ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ 750 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
2009թ. ամերիկյան Ֆորտ-Հուդ ռազմաբազայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածները և զոհվածների հարազատները վարչական հայցով դիմել են դատարան` ՀԴԲ-ից, պաշտպանության և արդարադատության նախարարություններից պահանջելով 750 միլիոն դոլարի փոխհատուցում:
Պաղեստինցի ներգաղթյալների ընտանիքի անդամ Նիդալ Հասանը, որ Ֆորտ-Հուդ ռազմաբազայում ծառայում էր որպես ռազմական հոգեբան, 2009թ. նոյեմբերի 5-ին կրակ էր բացել իր ծառայակիցների և բազայի աշխատակիցների վրա: 13 մարդ զոհվել էր, մի քանի տասնյակը` վիրավորվել: Ինքը` Հասանը, ծանր վիրավորվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
83 հայցվորների կարծիքով պետական կառույցները հիմքեր ունեին ենթադրելու, որ մայոր Նիդալ Հասանը վտանգ է ներկայացնում բազայի անձնակազմի համար, եւ կարող էին կանխել: Այս տարվա փետրվարին ԱՄՆ Սենատի` ազգային անվտանգության հարցերի կոմիտեն զեկույց է հրապարակել, որում նշված է, թե միջադեպը հնարավոր կլիներ կանխել, եթե ՀԴԲ-ն և զինվորականները պատշաճ կերպով արձագանքեին Հասանի ծայրահեղական հայացքների վերաբերյալ տեղեկատվությանը:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ նա արդարացրել է մահապարտ ահաբեկիչներին, բազմիցս հանդիպել է մուսուլմանական ծայրահեղ հայացքներ դավանող իմամների: Նա նաև շփվել է Անվար ալ Ավլակիի հետ, որը կապված էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրականացնողների հետ:
Ներկայում Հասանը սպասում է իր գործով դատավարությանը, որը սկսվելու է 2012թ. մարտին: Նա մեղադրվում է 13 կանխամտածված սպանության և սպանության 32 փորձի համար: Նրան սպառնում է կամ մահապատիժ, կամ ցմահ ազատազրկում առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:
Խորագիր՝ Նորություններ