ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ
Սիրիան, որ 22 պետություններ միավորող համաարաբական այս կազմակերպության հիմնադիր անդմաներից է, չի կարող մասնակցել վերջինիս նիստերին, քանի դեռ վարչակարգը չի դադարեցրել արյունահեղությունը, որի հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների (իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների պնդմամբ` էապես նվազեցված), արդեն իսկ զոհվել է 3.500 մարդ: Լիգայի այս քայլը պայմանավորված էր Ասադի վարչակարգի կողմից մշակված ծրագիր-ժամանակացույցի շարունակական խախտումներով: Չի բացառվում, որ լիգայի անդամ պետությունները լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեն Սիրիայի դեմ, որի առաջին դրսևորումը կլինի դեսպանների ետկանչը: Եմենի ու Լիբանանի ներկայացուցիչները դեմ են քվերակել լիգային Սիրիայի անդամակցության դադարեցմանը:
Որոշումն արժանացել է Դամասկոսի խիստ քննադատությանը: Սիրիայի ղեկավարությունը հայտարարել է, որ կազմակերպության անդամ պետությունների միջև կնքված համաձայնագրերին հակասող ու անօրինական այս քայլով արաբական պետությունների լիգան հրաժարվում է մասնակցել ներքաղաքական հակամարտության կարգավորմանը և ապացուցում, որ գործում է ԱՄՆ-ի ու Արևմուտքի թելադրանքով: Ասադի վարչակարգը միաժամանակ մատնացույց է արել այն հանգամանքը, որ նման որոշում կարող էր ընդունվել լիգայի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, այնինչ նիստն անցկացվել է արտգործնախարարների մակարդակով:
Դամասկոսը պահանջել է գումարել արտահերթ գագաթնաժողով՝ քննարկելու այս որոշման «բացասական հետևանքները»:
Իրաքը, որի ներկայացուցիչը չի մասնակցել քվեարկությանը, նույնպես դատապարտել է այս որոշումը, հայտարարելով, որ այն առավել կբարդացնի Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Ի պատասխան Արաբական պետությունների լիգային Սիրիայի անդամակցության ժամանակավոր դադարեցման որոշման, Դամասկոսում փայտերով ու դանակներով զինված բազմահազարանոց ամբոխը քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր է նետել Թուրքիայի դեսպանատան վրա, գրավել Սաուդյան Արաբիայի դեպանատունը և ավերել աշխատասենյակները: Ամբոխը գրոհել է նաև Թուրքիայի ու Ֆրանսիայի՝ Լաթաքիայում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերը, բողոքի բազմամարդ ցույց է կազմակերպել Կատարի դեսպանատան առջև, բայց հանդիպել է ոստիկանության դիմադրությանը:
Այս հարձակումներից հետո Անկարան սկսել է Սիրայում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական