ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐԸ՝ ԲԱՆԱԿԻՆ
Օգոստոսի երկրորդ կիրակին (այս անգամ՝ օգոստոսի 9), Հայաստանում նշում ենք Շինարարի օրը: Տոնը նշվում է՝ արժևորելու համար հայ շինարարի ու նրա աշխատանքի հանդեպ մեր ժողովրդի ունեցած մեծ հարգանքն ու ակնածանքը: Տոնի կապակցությամբ սիրով շնորհավորում ենք բառի բուն իմաստով բանակաշինության գործում ներգրավված մեր բոլոր շինարարներին: Օրերս առիթ ունեցանք զորամասերում հետևելու հերթական շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցելու շինարարների հետ և տեսնելու ամբողջ թափով ընթացող աշխատանքների ակներև արդյունքները:
Աշխղեկ Լյուդվիգ Ղազարյանը մեզ հետ շրջում է զորամասի շինհրապարակով, ներկայացնում կատարվող աշխատանքները, առանձնակի ոգևորությամբ խոսում զինվորների համար ստեղծվելիք պայմանների մասին.
«Հաճախ հիմքից ենք սկսում և մինչև տանիք իրականացնում ենք զորամասի կառուցման աշխատանքները: Ուսումնական զորամասի այս շինությունում հիմնանորոգման աշխատանքներ ենք իրականացնում. ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որ մեր զինվորն այստեղ զգա, ինչպես իր տանը. ջեռուցման համակարգ, հրաշալի լոգասենյակներ՝ լոգարանախցերով, բոլոր հարմարություններով ճաշարաններ… Մեծ բավականություն է մտածելը, որ մեր երկրի պաշտպանների համար ենք աշխատում: Զինվորներն իմ զավակներն են, իմ թոռնիկները: Այսօր, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ. մեր զինվորի սեղանին այնքան բազմազան ճաշատեսակներ են դրվում, որ առաջներում պատկերացնել անգամ հնարավոր չէր»:
Լյուդվիգը մեզ ուղեկցում է դեպի զորանոցների հարկաբաժինների նորակառույց լոգարանախցիկները. «Արդեն սկսել ենք և այս սկզբունքով շարունակելու ենք՝ բոլոր զորամասերի յուրաքանչյուր հարկաբաժնում լոգարաններ ենք կառուցելու: Այսուհետ ֆիզիկական մարզումներից, վարժանքներից հետո մեր զինվորները հենց իրենց հարկաբաժնում լոգանք ընդունելու հնարավորություն կունենան: Ինձ համար մեծ պատիվ է, որ հենց զինվորական կառույցների շինարարության վրա եմ աշխատում. հպարտ եմ, որ տարիների իմ ամբողջ փորձն ու գիտելիքները կարողանում եմ ծառայեցնել այս գործին: Վստահեցնում եմ` ամեն ինչ արվում է առավելագույն որակով: Համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքներից գոհ կմնան թե՛ մեր զինվորները, թե՛ պաշտպանության նախարարության պատկան մարմինները և թե՛ իրենց զինվոր տղաներին այցելող ծնողները»:
Զորամասի՝ ամիսներ առաջ շահագործման հանձնված ճաշարանի խոհանոցում ենք: Խոհարար Արտակ Ղարիբյանն օրվա ճաշատեսակների պատրաստությամբ է զբաղված: Գոհունակությամբ նշում է. «Հրաշալի պայմաններ են ստեղծված ճաշարանի գործարկման, խոհարարի աշխատանքի, զինվորի համար հարուստ ճաշացանկով կերակուր պատրաստելու համար: Տարբեր զորամասերում մեր գործընկերների հետ զրուցում, ուրախանում ենք այսօրվա իդեալական աշխատանքային պայմաններով: Որպես ծնող, խոհարար, մարդ, անչափ շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, որ ծրագրել, կազմակերպել ու իրականացնում են այս բարենորոգումները»:
ԶՈՒ մեկ այլ զորամասում ենք, որտեղ այս օրերին ընթանում են պողպատյա կամարաձև ծածկարանների կառուցման աշխատանքները:
Ինժեներ Արայիկ Կարապետյանը ներկայացնում է նորույթը՝ ինքնակրող կաղապարով միաթռիչք ծածկարանները: «Այս կառուցվածքների առավելությունն այն է, որ շատ թեթև են, արագ պատրաստվող և բազմաֆունկցիոնալ,- ասում է Արայիկն ու հավելում.- մեծ պատասխանատվությամբ, ոգևորությամբ ու սիրով ենք աշխատում: Ուրախ ենք, որ մասնակցում ենք մեր բանակի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին»:
«ԲԻՊԼԱՆ» շինարարական ընկերության փոխտնօրեն Արսեն Հակոբյանն իր հերթին նշում է. «Մետաղական թիթեղները, որ պատրաստում ենք հաստոցի օգնությամբ, մի շարք առավելություններ ունեն. թեթև են, դիմացկուն ու ամուր. դիմանում են ուժեղ քամուն և ամենահաստ ձնածածկույթի ծանրությանը:
Մեր շինարարները իրոք մեծ սիրով են կատարում իրենց գործը, փորձում են ամենաբարձր որակ ապահովել: Բանակի հետ բոլորս ենք կապված ու անում ենք ամեն ինչ, որ այդ կապը հնարավորինս ամուր լինի»:
Բանակում ընթացող շինարարական աշխատանքներին տեղերում հետևում և վերահսկում են ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Վերջինս վստահեցրեց, որ բանակի համար կառուցվող բոլոր շինություններն անխտիր փորձաքննություն են անցնում, և վերջնարդյունքը համապատասխանում է վերադասի առաջադրած ամենաբարձր չափորոշիչներին: «Առաջին հերթին, մեր զինված ուժերի կարիքներով ենք ուղղորդվում: Փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել ազդակներին: Այսօր արդեն մեծ քանակությամբ շինտեխնիկայի կարիք չի զգացվում: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ արագ ու որակով իրականացնում ենք անհրաժեշտ բոլոր շինարարական աշխատանքները: Արագ հավաքվող, հեշտ վերականգնվող, վերատեղակայման մեծ հնարավորություն ունեցող կոնստրուկցիաներ ենք կիրառում, որոնք այսօր ավելի հարմարավետ են զորքի արագ տեղաշարժերի համար: Հաջողվել է հնարավորինս կրճատել չնախատեսված աշխատանքների ծավալը: Կարծում եմ` մոտ ժամանակներս այս առումով նկատելի արդյունքներ կարձանագրենք:
Առիթից օգտվելով՝ մեր մասնագիտական տոնի առթիվ ուզում եմ շնորհավորել բանակաշինության գործին մասնակից մեր բոլոր շինարարներին՝ թե՛ նախագծողներին, թե՛ կառուցապատողներին և թե՛ տեխնիկական հսկողությունն իրականացնողներին: Հաջողություն ու ամենայն բարիք եմ մաղթում նրանց ու նրանց ընտանիքներին: Թող հպարտանան իրենց հաջողություններով, քանի որ պատվաբեր ու կարևոր խնդիր են իրագործում»:
Ներկայացված աշխատանքները կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության կողմից իրականացվող աշխատանքային գործընթացի մի փոքր մասն են միայն։ Վարչությունն իրականացնում է նաև 8 զինկոմիսարիատների կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Ի դեպ, արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները «Զինուժ» մեդիայի» տարածքում: Ուրախ ենք հայտնելու, որ նոր եթերաշրջանից «Զինուժ» հաղորդաշարը հանդիսատեսին կողջունի հիմնանորոգված և կահավորված նոր տաղավարներից:
Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ,
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՔՄԻՇՅԱՆԻ
Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում