ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԸ
«Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ: Բայց այս մահը, երանի թե, ձիու վրա ինձ հասներ»:
Մուշեղ Մամիկոնյան
Հայոց հնագույն վիպասքը Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի եւ հետագա շատ պատմագիրների գրքերի էջերի վրա դրվագ առ դրվագ ծավալվում է, եւ գալիք սերունդներին ներկայացնում մեր հեռավոր նախնիների սիրո, ատելության, անձնազոհ հայրենասիրության, սխրագործության, վեհանձնության, նաեւ փոքրոգության, անմիաբանության, դավաճանության համայնապատկերը։ Դա ժողովրդական մտածողության բազմապիսի ելեւէջներով համեմված ու հեղինակների՝ գեղարվեստական մեծ վարպետությամբ մշակած իրական կյանքի արտացոլանքն է՝ իր հազար ու մի դրսեւորումներով։ Անցյալը դրվում է ներկայի սկուտեղի վրա՝ սերունդներին հնարավորություն տալով մշտապես օգտվել նրանից, ուսանելի դասեր քաղել հների առավելություններից ու թերություններից, որովհետեւ պատմությունը կրկնվում է պարբերաբար, եւ անցյալից դասեր քաղելը յուրաքանչյուր սերնդի համար դառնում է շնչելի օդի պես անհրաժեշտ։ Ահա թե ինչու հայոց պատմության՝ հազարամյակների վերուվարումներով լեցուն էջերը կենդանի զարույցի են բռնվում մեզ հետ. նրանք պատմում են մի զարմանալի հեքիաթ-իրողության մասին, որը ուղեկից անցյալ է, ներկա է եւ ապագա։ Այդ իրապատում հեքիաթաշարից ես այսօր առանձնացնում եմ մեկը:
Կար-չկար՝ մի ճերմակ ձիավոր կար։ Նրա հզորության,վեհանձնության, քաջագործության, հայրենիքին ու թագավորին ասպետական նվիրվածության համբավն առաջ էր ընկել իրենից եւ անջատվելու փորձեր անող ազգակիցներին ստիպում էր զգաստ ու միաբան լինել, թշնամուն՝ սարսափել, մազապուրծ փախչել, հետ քաշվել Հայոց աշխարհում ասպատակություններ անելու ծրագրից։ Ճերմակ ձիավորը հայոց զորքի գերագույն հրամանատարն էր՝ Մուշեղ Մամիկոնյանը, որը սպարապետության բարձր պաշտոնը ժառանգել էր իր հոր՝ Վասակ Մամիկոնյանի եղերական մահից հետո (Վասակին մորթազերծ էին արել եւ մեջը դարման լցնելով՝ դրել Անհուշ բերդում բանտարկված հայոց Արշակ թագավորի առաջ՝ Սասանյան Պարսկաստանի արքա Շապուհ Երկարակյացի հրամանով)։ Արշակունիների օրոք, որքան էլ Մամիկոնյան նախարարական տան մենաշնորհ, այնուամենայնիվ, սպարապետության պաշտոնը հորից որդի չէր անցնում միանշանակ։ Այն տրվում էր թագավորի կամեցողությամբ, այդ տոհմի այն ներկայացուցչին, ով աչքի էր ընկել ռազմավարական շնորհքով, քաջագործությամբ, թագավորին եւ պետությանը անմնացորդ նվիրումով։ Այս իմաստով էլ Մուշեղ Մամիկոնյանը բնավորության գծերով չափազանց նման էր իր հորը՝ հայոց հռչակավոր սպարապետ Վասակ Մամիկոնյանին. նրա նման քաջ էր ինքնամոռացության չափ, նրա պես հմուտ եւ խելոք՝ զորավարական արվեստում, նրա պես նվիրաբերված հայոց պետությանն ու Արշակունի թագավորներին։ Մի խոսքով՝ բնածին զորավար էր, հոր մղած բազում ճակատամարտերում դեոեւս պատանեկությունից թրծված ու ռազմական պատկառելի փորձ կուտակած:
Ճակատագիր էր, երեւի, դարեր շարունակ Մամիկոնյան տոհմի արժանավոր զավակները, սերնդեսերունդ, յուրօրինակ ողջակեզ են դարձել Հայոց աշխարհի ամրապնդման, պետականության կայացման գործին, եւ Մուշեղ Մամիկոնյանը՝ հայ ժողովրդական հին վիպասքի ու Փավստոս Բուզանդի «Պատմության» գլխավոր ու սիրված հերոսներից մեկը, իրենից անկախ այդ ճակատագրի կրողն է։ Մոր կաթի հետ ներծծած ճակատագիրն է նրան թելադրում իր՝ դեռեւս երիտասարդ ուսերի վրա կրելու թշնամական հարձակումներից ասպատակվող երկրի փրկության ու թագավորության վերականգնման դժվարին ու պատասխանատու գործը։
Այսօրվա հայացքով էլ կարելի է պատկերացնել չորրորդ դարավերջին անթագավոր ու անսպարապետ մնացած երկրի ծանր կացությունը, մանավանդ, երբ դա շաղախված է Սասանյան Պարսկաստանի զավթողական արշավանքներով. բաժան-բաժան, մեկը մյուսի հետ մշտական վեճ ու կռվի մեջ եղող նախարարական տներ, մեկը՝ պարսկադավան, մյուսը՝ բյուզանդամոլ, մի երրորդը՝ հայոց անկախ պետականության վերականգնման երազներով տարված, մի ուրիշը՝ պատյանի մեջ քաշված ու սպասողական դիրք բռնած, թե, ի վերջո, որ կողմը կթեքվի կշեռքի նժարը։ Անթագավոր աշխարհ, երբ հայոց թագուհուն անգամ՝ Փառանձեմին, Շապուհ Երկարակյացի հրամանով անարգելով սպանել են, երբ թվում է՝ փրկության հույս չկա կենտրոնաձիգ պետականության վերականգնման համար։ Սակայն մարդկային միտքը իր ամբողջ ծանրաբեռնվածությամբ գործում է անհուսալի պահերին։ Այդ ժամանակ է, որ ժողովրդի ծոցից ամբողջ հասակով ելնում են հայրենասեր անհատները՝ անմնացորդ նվիրումի օրինակ ծառայելով հազարավորների համար։
Մուշեղ Մամիկոնյանի հերոսական գործունեությունը սկսվում է հենց այդ «վերջին միտքը» պարտադրաբար գործադրելու ճգնաժամային ակնթարթին։ Երիտասարդ զորավարն անում է անհնարին թվացողը։ Նա կարողանում է շուրջը համախմբել հայոց պետականությանը ջատագով մի քանի ազդեցիկ նախարարների եւ նրանց օգնությամբ Բյուզանդիայում պատանդ պահվող օրինական թագաժառանգին՝ Պապին, Հայաստան բերել ու թագավորեցնել։ Դա նրա առաջին ու կարեւոր գործն էր, Հայաստանն արդեն ուներ իր օրինական թագավորը, մնում էր ցաքուցրիվ զինվորական ուժերը հավաքել, համախմբել, բանակ ստեղծել՝ ընդդեմ պարսկական հարձակումների։ Այդ բանակն ստեղծելու գործում Մուշեղն սկզբում հենվում է Պապ թագավորի հետ Հայաստան եկած եւ Տերենտիոս զորապետի գլխավորությամբ գործող հունական զինուժի աջակցության վրա։ Հայոց նախարարական տներից՝ որին մահվան սպառնալիքով ստիպելով, որին համոզելով, կարճ ժամանակում ստեղծում է արքունի բանակ՝ այդ բանակի հանդերձանքի, սպառազինության ու կերակրելու համար չխնայելով նաեւ անձնական ունեցվածքը։ Անհնարինը, կարծես թե, իրագործված էր. կար հայոց երիտասարդ ու խելամիտ թագավորը, կար բանակը, կային երկրի համար կյանքը նվիրաբերելու պատրաստ անհատներ, մնում էր այդ հերոսական ճիգ ու ջանքի տրամաբանական շարունակությունը։ Վիպասքում ժողովուրդը իր հերոսին կերտել է մտավոր ու ֆիզիկական մեծ օժտվածությամբ։ Հեշտ չէր այդքան կարճ ժամանակում, երկրի ավերված վիճակում տասը հազար թվաքանակով արքունի բանակ ստեղծելը։ Ըստ վիպասքի՝ դա միայն ու միայն ճերմակ ձիավորը կարող էր իրագործել՝ բնատուր խելքի, ճկունության, համարձակության, ռազմավարական արվեստի գաղտնիքներին հմտորեն տիրապետելու կարողության շնորհիվ։ Կազմակերպչական այդ շնորհքից զարմանում են ոչ միայն Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը, այլեւ Հայաստան եկած հույն զորավարները՝ Տերենտիոսն ու Ադեն։ «Այնուհետեւ Մուշեղ սպարապետը կարգի էր բերում, կազմակերպում