ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՌԱՖԱՅԻԼ ԻՎԱՆԻ (ՀՈՎՆԱՆԻ) ԿԱՊՐԵԼՅԱՆ (ԳԱԲՐԻԵԼՅԱՆ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1909 թ. մայիսի 5-ին Բաքվում, Շուշիից վերաբնակված բժշկի ընտանիքում։
Ռաֆայիլ Կապրելյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, փոխգնդապետ։
1926 թ. ավարտել է Բաքվի արդյունաբերական-տնտեսագիտական տեխնիկումը։ 1927-1929 թթ. սովորել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1932թ. ավարտել է Քաղաքացիական օդային նավատորմի (ՔՕՆ) ինժեներների ինստիտուտը (Լենինգրադ)։ 1932 թ. որպես ինժեներ աշխատել է ՔՕՆ-ի գլխավոր վարչությունում, 1932-1933 թթ.՝ ՔՕՆ-ի ինժեներների Լենինգրադի ինստիտուտում։ 1934թ. ավարտել է ՔՕՆ-ի Բատայսկի օդաչուական դպրոցը։ 1934-1935թթ. եղել է հրահանգիչ օդաչու ՔՕՆ-ի ինժեներների Լենինգրադի ինստիտուտում։ 1935-1941 թթ. իբրև օդաչու աշխատել է ՔՕՆ-ի Մոսկվայի վարչությունում։
1941թ. հունիսից զորակոչվել է, 1941թ. նոյեմբերից մինչև 1943թ. մայիսը եղել ՔՕՆ-ի վարչության Մոսկվայի հատուկ ավիախմբի ջոկատի հրամանատարը։
1942թ. հունվարի 28-ին նրա կառավարած ինքնաթիռը հակառակորդի գրաված ցամաքամասի օդատարածքում վթարի է ենթարկվել, անձնակազմը գերեվարվել է։ 1942թ. օգոստոսին Ռ. Կապրելյանը փախել է գերությունից և մինչև 1942թ. հոկտեմբերի 23-ը պարտիզանների հետ մարտնչել ընդդեմ թշնամու։ 1943թ. մայիսից մինչև 1944թ. փետրվարը եղել է 73-րդ օժանդակող ավիացիոն դիվիզիայի (Հեռավոր գործողության ավիացիա) ինքնաթիռավարման տեխնիկայի տեսուչ, 1944թ. մարտից մինչև 1945թ. մայիսը՝ 89-րդ փոխադրական ավիացիոն գնդի (Հեռավոր գործողության ավիացիա) հրամանատար։ Պատերազմի ժամանակ կատարել է 89 մարտական թռիչք դեպի թշնամու խոր թիկունք՝ պարաշյուտիստների վայրէջքի համար և դեպի ռազմաճակատային գիծ՝ զենք ու զինամթերք հասցնելու նպատակով։
1945թ. մայոր Ռ. Կապրելյանը արձակվել է պահեստազոր։ 1945-1947թթ. վերստին որպես օդաչու աշխատել է ՔՕՆ-ի Մոսկվայի վարչությունում։
1947-1950թթ. եղել է Թռիչքահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու։ Մասնակցել է Տու-4 ռմբակոծիչի և այլ ծանր ինքնաթիռների փորձարկումներին։ 1950-1953 թթ. աշխատել է 82-րդ ավիագործարանում (Տուշինո)։ 1953-1968 թթ. եղել է Մ. Ա. Միլի փորձակոնստրուկտորական բյուրոյի ավագ փորձարկող օդաչու։ Երկինք է բարձրացրել ու փորձարկել Մի-6, Մի-10 ուղղաթիռները, մասնակցել Մի-2, Մի-4, Մի-8, Մի-10Կ ուղղաթիռների փորձարկումներին։ 1956-1962թթ. Մի-4 և Մի-6 ուղղաթիռներով սահմանել է արագության ու բեռնամբարձության համաշխարհային ավիացիոն 8 ռեկորդ (դրանցից մեկը՝ իբրև 2-րդ օդաչու)։ Փորձարկել է 57 օդանավ և ուղղաթիռ։
Ռ. Ի. Կապրելյանը ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու էր (1961թ.), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1969թ.), փոխգնդապետ (1975թ.)։
1975թ. մայիսի 15-ին Ռաֆայիլ Կապրելյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի հանձնումով։
Պարգևատրվել է նաև Լենինի (1949թ.), Կարմիր դրոշի (1943թ.), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1944թ.), Աշխատանքային կարմիր դրոշի 2՝ (1948թ., 1957թ.), Կարմիր աստղի 2՝ (1941թ., 1943թ.) «Պատվո նշան» (1961թ.) շքանշաններով, մեդալներով։
Ապրել է Մոսկվայում։ Մահացել է 1984թ. հուլիսի 12-ին։ Հանգչում է Մոսկվայի Կունցևյան գերեզմանատանը։
Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Պատմության էջերից