ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԸ
Փավստոս Բուզանդը ժողովրդական վիպասքը ներկայացնում է առանց ժամանակագրության ու դասդասումների։ Հետեւելով նրա մշակման ցաքուցրիվ ընթացքին՝ դժվար է որոշակի պատկերացում կազմել, թե պատմական որ իրողությունն է հաջորդել կամ նախորդել մյուսին։ Այդպես՝ հնարավոր չէ պատկերացնել, թե իրականում որ թվականին է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը, մանավանդ, երբ երկու տարբեր դրվագներում Բուզանդը հիշատակում է երկու տարբեր ճակատամարտ՝ հայոց եւ հունաց միացյալ զորքի եւ պարսից բանակի միջեւ՝ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մեկը, ըստ նրա պատումի, Նպատ լեռան ստորոտում՝ բուն Ձիրավի դաշտում տեղի ունեցածն է, մյուսը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքի մոտակայքում։ Մի դեպքում Մուշեղ զորավարի ռազմիկների թվաքանակը 40 հազար է, մյուս դեպքում՝ 90 հազար, եւ երկու անգամ էլ պարսիկների բանակը թվապես մի քանի անգամ գերազանցում է հայոց զորքին։ Ժողովրդական մտածողությանը եւ վիպասքին բնորոշ չափազանցություն է սա, երբ նույնիսկ մեն-մի հատիկ հայ դյուցազնը, ասենք՝ մի Սասնա Մհեր կամ Սասունցի Դավիթ, բավական է, որպեսզի պարտության մատնի երկիր ներխուժած բազմահազար թշնամուն։ Այդ հերոսի մեջ ժողովրդական իմաստությունը, ուժն ու զորությունն են մարմնավորված։ Այդպիսին է նաեւ Մուշեղ զորավարը։ Բազմաթիվ պատերազմներում նա իր զորքով ոչ միայն պարտություն չի կրում, ոչ միայն բարոյականության զորեղ դաս է տալիս թշնամուն, այլեւ չի վիրավորվում երբեւէ, թշնամական նետի, սրի կամ նիզակի հարված չի ստանում իր մարմնի վրա. Մուշեղն անխոցելի է այնպես, ինչպես անխոցելի է ժողովուրդը՝ իր բազմադարյան ծանր ու դժվարին ճանապարհին, համաձայն նշանավոր ասույթի, թե՝ պատերազմի ժամանակ քաջին գնդակ չի կպչում երբեւէ։
Դա մեր հնագույն վեպն է, որը, երեւի, կդադարեր վեպ լինելուց, եթե չափից դուրս վավերագրական լիներ, եւ փոխաբերությունների, չափազանցությունների, հեքիաթին բնորոշ անհավատալի դեպքերի ու դեմքերի շարժում ու ընթացք չներառեր իր մեջ։ Այս խնդրում ստույգը, թերեւս, պատմահայր Մովսես Խորենացին է։ Հայոց ընդհանրական պատմությունը գրողների մեջ նա առաջինն է, որ ժամանակագրել, դասդասել, հնագույն սկզբնաղբյուրներից ժողովել-հավաքել է այն ամենը, ինչն իրեն առավել հավաստի է թվացել։ Այն, ինչն անիրական ու անհավանական է երեւացել պատմահոր հայացքի տակ, նա հիշատակել է իբրեւ առասպելաբանության ու ժողովրդական զրույցների, հատկապես՝ Գողթն գավառի գուսանների պատումների թվում։
Ձիրավի ճակատամարտի հարցում առավել ստույգը դարձյալ Մովսես Խորենացին է։ Ըստ նրա՝ այդ ճակատամարտը տեղի է ունեցել Պապ թագավորի գահակալության առաջին տառում, 369 թվականին։ Եվ ապա՝ նա բոլորովին չի հիշատակում Գանձակ քաղաքի մոտ նույն տարում տեղի ունեցած երկրորդ մեծ կռիվը՝ դա եւս չափազանցված պատում համարելով։ Միայն մի խնդրում են համամիտ մեր երկու դասական պատմագիրները. դա այն է, որ հայերը հունական զորքի օգնությամբ Ձիրավի դաշտում ջախջախիչ պարտության են մատնել պարսիկներին, նրանց դուրս շպրտել Հայաստան աշխարհից, եւ Պապի հետագա թագավորության տարիներին, բացի հայոց կենտրոնախույս նախարարական տների դեմ մանր-մունր կռիվներից, հարաբերական խաղաղություն է եղել բովանդակ երկրում։ Երկու պատմագիրներն էլ միանշանակ շեշտում են ռազմավարական արվեստի այն նորույթը, որ կիրառել են հայերը ճակատամարտի ժամանակ, մի նորույթ, որ կյանքը զանազան պատերազմներում մաշած Շապուհ Երկարակյացին անգամ զարմանք է պատճառել։ Այդպես՝ հետեւելով նրանց պատումին՝ դարերի հեռվից կարելի է պատկերացնել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի այդ դրվագի ամբողջ ընթացքը՝ բոլոր մանրամասներով, անկախ նրանից, թե պատմագիրները այդ փառավոր հաղթանակի դափնիները ում են շնորհել (ըստ ժողովրդական վիպասքի եւ Բուզանդի մշակման՝ Մուշեղ Մամիկոնյանին, ըստ Խորենացու՝ Սմբատ Ասպետին՝ Բագրատունյաց նախարարական տոհմից), թեեւ պատմահայրը, ի թիվս ճակատամարտի հերոսների, նշում է նաեւ Մուշեղ Մամիկոնյանի անունը։ Բայց մեր նպատակը հայոց հին վիպասքի զարգացմանը հետեւելն է՝ ստուգություն պահանջող մանրամասներում նաեւ Մովսես Խորենացու օգնությանը դիմելով։
ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ. -Պարսից Շապուհ թագավորը իր բոլոր զորքերով գալիս-հասնում էր պատերազմի տեղը, եւ տեսնում էր, որ հունաց զորքերը եւ հայոց գունդը արդեն կազմ ու պատրաստ են պատերազմին։ Երկու ճակատները խառնվում էին իրար, եւ պարսից զորքը պարտություն կրեց։ Մանավանդ նիզակավորների գնդերը մոլեգնաբար հարձակվելով, իրենց ձիերի վրայից հարվածելով՝ քաջությամբ գետին էին գլորում իրենց ախոյաններին պարսից Շապուհ թագավորի դեմ ու դեմ։ Երբ գետին էին գլորում, հայոց բոլոր զորքերը քաջալերական ձայնով աղաղակում էին՝ քաջ Արշակի համար։ Ամեն անգամ, որ այդ պատերազմում մի ախոյան էին սպանում, նրան էին նվիրում իրենց նախկին թագավոր Արշակին՝ ասելով. «Մեր Արշակ թագավորին մատաղ եղիր»։ Երբ հայոց ազատների նիզակավոր ախոյանները խմբովին հարձակվում էին պարսից նիզակավորների վրա ու վեր էին գլորում քաջալերությամբ, ասում էին.
«Քաջ Արշակի համար», իսկ երբ ախոյաններին մորթում-գլխատում էին, ասում էին. «Արշակ թագավորին մատաղ եղիր»։
Իսկ լեգեոնների զորքի բազմությունը, այսինքն՝ հունաց ասպարակիր զորքը, նույնպես եւ հայոց-ասպարակիրները պահպանում էին հայոց զորքի թիկունքը, վահաններով պատսպարված լինելով, ինչպես մի ամուր քաղաք կռվողների թիկունքում։ Երբ պարսից զորքերը փոքր-ինչ վանում էին հունաց զորքերին կամ հայոց նիզակավոր գնդերը, սրանք հունաց վահանավոր լեգեոնների կամ հայոց ասպարակիրների մեջ էին մտնում, ինչպես բերդերի մեջ եւ հանգչում էին։ Իսկ երբ մի փոքր շունչ էին քաշում, ապա այնտեղից դուրս գալով հարձակվում էին եւ պարսիկներից անթիվ մարդիկ իրենց ոտների տակ էին գլորում եւ սպանում ու գլխատում էին՝ նույն քաջալերական խոսքերն ասելով իրենց Արշակ թագավորի համար։ Այսպիսով նրանք անչափ եւ անթիվ զորքեր կոտորեցին պարսիկներից։ Հետո, երբ պարսիկները փոքր-ինչ հաղթում էին, նրանք դարձյալ ինչպես մի բերդ, ապաստանում էին լեգեոնի վահանավոր զորքերի մեջ, որոնք իրենց վահանները բաց անելով՝ նրանց ներս էին ընդունում ու փակում։ Այդ օրը հունաց զորքը եւ նրանց Տերենտ ստրատելատը եւ հայոց գնդերն ու նրանց Մուշեղ սպարապետը պարսից զորքերը ջարդեցին-ոչնչացրին։ Պարսից Շապուհ թագավորը քիչ մարդկանցով փախչում էր այդ պատերազմից։ Իսկ սրանք սահմանապահներ էին դնում եւ իրենք դառնում էին իրենց Պապ թագավորի մոտ բարի անունով, մեծ ավարով եւ շքեղությամբ։ Իսկ Շապուհ թագավորը, երբ հասնում էր իր իշխանության երկիրը, զարմանք էր հայտնում կռվող գնդի քաջության վրա, ինչ որ ինքը տեսավ։ «Զարմացել եմ ես,- ասում էր նա,- իմ տեսածի վրա։ Մանկությունից ի վեր միշտ կռվի ու պատերազմի մեջ եմ եղել, շատ տարի է, որ թագավոր եմ դարձել, եւ տարի չեմ անցկացրել առանց կռվի, բայց ջերմ կռիվն այս է, որին այս անգամ պատահեցի։ Որովհետեւ, երբ հայոց նիզակավորները առաջ էին գալիս, այնպես էին հարձակվում, ինչպես մի բարձր լեռ կամ ինչպես մի հաստ, հզոր եւ անշարժ աշտարակ, իսկ երբ մենք նրանց փոքր-ինչ վանում էինք, նրանք ապաստանում էին հոռոմների լեգեոնների մեջ, որոնք իրենց կից առ կից վահանները բաց անելով՝ նրանց ներս էին ընդունում, ինչպես պարսպապատ ամրոցի մեջ։ Եվ այնտեղ փոքր-ինչ շունչ առնելով՝ նորից դուրս էին գալիս ու կռվում, մինչեւ որ արյաց զորքերն սպանեցին։ Մի ուրիշ բանի վրա էլ եմ զարմացած, հայկական գնդի միասիրտ հավատարմության ու տիրասիրության վրա. որովհետհւ այսքան տարի է, որ նրանց տերը՝ Արշակը, կորած է նրանց համար, բայց նրանք նրանով էին քաջալերվում պատերազմի ժամանակ»։
ՄԱՎՍԵՍ ԽԱՐԵՆԱՑԻ.- Պատերազմը խմբվեց Ձիրավ կոչված դաշտում, եւ ճակատներն իրար մոտեցան։ Հայոց քաջ նախարարների պատանիներն իրենց կամքով խիզախելով՝ մտան երկու ճակատների մեջ, առաջնորդությամբ իրենց սպարապետ Սմբատ Ասպետի՝ Բագարատի որդու, որ Բագրատունյաց ցեղից էր։ Պարսից զորքերի միջից էլ դուրս եկան նրանց հասակակիցները, երկու ճակատների մեջ այս ու այն կողմը շարժվեցին եւ ցրիվ եկան։ Երբ պարսից պատանիները հետ էին դառնում, մերոնք անմիջապես հասնում էին նրանց ետեւից եւ ինչպես փոթորիկ, որ անտառը տերեւաթափ է անում, այնպես էլ նրանք արագորեն նիզակներով նրանց վեր էին գցում ձիերից, դիակները գետնի երեսին փռում, քանի որ նրանք չէին կարողանում իրենց ճակատի մեջ մտնել։ Իսկ երբ ՝պարսիկներն էին մերոնց շուռ տալիս, սրանք մտնում էին հունաց՝ վահաններով պատսպարված ճակատը, իբրեւ մի ամուր քաղաք, եւ ամենեւին չէին վնասվում։ Որովհետեւ Գորդոնոսը՝ հետեւակ զորքի հրամանատարը, այդպես վահաններով պատեց Պապի ճակատը, ինչպես պարսպով:
Որովհետեւ հունաց զորքերն սպառազինված էին ոսկեղեն եւ արծաթեղեն զենքերով, եւ նրանց ձիերն էլ նույնպիսի զարդեր էին կրում, ուստի նրանք կարծես մի պարիսպ էին կազմում, որոնցից շատերն իրենց զգեստների ջղյա եւ կաշյա պահպանակների պատճառով կարծր քարերի տեսք էին ստանում, եւ նրանց վրա անխալամ գեսերը, իբրեւ նշաններ, ծածանվում էին սաղարթախիտ ծառերի սաղարթների նման։ Իսկ վիշապների գալարումները, որոնք քամուց ուռչելով՝ ահագին կերպով բացել էին բերանները, ուրիշ բանի չեմ կարող նմանեցնել, քան եթե մի ադամանդ լեռան, որ իջնում է դեպի ծովը,-այսինքն՝ հունաց ամբողջ ճակատը դեպի պարսկական զորքը, որովհետեւ սրանք էլ նմանում էին մի հզոր գետի, դեպի մի կողմ ծավալված, որոնց հագած զրահները արդարեւ ջրի գույնի տպավորություն էին թողնում։
Եվ ուրեմն՝ Մուշեղ Մամիկոնյանի որդեգրած (հավանաբար հունական զորքից) ռազմավարական նորույթը կայանում էր նրանում, որ հայ նիզակակիրները աոաջ սլանալով՝ սարսափելի հարված էին հասցնում թշնամուն եւ ապա հետ քաշվում անակնկալ, փակվում իրենց թիկունքում եղող հունական վահանակիր մարտիկների խիտ շարքերի մեջ, ինչպես ամուր բերդում, հանգիստ առնելու եւ նորից ուժգնորեն հարձակվելու թշնամու վրա նախկին թեթեւությամբ ու թարմացած, ասես առաջին անգամ էին մասնակցում կռվին։ Այդ նորույթը կիրառում են հաջողությամբ, եւ թշնամին, չդիմանալով գրոհի ահեղ թափին, խուճապահար նահանջում է, բայց նահանջելով էլ չի փրկվում, որովհետեւ փախչողներին հասնում են հայոց հեծյալները եւ կոտորում։
Ըստ վիպասքի՝ այդ օրը կրած պարտությունը երկար ժամանակ չի կարողանում մոռանալ Շապուհը։ Շատ հաճախ, նույնիսկ այդ օրից տարիներ էլ անց, նա զարմանքով է մտաբերում Ձիրավի ճակատամարտը:
Հաղթանակը հայ ժողովրդին հնարավորություն տվեց խաղաղության մեջ ապրելու մի որոշ ժամանակ։ Լայն առումով, իհարկե, դա պատերազմ էր Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ՝ այդ երկու գերտերությունների համար կռվախնձոր դարձած Հայաստան աշխարհում։ Երկու կողմից էլ միմյանց դեմ պատերազմում էին նաեւ պարսկամետ եւ բյուզանդամոլ հայ նախարարները։ Այդ կռվում սպանվեց նաեւ պարսկական բանակի հրամանատարը՝ հայոց Մերուժան Արծրունի զորավարը։ Ըստ պատմահոր, նրան շիկացած շամփուրով սպանում է Սմբատ Ասպետը, բայց ժողովրդական վիպասքում Մերուժանը Ձիրավի ճակատամարտին չէր մասնակցում։ Նա, ընդհակառակը, դրանից հետո էլ բավական երկար է ապրում, մինչեւ Մանուել Մամիկոնյանի սպարապետության օրերը, և իր մահկանացուն կնքում է մեկ ուրիշ պատերազմի ժամանազ հենց Մանուել զորավարի ձեռքով։ Այդ մասին հետաքրքիր մի դրվագ կա Փավստոս Բուզանդի «Պատմության» մեջ. «Իսկ Մանուելը գնում-հասնում էր տիկնոջ բանակը. իրենց հետ տանում էին նաեւ Մերուժանի գլուխը: Բայց Սամուելը, Վահանի որդին, Մանուելի հետ չպատահեց, որովհետեւ նա բանակն էր դարձել: Մանուելի բանակում եղած կանայք, երբ Մերուժանի գլուխը տեսան, մեծ ճիչ ու աղաղակ բարձրացրին, որովհետեւ կարծեցին, թե այն գլուխը Սամուելինն էր՝ Վահանի որդու, որովհետեւ այն երկուսը՝ Մերուժանն ու Սամուելը, իրար նման էին։ Բայց հետո տեսան Մերուժանի գլուխը, որի ծամը կախված էր, իմացան, որ Սամուելինը չէ, այլ Մերուժան Արծրունունը, բայց ասացին. «Այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր»։
Այսպես, թե այնպես՝ հայոց հնագույն վիպասքում Մերուժան Արծրունին ներկայացված է բնավորության բարդ ու հակասական գծերով։ Մեր դասական պատմագիրները՝ ե՛ւ Խորենացին, ե՛ւ Բուզանդը, նրան ներկայացրել են իբրեւ դավաճան՝ վերագրելով բազմաթիվ չարիքներ, որ նա գործել է Հայաստան աշխարհում։ Դա էլ հենց հիմք է ծառայել, որ հետագայում հայ պատմավիպասանները (Րաֆֆի, Զորյան) նրան հանդես բերեն իբրեւ ազգի դավաճան, եւ ժողովրդի մեջ դար ու դարեր արմատակալել է այդ կարծիքը։ Բայց էլի, այնուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, պատմական այդ նշանավոր անձնավորությունը միակողմանի է ներկայացված ժողովրդին։ Մերուժան Արծրունին հայոց պարսկադավան նախարարներից էր. նա գիտակցաբար ընտրել էր հեթանոսական հավատքը եւ ուզում էր Հայաստանը տեսնել իր նախկին կրոնին վերադարձած՝ համարելով, որ քրիստոնեությունը մեր երկիրն է մտցվել բռնի կերպով, հեթանոսական մեհյաններն ու տաճարները հիմնովին ավերելով, ժողովրդին ուժով ու մահվան սարսափի տակ կրոնափոխելով։ Մերուժան Արծրունու այդ ցանկությունը բնականաբար արթնացնելու էր մեր քրիստոնյա պատմիչների ցասումն ու զայրույթը, եւ նրանք Մերուժանին վերագրելու էին հազար ու մի չարիքներ, մտացածին մեղքեր, ընդհուպ մինչեւ հայրենիքի դավաճանությունը։ Եկեղեցին բանադրելու էր հայոց նշանավոր զորավարին։ Եթե, բան է, Ձիրավի դաշտում հաղթեին պարսիկները, Մերուժանի ցանկությունն անպայման կատարվելու էր Հայաստանում, որովհետեւ նրա թագավորելուց հետո՝ ժողովրդին վերադարձվելու էր նախկին հեթանոսական հավատքը, և դրանից հետո դժվար է ասել, թե հետագա դարերում ինչ ճակատագիր էր ունենալու եւ Հայաստանը, եւ հայ ժողովուրդը… Գուցե ավելի լավ, որովհետեւ, այսօրվա հայացքով նայելով այս մի բուռ դարձած երկրին ու բազում արհավիրքներ տեսած ժողովրդին, թերերս, ավելի վատը հնարավոր չի, որ լիներ։
Ինչեւէ, պատմության անիվը պտտվել է իր հունով եւ Ձիրավի ճակատամարտն այս իմաստով եւս ճակատագրական էր հայերի համար՝ հետագա դարերի հոլովույթում։ Եղածը եղած է, եւ ինձ մնում է զուսպ ողբի հետ միախառն կրկնել Մամիկոնյան տոհմի կանանց՝ ակամա արտաբերածը՝ այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր։
Այս մասին՝ առայժմ այսքանը։ Ձիրավի ճակատամարտից հետո ճերմակ ձիավորը շարունակում է իր հայրենանվեր գործունեությունը՝ ուժով, մահվան սպառնալիքով հնազանդեցնելով կենտրոնաձիգ պետության դեմ ապստամբած նախարարական տներին՝ համոզված, որ միայն միաբան եւ ամուր պետությունն է անկախ ու հզոր Հայաստանի գոյության երաշխիքը։
Շարունակությանը հաջորդ համարում
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Պատմության էջերից