էր հայոց զորքերի բոլոր գնդերը եւ զորահանդես էր կատարում բոլոր զորքերի, որ նրա ձեռքի տակ ժողովվեցին՝ թվով տասը հազար։ Եվ կազմակերպված՝ պատերազմի համար սպառազինված գնդերի զորահանդեսը՝ ծածանվող դրոշակներով, բացած նշաններով, բերում, հանդիսավոր ցույց էր տալիս իրենց՝ Պապ թագավորին, Ներսես Մեծ քահանայապետին եւ Տերենտ ու Ադե հունաց զորագլուխներին։ Եվ հայոց Պապ թագավորը մեծ շնորհակալություն էր հայտնում Մուշեղ զորավարին ու մեծամեծ պարգեւներ շնորհում։ Նույնպես նրան շնորհակալ էին լինում հոռոմների զորագլուխները։ Ներսես եպիսկոպոսապետը եւս օրհնում էր Մուշեղ զորավարին եւ ասում էր. «Քրիստոս Տերը քեզ օրհնե, քեզ աջողություն տա, քեզ հաղթություն շնորհե քո բոլոր կյանքում, քո ձեռքով, քո տոհմի ձեռքով նա փրկե Հայոց աշխարհը մինչեւ հավիտյան»,- գրում է Փավստոս Բուզանդը։
Պատահական չէ, որ Մուշեղ զորավարը Սասանյան Պարսկաստանի զորքերի հետ մղած հենց առաջին ճակատամարտում իր գունդը տանում է հունաց կայսերական գնդից առաջ՝ իբրեւ առաջապահ։ Հետեւենք, թե ինչպես է զարգանում ժողովրդական պատումը Բուզանդի մշակած այս հատվածում. «Ապա զորավար Մուշեղը գունդը կազմակերպեց, պատրաստեց եւ այն հայոց գնդով իբրեւ առաջապահ գնաց Պապ թագավորից եւ հունաց կայսերական գնդից առաջ։ Ապա Դարանաղի գավառում Մուշեղը հազմարձակ հարձակում էր գործում՝ երբ իբրեւ առաջապահ գալիս-հասնում էր Հայաստանի միջնաշխարհը. այստեղ Մուշեղն սպանում էր պարսից Զիկ եւ Կարեն զորագլուխներին, բոլոր զորքերը սրի բերան էր տալիս, կենդանի չէր թողնում ոչ ոքի, եւ մինչեւ բուն սահմանը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը գրավելով պահում էր»։
Զիկ եւ Կարեն զորապետները մեծ չարիք էին արարել Հայաստանում, ավերել, ասպատակել էին բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ, բնակիչներին՝ ոմանց սպանել, ոմանց գերեվարել-տարել էին Պարսկաստանի խորքերը։ Այդ նրանք էին, որ Արտագերս ամրոցում գերի էին վերցրել հայոց Փառանձեմ թագուհուն եւ շղթայակապ ներկայացրել Շապուհին։ Իրենց գրաված տարածքներում այդ զորապետները բացել էին բազմաթիվ ատրուշաններ՝ հայերին կրոնափոխ անելու եւ մազդեզական կրոնն ընդունել տալու նպատակով։ Կրոնափոխ անել հայերին… 4-5-րդ դարերում Սասանյան Պարսկաստանի հաստատուն քաղաքականությունն էր, որն, այնուամենայնիվ, հայ ժողովրդի հզոր դիմադրության շնորհիվ չիրականացավ։
Այսպիսով՝ Մուշեղ Մամիկոնյան զորավարի, Պապ թագավորի, Ներսես կաթողիկոսի եւ բյուզանդական զորքի օգնությամբ Հայաստանն ազատագրվում է երկիր ներխուժած թշնամուց։ Դա, իհարկե, դեռ ամբողջ ծրագիրը չի, ծրագիրը դեռեւս առջեւում է, որովհետեւ պատմական այդ գործող անձինք գիտեին, որ Սասանյան Պարսկաստանը շատ հզոր է եւ հեշտությամբ չի զիջի իր գրաված տարածքները, չի հրաժարվի Հայաստանը վերջնականորեն կործանելու ցանկությունից։ Առջեւում, ուրեմն, արքունի բանակի ամրապնդման ու համալրման, հայոց կենտրոնաձիգ պետականության կայացման դժվարին աշխատանքն է, հայ ժողովրդի մղած մեծագույն ու բախտորոշ ճակատամարտերից մեկի նախապատրաստումը. ազգային-ազատագրական պատերազմի մի հաղթական դրվագ, որը պատմության մեջ մնացել է «Ձիրավի ճակատամարտ» անվանմամբ…
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Պատմության էջերից