Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ. ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ



ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ. ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՄոսկվաբնակ արձակագիր Նարինե Աբգարյանը ծագումով Բերդից է: Նրա ստեղծագործություններն արդեն իսկ թարգմանվել են 14 լեզուներով: Աբգարյանի արձակ գործերի մեծ մասի հենքը տավուշցին է՝ իր բազում հոգսերով, երազանքներով ու առօրյայով:

Թարգմանաբար ձեզ ենք ներկայացնում հայտնի արձակագրուհու՝ հյուսիսարեւելյան սահմանագոտու իրադարձությունների առնչությամբ ֆեյսբուքյան գրառումները:

 

13.07.2020թ.

«Գործերը ո՞նց են» հարցիս ի պատասխան, հայրս ուսերն է թոթվում.

-Առավոտ շուտ գնացի հողամաս, մորի ու դեղին լոբի բերեցի: Մորին մայրդ կսառեցնի. մուրաբան արդեն պատրաստել է: Դե, իսկ լոբին կեփի, կուտենք սխտորի արգանակով:

-Բերդում համազարկեր լսո՞ւմ եք:

-Աղջի՛կս, ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացիր: Մենք երբեք առաջինը ոչ մեկին մատով չենք դիպչի, բայց եթե իրենք խցկվեն, շատ կփոշմանեն:

Պատերազմի նոր օջախ ունենք. էլի մեր շրջանում: Արդեն համարյա մի ամբողջ օր: Գիշերը մի քանի ժամ հանգստ էր, հիմա նորից գործի են դրվել հակառակորդի հրետանին ու տանկերը: Մեզ՝ սահմանի խաղաղ բնակիչներիս, արգելված է մեկնաբանել այն, ինչ կատարվում է: Միայն ռազմական գերատեսչությունն է տեղեկություն տարածում:

Տավուշցիների փակ խմբում փոքրիկ մի հարցուփորձով համոզվում եմ. մարդիկ հանգիստ են, լիովին վստահում են երկրի ղեկավարությանը, հավատում են իրենց բանակին: Աղոթում են զինվորների համար:

Զոհեր չունենք, և տա՛ Աստված՝ չունենանք:

Այնտեղ՝ պատերազմական սահմանին հայրիկս մորի է հավաքում, իսկ մայրս լոբի է պատրաստում… Մորի, լոբի, կաթսա, որն արդեն երեսունից ավելի տարեկան է և հորս հանգիստ ձայնը՝ «Աղջի՛կս, մի՛ անհանգստանա. ամեն ինչ լա՛վ կլինի»:

Ահա այսպիսի կյանք…

 

♦♦♦

 

14.07.2020թ.

…Երեք հարված Բերդ քաղաքին՝ անօդաչու թռչող սարքերից: Զոհեր չկան: Խոսեցի հորս հետ: Անխռով է, ինչպես Արարատը:

-Ինչո՞վ ես զբաղված,- ասում եմ:

-«Լարովի նարինջը» ֆիլմը նորից եմ նայում:

-Բերքահավաքի գնալո՞ւ ես:

-Վաղը կգնամ, մորու նոր բերքի հասունանալու ժամանակն է:

-Բայց չէ՞ որ ռմբակոծո՜ւմ են:

-Ոնց ռմբակոծում են, էդպես էլ կդադարեն: Շան տեղ մի՛ դիր:

 

♦♦♦

 

16.07.2020

Խոսեցի Լյովա հորեղբորս հետ.

-Դե, ո՞նց եք էդտեղ:

-Շքե՜ղ:

-Չե՞ք անհանգստանում:

Անկեղծ զարմանքով.

-Ինչո՞ւ, անհանգստանալու պատճա՞ռ կա:

(Չիմացողների համար՝ ամփոփ տեղեկագիր հուլիսի 16-ի վերաբերյալ. վեց ժամ տևած մարտեր, հրետակոծված չորս սահմանապահ գյուղ, հակառակորդի էլիտար՝ հատուկ նշանակության զորքերի ներխուժման փորձ, որոնք հանդիպել են կատաղի դիմադրության՝ մարտի դաշտում թողնելով տասնյակ սպանվածներ):

Հարցնում եմ զարմիկիս՝ Լյովա հորեղբորս որդուն:

-Հորեղբայրը ո՞նց է: Նյարդայնանո՞ւմ է:

-Իհարկե նյարդայնանում է:

Ես՝ խուլ ձայնով.

-Ուրեմն՝ նյարդայնանում է…

Զարմիկս.

-Էդ էր պակաս՝ չնյարդայնանար: Ինձ նարդիով տասը օյին պարտվեց:

Պատկերացրի, թե ինչպես են նարդիով իրար բզիկ-բզիկ անում իմ մանկության քարե տան պատշգամբում: Փոշու ամպ, օդում՝ բմբուլներ, հարևանները վազելով գալիս են՝ բաժանելու, բայց իրենք էլ են նարդու կռվի մեջ: Ամեն ինչ՝ սովորականի պես:

-Իսկ հեռանալ չե՞ք պատրաստվում,- զգուշորեն հարցնում եմ հորեղբորս:

-Բա թթի օղին ո՞վ է քաշելու:

-Գոնե մի տարի առանց թթի օղու չի՞ լինի:

-Դու գոնե լավ մտածեցի՞ր հարցդ տալուց առաջ:

Իհարկե՝ ոչ: Ես ընդհանրապես լավ չեմ տրամաբանում, երբ մեզ մոտ պատերազմ է:

Հայրիկս նախորդ օրը հինգ ժամ անցկացրել է մեր ամառանոցի հողամասում: Ճիշտ է, հո տանը չէ՞ր նստելու: Ձախ կողմում վերականգնում են կոնյակի գործարանի՝ արկի պայթյունից  փլուզված պատը,  աջում՝ հրդեհն են հանգցնում, իսկ այս երկուսի միջև հայրս սխտոր է փորում-հանում:

-Չորս դույլ հավաքեցի:

-Այդքան սխտորն ինչի՞դ է պետք:

-Ա՛յ բալամ, բա ձմեռը ի՞նչ ես ուտելու: Հո Գաբարդինանց Երվանդը Մոսկվա դատարկ ձեռքով չի՞ գնալու:

Մոսկվան կարող է հանգիստ քնել. հիմա արդեն լիուլի ապահովված է սխտորով:

Հարցնում եմ մորս.

-Գոնե դո՛ւ ինձ ճիշտն ասա՝ ո՞նց եք էդտեղ:

Մաման բարեհոգությամբ.

-Աղջի՛կս, մի՛ անհանգստանա, «տագնապի» ճամպրուկը հավաքել եմ:

-Թե մի բան եղավ՝ կպոկվեք Երևան, չէ՞:

-Հա՛:

-Շնորհակալ եմ, մա՛մ:

Իրար հրաժեշտ տվեցինք. մի քիչ հապաղեցի խոսափողը ցած դնելիս:

-Ա՛յ կնիկ, ճամպրուկի մասին խաբեցիր, հա՞:

-Հա:

-Հավատա՞ց:

-Հա:

-Լա՛վ է…

♦♦♦

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ. ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

 

Այս օրերին նախ և առաջ մեր զինծառայողներին եմ ուզում դիմել: Շնորհակա՛լ եմ, որ ձեր ուսով պաշտպանեցիք Հայաստանը: Ողջ ու առողջ եղե՛ք, մեր պահապան հրեշտակնե՛ր: Մենք հավատում ու վստահում ենք ձեզ, աղոթում ենք ձեզ համար:

 

Ռուսերենից թարգմանեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


23/07/2020