Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՊԵՏՈՆ



ՄԵՐ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՊԵՏՈՆՊԱՏՄՎԱԾՔ

 

Հանդեսի այս համարից մեր ընթերցողներին ենք ներկայացնում արձակագիր ԿՈՐՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Քոլագիր» պատմվածաշարը: Մեծ սիրով շաղախված պատմվածքների հերոսները զինվորներ ու սպաներ են, սահմանամերձ գյուղերի բնակիչներ, իրական մարդիկ, որոնց միջոցով հեղինակը ստեղծել է Հայոց բանակաշինության համեստ «մշակների» կերպարներ:

Կորյուն Բաղդասարյանը ծնվել է 1958-ին Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում։ 1981թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում: Նրա առաջին գործերը՝ պատմվածքներ, հոդվածներ, հրապարկվել են շրջանային թերթերում: 80-ականների վերջերից «Գարուն» ամսագիրը պարբերաբար հրապարակել է հեղինակի պատմվածքները: Տպագրվել է նաև «Ավանգարդում», «Նարցիսում»։ 1994-96թթ. Կորյուն Բաղդասարյանը ծառայել նորաստեղծ հայկական բանակում: Ծառայությունն անցել է հյուսիսարևելյան սահմանագոտում, եղել է վաշտի հրամանատարի տեղակալ:

Կորյուն Բաղդասարյանն, իր բառերով ասած՝ «բնակվում է Մոսկվայում, ապրում՝ Հայաստանում»։

 

– Բլինդաժը պատրաստ է,- իր առաջին զեկույցը նոր քաշած հեռախոսագծով սահմանային հենակետից զորամաս ուղարկեց երրորդ վաշտի հրամանատար Պետոն:

– Ծակուծուկը խոտով-մոտով լավ փակեք՝ էդ զինվորները չմրսեն, մինչև որ…

Հեռախոսի լսափողի խռխռոցը ականջ էր ծակում:

– Փակելը՝ փակել ենք, ինչքան որ կարացել ենք: Բայց դե՝ մրսելը ոնց չմրսեն, ծնկաչափ ձյուն է, քամին էլ՝ մյուս կողմից: Կրակ անում ենք: Բայց վառարանի հարցը… Մի ճար պիտի արվի…

-Վառարանը, դե տեսնեմ, մի բան կանենք: Դու տես՝ էդ զինվորները հեռու չգնան, անծանոթ տեղեր են, մինի բերան չընկնեն, մինչև գարունը բացվի՝ ես էդ քոլերը լավ ուսումնասիրեմ:

Բլինդաժի մեջտեղում, հենց գետնի վրա արած կրակից ծուխը բռնել էր տարածքը: Զինվորները տրորում էին աչքերն ու հազում մի գլուխ:

Պետոն մերկացել էր մինչև գոտկատեղը ու քրտինքից ջուր դառած շապիկը պահել կրակի առաջ:

– Հուսալի բլինդաժ է, մեծ, քսան զինվոր հանգիստ կքնեն էստեղ,- անկյունից անկյուն նայելով ասաց նա:

-Մեր սահմանի ամենալավ բլինդաժը սա է,- ասաց սերժանտ Վիգենը.- ես բոլոր տեղերում էլ եղել եմ:

– Եթե Սերոբի գլուխը չի կպնում տանիքի գերաններին, ուրեմն լավ է:- Հոգնածությունից ծիծաղել չէր լինում:

-Քանի գերանները չեն ծռվել, լավ է,- տանջված ձայնով ասաց Իշտոյանը, որին մեկ շաբաթով ուղարկել էին սահմանագիծ՝ տղերքին օգնելու :

– Չեն ծռվի,- ասաց Պետոն,- պինդ են խփած: Մենակ մի երկու կատու պիտի բերվի էստեղ, որ մկները տանիքի հողի մեջ բուն չդնեն:

Շուտով Պետոն ազդարարեց ընթրիքի ժամը և զինվորները միանգամից աշխուժացան ու խմբվեցին հաց ու կարագ բաժանող Վիգենի շուրջը:

Կրակի մոտ Իշտոյանն էր ու Պետոն:

– Վառարանի համար ի՞նչ ասաց,- Պետոյի կողմը թեքվելով՝ կամաց քչփչաց Իշտոյանը:

