«ԼԱՎ ԴԻ ԸԼԻԼ…»
Ադրբեջանական հարձակումից տուժած Չինարի, Այգեպար, Մովսես և Վերին Կարմիրաղբյուր գյուղերի գյուղապետները պատմում են մարտական գործողությունների, դրանց հետևանքների, վերականգնողական աշխատանքների ու համագյուղացիների տրամադրության մասին:
ՍԱՄՎԵԼ ՍԱՂՈՅԱՆ
Չինարիի գյուղապետ
Անկեղծ ասած՝ ադրբեջանցիների հերթական արկածախնդրությունից մենք առանձնապես անակնկալի չեկանք: Մեր գյուղը 30 տարի ապրում է թշնամու նշանառության տակ, ինչ ասես՝ չենք տեսել: Յուրաքանչյուր չինարցի զինվոր է: Չինարին սովորական գյուղ չէ, ես նրան ռազմականացված համայնք եմ կոչում: Երբ սահմանին լարվածությունը թեժացավ, մենք հասկացանք, որ շուտով ադրբեջանցիները կսկսեն խաղաղ բնակչությանը թիրախավորել: Գրեթե միշտ այդպես է լինում: Երբ մեր զինծառայողները ճնշում են հակառակորդի կրակակետերը, նրանք զենքն ուղղում են խաղաղ բնակչության դեմ: Մեզնից են վրեժ լուծում, երբ պարտվում են մեր բանակին:
Բավական է ասել, որ մինչ օրս մենք զոհ չեն ունեցել: Միշտ պատրաստ ենք պաշտպանվելու, մինչ բանակը հակարահարված կտա: Գյուղում կան բավարար քանակի ապաստարաններ՝ համապատասխան կահավորանքով, սանհանգույցով, կենցաղային պայմաններով, բժշկական պարագաներով ու ջրի պաշարով: Օգտագործել ենք ապահով թաքստոցներ ունենալու բոլոր հնարավոր ռեսուրսները: Տարին մի քանի անգամ դպրոցում տագնապ ենք հայտարարում, որ տեսնենք՝ փոքրիկները կարո՞ղ են առանց իրար տրորելու արագ հասնել ապաստարան:
…Դուք չեք պատկերացնի, թե որքան լավն են մեր գյուղի մարդիկ: Որքա՜ն հայրենասեր են, որքա՜ն ամուր են կապված իրենց արմատներին: Ինչպիսի՜ արժանապտվություն ու պատվախնդրություն ունեն, ո՜նց են սիրում իրենց գյուղը, տունը, ընտանիքը, համագյուղացիներին, ո՜նց են հարգում իրենց սրբությունները, պապերի գերեզմանները: Ինչքա՜ն համարձակ են ու անկոտրում: Իսկ ջահելները… Ես նրանց ցավը տանեմ, հերոսական, պայծառ, անձնազոհ, առյուծ տղերք են: Մի հրաշալի սերունդ է բարձրացել՝ մեր հպարտությունը:
Սերտ համագործակցում ենք բանակի հետ: Համագործակցելը ո՞րն է. մենք բանակի մի մասնիկն ենք: Թշնամին խաղաղ բնակչության դեմ հանեց խոշոր տրամաչափի գնդացիրներ, ծանր հրետանի: Ոչ մի տրամաբանություն չկար: Ո՞վ է ծանր հրետանիով խփում տներին, իրենց այգիներում աշխատող մարդկանց: Խելահեղություն էր:
Մեր բանակը լռեցրեց թշնամուն: Շատ ցավոտ լռեցրեց: Դիակ էր, որ հավաքում էին ադրբեջանցիները, տեսած կլինեք, տեսանյութ կա, նկարներ կան:
…Հուլիսի 15-ը մեր ամենածանր օրն էր: Երկու հատ «կամիկաձե» գցեցին գյուղի մերձակայքում: Հետո խփեցին տուժածներին օգնության շտապող փրկարարների մեքենան: Ես մեր զինվորների ցավը տանեմ. էդ ինչ ոսկերչական ճշգրտությամբ են աշխատում: Ոնց են միլիմետրի ճշտությամբ խփում նշանակետին, ոնց են անթերի հաշվարկում: Կրակակետերն էլ լռեցրին, տո անօդաչուների բզզոցն էլ կտրեցին: Տեսած կլինեք՝ ոնց պայթեց օդում: Փառք ու պատիվ մեր սպաներին ու զինվորներին: Հաղթեցին: Խոշոր հաշվով հաղթեցին: Ադրբեջանցիների հախից լավ եկան:
…Նորոգելու տներ կան գյուղում: Մեկը լիովին վնասվել է, պետք է նորը կառուցվի: Տերը 5 անչափահաս երեխա ունի, պիտի արագ էդ մարդու տունը կառուցենք, տանք իրեն: Ինչ ասեմ, հոգս՝ ինչքան ուզես կա: Բայց եռանդ էլ ունենք, ուժ էլ ունենք, բարձր տրամադրություն էլ ունենք: Կարևորը՝ հաղթածի ոգին է…
Տեսեք՝ տղաները անվադողեր են բեռնաթափում: Մյուս մարզերից են բերել, որ պատնեշներ կառուցենք սահմանին: Ամբողջ հայությունը մեզ հետ է: Զանգեր ենք ստանում, նամակներ, թե՝ ձեր երեխաներին բերեք մեր տուն, մինչև լարվածությունն անցնի: Հայերի պես ընտիր ժողովուրդ աշխարհում չկա: Ընտրյալ:
…Իսկ Չինարին հավերժ է: Կեցցե՛ Չինարին:
ՄԿՐՏԻՉ ՅԱՄՈՒԿՅԱՆ
Այգեպարի գյուղապետ
Նախ՝ ասեմ, որ մարդկային կորուստ չունենք: Միայն մարդու մահն է, որ անդառնալի է, հետ չես բերի, իսկ նյութական կորուստները կվերականգնենք, անհոգ եղեք: Ընկճվածություն չկա. մի քանի վնասված տունն ինչ է, որ ընկճվենք: Հենց հիմա գյուղում խմբեր են աշխատում: Կնայեն, կգրանցեն, կճշտեն վնասի չափը: Լիահույս եմ, որ կարճ ժամանակամիջոցում տները կնորոգվեն, մարդիկ կվերադառնան բնականոն կյանքին: Այգեպարը մարտական կենսագրություն ունի: Կռվի բոցերում թրծված գյուղ է, մարտիկ է: Մենք հպարտ ենք, որ այգեպարցի ենք: Սա մեր ծննդավայրն է, այստեղ մեր տունն է, մեր պապերի գերեզմանները, մեր սրբությունները: Բոլոր դժվարությունները հաղթահարելու ենք ու շարունակելու ենք ապրել մեր գյուղում: Լավ դի ըլիլ:
ԱՐՏԱԿ ՊԱՊՅԱՆ
Մովսեսի գյուղապետ
Մովսեսցիների համար կրակոցի ձայնը առվի խշշոցի պես բան է: Մովսեսը պատերազմ տեսած գյուղ է՝ դեռ 90-ական թվականներից: Հերոս գյուղ: Այնպես որ՝ ոչ զարմացած ենք, ոչ վախեցած: Հակառակորդի վերջին աշխուժությունից Մովսեսը շատ չի տուժել: Գազատարն էր վնասվել, արագ վերականգնեցինք: Ցավալին այն է, որ բերքահավաքի այս օրերին, երբ սովորաբար ժողովուրդը օրն այգում էր անցակացնում, հիմա չի կարողանում բերքը հավաքել: Մարդիկ ամբողջ տարին էս բերքի համար են չարչարվել: Ինչ արած, հարևաններին մենք չենք ընտրում, ու էսպիսի նվաստ ու տկարամիտ, վախկոտ ու անխոհեմ հարևանի կողքին պիտի պատրաստ լինենք դիմակայելու յուրաքանչյուր արկածախնդրության: Կարևորն այն է, որ անկորուստ ենք: Ամեն դեպքում, ժողովուրդը պինդ է, էս էլ կանցնի, էսպիսի՞ բաներ ենք հաղթահարել:
ԿԱՄՈ ՉՈԲԱՆՅԱՆ
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ
Առաջին անգամ ադրբեջանցիները գնդակոծեցին Վերին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի այգիները, հողատարածքները, ցորենի արտերը, որտեղ 100-ից ավելի մարդիկ հողագործական աշխատանքներ էին կատարում: Մենք սահամանամերձ գյուղի բնակիչներ ենք, մեր ականջները վաղուց են վարժվել կրակոցներին, բայց սա ակնհայտորեն լուրջ գրոհ էր: Վաղուց այսպիսի ծանր հարձակման չէինք ենթարկվել: Այն էլ՝ բերքահավաքի ժամանակ, երբ մարդիկ վաղ առավոտից այգիներում են: Ես գյուղապետարանի մուտքի մոտ էի, երբ լսվեցին առաջին պայթյունները: Զանգեցի՝ ում հնարավոր էր, խնդրեցի քողարկվել: Իհարկե, բաց դաշտում թաքստոց գտնելը դժվար էր, բայց այլընտրանք չկար: Սա Ադրբեջանի կեղտոտ ձեռագիրն է՝ գնդակոծել հող մշակող անզեն մարդկանց: Նրանց թվում է, թե հայերը ադրբեջանցիների պես վախկոտ են, ու թեկուզ ամենաուժեղ կրակով՝ կարող են մեր աչքը վախեցնել: Մարդիկ կարողացան պաշտպանվել: Այդ տարածքում նաև տներ կային, ամառանոցներ, որտեղ մարդիկ էին ապրում: Կրակը կես ժամից ավելի տևեց:
Հաջորդ օրն արդեն արկերը թափվեցին գյուղի վրա, պայթեցին գյուղացիների տնամերձ այգիներում: Ինչ ասեմ, միայն ադրբեջանցու անհայրենիք, անպատիվ բանակը արկեր կթափի խաղաղ բնակչության, իր հողը մշակող գյուղացու վրա: Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց: Մարդկային ու նյութական կորուստներ չունենք, տները անվնաս են: Մանր-մունր բաներ կան, դրանք՝ հեչ: Գյուղի վրա հայտնվեց նաև անօդաչու թռչող սարք, բայց բանակի զինծառայողները խոցեցին այն: Պետք է ասեմ, որ այստեղ բանակի պաշտամունք կա, ժողովուրդը շատ է վստահում բանակին, մեր զինվորների ու սպաների արհեստավարժությանը, քաջությանը, հայրենի հողը ամեն գնով պաշտպանելու վճռականությանը: Իսկապես, մեր բանակը հերոս բանակ է. շատ լավ աշխատեց, մեծ նյութական ու մարդկային կորուստներ պատճառեց թշնամուն, այդ պատճառով էլ լռեցին: Ադրբեջանի հետ միայն ուժի լեզվով պիտի խոսես, պիտի վախեցնես. նրանք ուրիշ լեզու չգիտեն:
Արդեն հանգիստ է: Սսկվել են: Ծեծ կերան ու խելոքացան:
ժողովուրդն, իհարկե, մտահոգ է, ինչպես բոլորը Հայաստանում, բայց խուճապ չկա, մարդիկ լցված են լավատեսությամբ, սեփական հողը պաշտպանելու վճռականությամբ:
…Մեր համագյուղացիները ամբողջ կազմով գյուղում են: Երիտասարդությունը առավել ևս վճռական է ու գյուղից չի հեռանում, ընդհակառակը, նա, ով ինչ-ինչ պատճառով գյուղում չէր, վերադարձել է տուն: Սահմանամերձ գյուղերը Հայաստանի դարպասներն են, դրանք միշտ փակ կմնան թշնամու առաջ: Հողմերը կգան ու կգնան, մենք պինդ ենք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում