Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ



(հուլիսի 12-հուլիսի 20)

 

12.07.2020

Ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքը 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները տարբեր հաճախականությամբ, անդադար, շարունակվել են գիշերվա ընթացքում: Հակառակորդի բոլոր սադրանքները հայկական զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են:

 

13.07.20

Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տվել են համարժեք պատասխան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների դեպքում արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցումով:

Հայկական կողմը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական կողմի կորուստների և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Հայկական զինված ուժերը թիրախավորել են ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները:

Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից՝  7, իսկ 120մմ ականանետից՝ 3 արկ: Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չեն եղել:

 

Հուլիսի 14

ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը դիրքապահների վարած կրակով կասեցվել է:  Առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է նաև հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները: Տուժածներ չեն եղել:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում  են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Նույն օրը մահացու վիրավորում են ստացել նաև ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆ ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԾԱՎԱԼՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐՈՆԻԿՈՆՀայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին հաջողվել է  խոցել ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը, իսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացրել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:

Արբանյակային լուսանկարների հիման վրա պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որտեղ հակառակորդը հրետանային մարտկոցներ էր տեղադրել: Այսպիսով փաստվել է. ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը դարձրել է պոտենցիալ թիրախ՝ նպատակ ունենալով ՀՀ զինված ուժերի կրակն ուղղել սեփական ազգաբնակչության վրա՝ հայկական կողմին մեղադրելով քաղաքացիական օբյեկտների վրա կրակ վարելու մեջ:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել են ադրբեջանցի 2 բարձրաստիճան սպաներ՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը:  Միայն հուլիսի 14-ին Ադրբեջանը կորցրել է 7 զինվորական. բացի Միրզեևից և Հաշիմովից սպանվել են ևս հինգ հոգի, որոնցից երկուսը՝ սպա:

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

 

15.07.2020թ.

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր:  Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրելու միջնորդություն է ստորագրել ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր  Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին՝ Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ:

 

16.07.20

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ: Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

Ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ից  սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զգալի նյութական վնաս է հասցվել հատկապես Այգեպար գյուղի բնակելի տներին: Այգեպարում վնասվել է մանկապարտեզը և ջրագիծը: Չինարիում հարվածային անօդաչու թռչող սարքի միջոցով պայթեցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ավտոմեքենան, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել այդ պահին ավտոմեքենայի մոտ գտնվող նույն գյուղի մեկ բնակիչ, արձակված արկերից տուժել են 5 առնանձնատուն, մեկ ջերմոցային տնտեսություն: Անդառնալի մարդկային  կորուստներից հնարավոր է եղել խուսափել միայն բնակիչների՝ ապաստարաններում թաքնվելու շնորհիվ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր:

Ադրբեջանական կողմի՝ Այգեպար գյուղի ուղղությամբ հարվածներից քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների հետևանքով Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

Նույն ժամանակահատվածում ՀՀ Ադրբեջանի տարածքից տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների, հրաձգային զենքերի կիրառմամբ կրակ է ուղղվել ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերին. տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածներ են ստացել ՀՀ ԶՈՒ  զինծառայողներ:

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: «ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում»,- տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Նա ընդգծել է. հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները:

…ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստացել անհատ քաղաքացիներից, ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով: ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ դեռևս կամավորագրման անհրաժեշտություն չկա:

Մեկ այլ հայտարարությամբ  ՀՀ ՊՆ-ն իրազեկել է. «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»:

Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյահլին սպառնացել է. «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ մեր բանակի ժամանակակից հրթիռային համակարգերը ի զորու են ճշգրիտ հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին, և դա հսկայական ողբերգություն կլինի Հայաստանի համար»:

Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ խոսնակի անհավասարակշիռ հայտարարությանը՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը Ադրբեջանի այս հայտարարությունը  միջազգային  գործընկերների ուշադրությանն է ներկայացրել և ակնկալում է, որ վճռականորեն դատապարտելու են այն: Նա նաև նշել է, որ հայերը երբեք չեն սպառնացել  Ադրբեջանի  քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ:

Մարտադաշտում ծանր կորուստներ կրելով՝ հակառակորդը «ռազմագործողություններ» է սկսել տեղեկատվական դաշտում: ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ քաղաքացիներին. «Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»:

ՀՀ ԱԳՆ-ն հայրարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ, որում մասնավորապես ասված է. « …Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, ընդհանուր առմամբ, միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում են: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս՝ որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

 

17.07.20

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվել է հարաբերական անդորր: Սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը տեղեկացրել է. «Հայ զինծառայողների մեծ մասը վիրավորվել է հուլիսի 14-ին:  Որևէ զինծառայողի բուժօգնություն չի ուշացել»:

 

18.07.20

Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը:  Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից  ոչ նպատակային կրակ է վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում են,  թե ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից  հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան, մասնավորապես՝ 3 միավոր տանկ:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում հակառակորդի երեք տանկերը խոցվել են հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով:

Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով Ադրբեջանի գործող նախագահի կողմից մեկուկես տասնամյակ կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»:

 

19.07.20

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև ամբողջ օրվա ընթացքում, պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային տեսակներից 9 անգամ խախտել է կրակի դադրեցման ռեժիմը:

 

20.07.20

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը շնորհակալություն է  հայտնել բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտերին, կառույցներին և անհատներին, զանգվածային լրատվամիջոցներին՝  իրադրությունը ճիշտ գնահատելու, համակարգված ու գրագետ արձագանքելու, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնելու համար, և, այդուհանդերձ, հորդորել է զգոն լինել:

Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրել՝ նշելով, որ մինչև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիարժեք հանդարտեցումը, ցանկանում են շարունակել ծառայությունը:

Պաշտպանության նախարարությունն ի պատասխան  հայտարարել է՝ դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի…

Խորագիր՝ #29 (1349) 22.07.2020 - 28.07.2020, Ազգային բանակ


23/07/2020