինս չի աշխատում, նվիրվել է երեխաների դաստիարակությանը, փորձում է բացահայտել նրանց նախասիրությունները, ուղղորդել: Շատ կարևոր է, որ քո ներքին մղումներն ու ճակատագիրը հանդիպեն իրար: Ամեն մարդ պիտի կարողանա գտնել իր կյանքի գործը, դա երջանկության ամենակարևոր նախադրյալն է՝ հատկապես տղամարդու համար:
Պիտի գտնես քո հոգու տարածքը: Ես ինչ-որ բարձր, հզոր, վեհ բան էի փնտրում: Չգիտեմ՝ ինչ, բայց փնտրում էի: Հասակակից տղաներով հավաքվում էինք ժամագործների, կոշկակարների, թիթեղագործների կրպակներում: Նրանք լավ արհեստավորներ էին, ճանապարհ անցած, հարգված, կյանքի լավն ու վատն իմացող մարդիկ…Լսում էի նրանց զրույցները, որ հագուրդ տամ հոգուս մեջ ահագնացող անբացատրելի-անանուն պահանջին:
… Հոկտեմբերյանի ուսումնարանում ավտոգործ էի սովորում, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Ու ես իմացա, որ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին:
–Դուք Հադրութում եք ծնվել…Ուսումնարանում սովորելի՞ս իմացաք, որ Արցախը պոկել են Հայաստանից:
-Այո, ու սրտիս մեջ անորոշ, բայց ուժեղ մի բան թրթռաց: Այդ ժամանակ էլ զորակոչվեցի ժամկետային ծառայության: Ես ազգային բանակի առաջին զինվորներից եմ: Ինձ 600 հոգու հետ ուղարկեցին Վրաստան՝ մի քանի զինվորական մասնագիտություն սովորելու:
–Ի՞նչ սկզբունքով էին ընտրվել այդ 600 հոգուն:
-Չգիտեմ, թե մյուսները ինչ սկսզբունքով էին ընտրվել, բայց ինձ ընտրեցին, որովհետև ռուսական կրթություն ունեի, տիրապետում էի լեզվին:
Ես Վրաստանում 5 զինվորական մասնագիտություն սովորեցի՝ ականազերծողի, զրահամեքենայի մեխանիկ-վարորդի, հետախույզի և զինվորական պարեկի: 1992 թվականն էր, Հայաստանի սահմաններին կռիվը օր օրի թեժանում էր, իսկ ինձ առաջարկում էին գնալ Ռուսաստան ու սովորել ռազմական բուհում:
–Հրաշալի առիթ էր ցրտի, խավարի, սովի ճիրաններում տառապող երկրից մի քանի տարով կտրվելու ու զինվորական մասնագիտություն ստանալու համար… Այն էլ ՝ Ռուսաստանում՝ բարեկեցիկ, խաղաղ, ապահով…
-Իհարկե, կատակում եք…Կամ ծաղրում եք նրանց, ովքեր այդ օրերին հեռացան երկրից: Ես ուզում էի վայրկյան առաջ վերադառնալ հայրենիք ու գնալ առաջնագիծ: Հայաստան հասնելուն պես ծառայության անցա Չարբախի գնդում ու մեկնեցի Լաչին:
–Այդ ժամանակ Լաչինում իսկական պատերազմ էր…
-Հա: Մեր պոստերը Ղոչաղ սարի վրա էին: Ես «Սև հովազ» կոչվող վաշտից էի՝ Ռուստամ Գասպարյանի զինվորն եմ եղել: Նոր էի հասել սահման, երբ շրջափակման մեջ ընկանք…17 օր:
–Մի բան հարցնեմ …Երբ շրջափակման մեջ էիք՝ մահվան վտանգն աչքի առաջ, չէի՞ք մտածում, որ կարող էիք այդ պահին ռուսական որևէ քաղաքում լինել, ռազմական բուհի զորանոցում, կուրսանտական համազգեստով, կուշտ, հանգիստ:
-Ես վերջապես գտել էի իմ տարածքը: Իմ ներքին ցանկությունները ու ճակատագիրը հանդիպել էին իրար: …Մենք անցանք Լաչինով, Կուբաթլիով, կռվեցինք Մելիքաշենում, Հադրութում, Կիչանում, Հորադիզում, Օմարի լեռնանցքում…Իմ սիրտն զգաց ուժեղ ու հաղթող լինելու երջանկությունը: Դա այնքան ուժող ու վեհացնող զգացողություն է, որ ուրիշ ոչ մի բանի հետ չես փոխի: Երբ քայլում ես մահվան կողքով,ուրիշ մարդ ես դառնում…Ու այլևս չես կարող վերադառնալ այնտեղ, որտեղ ապրում էիր անկշիռ ու առանց հենման կետի:
Ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո չզորացրվեցի. շարունակեցի ծառայել նույն վաշտում, նույն հրամանատարի ղեկավարությամբ, բայց այս անգամ՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող: Ծառայեցի մինչև 2006 թվականը: Հետո մեզ տեղափոխեցին այլ վայր, ծառայեցի մինչև 2016թ.: 2007թ. նշանակվեցի դասակի հրամանատար:
–Բնականաբար, երբ դասակի հրամանատար էիք, Ձեր զորքն ավելի փոքր էր, քան հիմա:Ի՞նչ է փոխվել Ձեր աշխատանքում:
-Զորքի մեծությունն ու ուժը մարդկանց թվով չի պայմանավորված, այլ նրանց ոգով, խիզախությամբ, հաղթանակին ամեն ինչ նվիրաբերելու կամքով, զինակից ընկերոջ կյանքի համար սեփական կյանքը տալու պատրաստակամությամբ: Երկու զինակից ընկերներ կարող են զորք դառնալ: Իսկ անգաղափար, աննպատակ, վախկոտ մարդիկ, թեկուզ՝ հազարներով, թեկուզ՝ մինչև ատամները զինված, դատապարտված են պարտության: Ադրբեջանը՝ քեզ օրինակ:
–Ասացիք, որ ծառայեցիք մինչև 2016 թվականը:
-Հետո անցա թոշակի՝ զորացրվեցի: Երեք ամիս անց սկսվեց ապրիլյան պատերազմը: Ես, բնականաբար, զինակիցներիս հետ մեկնեցի Թալիշ: Որոշել էի՝ հակառակորդին կխցկենք իր որջը, ու կվերադառնամ տուն: Բայց մնացի ու մնացի: Հասկացա, որ իմ կռիվը չի ավարտվել: Ես տեսա Թալիշի ավերակները, մեր 18-20 տարեկան զինվորների նվիրումը հայրենիքին ու հասկացա, որ պիտի նրանց կողքին լիենեմ: Ես զգացի, որ հայրենիքի սահմանին իմ տեղը դատարկ է,և… ինչ-որ մեծ դատարկություն կա իմ հոգում:
–Էդ տրամաբանությամբ մինչև խոր ծերություն պիտի մնաք բանակում:
-Ես վստահ եմ, որ մեր վերջնական ու անշրջելի հաղթանակը շատ ավելի մոտ է, քան իմ խոր ծերությունը: Երբ սահմաններին կայուն խաղաղություն լինի, ես կիջնեմ սարերից:
–Լավ է՝ հասցրել եք ամուսնանալ:
-37 տարեկանում եմ ամուսնացել, էն էլ՝ զինակից ընկերներիս շնորհիվ: Դիրքերում էինք, Ռոլանդն ասաց՝ մեր հարևանի աղջիկը հալալ կաթնակեր է, պարկեշտ, աշխատասեր, կիրթ, լավ կին կլինի քեզ համար: Հերթական արձակուրդի ժամանակ տեսա Նաթելային: Նա ինձ անմիջապես դուր եկավ. հայուհու տիպար էր՝ համեստ, մեղմ, քաղաքավարի: Ես նրան ասացի, որ տարին 12 ամիս սահմանանին եմ լինելու, համաձա՞յն է ամուսնանալ դիրքապահի հետ… Արդեն 11 տարի միասին ենք: Ավելի ճիշտ՝ կինս Արմավիրում է՝ աղջիկներիս հետ, ես՝ սահմանին:
–Պատկերացնում եմ՝ որքան դժվար է:
-Ես ինձ դուր եմ գալիս սարերի ֆոնին, ամպերից վեր. երբ դիմացդ հակառակորդն է՝ քո նշանառության տակ, կողքիդ՝ զինակից ընկերդ՝ քո հենարանը, հետևում՝ քո ժողովուրդը՝ քո ամուր թիկունքը,իսկ դու կանգնած ես՝ որպես կենդանի վահան: Սա իմ տեղն է աշխարհի վրա: Ամեն մարդ իր տեղն ունի, պիտի ամեն ինչ անի, որ գտնի այն: Իսկ Դուք ասում եք՝ դժվար է: Իրականում՝ հեշտ է: Ավելին՝ լավ է շատ:
–Ձեր կինն ու երեխաները Ձեր ծնողների հե՞տ են ապրում:
-Ծնողներս մահացել են: Իմ հայրական տանը եղբորս ընտանիքն է ապրում: Ես տուն չունեմ, կինս երեխաներիս հետ վարձով է ապրում Արմավիրում:
-28 տարվա զինծառայող եք...
-Բանակի առաջին զինվորն եմ: Ամեն անգամ, երբ բանակը նշում է իր ծննդյան օրը, ես էլ իմ ծառայության տարեդարձն եմ նշում:
–Խոսքս ընդհատեցիք, ասում էի՝ 28 տարվա զինվորականին բանակը բնակարանով չի՞ ապահովում:
-Պիտի դիմեմ, որ ապահովի: Դեռ ժամանակը չէ: Երբ մի օր զգամ՝ էնքան եմ տվել բանակին, որ կարող եմ նրանից ինչ-որ բան խնդրել, կդիմեմ…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում