Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸՎԱՀԻԿ (ՀԱՅԿ) ՀՄԱՅԱԿԻ ԼԵՎՈՆՅԱՆ

 

Խորհրդային Միության հերոս

 

Ծնվել է 1923 թ. հունիսի 15-ին Գնիշիկ գյուղում (Եղեգնաձորի շրջան, Հայաստան), գյուղացու ընտանիքում։

Վահիկ Հմայակի Լևոնյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, հրետանավոր, ավագ սերժանտ։

Ավարտել է գյուղի 7-ամյա դպրոցը, Երևանի ակումբագրադարանային տեխնիկումը։

1940-1941թթ. նախ աշխատել է որպես շրջանային Պիոներտան վարիչ, ապա՝ հայրենի գյուղի դպրոցի ուսուցիչ։

1941 թ. դեկտեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ և ուղարկվել ռազմաճակատ։

1943 թ. փետրվարի 14-ին Դոնի Ռոստովն ազատագրելիս Վ. Լևոնյանի հրանոթի հաշվարկը ոչնչացրել է թշնամու զրահամեքենան, 2 տանկ, իսկ Ազովի ծովում՝ 1 նավ։ Մի քանի օր անց Ռոստովի մարզում խորհրդային զորամասերը ֆաշիստներից ազատագրել են Չալթիր երկաթուղային կայարանը, ուր կրկին աչքի են ընկել Վ. Լևոնյանն ու մարտական ընկերները։

530-րդ կործանիչ-հակատանկային հրետանային գնդի (28-րդ բանակ, Ուկրաինական 1-ին ռազմաճակատ) հրանոթի հրամանատար, ավագ սերժանտ Լևոնյանն աչքի է ընկել Բեռլինի ռազմագործողության իրականացման ժամանակ։

…1945թ. ապրիլի 30-ին Կումերսդորֆ գյուղի շրջանում (Բեռլինից հարավ) հակառակորդը շրջապատում է նրա ղեկավարած հրետանային հաշվարկը։ Հրամանատար Լևոնյանը կազմակերպում է շրջանաձև պաշտպանություն։ Հրանոթի ուղիղ նշանառությամբ և անձնական զենքերից արձակված դիմահար դիպուկ կրակով հրետանավորները դիմակայում են թշնամուն։ Լևոնյանի հաշվարկը հետ է մղում հակառակորդի 14 հարձակում, ոչնչացնում է 2 տանկ, 2 զրահամեքենա, 80 զինվոր և 5 սպա։

Երբ սպառվում են հրանոթի զինապաշարն ու անձնական հրազենի փամփուշտները, ավագ սերժանտ Լևոնյանն իր հաշվարկը վճռականորեն առաջնորդում է ձեռնամարտի, հատում է թշնամական օղակը և միանում յուրային ստորաբաժանմանը։

Վ. Լևոնյանը Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին փառավոր մարտական ուղի է անցել։

1945 թ. հունիսի 27-ին Վահիկ Հմայակի Լևոնյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով։

Պարգևատրվել է նաև Կարմիր աստղի, Փառքի 3-րղ աստիճանի շքանշաններով, մեդալով։

Զոհվել է 1945 թ. հուլիսի 24-ին առաջադրանք կատարելիս։

Հանգչում է Մինսկի մարզի Սլուցկ քաղաքում, որտեղ կանգնեցրել են նրա հուշարձանը։ Եղեգնաձորի շրջանի Արփի գյուղում նրա անունը կրող դպրոցի առջև դրված է հերոսի կիսանդրին։

Վ. Հ. Լևոնյանի անունով փողոցներ կան Սլուցկ և Եղեգնաձոր քաղաքներում։

 

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Պատմության էջերից


30/07/2020