Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԸ



ՃԵՐՄԱԿ ՁԻԱՎՈՐԸՍկիզբը նախորդ համարում

 

Ժողովրդական պատումը տրամաբանորեն եւ գեղարվեստականորեն շարունակում է զարգանալ, եւ Մուշեղ Մամիկոնյան սպարապետի կերպարը լրացվում է նորանոր գծերով։ Մենք նրան տեսնում ենք ե՛ւ իր ռազմավարական տաղանդի նորանոր դրսեւորումներով, ե՛ւ ազնվականական-ասպետական բարձրության վրա։ Այդպես սովորական-իրական մարդը դրվագ առ դրվագ, հոգեբանական տարբեր կողմերով վերամարմնավորվելով՝ աստիճանաբար վեր է ածվում լեգենդի, եւ Փավստոս Բուզանդի գեղեցիկ մշակման մեջ դժվար է տարբերակել, թե որոշակիորեն որն է պատմական ստույգ իրողությունը, որը՝ հնարովի. պարզապես այդ երկուսը միաձուլված են իրար, եւ այդ նրբին միաձուլումից մեր հայացքի դեմ կենդանի ու թրթռուն գծագրվում են ե՛ւ չորրորդ դարավերջի հայ աշխարհի ու նրա մարդկանց ապրելակերպի, սովորույթների, փոխհարաբերությունների ընդհանրացված համայնապատկերը, ե՛ւ այդ միջավայրում գործող հայրենասեր հերոսի արտաքին ու ներքին նկարագիրը։ Ահա նա իր նշանավոր ճերմակ նժույգը հեծած, զորքով շրջում է Հայաստան աշխարհում, երկիրը մաքրում արտաքին ու ներքին թշնամիներից, հիմնավեր կործանում Սասանյան Պարսկաստանի նվաճած տարածքներում կառուցված մազդեզական ատրուշանները՝ այդ գործունեությամբ հզոր միապետության քանդված ու խարխլված հիմքերը ամրացնելով։

Մուշեղ Մամիկոնյանի ձեռնարկը եւ դրա իրագործումը մի մարդու, թեկուզ ուժեղ, համարձակ ու խելացի սպարապետի, գործ չի հավանաբար. դրա համար է ժողովուրդը պատմական անձին վերագրել գերբնական, առասպելական ուժ ու զորություն, նրան հանդես բերել չափազանցությունների անիրական, բայց գեղարվեստական առումով ենթադրելի ու հավատ ներշնչող հանգամանքներում։ Մինչեւ Ձիրավի հռչակավոր ճակատամարտը, իրականում Շապուհ Երկարակյացը քանի՞ անգամ է արշավել Հայաստան եւ քանի՞ անգամ է պարտություն կրել նախ՝ Արշակ Երկրորդ արքայից ու Մուշեղի հորից՝ Վասակ Մամիկոնյան սպարապետից, ապա հենց Մուշեղից։ Ըստ վիպասքի՝ Շապուհը մի քանի անգամ, չհաշտվելով պարտության մտքի հետ, զորք է ժողովում ու հարձակվում Հայաստանի վրա, բայց բոլոր դեպքերում, հանդիպելով հզոր դիմադրության, դուրս է շպրտվում մեր երկրից։ Հետաքրքիր է, որ բոլոր մեծ եւ փոքր ճակատամարտերի ժամանակ նրա զորքը մինչեւ վերջին մարդը կոտորվում է եւ միայն նրան՝ Շապուհին է հաջողվում մի կերպ, ինչպես Բուզանդն է գրում, «մի ձիով ճողոպրել» շրջափակումից ու ազատվել։

Մուշեղը որքան ուշադիր է իր զինվորների, հայրենասեր անհատների նկատմամբ, նույնքան եւ անողոք է երկիր ներխուժած թշնամու հանդեպ: Նա անխնա սրի բերանն է տալիս բոլորին, գերեվարված շատ պարսիկ զորավարների մորթազերծ անել է տալիս՝ իր հոր՝ Վասակի վրեժն այդ ձեւով լուծելով։ Բայց եւ, միեւնույն պահին, հայ զորավարն առաքինի է ու վեհանձն։ Ժողովուրդն իր սիրած հերոսին կերտել է ասպետական գծերի, մեծ հոգու տեր լինելու իրական, եւ միաժամանակ, երեւակայական գեղեցիկ շաղախում համեմված։ Այստեղ ցանկալի է հիշատակել Բուզանդարան պատմությունների գեղեցկագույն հյուսվածքներից մեկը, երբ հայ զորավարը, ճակատամարտերից մեկի ժամանակ, գերեվարում է Շապուհի կանանոցը եւ, առանց անարգելու, վերադարձնում է պարսից արքային։ Այստեղ՝ այս դրվագում նա հանդես է գալիս ժողովրդական վիպասքի սիրված հերոսների առինքնող վեհանձնությամբ։ Եվ բոլորովին էլ կարեւոր չէ՝ իրականում այդպիսի դեպք եղե՞լ է, թե՞ ոչ։ Կարեւորն այն է, որ հայ մարդը արժանապատվության յուրօրինակ դաս է տալիս Շապուհին, չէ՞ որ դրանից առաջ պարսից թագավորը ստորաբար էր վարվել հայոց Փառանձեմ թագուհու հետ՝ նրան մերկացնել տալով հանձնել վավաշոտ զինվորների եւ ամբոխի ձեռքը։ Մուշեղի արարքը, ի տրիտուր, նաեւ բարոյական հաղթանակ է, եւ թեկուզ այս մի հատիկ դրվագով, լինի իրականում եղած-պատահած, թե մտացածին, ամբողջանում, հետագա սերունդների համար բարոյականության մեծագույն դաս եւ ազդակ է դառնում ճերմակ ձիավորի գեղարվեստական կերպարը:

Ըստ վիպասքի. Շապուհն այդ դեպքը, բարոյականության այդ զորավոր ազդակն այլեւս չի մոռանա իր կյանքում եւ իր գավաթի վրա փորագրել կտա Մուշեղ սպարապետին հենց այդպես՝ ճերմակ ձիու վրա, հպարտ ու առաքինի, եւ ամեն անգամ խնջույքների ժամանակ նախ կխմի իր պատիվը չարատավորողի կենացը։ Ասպետական դարաշրջան է, ասպետական բարքեր են, եւ Մուշեղն այդ ասպետական մտածողության կրողն է՝ բոլոր արարքներում ու գործողություններում։ «Բայց պարսից Շապուհ թագավորի կանանց որեւէ անարգանք հասցնել թույլ չէր տալիս հայոց Մուշեղ զորավարը, այլ հրամայում էր բոլորի համար ժամավարներ պատրաստել եւ նրանց բոլորին ազատ արձակել իրենց ամուսնու՝ Շապուհ թագավորի ետեւից,- գրում է Փավստոս Բուզանդը,- պարսիկներից էլ մարդիկ արձակեց, որ ողջ եւ անարատ գնան պարսից Շապուհ թագավորի մոտ։ Պարսից թագավորը զարմացավ Մուշեղի բարերարության, քաջության եւ ազնվության վրա, որ իրեն ոչ մի անարգանք չհասցրեց կանանց վերաբերմամբ։ Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ պարսից Շապուհ թագավորը երբ գինու գավաթը ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Եվ գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, եւ ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ եւ շարունակ նույն բանն էր կրկնում. «Ճերմակաձին թող գինի խմի»։

Չլիներ այդ դրվագը. Մուշեղ Մամիկոնյանի կերպարը չափազանց թերի կլիներ եւ ինչ-որ տեղ ուժգնությամբ չէր մեխվի, մնա նորանոր սերունդների հիշողության մեջ։ Գրավիչ է նաեւ Աղվանից աշխարհի Ուռնայր թագավորին ազատ արձակելու պատմությունը եւս։ Ուռնայրը, միաբանելով պարսիկների հետ, այդ նույն ճակատամարտում դառը պարտություն է կրում, եւ փախչելիս նրան է հասնում ճերմակ ձիավորը։ Թվում է, ուր որ է, Աղվանից թագավորը շնչակտուր կընկնի Մուշեղի նիզակի հարվածից, սակայն հայ զորավարը նրան եւս խնայում է, որովհետեւ ամբողջ կյանքում հայ արքային ու պետականությանը ծառայելով՝ նրա հոգում յուրօրինակ պաշտամունք է արթնացել առհասարակ բոլոր թագավորների անձի ու գործի նկատմամբ։ Նա գիտի, որ Ուռնայրին խնայելու համար արժանանալու է ե՛ւ իրեն նախանձող ու բամբասող պալատականների, ե՛ւ Պապ թագավորի կշտամբանքին, ինչպես դա մի անգամ արդեն եղել էր Շապուհի գերված կանանոցը վերադարձնելիս։ Բայց էլի այդպես է վարվում՝ անսալով իր խղճի թելադրանքին։ «Բայց Մուշեղ զորավարին քսությամբ ամբաստանում էին Պապ մեծ թագավորի առաջ, ասելով. «Պետք է գիտենաս, արքա, որ շատ նենգությամբ է վարվում Մուշեղը քեզ հետ եւ քո մահվանն է սպասում, որովհետեւ նա քո թշնամիներին շարունակ ազատ է արձակում. շատ անգամ իր ձեռքն է ձգել թշնամիներիդ, բայց էլի արձակել է, որովհետեւ նա Ուռնայր թագավորին արձակեց եւ կյանքը բաշխեց քո հակառակորդի, որը իր ձեռքումն էր»։ Այս պատճառով հաճախ գժտություն էր պատահում Պապ թագավորի եւ Մուշեղ զորավարի միջեւ, եւ շատ անգամ այս պատճառով Պապը հանդիմանում էր նրան։ Իսկ Մուշեղ զորավարը պատասխան էր տալիս Պապ թագավորին եւ ասում էր. «Ես իմ ընկերներին՝ բոլորին կոտորեցի, իսկ նրանք, որ թագ էին կրում, իմ ընկերները չէին, այլ քո, եկ, ինչպես ես իմ ընկերներին սպանեցի, այնպես էլ դու՝ քոյոնքը, բայց ես թագավոր մարդու վրա, որ գլխին թագ է կրում՝ ոչ ձեռք եմ մեկնել, եւ ոչ մեկնում եմ եւ ոչ էլ կմեկնեմ։ Եթե ուզում  ես ինձ սպանել, սպանիր, բայց ես, եթե երբեւիցե մի թագավոր մարդ ձեռքս անցնի, ինչպես շատ անգամ պատահել է, չեմ սպանի թագավոր մարդու, որ թագ է կրում, թեկուզ ինձ էլ սպանեն»։

Թագավորին տված պատասխանը բնորոշում է Մուշեղի ամբողջ վարքագիծը, գործունեությունը։ Եթե նա խնայում է թշնամուն հենց միայն նրա համար, որ վերջինս օծված թագավոր է, կարելի է պատկերացնել այն անպարփակ սերը, ոը տածում է սեփական երկրի ու թագավորի հանդեպ։ Ըստ բուզանդարանի պատմությունների, սեփական երկրի ու արքայի հանդեպ այդ մեծագույն նվիրվածությունը, կարծես, Մամիկոնյան տոհմի սեփականությունն է։ Այդպիսին էր նաեւ Վասակ Մամիկոնյանը։ Հիշենք թեկուզ այն դեպքը, երբ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաքում Վասակ սպարապետի ներկայությամբ պարսից արքունի ախոռապետը վիրավորում է հայոց արքային՝ նրան անվանելով «այծ-հայերի արքա», Վասակ Մամիկոնյանն առանց երկմտելու վայրկենապես մերկացնում է սուրը եւ կտրում ախոռապետի գլուխը. իր ներկայությամբ աշխարհում ոչ ոք իրավունք չունի վիրավորելու Հայոց արքային, որովհետևւ արքայի գոյությունը հայոց անկախ պետականության խորհրդանիշն է, իսկ Մամիկոնյան տոհմի հերոսները կյանքով ու գործով լծված են այդ պետականության կայացման ու ամրապնդման սուրբ գործին, թեկուզ դրա համար հարկավոր լինի չխնայել սեփական կյանքը։ Այդպես անձնվիրաբար ապրում ու նահատակվում են Մամիկոնյան տոհմի հերոսները, եւ Մուշեղը նույն ճակատագրի կրողն է, ճակատագիր, որ արյան գեների հետ փոխանցվել է նրան։ Այդ անմնացորդ սիրո դրսեւորումներից զարմանում է նաեւ ինքը՝ թշնամի թագավորը։ Մեջբերենք Փավստոս Բուզանդի «Պատմության» այդ հատվածը եւս, մի գեղեցիկ դրվագ, որ անձնվիրության ու միաբանության անմոռանալի դաս է հետագա սերունդների համար՝ բոլոր ժամանակներում. «Այս օրերից մեկում եղավ դեպք, որ հայոց Արշակ թագավորը մտավ շրջելու պարսից թագավորի ախոռներից մեկում, իսկ պարսից թագավորի ախոռապետը նստած էր ներսը։ Երբ նա թագավորին տեսավ, իսկի ուշադրություն չդարձրեց՝ ոչ մի մեծարանք ու պատիվ ցույց չտվեց, դեռ նրան ծաղրի եւ անարգանքի ենթարկեց՝ պարսկերեն ասելով. «Այծ-հայերի թագավոր, եկ, այս խոտի խուրձի վրա նստիր»։ Երբ այս խոսքերը լսեց հայոց մեծ զորավար եւ սպարապետ Վասակը՝ Մամիկոնյան տոհմից, սաստիկ բարկացավ եւ զայրացավ, քաշեց իր սուրը, որ մեջքից կախած ուներ, զարկեց, տեղնուտեղը գլխատեց պարսից թագավորի ախոռապետին հենց ախոռի մեջ, որովհետեւ նա չկարողացավ տանել այն անարգանքը, ոը հասցվում էր իր թագավորին. նա ավելի լավ էր համարում իր անխուսափելի մահը, քան լսել իր տիրոջը հասցված որեւէ վիրավորանք կամ անարգանք։ Իսկ պարսից թագավորը երբ այս բանը լսեց՝ մեծ շնորհակալություն հայտնեց Վասակ զորավարին՝ զարմանալով նրա քաջասրտության եւ մեծ աներկյուղության վրա»։

 

Վերջը հաջորդ համարում

 

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Պատմության էջերից


13/08/2020