– Ասաց՝ կլինի,- ուսերը թոթվեց Պետոն,- բայց դե դու էլ գիտես, որ զորամասում վառարան չկա:

ՄԵՐ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՊԵՏՈՆ– Ինքն էլ, ախար, պլոճիկ չունի՝ թե գնդապետից մի բան ուզի: Բա առանց վառարան, ախր… Լավ, մենք էսօր, ասենք, իջանք զորամաս, բա… ախր…

Իշտոյանը տարուբերում էր գլուխը ու նայում բլինդաժի անկյունում հավաքված զինվորներին: Զգաց, որ Պետոն չի լսում իրեն, ու ձայնը կտրեց:

Մի քանի րոպե էլ նստելուց հետո Պետոն դուրս եկավ, բարձրացավ բլինդաժի ետևի բարձունքը: Հեռվում երևում էր գյուղը. տների տանիքներից բարձրացող ծուխը խաղաղ էր ու հանգստացնող: Իրենց տունը չէր երևում: Ապա արագ ու վճռական իջավ բլինդաժ:

– Իշտոյան,- գլխով մի կողմ կանչեց Պետոն:

– Ի՞նչ անենք. -զգաց, որ Պետոն մի բան է մտածել:

– Իշտոյան, արի դու էսօր էլ մնա էստեղ:

– Է, մնամ, ի՞նչ կա որ, բա դու…

– Ես գնամ գյուղ: Վառարան բերեմ: Թե չե՝ էս երեխեքը…

Իշտոյանն էլ ոչինչ չհարցրեց, Պետոյին նոր չէր ճանաչում:

– Ես երկու զինվոր եմ վերցնում հետս, դու էստեղ հրամանատարն ես, էս երեխեքին տիրություն արա՝ մինչև գամ: Նայի՝ կրակը բարձր չանեն, թե չէ տանիքը կկպչի:

– Պետո ջան, քո հոր հետ մի փութ աղ եմ կերել: Հանգիստ գնա:

Պետոն վերջին կարգադրություններն արեց ու մի քան րոպե հետո երկու զինվորի հետ ճանապարհ ընկավ:

 

♦♦♦

 

Մինչև Խնձորուտի հովիտը իջան խաղ ու պարով: Գետի խշշոցը լցրել էր հսկա ձորը:

Մութը կամաց խտանում էր, երբ մոտենում էին գյուղին:

Երկաթե դարպասի գեշ ճռռոցից ծեր շունը մի երկու ծույլ հաչոց արձակեց, ապա, ճանաչելով Պետոյին, սկսեց վնգստալ ու պոչը թափահարել: Պետոն կռացավ, շոյեց շան վիզը:

– Մերոնք են, մերոնք են: Դե գնա, լավ: Գնա:

Դուռը բացեց մայրը ու զննող հայացքով նայեց Պետոյին ու զինվորներին:

– Խեր է, խեր է, այ մեր,- միանգամից վրա բերեց Պետոն,- խեր է: Եկել ենք տաքանանք մի քիչ: Համ էլ տղերքը սոված են:

– Վայ, Պետո ջան: Լուսահոգի հայրդ էլ, երբ հանկարծ մեկի տուն գնար, հենց հեռվից կկանչեր՝ խեր է, խեր է, ու կծիծաղեր:

Կողքի սենյակից դուրս թռավ վեց տարեկան մի տկլոր տղա ու փաթաթվեց Պետոյին: Նրա ետևից դուրս եկավ Պետոյի կինը՝ Անահիտը՝ երեխայի շորերը ձեռքին:

Զինվորները տեղավորվեցին մեծ հյուրասենյակի խորքում դրված բազմոցին, որի դիմաց լայն ուղղանկյունի վառարանն էր՝ վրան ջրով լցված մի կաթսա ու թեյնիկ:

Պետոյի մայրը՝ տիկին Խաթունը, երկու փայտ գցեց վառարանը ու երկաթե շեղջով խառնեց կրակը: Թեյնիկի թշշոցը ուժեղացավ ու լցրեց մեծ , տաք սենյակը:

– Մի շաբաթ կա՞, որ գնացիր, Պետո ջան, էդ մի շաբաթում տղադ հինգ տառ է սովորել: Անահիտին ասում եմ՝ այս տարի անպայման դպրոց ուղարկենք: Գիտես չէ՞, առաջին պայուսակն ու դպրոցի շորերը ես եմ առնելու, բարձի տակ մի քիչ ունեմ պահած:

– Տետրդ բեր, թող հայրիկը տեսնի,- ասաց Անահիտը հոր գրկից չիջնող որդուն:

Փոքրիկը պուկ եկավ կողքի սենյակ ու մի քանի վայրկյանից վերադարձավ՝ տետրը մեկնելով թախտին թիկնած հորը:

Սեղանը ծածկվում էր ուտելիքներով: Թթու դրած վարունգի ու կաղամբի բուրմունքը գրգռում էր սոված զինվորների ստամոքսը:

ՄԵՐ ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՊԵՏՈՆՊետոն կիսախուփ էր արել աչքերը. այս տունը, Անահիտը, որդին ու իր առաջին տետրակը, անուշ բառերով ներս ու դուրս անող մայրը, այս վառարանն ու թշշացող թեյնիկը… Մի՞թե այս չէր երազանքը, իր ուզածը այս մեծ աշխարհից: Մի բան, մի բան էր միայն կարծես պակասում… Պետոն սեղմեց աչքերը. ախ… չկար միայն հայրը:

– Դե ելեք,- կանչեց Խաթուն մայրիկը՝ կարմիր գինով սափորը ձեռքին ներս մտնելով:

– Բլինդաժը պրծա՞ք,- հարցրեց Անահիտը, որ միշտ տեղյակ էր լինում ամուսնու առաջիկա գործերից:

– Պրծա՜նք: Չորս օր տևեց: Կարգին գործիք որ լիներ՝ շուտ էլ կանեինք:

– Բլինդաժ հո չի, իսկական սպորտդահլիճ է,- ավելացրեց զինվորներից Վասակը,- ափսոս՝ մի քիչ ցածր է, թե չե բասկետբոլ էլ կխաղայինք:

– Լավ բլինդաժ է, էդ սահմանն արդեն ապահով է,- ասաց Պետոն,- գարնանը մեր գյուղի ու Այգեձորի կովերն այդ հանդերում կարելի է արածեցնել: Մենակ թե… երեխեքը հիմա մրսում են: Վառարան չկա:

– Վա՜յ, քոռանամ ես,- ձեռքերը ցած թողեց Խաթուն մայրիկը:- Ո՞նց թե վառարան չկա: Բա էն սարի գլխին…

– Բա զինվորներն իրենց ուտելիքը որտե՞ղ պիտի եփեն,- հարցրեց Անահիտը:

Պետոն թոթվեց ուսերը:

– Դե, ես էլ ասի գնամ գյուղ, մի վառարան ճարեմ: Կամ էլ մեր հին վառարանը…

– Ձեղնահարկում է, Պետո ջան, հերդ է բարձրացրել: Ասի՝ թե դեն գցենք, ծակվել է արդեն, ասաց մի տեղ պետք կգա, էլի, պահենք:

Այգում, ձյուների տակ մնացած փայտե երկար աստիճանը դեմ տվեցին տան ետևի պատին՝ ձեղնահարկ բարձրանալու համար:

Մի քանի րոպեից արդեն հին, փոշոտ վառարանը սենյակի մեջտեղում էր:

– Իմ մանկության վառարանն է,- ժպտաց Պետոն,- լավն է, միայն, ափսոս՝ էն բլինդաժի համար սա շատ է փոքր: Գոնե մեր էս վառարանի չափ լիներ: Համ լավ կտաքացներ, համ էլ երեխեքի ճաշն ու թեյը շուտ կեփեր:

– Բա ո՞նց եք անելու, Պետո ջան: Դեռ մի ամիս էլ էն սարի գլխին կարգին ձմեռ է լինելու:

– Է, եղածն էս է, ի՞նչ անենք: Մինչև, տեսնենք, մեր հրամանատարը…

Զինվորների գայլային ախորժակը ուրախացնում էր տիկին Խաթունին, ու նա էլի նորանոր ուտելիքներ էր դեմ անում տղաներին:

– Երեխեքին վառարանի մոտ անկողին բացեմ: Մենակ թե շատ է շոգ լինելու:

Անահիտը զգում էր, որ Պետոն ասելու բան ունի: Ու հարցական նայեց նրա դեմքին:

– Չէ, ա՛յ մեր, ճիշտը էն կլինի, որ մենք ճամփա ընկնենք:

– Դու էլ ես հոգնած, տեսնում եմ՝ վրադ հալ չկա, էս գիշեր գոնե կարգին քնի…

Պետոն ձեռքը դրեց Անահիտի ուսին.

– Պրծնենք՝ կգամ: Մի երկու օրից հերթափոխ է, իմ զինվորներն իջնելու են պոստից:

Սահակն ու Վիգենը, որ արդեն ննջում էին արքայավայել ընթրիքից հետո, Պետոյի խոսքն ընդունեցին որպես հրաման ու վեր կացան: Անահիտը թաց շորով սկսեց սրբել վառարանը: Մի քանի րոպեից տղաներն այն հանեցին դուրս ու բարձրաձայն սկսեցին մտորել տանելու հարմարության մասին:

Պետոն արագ-արագ պատասխանում էր որդու հարցերին, խոստումներ տալիս ու, երբեմն էլ, հարմարեցնելով կծում էր երեխայի փափուկ այտերը:

Տիկին Խաթունը փութաջան շարժումներով ճանապարհի համար ուտելիք էր կապկպում:

Պետոն հագավ բաճկոնն, ու կնոջ հետ դուրս եկան բակ:

– Մի քիչ էլ գինի եմ դրել, Պետո ջան, Իշտոյանի համար,- ուտելիքի կապոցը զինվորներից մեկին մեկնելով, ասաց տիկին Խաթունը,- նա մեր գինին շատ է հավանում:

– Համա կուրախանա, հա՜: Էս մի քան օրը մեզ հետ էր էնտեղ, օգնում էր: Ասում էր՝ Պետո էսպիսի բան չի եղել հլա, որ չորս-հինգ օր բերանս մի կաթիլ չգնա:

Պետոն մոտեցավ մորը.

– Դե, մենք գնանք: Դուք էլ ներս գնացեք՝ չմրսեք:

-Պետո ջան… Թե կուզես՝ էս մեր մեծ վառարանը վերցրու, հը՞: Տեսնում եմ՝ էդ վառարանը էնքան էլ չես հավանում:

– Չէ, ախր, հավանելու համար չէ, որ… փոքր է… ախր…

– Ես էլ եմ ասում, էլի, որ փոքր է: Արի մերը տար, հը, Պետո ջան: Նրանք էլ մեր երեխեքն են, տանից, ծնողից հեռու:

– Բա դուք, ախր…

– Է, մենք ի՞նչ: Տասը տարի էդ փոքր վառարանով չե՞նք ապրել, ինչ է:

Մեր տունն էլ հո բլինդաժ չի՞, մենք էլ հո երեսուն մարդու համար ճաշ չենք եփում, չէ՞: Արի էս տար, Պետո ջան, հրամանատարը կճարի՝ էլի մերը ետ կբերես:

Զինվորները քարացել՝ սպասում էին վճռին:

– Ճիշտ է, Պետո ջան,- վրա բերեց Անահիտը,- մեզ փոքրը հերիք է:

– Դե լավ, որ ասում եք…,- Պետոն, բաճկոնը հանելով, ներս մտավ: Նրա ետևից մայրն ու Անահիտը:

Փոքր վառարանը ներս տարան, դրեցին մեծի կողքին: Պետոն հաստ ձեռնոցներով զգույշ հանեց ծխատար խողովակը մեծ վառարանի վրայից ու անմիջապես տեղադրեց փոքրի վրա: Մայրը երկաթե շեղջով մի երկու կտոր կրակ դուրս բերեց վառարանից ու տեղադրեց փոքրի մեջ, ապա չոր փայտի մի քանի տաշեղներ գցեց ներսը: Տաք վառարանը փայտերի օգնությամբ դուրս տարան ու շուռ տվեցին այգու ձյուների մեջ:

– Դե, մինչև սա սառի, ես սուրճ եփեմ ձեզ, Պետո ջան,- ասաց Անահիտը:

Փոքրիկ որդին թախտին քնել էր արդեն: Պետոն կռացավ, համբուրեց փափուկ հետնամասը: Ապա նորից ու նորից: Չէր շրջվում, որպեսզի զինվորները հանկարծ չնկատեն աչքերի խոնավությունը…

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Հոգևոր-մշակութային


30/07/2020