ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲԻ ԿԱՍՊԱՐՅԱՆ (ԿԱՍՊԱՐՈՎ)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1924թ. օգոստոսի 15-ին Ներքին Կլիչբախ գյուղում (Լեռնային Ղարաբաղ, Ասկերանի շրջան), գյուղացու ընտանիքում։
Սուրեն Հակոբի Կասպարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, հրետանավոր, կապիտան։
Մշտական բնակության համար վաղ մանկական տարիքում նա ընտանյոք տեղափոխվել է Տաշքենդ, 1940թ. ավարտել է 7-ամյա միջնակարգ դպրոցը, ապա իբրև խառատ աշխատանքի անցել տեղի Մ.Գորկու անվան կոշիկի ֆաբրիկայում։
1942թ. դեկտեմբերից եղել է Կարմիր բանակում։
1943թ. ավարտել է գնդի հրետանային նշանառուների դպրոցը, ստացել սերժանտի զինկոչում և նույն տարվա հոկտեմբերին փոխադրվել է գործող բանակի զորակազմ։
86-րդ գվարդիական առանձին կործանիչ-հակատանկային դիվիզիոնի (Բելոռուսական 1-ին ռազմաճակատի 8-րդ գվարդիական բանակ, 82-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա) հրանոթի նշանառու, կոմերիտական Սուրեն Կասպարյանը հատկապես աչքի է ընկել Վիսլա գետի արևմտյան ափի հենակետի ընդարձակման համար մղված մարտերում։
…Ձգտելով կասեցնել խորհրդային զորքերի հարձակումը՝ հակառակորդը 1944թ. օգոստոսի 20-ի մարտում ձեռնարկեց հետևակի խոշոր ուժերով հակահարձակում՝ 40 տանկի աջակցությամբ։ Դեպի սերժանտ Ս.Հ.Կասպարյանի հրանոթի կրակադիրք էին շարժվում 19 տանկ։ Բայց հրետանավորները չսարսեցին և անհավասար ուժերով մարտի բռնվեցին։ Հրանոթի նշանառու Կասպարյանն առաջին կրակոցով խփեց ծանր տանկը։ Անցավ մի քանի րոպե, ու ևս 4 տանկ քարացան տեղում։ Թշնամական մնացյալ տանկերի հեղեղը հետ շրջվեց։ Հակահարձակումը հետ մղվեց, բայց վերջին րոպեին հրանոթը խփվեց թշնամական արկով, և ծանրորեն վիրավորվեց նշանառուն։ Չնայած ծանր վերքին, սերժանտ Կասպարյանը մինչև մարտի ավարտը չլքեց առաջնագիծը։
1944թ. նոյեմբերի 18-ին գվարդիայի սերժանտ Սուրեն Հակոբի Կասպարյանին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ։
Պարգևատրվել է նաև Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, մեդալներով։
1947 թ. խիզախ ռազմիկ-հրետանավորը զորացրվել է։ Ապրել և աշխատել է Տաշքենդում։ 1951թ. վերստին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ավարտել է Ռոստովի հրետանային ուսումնարանին առընթեր դասընթացները, 1952թ.-ին Օդեսայի՝ Մ.Վ.Ֆրունզեի անվան հրետանային ուսումնարանին առընթեր լեյտենանտների դասընթացները։
1956թ.-ից կապիտան Ս.Հ.Կասպարյանը եղել է պահեստազորում, այնուհետև՝ պաշտոնաթող։
Ապրել է Տաշքենդում՝ որպես վարպետ աշխատելով Վ. Ի. Լենինի անվան կարի արտելում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան։ Մինչև վաստակած հանգստի անցնելը իբրև վարպետ աշխատել է «Երազ» գործարանում։
Մահացել է 1994թ. հունվարի 3-ին։
Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Պատմության էջերից