Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՎԵՍՏՈՎ ԷԼ ԿԵՐՏԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ



ԱՐՎԵՍՏՈՎ ԷԼ ԿԵՐՏԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ-Առաջնագծում և թիկունքում զինվորին, սպային  զորակից, զորավիգ լինելը ամենամեծ ու անշահախնդիր գործն է, որ կարող ես անել հայրենիքիդ համար,- ասում է թիկունքային զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Հերմինե Դանիելյանը: Հերմինեն ՀՀ զինված ուժերում  է 2018 թվականից: Զորամասի ակումբի պետն է, միևնույն ժամանակ նաև գրադարանի պատասխանատուն: Սովորում է ՀՀ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում, մասնագիտացումը՝  կառավարիչ:

-Ամենաբարձր կոչումը, որ երբևէ կցանկանայի ունենալ, արդեն ունեմ՝ զինվորականի դուստր եմ, սպայի կին, սպայի քույր   և ապագա զինվորի մայր,- անկեղծանում է կրտսեր սերժանտ Հերմինե Դանիելյանը:

Նրա անմիջականությունը  դրդում է  անկեղծ զրույցի: Նոր-նոր ծառայության երկու տարին բոլորած կնոջը բանակային կյանքը մանկուց է ծանոթ: Հիշում է, որ Արցախյան պատերազմի մասնակից հայրը հենց հաջողացնում էր մի քանի ժամով գալ տուն, դեռ մի կարգին շունչ չառած, երեխաներին գիրկն էր առնում ու զինվոր տղաների անձնվիրության ու քաջագործությունների մասին էր պատմում: Անգամ ականջալուր չէր լինում կնոջ՝ փոքր-ինչ հանգստանալու հորդորներին և ոգևորված պատմում էր ու պատմում… Նրա բոլոր պատմությունները հայրենասիրության իսկական դաս էին, որոնցով Հերմինեն ու եղբայրը ճանաչեցին ու սիրեցին նոր կազմավորվող հայկական բանակը:

-Հայրս  մեզ միշտ ասում էր, որ լավ մարդ դառնալու առաջին պայմանը հայրենիքը սիրելն ու հայրենիքի համար լավ գործ անելն է,- անթաքույց հպարտությամբ ու ակնածանքով ասում է Հերմինեն:

ԱՐՎԵՍՏՈՎ ԷԼ ԿԵՐՏԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿ…Բայց Հերմինեի երազանքը բոլորովին էլ զինվորական դառնալը չէր: Գեղագիտական ճաշակ ու ստեղծագործելու ձիրք ունեցող աղջիկը նկարչուհի դառնալու մասին էր երազում: Գուցե ճակատագիրը, նախախնամությունը, ինչու չէ,  նաև հոր պատմություններն արդեն գիտակից տարիքում ստիպեցին նրան հրաժարվել իր երազանքից ու գնալ առավել պատասխանատու  ու  պատվաբեր՝ զինվորականի ճանապարհով…

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ուսանելիս մտերմացավ իր ապագա ամուսնու հետ, ու որոշեցին միասին մեկնել Արցախ՝ զորավիգ լինելու  հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին:

-Սահմանին կանգնած զինվորն առավել ուժեղ ու անպարտելի է, երբ գիտի, որ թիկունքին իրեն սատարող ու գոտեպնդող կին է կանգնած: Ըստ իս՝ զինված ուժերում կնոջ դերը անփոխարինելի է: Բանակային առօրյան հետաքրքիր ու հաճելի դարձնելու գործում կարևոր է կնոջ ներկայությունը: Մենք հարկ եղած դեպքում զինվորի համար ե՛ւ մայր ենք, ե՛ւ քույր, ե՛ւ վստահելի ընկեր:

Վստահաբար կարող եմ ասել. Հերմինե Դանիելյանը հայկական  բանակի նվիրյալ կին զինծառայողներից է: Կարճ ժամանակում նրան արդեն հաջողվել է զորամասի զինվորական առօրյան «գունավորել»: Արվեստի ու գրականության միջոցով է փորձում  զինվոր տղաներին դրական լիցքեր հաղորդել ու հոգեպես կոփել:

-Փորձում եմ տղաների մեջ գեղագիտական ճաշակ ձևավորել, սեր արթնացնել ընթերացանության հանդեպ, հաճախ ինքս եմ խորհուրդ տալիս, թե ինչ գիրք ընթերցեն: Ստեղծագործելու միջավայր եմ ստեղծում նրանց համար, քննարկումներ ենք կազմակերպում: Ով սիրում  է քանդակել կամ նկարել, փորձում եմ օգնել, ուղղություն ցույց տալ…

ԱՐՎԵՍՏՈՎ ԷԼ ԿԵՐՏԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԿրտսեր սերժանտը  ծառայության ընթացքում հասցնում է նաև  ստեղծագործական տաղանդը «գործի դնել». նա նկարում է, և բնապաշտ նկարչուհու յուրօրինակ կտավների մեծ մասում բնության արտացոլանքն է.

-Սակայն վերջերս սկսել եմ նաև դիմանկարներ վրձնել: Չեմ կարող բացատրել, թե ինչու… Նկարելն իմ տարերքն է: Եվ պատահական չէ, որ ես նկարում եմ զորամասում, այլ ոչ թե տանը. ես շատ եմ ուզում, որ իմ նկարները ոգեշնչեն  և ուժ տան մեր զինվորներին…

Հերմինե Դանիելյանի ջանքերով վերականգնվել են ժամանակին այս զորամասում ծառայած շնորհալի զինվորների ձեռամբ ստեղծված տասնյակ կտավներ, որոնք ժամանակի ընթացքում թեև գունաթափվել են, խունացել, բայց չեն կորցրել իրենց գրավչությունը:

-Մի օր պահոցի գզրոցներում չեմ հիշում, թե ինչ էի փնտրում, նկատեցի փոշոտված  ու գունազրկված նկարներ, բայց անգամ այդ վիճակում դրանք այնքան գեղեցիկ էին ու լուսավոր… Որոշեցի դրանց  կենդանություն հաղորդել, գույներ ավելացրի,  վերաթարմացրի ու ցուցադրություն կազմակերպեցի զորամասում: Արվեստը նույնպես պայքարի զենք է, հաղթանակ կերտող պայքարի,- մեր զրույցի վերջակետն է դնում կրտսեր սերժանտ Հերմինե Դանիելյանը:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


13/08/2020