ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները:
Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները: