Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իտալական IVECO ընկերությունից կգնի 1,5-1,7 հազար LMV M65 Lynx զրահամեքենա: Յուրաքանչյուր զրահամեքենայի գինը կկազմի 300-500 հազար դոլար` կախված մոդիֆիկացիայի առանձնահատկություններից: Ռուսական կողմը կստանա նաև շարժիչների և մի քանի բաղադրամասերի արտադրության տեխնոլոգիաները:

Իտալական զրահամեքենաների հանդեպ ռուսական զինվորական հրամանատարությունը հետաքրքրություն է ցուցաբերում դեռ 2009թ.: 2010թ. հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նախատեսվում է IVECO-ի հետ համատեղ արտադրություն հիմնել տարեկան առնվազն 500 մեքենայի թողունակությամբ, ընդ որում պահեստամասերի ավելի քան 50 տոկոսը ռուսական արտադրության կլինի:

ՌԴ պաշտպանության նախարարությունում նշում են, որ արտասահմանյան ռազմական տեխնիկայի գնումը նախևառաջ թույլ կտա արտադրական տեխնոլոգիաներ ստանալ և հետագայում դրանք կիրառել երկրի ներսում ավելի կատարյալ ռազմական տեխնիկա պատրաստելու համար: Մասնավորապես, LMV M65 զրահամեքենայի հետ ստացված տեխնոլոգիաները կկիրառվեն ռուսական «Բումերանգ» զրահամեքենաների մշակման ընթացքում:

«Բումերանգը» կունենա տարբեր մոդիֆիկացիաներ, կներկայացվի որպես զրահափոխադրիչ, ՀՄՄ, ՀՕՊ, հետախուզական և բժշկական նշանակության մեքենա: «Բումերանգի» նախագիծն արդեն հաստատված է, առաջին զրահամեքենան կարտադրվի 2015թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


14/11/2011