Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍԻՆ ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱ՛Կ…



ՄԻԱՍԻՆ ԱՌԱ՛Ջ, ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱ՛Կ...ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մարտական կոչը

 

Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները… Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին…

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շարունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում… և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: Իսկ 3-րդ զորամիավորման վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:

Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի՝ ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք  այլևս դատապարտված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առա՛ջ, դեպի հաղթանա՛կ… Աստված մեզ զորավիգ ու պահապան…

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Ազգային բանակ


30/07/2020