Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ Է…



ԶՈՐԱԿՈՉ Է...Զորակոչ է: Հանրապետական հավաքակայանում ենք: Հետևում ենք ամառային «արտակարգ» զորակոչի աշխատանքներին, որոնք իրականացվում են հակահամաճարակային կանոնների առավել քան խիստ պահպանմամբ՝ վարակի ներթափանցումը զինված ուժեր կանխելու նպատակով:

Զորակոչիկները ժամանում են փոքրաթիվ խմբերով, կուտակումներ չկան: Տվյալ պահին հավաքակայանում են արդեն Գեղարքունիքի, Շիրակի մարզերից, Երևանից մեկական խմբեր: Տղաների հետ միասին, պահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորություն, անցնում ենք բացազատված բացօթյա կետերով: Զորակոչիկներն ստանում են բժշկական դիմակներ, լուծույթներով ախտահանում ձեռքերը: Հարկ է նշել, որ հավաքակայանի ամբողջ տարածքում, նույնիսկ բժշկական վրաններում առկա են հատուկ գծանշումներ՝ զորակոչիկների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար:

Առաջնահերթ կատարվում է ջերմաչափում, ապա նաև արյան նմուշառում: Հետազոտության փոքր-ինչ կասկածելի արդյունքների դեպքում զորակոչիկներին արագ մեկուսացնում են և կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցկացնում: Մեր այցելության օրվա տվյալներով հետազոտվածներից ոչ մեկի թեստավորման պատասխանը դրական չի եղել:

ԶՈՐԱԿՈՉ Է...Մի քանի հետազոտություն ևս. բժշկական հանձնաժողովը պետք է վստահ լինի, որ բանակ են գնում ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդներ, և անցնում են հաջորդ փուլին: Կարճատև դադարի ընթացքում պատասխանատուներն ամփոփում են բժշկական հանձնաժողովի ներկայացրած տվյալները, ապա զորակոչիկներն ստանում են անձնական պայմանական համարներով անվանապիտակներ, դասակարգման տարբերանշաններ՝ վիճակահանությանը մասնակցելու համար: Ամեն ինչ պատրաստ է. ծառայության վայրի ընտրության գործընթացն սկսվում է: Ծնողները վիճակահանությանը հետևում են տարածքային ստորաբաժանումներում առցանց հեռարձակմամբ:

Տղաները հերթով մոտենում են համապատասխան թմբուկին, ևս մեկ անգամ ախտահանում ձեռքերը, ապա թմբուկից հանում զորամասի համարը, բարձրաձայն արտաբերում և թուղթը պահում տեսանելի տարբերակով: Գործընթացն ամբողջությամբ թափանցիկ է: Գեղարքունիքի մարզը սպասարկող տարածքային ստորաբաժանման զորակոչային գծով տեսուչ Նաիրի Դուրգարյանը ուրախությամբ փաստում է. իրենց մարզից հերթական խումբը հաջողությամբ անցավ բոլոր փորձաքննությունները և պատրաստ է մեկնել ծառայության:

Նրանցից մեկը Վահան Ասատրյանն է Գանձակ գյուղից: Առանձնանում է  ձիգ կեցվածքով, հանգիստ խառնվածքով: Արևելյան մարտարվեստների սիրահար է, փոքր տարիքից կարատեի խմբակ է այցելել: Մարզական տարբեր հարթակներում հաջողություններ գրանցելուց հետո հարազատ Գանձակում, ապա նաև Սարուխան գյուղում խմբեր է կազմել, մարզել ցանկացողներին: Ծնողներին թևութիկունք է եղել, ու հիմա էլ մտածում է՝ հանկարծ հոգս չլինի նրանց համար երկար ճանապարհ կտրել-անցնելը զորամաս տեսակցության գալու համար:

ԶՈՐԱԿՈՉ Է...-Ծառայության հետ կապված որևէ մտավախություն չունեմ, դժվարություններից, նոր մարտահրավերներից չեմ վախենում: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի, պաշտպանի իր հայրենիքը, հիմա էլ իմ հերթն է: Տրամադրվածությունս մարտական է: Ձգտելու եմ այնպիսի զինվոր լինել, որ ինձնով հպարտանան: Ամենից դժվարը, երևի, հարազատների կարոտն է լինելու, բայց դե, պիտի ծառայեմ: Այնպես որ, ինձ բարի ծառայություն, հերթափոխն էլ մյուսներին,- ասում է Վահանը:

Հավելենք, որ Ասատրյանների ընտանիքում հայրենիքի պաշտպանների արժանի հերթափոխ է կատարվում: Վերջերս Պաշտպանության բանակում ծառայությունը պատվով ավարտեց, տուն վերադարձավ Վահանի հորեղբոր ավագ որդին, փոքրն էլ այժմ բանակում է, իսկ մեկ տարի հետո ծառայության կմեկնի Վահանի հարազատ եղբայրը:

Հերթը հասել է Երևանից զորակոչվողներին: Բոլորի ուշադրությունը գրավում են իրար շատ նման երկու տղաներ: Զույգ եղբայրներ են, հագուկապով էլ շատ դժվար է տարբերել: Երկար տարիներ զբաղվել են ըմբշամարտով, տարբեր նվաճումներ ունեն. այնպես որ, զորամասում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաստատ չեն նեղվի:

-Ծառայությանը պատրաստ ենք բոլոր առումներով: Լավ է, որ երկուսով նույն զորամասում ենք լինելու, իրար կօգնենք: Մենք սովոր ենք ամեն ինչ միասին անել,- նշում են Էրիկ և Նարեկ Մելքոնյանները:

ԶՈՐԱԿՈՉ Է...Վիճակահանության տեղամասում եղբայրներից մեկն է ընտրություն կատարում: Գործող կարգի համաձայն՝ զորակոչվող եղբայրներն իրավունք ունեն ծառայել նույն զորամասում, բնականաբար, Էրիկն ու Նարեկը այդ հնարավորությունից չեն հրաժարվել:

Ճաշի ժամ է: Զորակոչիկները թարմ, համեղ, բարձր կալորիականությամբ սնունդ են ընդունում՝ կրկին պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները. սեղաններն առանձնացված են, մեկ սեղանի մոտ երեք-չորս հոգուց ոչ ավելի, սպասքը մեկանգամյա օգտագործման է: Հայրենիքի ապագա պաշտպաններին ճանապարհ ընկնելուց առաջ սննդարար ուտելիք է պետք: Իսկ դրսում նրանց արդեն սպասում են տարբեր ուղղություններով զորամասեր մեկնող ավտոբուսները: Շուտով նրանք կսկսեն իրենց արժանապատիվ ծառայությունը հանուն մեր երկրի անվտանգության, մեր ժողովրդի խաղաղ առօրյայի ապահովման:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1348) 15.07.2020 - 21.07.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/07/2020